ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-112-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին

 

«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-323-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «վաճառքի» բառից հետո լրացնել «, զբոսաշրջության» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) դիտարկում՝ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով օրենքով սահմանված դեպքերում իրականացվող գործողությունների ամբողջություն:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դեպքում» բառերը.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով․

«4) զբոսաշրջության ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

«Հոդված 5.1. Դիտարկումների իրականացումը

 

1. Դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցի շրջանակը (ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված իրավախախտումների):

2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը ծանոթացման նպատակով ներկայացվում է դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ վերջիններիս պահանջով:

3. Դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ դիտարկման վայրում չգտնվելը կամ դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը չպահանջելը կամ ստորագրությամբ այն ստանալու փաստը չհավաստելը հիմք չէ տվյալ պահին դիտարկումը չիրականացնելու համար:

4. Յուրաքանչյուր դիտարկվողի մոտ մեկ դիտարկման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրը:

5. Դիտարկումից հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են լիազոր մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անունը (անվանումը), խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ նաև բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Դիտարկվող սուբյեկտն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և առարկություններ կազմված արձանագրության վերաբերյալ, ներկայացնելու փաստաթղթեր:

6. Դիտարկման ընթացքում օրենսդրությանը համապատասխան պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը տալիս է խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման համար սահմանելով ժամկետներ:

7. Դիտարկման ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է`

1) չխոչընդոտել դիտարկման ընթացքը, կատարել դիտարկում իրականացնող անձի օրինական պահանջները.

2) դիտարկումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները, կրկնօրինակները և այլ տեղեկություններ.

3) անհրաժեշտ պայմաններ ստեղծել դիտարկումն իրականացնող անձանց գործունեության համար.

4) կարգադրագրով սահմանված ժամկետում կատարել կարգադրագրի պահանջները՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տեղեկացնելով լիազոր մարմնին:

8. Դիտարկման արդյունքները հիմք են վարչական վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

9. Դիտարկումների հետ կապված վարչական վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:

10. Դիտարկման ձևով վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված հետևյալ պահանջների նկատմամբ․

1) «Առևտրի և ծառայությունների» մասին օրենքով՝ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի), մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայության կամ օտարման արգելքի նկատմամբ.

2) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով սահմանված՝

ա. ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ արտադրողների, նրանց ներկայացուցիչների կամ իրացնողների կողմից ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացման արգելքի նկատմամբ,

բ. ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հովանավորության արգելքի նկատմամբ,

գ. ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջների նկատմամբ,

դ. առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջների նկատմամբ,

ե. ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների նկատմամբ,

զ. 18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի կամ որևէ այլ եղանակով իրացման արգելքի նկատմամբ,

է. ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կամ որևէ այլ եղանակով ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով), ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով իրացման արգելքի նկատմամբ,

ը. ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքն իրականացնելիս որևէ զեղչի կիրառման արգելքի նկատմամբ,

թ. բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքի կամ որևէ այլ եղանակով իրացման կամ սիգարետի հատով վաճառքի կամ որևէ այլ եղանակով հատով իրացման կամ սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքի կամ որևէ այլ եղանակով իրացման արգելքի նկատմամբ,

ժ. օրենքով արգելված տարածքներում կամ հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կամ որևէ այլ եղանակով իրացման նկատմամբ,

ժա. վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքի նկատմամբ:

11. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դիտարկման նկատմամբ:»։

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 5.1-ին հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 15

Երևան

ՀՕ-112-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական: