ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0138/02/24 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0138/02/24 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի փետրվարի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2024 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին Նախարարության 11.12.2023 թվականի թիվ 95 որոշումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.02.2024 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.09.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.02.2024 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Ընկերության հայցը բավարարվել է։
Դատավոր Մ. Հարթենյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 3-րդ մասը և 66-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները՝ հրավերը, տեխնիկական բնութագիրը, Ընկերության հայտն ու պատվիրատուի ղեկավարի 11.12.2023 թվականի թիվ 95 որոշումը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գնման առարկա է հանդիսացել Նախարարության կարիքների համար դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի և պարագաների (բայց ոչ կենսաբանական հավելումների) ձեռքբերումը, որոնք խմբավորված են եղել թվով 34 չափաբաժիններում, որպիսի պայմաններում մասնակիցը պետք է իմանար, որ եթե իր կողմից առաջարկվող արտադրանքը լաբորատոր ազդանյութ կամ պարագա չէ, ապա այն պետք է լինի դեղ (դեղորայք):
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տեխնիկական բնութագրի «Ծանոթություն» բաժնի 2-րդ կետն անվերապահորեն կիրառելի է նաև 22-րդ չափաբաժնի համար առնվազն այն փաստի ուժով, որ դրանով ուղղակիորեն նախատեսված է, որ ՀՀ-ում չգրանցված դեղ առաջարկելու դեպքում հրավերով նախատեսված տեղեկանքը ներկայացնելու պահանջը կիրառելի է 1-ից 31-րդ չափաբաժիններով, այդ թվում՝ հայտարարված գնման ընթացակարգի 22-րդ չափաբաժնով մասնակցության հայտ ներկայացրած հայցվորի նկատմամբ:
Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ տեխնիկական բնութագրում ներառված ապրանքների անվանումների մեջ ներառված են ինչպես դեղորայք, այնպես էլ օրինակ՝ ներարկիչներ, հետևաբար մասնակիցը չէր կարող կանխորոշել, որ բնութագրում առկա ծանոթագրությունը չգրանցված դեղ հանդիսանալու վերաբերյալ կիրառելի է բոլոր ապրանքների կապակցությամբ, լիովին անտեսել է, որ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից հրավերի պահանջներին համապատասխան տրված տեղեկանք ներկայացնելու պարտականությունն առաջանում է միայն տեխնիկական բնութագրում նշված 1-ից 31-րդ չափաբաժինների համար, մինչդեռ ներարկիչը 33-րդ չափաբաժինն է:
Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի կարևորել այն փաստը, որ Ընկերությունը, կրելով մինչև հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտը հրավերը պատշաճորեն ուսումնասիրելու պարտականություն և օժտված լինելով հրավերում անհստակություններ, անճշտություններ, անհամապատասխանություններ կամ անորոշ դրույթներ հայտնաբերելու պարագայում հրավերի պահանջները բողոքարկելու, համապատասխան հարցման միջոցով պարզաբանում ստանալու և հրավերում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու իրավունքներով, այդ իրավունքներից չի օգտվել, ավելին՝ 22-րդ չափաբաժնի ապրանքի տեխնիկական բնութագիրը, իր գնահատմամբ, ոչ պատշաճորեն ձևակերպված լինելու պայմաններում մասնակցության հայտ է ներկայացրել՝ իր վրա վերցնելով հնարավոր բացասական հետևանքների ռիսկը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.09.2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության։
2.1 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Նախարարությունը պնդել է, որ 22-րդ չափաբաժնով ներկայացված տեխնիկական բնութագրով պահանջվող միջոցը հանդիսանում է դեղ, սակայն դրա վերաբերյալ գեթ մեկ ապացույց չի ներկայացրել, թեև պետք է ներկայացներ 22-րդ չափաբաժնի տեխնիկական բնութագրով դեղ հանդիսացող «դեղի» ներդիր թերթիկ։ Ընդ որում, Նախարարությունը պետք է հիմնավորեր, որ տեխնիկական բնութագրով պահանջվող ազդող միջոցը դեղ է, որից հետո միայն կարող էր քննարկվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված լինելու հարցը։
Բացի այդ, որոշումը հիմնավորված և փաստարկված չի եղել, չի նշվել իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքը։ Նախարարության կողմից չի նշվել թե «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված հատկապես որ պայմանի խախտում է թույլ տրվել։ Ընկերության կողմից ստանձնած պարտավորության խախտում թույլ չի տրվել, և կատարվել են ոլորտային օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, հետևաբար գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու բացասական հետևանքը չի կարող կիրառվել։
Նախարարության համապատասխան ստորաբաժանումը, ձեռք բերվող ապրանքի տեխնիկական բնութագրերը հաստատելով, պետք է նախապես հավաստիանար՝ պահանջվող ապրանքը դեղ է, թե կենսաբանական հավելում՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում «ասկորբինաթթու ascorbic acid» արտադրանքը գրանցված է որպես կենսաբանական ակտիվ հավելում։
Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ ներկայացված ապրանքը թեկուզև լինի կենսաբանական ակտիվ հավելում, այն գնահատող հանձնաժողովի կողմից գնահատվել է պահանջներին բավարարող, ուստի որոշվել է կնքել մատակարարման պայմանագիր, իսկ կենսաբանական հավելումը գնահատելով հրավերի պահանջներին համապատասխանող՝ Նախարարությունը հետագայում ծանուցումից դուրս իրավասություն չի ունեցել պահանջելու ինչ-որ հավելյալ տեղեկանք, որը կարող էր պահանջվել, եթե մատակարարվող միջոցը դեղ է, և այն գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) թիվ «ՀՀ ՊՆ-ԳՀԱՊՁԲ-23-9/56» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի (այսուհետ՝ Գնահատող հաձնաժողով) 05.10.2023 թվականի թիվ 1 որոշմամբ Նախարարությունը հայտարարել է գնանշման հարցում (այսուհետ նաև՝ Ընթացակարգ), որն իրականացվում է մեկ փուլով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: Ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների մատակարարման պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 117).
2) Գնահատող հանձնաժողովի 05.10.2023 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Նախարարության կարիքների համար դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման հրավերը (այսուհետ՝ Հրավեր)։
Հրավերի 1-ին մասի 1.1-ին կետի համաձայն՝ «գնման առարկա է հանդիսանում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար՝ դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների ձեռքբերումը (այսուհետ՝ նաև ապրանք), որոնք խմբավորված են «34» չափաբաժիններում»։
Նույն կետում ներկայացված աղյուսակի համաձայն՝ 22-րդ չափաբաժնում նշված ապրանքն է՝ «ասկորբինաթթու ascorbic acid», որի գնման գինն է՝ «1,650,000»։
Նույն կետի համաձայն՝ «Ապրանքի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև մասնագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են կնքվելիք պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի N6 հավելվածում»։
Հրավերի 1-ին մասի 2.4-րդ կետի համաձայն՝ «Մասնակիցը ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում ներկայացնում է որակավորման ապահովում՝ սույն հրավերով սահմանված կարգով և չափով։ Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե ընտրված մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից որպես պաշտոնական ներկայացուցիչ, մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով»։
Հրավերի նույն մասի 2.4.1-ին կետի համաձայն՝ «Համաձայն ՀՀ կառավարության 02.05.2013 թ. N 502-Ն որոշման՝ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար, հիմք ընդունելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքը, կարող են ձեռք բերվել պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք գրանցված են ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում կամ ունեն ՀՀ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում։
Սույն կետով նախատեսված դեղեր առաջարկելու դեպքում մասնակիցը ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում պարտավորվում է սույն հրավերի 1-ին մասի 2.4 կետով նախատեսված որակավորման ապահովման հետ միաժամանակ ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին»։
Հրավերի նույն մասի 4.3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ «Մասնակիցը հայտով ներկայացնում է՝ հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, սույն հրավերով սահմանված կարգով և ժամկետում որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության կամ սույն հրավերով սահմանված՝ վարկունակության վարկանիշ ունենալու մասին, ինչպես նաև սույն հրավերի 2.4.1 կետով նախատեսված դեղեր առաջարկելու դեպքում՝ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին հավաստող տեղեկանք ներկայացնելու պարտավորության մասին»։
Հրավերի նույն մասի 8.14-րդ կետի համաձայն՝ «Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ (...)։ Ընդ որում, եթե մասնակցի գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին դիմում‑հայտարարությունը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը նույն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը (այդ թվում՝ շտկման ենթակա) կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովում (...), ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնած պարտավորության խախտում» (հատոր 1-ին, գ.թ. 117-128).
3) Հրավերին կից հրապարակված՝ «Լաբորատոր ազդանյութերի տեխնիկական բնութագիր» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ 22-րդ չափաբաժնի ապրանքն է՝ «ասկորբինաթթու g01ad03, s01xa15, a11ga01, դեղահատ դյուրալույծ, առնվազն 900 մգ, մրգային համով, գործարանային փաթեթավորմամբ»։
Նույն փաստաթղթում առկա ծանոթագրության 3-րդ կետի համաձայն՝ «1-ից 31-րդ չափաբաժինների համար՝ համաձայն ՀՀ կառավարության 02.05.2013թ. թիվ 502-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2.1 կետի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար՝ հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, կարող են ձեռք բերվել պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում կամ ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում։ Նման պարագայում ընտրված մասնակիցը որակավորման ապահովման փաստաթղթի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ մատակարարվող դեղերի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին» (հատոր 1-ին, գ.թ. 96-98).
4) Ընթացակարգին մասնակցելու դիմում-հայտարարություն է ներկայացրել նաև Ընկերությունը՝ ի թիվս այլի նաև 22-րդ չափաբաժնի համար՝ հավաստելով, որ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում պարտավորվում է Հրավերով սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված ու Կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի ««Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» թիվ 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում գրանցված կամ ՀՀ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունեցող դեղերի դեպքում՝ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող «տեղեկանք՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին» (հատոր 1-ին, գ.թ. 89, 90).
5) մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի լրանալն Ընկերությունը Գնահատող հանձնաժողովին սահմանված կարգով չի ներկայացրել Հրավերի պարզաբանման կամ դրանում փոփոխություններ կատարելու պահանջ, ինչպես նաև չի բողոքարկել գնման առարկայի բնութագրերը կամ հրավերի պահանջները.
6) Գնահատող հանձնաժողովի 19.10.2023 թվականի թիվ 3 արձանագրության համաձայն՝ Գնահատող հանձնաժողովը որոշել է ցածր գնային առաջարկ ներկայացրած Ընկերությանը 22-րդ չափաբաժնի մասով հայտարարել ընտրված մասնակից և կնքել պայմանագիր՝ գնման հայտով սահմանված գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսելու ու դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 39-45).
7) Գնահատող հանձնաժողովի թիվ 4 արձանագրության 1.1-ին կետի համաձայն՝ 24.11.2023 թվականի նիստում ուսումնասիրելով Ընթացակարգի շրջանակներում ընտրված մասնակիցների կողմից ներկայացված գնման պայմանագրերի նախագծերը՝ Գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ Ընկերության կողմից «22-րդ չափաբաժնի (ասկորբինաթթու ascorbic acid) մասով առաջարկվել էր ՀՀ չգրանցված դեղ։ Ուստի անհրաժեշտ էր պայմանագրի նախագիծը ներկայացնելուց, որակավորման ապահովման հետ միաժամանակ չգրանցված դեղի մասով ներկայացնել պահանջվող տեղեկանքը, քանի որ մասնակիցը գնման ընթացակարգին մասնակցելու համար ներկայացված հայտով՝ Հավելված N 1-ով, հավաստել էր, որ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, հրավերով սահմանված կարգով և ժամկետում պետք է ներկայացնի որակավորման ապահովում, ինչպես նաև լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված ու ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում գրանցված կամ ՀՀ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունեցող դեղերի դեպքում՝ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին։ Սակայն «Թեոֆարմա» ՍՊԸ-ի կողմից գրությամբ ներկացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Թեոֆարմա» ՍՊԸ-ին ուղղված 22.11.2023 թվականի N 01/3862-23 գրությունը (կցվում է), որտեղ նշվում է, որ վերոնշյալ արտադրանքը գրանցված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում որպես կենսաբանական ակտիվ հավելում՝ սակայն արտադրանքի կազմում վիտամին C-ի քանակը 1000մգ գերազանցում է արտադրանքների կազմում ակտիվ բաղադրատարրերի վերին թույլատրելի օրական սպառման մակարդակները համաձայն ԵԱՏՄ N 299 առ 28.05.2010 Որոշման»։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Գնահատող հաձնաժողովն Ընկերության առաջարկի մասով որոշել է կասեցնել նիստը՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ հարցում կատարելու նպատակով։
Նույն արձանագրության 1.2-րդ կետի համաձայն՝ 30.11.2023 թվականի նիստում Գնահատող հաձնաժողովը որոշել է մերժել Ընկերության առաջարկը՝ հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 29.11.2023 թվականի թիվ 01/3974-23 գրությունը, որի համաձայն՝
- «Հունաստանի Հանրապետության JMN Pharmaceutical ընկերության «Vitamin c 1000 mg со вкусом апельсина или лимона плюс шиповник и биофлавоноиды шипучая таблетка» արտադրանքը ձևավորված և ներառված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում որպես կենսաբանական ակտիվ հավելում (…): Այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ քննարկվող արտադրանքում վիտամին C-ի քանակը՝ 1000 մգ, գերազանցում է կենսաբանական ակտիվ հավելումների կազմում վիտամին C-ի վերին թույլատրելի օրական քանակը՝ 900մգ, որը սահմանված է ԵԱՏՄ N 299 առ 28.05.2010 որոշմամբ (Հավելված 5):
- Կենսաբանական ակտիվ հավելումները չեն հանդիսանում դեղեր, ուստի չեն կարող կիրառվել բուժական նպատակով։ (…)»։
Նույն արձանագրության 1.2-րդ կետի համաձայն՝ Գնահատող հանձնաժողովը որոշել է Ընթացակարգը 22-րդ չափաբաժնի մասով հայտարարել չկայացած՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին) (հատոր 1-ին, գ.թ. 70, 71).
8) Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի 11.12.2023 թվականի թիվ 95 որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը։ Որպես փաստական հիմք նշվել է Ընկերության կողմից ՀՀ-ում չգրանցված դեղ առաջարկելու պայմաններում պահանջվող փաստաթուղթը չներկայացնելը և այդ հիմքով Ընկերության առաջարկը մերժելը (հատոր 1-ին, գ.թ. 79)։
4․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66‑րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը հայտ ներկայացրած մասնակցի կողմից թերի շտկելը կարո՞ղ է արդյոք գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում և հիմք հանդիսանալ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ (...), գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը։
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (…) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`
1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.
2) գնային առաջարկը.
3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.
4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):
Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: (...):
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին։
Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ՝ Կարգ) Հավելված թիվ 1-ի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նաև, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում։
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, և բավարարվում է պատվիրատուի կարիքը։
Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով։
Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի՝
1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ և օգտավետ) առաջարկի ընտրության և նրա հետ պայմանագրի կնքման նպատակ.
2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված և հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է։
Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի և գնման գործընթացի մասնակիցների միջև ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջև մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները։ Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալիս Օրենքով նախատեսված միակողմանի գործողությունները (գնումների հայտարարության և հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը և այլն), իսկ պայմանագրային փուլում՝ պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջև կնքված պայմանագիրը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝
1) հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,
2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,
3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնման գործընթացին մասնակցող անձի՝ հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նաև իր կողմից ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձևով և ժամկետում ներկայացնելու պարտականությունը։
Գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով և հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները, նախևառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված անհամապատասխանությունների բնույթից։ Այսպես՝
1) եթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը՝ ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է՝ առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու.
2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը՝ նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչև կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը՝ ներառյալ այն դեպքերը, երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:
Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը և մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման։
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գնահատող հանձնաժողովի կողմից մասնակցի հայտն անբավարար գնահատելն ու մերժելը, որպես հետևանք՝ գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցումը, ըստ գնումների մասին օրենսդրության, տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել նաև այլ անբարենպաստ հետևանքներ՝ հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն [Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ], ինչպես նաև ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում [Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետ]։
Մասնակցի ներկայացրած հայտը մերժելու պատճառը կարող է հայտի ապահովման գումարը վճարելու պարտականության առաջացման և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմք հանդիսանալ այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված մասնակցի վարքագիծը գնահատվում է որպես «գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում»։
Միևնույն ժամանակ անդրադառնալով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտման՝ Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով նախատեսված՝ «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինիս առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը)։
Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում պետք է դիտարկել նաև բոլոր այն դեպքերը, երբ գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված մասնակից հայտարարված անձը հրավերով սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացնում գնման գործընթացի տվյալ փուլում՝ մինչև պայմանագիր կնքելը, գնահատման հանձնաժողովին ներկայացման ենթակա որակավորման կամ պայմանագրի ապահովումը, կամ հրավերով նախատեսված այլ փաստաթղթերը, որպիսի փաստը ևս ինքնին բավարար հիմք է ոչ միայն տվյալ մասնակցի հայտը մերժելու ու գնման գործընթացին նրա հետագա մասնակցությունը դադարեցնելու, այլ նաև նրան գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու համար, եթե տվյալ մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել ապահովման համապատասխան գումարը (եթե կիրառելի է)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը և վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը և բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով։ Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած` ապացույցներն առանձին-առանձին և իրենց համակցությամբ ստուգելու ու ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով։
Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով։
Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նաև վիճելի մնալու լինելու հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման և դատական ակտի կայացման ողջ գործընթացը։ Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսևորումն է գտնում դատավարական գործողություններում ու ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության։ Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական) և արտաքին (իրավական) կողմեր։ Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունն ու արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսևորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման և դատավարական պատշաճ ձևակերպման մեջ (տե՛ս Ռոբերտ Ռայան Դիկին ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):
Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Նախարարության կարիքների համար դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների ձեռքբերման նպատակով հայտարարվել է թիվ «ՀՀ ՊՆ-ԳՀԱՊՁԲ-23-9/56» ծածկագրով գնանշման հարցում։
Հրավերի 1-ին մասի 1.1-ին կետի համաձայն՝ գնման առարկա է հանդիսացել Նախարարության կարիքների համար դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների ձեռքբերումը։
Հրավերի նույն մասի 2.4.1-ին կետի համաձայն՝ ՀՀ-ում չգրանցված դեղեր առաջարկելու պայմաններում մասնակիցն ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում պարտավորվում է որակավորման ապահովման հետ միաժամանակ ներկայացնել Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված տեղեկանք՝ առաջարկվող դեղի՝ Կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին։
Հրավերին կից հրապարակված՝ «Լաբորատոր ազդանյութերի տեխնիկական բնութագիր» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ 22-րդ չափաբաժնի ապրանքն է՝ «ասկորբինաթթու g01ad03, s01xa15, a11ga01, դեղահատ դյուրալույծ, առնվազն 900մգ, մրգային համով, գործարանային փաթեթավորմամբ»։
Նույն փաստաթղթում առկա ծանոթագրության 3-րդ կետի համաձայն՝ «1-ից 31-րդ չափաբաժինների համար՝ համաձայն ՀՀ կառավարության 02.05.2013 թ. թիվ 502-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2.1 կետի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար՝ հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, կարող են ձեռք բերվել պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում կամ ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում։ Նման պարագայում ընտրված մասնակիցը որակավորման ապահովման փաստաթղթի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ մատակարարվող դեղերի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին»:
Գնանշման հարցմանը մասնակցելու դիմում-հայտարարություն է ներկայացրել նաև Ընկերությունը՝ ի թիվս այլի նաև 22-րդ չափաբաժնի համար՝ հավաստելով, որ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում պարտավորվում է Հրավերով սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված ու Կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի ««Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» թիվ 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում գրանցված կամ ՀՀ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունեցող դեղերի դեպքում՝ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ Կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին։
Ընդ որում, մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի լրանալն Ընկերությունը գնահատող հանձնաժողովին սահմանված կարգով չի ներկայացրել Հրավերի պարզաբանման կամ դրանում փոփոխություններ կատարելու պահանջ, ինչպես նաև չի բողոքարկել գնման առարկայի բնութագրերը կամ հրավերի պահանջները։
Գնահատող հանձնաժողովի 19.10.2023 թվականի թիվ 3 արձանագրության համաձայն՝ Գնահատող հանձնաժողովը որոշել է ցածր գնային առաջարկ ներկայացրած Ընկերությանը 22-րդ չափաբաժնի մասով հայտարարել ընտրված մասնակից և կնքել պայմանագիր։
Գնահատող հանձնաժողովի թիվ 4 արձանագրության 1.1-ին կետի համաձայն՝ 24.11.2023 թվականի նիստում ուսումնասիրելով Ընթացակարգի շրջանակներում ընտրված մասնակիցների կողմից ներկայացված գնման պայմանագրերի նախագծերը՝ Գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ Ընկերության կողմից «22-րդ չափաբաժնի (ասկորբինաթթու ascorbic acid) մասով առաջարկվել էր ՀՀ չգրանցված դեղ։ Ուստի անհրաժեշտ էր պայմանագրի նախագիծը ներկայացնելուց, որակավորման ապահովման հետ միաժամանակ չգրանցված դեղի մասով ներկայացնել պահանջվող տեղեկանքը, քանի որ մասնակիցը գնման ընթացակարգին մասնակցելու համար ներկայացված հայտով՝ Հավելված N 1-ով, հավաստել էր, որ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, հրավերով սահմանված կարգով և ժամկետում պետք է ներկայացնի որակավորման ապահովում, ինչպես նաև լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված ու ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում գրանցված կամ ՀՀ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունեցող դեղերի դեպքում՝ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին։ Սակայն «Թեոֆարմա» ՍՊԸ-ի կողմից գրությամբ ներկացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Թեոֆարմա» ՍՊԸ-ին ուղղված 22.11.2023 թվականի N 01/3862-23 գրությունը (կցվում է), որտեղ նշվում է, որ վերոնշյալ արտադրանքը գրանցված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում որպես կենսաբանական ակտիվ հավելում, սակայն արտադրանքի կազմում վիտամին C-ի քանակը 1000մգ գերազանցում է արտադրանքների կազմում ակտիվ բաղադրատարրերի վերին թույլատրելի օրական սպառման մակարդակները՝ համաձայն ԵԱՏՄ N 299 առ 28.05.2010 Որոշման»։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Գնահատող հաձնաժողովն Ընկերության առաջարկի մասով որոշել է կասեցնել նիստը՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ հարցում կատարելու նպատակով։
Նույն արձանագրության 1.2-րդ կետի համաձայն՝ 30.11.2023 թվականի նիստում Գնահատող հաձնաժողովը որոշել է մերժել Ընկերության առաջարկը՝ հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 29.11.2023 թվականի թիվ 01/3974-23 գրությունը, որի համաձայն՝
- «Հունաստանի Հանրապետության JMN Pharmaceutical ընկերության «Vitamin c 1000 mg со вкусом апельсина или лимона плюс шиповник и биофлавоноиды шипучая таблетка» արտադրանքը ձևավորված և ներառված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում որպես կենսաբանական ակտիվ հավելում (…): Այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ քննարկվող արտադրանքում վիտամին C-ի քանակը՝ 1000 մգ, գերազանցում է կենսաբանական ակտիվ հավելումների կազմում վիտամին C-ի վերին թույլատրելի օրական քանակը՝ 900մգ, որը սահմանված է ԵԱՏՄ N 299 առ 28.05.2010 որոշմամբ (Հավելված 5):
- Կենսաբանական ակտիվ հավելումները չեն հանդիսանում դեղեր, ուստի չեն կարող կիրառվել բուժական նպատակով։ (…)»։
Նույն արձանագրության 1.2-րդ կետի համաձայն՝ Գնահատող հանձնաժողովը որոշել է ընթացակարգը 22-րդ չափաբաժնի մասով հայտարարել չկայացած՝ հիմք ընդունելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին)։
Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի 11.12.2023 թվականի թիվ 95 որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել է Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը։ Որպես փաստական հիմք նշվել է Ընկերության կողմից ՀՀ-ում չգրանցված դեղ առաջարկելու պայմաններում պահանջվող փաստաթուղթը չներկայացնելը և այդ հիմքով Ընկերության առաջարկը մերժելը։
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի 11.12.2023 թվականի թիվ 95 որոշումը՝ իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին՝ հայցի հիմքում, ի թիվս այլնի, դնելով նաև այն, որ իր կողմից առաջարկված ապրանքը լիովին համապատասխանել է Հրավերի պահանջներին («ասկորբինաթթու ascorbic acid՝ դեղահատ դյուրալույծ, առնվազն 900մգ, մրգային համով, գործարանային փաթեթավորմամբ»), և քանի որ այն ներառված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում՝ որպես կենսաբանական ակտիվ հավելում, հետևաբար՝ չի հանդիսանում դեղ, ինքը չէր կրում պարտականություն՝ ներկայացնելու Հրավերի 1-ին մասի 2.4.1-ին կետով նախատեսված տեղեկանքը։
Դատարանը, պատճառաբանելով, որ «Հայցվորն ընտրված մասնակից ճանաչվելուց հետո չի կատարել իր ստանձնած պարտավորությունը, այն է` չի ներկայացրել Ընթացակարգի հայտարարության 2.4.1-րդ կետում նշված տեղեկանքը, թեև ընթացակարգին դիմում հայտարարություն ներկայացնելով և մասնակցելով, պարտավորություն էր ստանձնել ներկայացնել Ընթացակարգի հայտարարության 2.4.1-րդ կետով նշված տեղեկանքը՝ համապատասխան բովանդակությամբ (…), որը հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, քանի որ ընթացակարգը 22-րդ չափաբաժնի մասով հայտարարվել է չկայացած», 29.02.2024 թվականի վճռով հայցը մերժել է։
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ
- «գնանշման հարցումը կատարվել է 34 անուն ապրանքի համար, որոնց տեխնիկական բնութագրի վերտառությունն է «Լաբորատոր ազդանյութերի տեխնիկական բնութագիր» /գ.թ.96/։ Ընդ որում, անվանումների մեջ ներառված են ինչպես դեղորայք, այնպես էլ օրինակ՝ ներարկիչներ։ Այսինքն գնանշման հարցումը չի իրականացվել բացառապես դեղորայքի կապակցությամբ, հետևաբար մասնակիցը չէր կարող կանխորոշել, որ բնութագրում առկա ծանոթագրությունը չգրանցված դեղ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտականության վերաբերյալ կիրառելի է բոլոր ապրանքների կապակցությամբ»,
- «Պատասխանողը հիմնավոր փաստարկներ կամ ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ ասկորբինաթթուն հանդիսանում է դեղ, հետևաբար մասնակցի կողմից որոշման կայացման հիմքում ընկած հանգամանքը բխում էր տեխնիկական բնութագրից»,
- «պատասխանողը չի հիմնավորել, որ այն, ինչ նախատեսված է եղել հրավերով, օբյեկտիվորեն դեղ է հանդիսացել, հետևաբար, հայցվորը չի կարող ծանրաբեռնվել մի պարտականությամբ»,
- «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից 29.11.2023 թվականի գրությամբ արձանագրումը, որ հայցվորի կողմից առաջարկված ապրանքը դեղ չի հանդիսանում, չէր կարող հիմք հանդիսանալ հայցվորի առնչությամբ վիճարկվող որոշումն ընդունելու համար»,
- «Ընկերության հայտի մերժման և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու համար հիմք ծառայած դրույթը վերջինիս նկատմամբ կիրառելի չէր, և հետևաբար, չէր կարող առաջացնել անբարենպաստ իրավական հետևանքներ՝ այն է՝ հայտի մերժում և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառում»,
- «Ինչ վերաբերում է դատական նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի այն պնդմանը, որ հայտարարվել էր դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների ձեռքբերման նպատակով գնման ընթացակարգ, և դրանից բխում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ցանկացել է ձեռքբերել միայն նշյալ կատեգորիաների մեջ ներառվող ապրանքատեսակներ, որոնցից ոչ մեկին չի համապատասխանում կենսաբանական ակտիվ հավելումը, Վերաքննիչ դատարանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ տեխնիկական բնութագրի՝ որպես ազդանյութ վերտառության ներքո ներառված էին ինչպես դեղորայք հանդիսացող նյութեր, այնպես էլ առանձին վիտամիններ»,
03.09.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 29.02.2024 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ Ընկերության հայցը՝ բավարարել։
Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների իրավաչափությանը և հետևությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը պատշաճորեն չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ չի կատարել ապացույցներն իրենց համակցության մեջ գնահատելու օրենսդրական պահանջը։ Այսպես, Դատարանի կողմից հետազոտված ապացույցներից բխում է, որ Նախարարությունը գնանշման հարցումը հայտարարել է իր կարիքների համար դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների մատակարարման պայմանագիր կնքելու նպատակով։ Գնահատող հանձնաժողովի 05.10.2023 թվականի թիվ 1 որոշմամբ այդ նպատակով հաստատվել է «Նախարարության կարիքների համար դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման հրավեր», Հրավերի 1-ին մասի 1.1-ին կետի համաձայն՝ գնման առարկա է հանդիսացել դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների ձեռքբերումը, որոնք խմբավորված են «34» չափաբաժիններում։ Ընդ որում՝ բացառապես 32-րդ չափաբաժնում են նշված պահանջվող լաբորատոր ազդանյութերը (ռեագենտները)՝ «մարիխուանայի որոշման շտապ թեստ», 33-րդ չափաբաժնում՝ պահանջվող բժշկական պարագաները՝ «ներարկիչ մ/ն 5մլ ասեղով», իսկ մյուս չափաբաժիններում նախատեսված ապրանքներն ակնհայտորեն լաբորատոր ազդանյութեր կամ բժշկական պարագաներ չեն հանդիսանում։ Միևնույն ժամանակ Հրավերին կից հրապարակված՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրում առկա ծանոթագրության 3‑րդ կետում ուղղակիորեն սահմանվել է, որ 1-ից 31‑րդ չափաբաժիններով (այդ թվում՝ 22‑րդ չափաբաժնով նախատեսված «ասկորբինաթթու ascorbic acid՝ դեղահատ դյուրալույծ, առնվազն 900մգ, մրգային համով, գործարանային փաթեթավորմամբ» ապրանքի համար) կարող են առաջարկվել պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք գրանցված են Կառավարության 23.02.2017 թվականի ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում կամ ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում, սակայն նման պարագայում ընտրված մասնակիցը որակավորման ապահովման փաստաթղթի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ մատակարարվող դեղերի՝ Կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստերը և դրանք հաստատող ապացույցները համակցության մեջ գնահատելու արդյուքում Վերաքննիչ դատարանը կարող էր կատարել միայն մեկ հետևություն, այն է՝ քննարկվող Ընթացակարգի շրջանակներում գնման առարկա են հանդիսացել թվով 3 խումբ ապրանքներ՝ 1) դեղորայք, 2) լաբորատոր ազդանյութեր, 3) բժշկական պարագաներ. այլ, այդ թվում՝ բուժական նպատակով կիրառման ոչ ենթակա կենսաբանական ակտիվ հավելումների ձեռքբերման նպատակ Նախարարությունը չի հետապնդել։ Ընդ որում՝ Հրավերի պայմանների համաձայն՝ 1-ից 31‑րդ չափաբաժիններում խմբավորվել են որպես դեղորայք գնվող ապրանքները (այդ թվում՝ բուժական նպատակով կիրառման ենթակա վիտամիններ), որոնց պարագայում տեխնիկական բնութագրում առկա ծանոթագրությամբ ուղղակիորեն նախատեսվել է սահմանված կարգով չգրանցված դեղեր առաջարկելու դեպքում Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված համապատասխան հավաստող տեղեկանք ներկայացնելու պարտականություն։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Հրավերին կից հրապարակված գնման առարկաների տեխնիկական բնութագիրը «Լաբորատոր ազդանյութերի տեխնիկական բնութագիր» վերնագրված լինելու, ինչպես նաև դրանում դեղորայքից զատ նաև այլ ապրանքներ (օրինակ՝ ներարկիչներ) ներառելու պայմաններում մասնակիցը չէր կարող կանխորոշել, որ բնութագրում առկա ծանոթագրությունը՝ չգրանցված դեղորայք առաջարկելու դեպքում համապատասխան տեղեկանք ներկայացնելու պարտականության մասին, կիրառելի է բոլոր ապրանքների կապակցությամբ։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայտարարված մրցույթով Նախարարությունը չի հետապնդել կենսաբանական ակտիվ հավելումներ (առավել ևս բուժական նպատակներով կիրառման ոչ ենթակա) ձեռք բերելու նպատակ, անտեսել է, որ վերջիններս որևէ պարագայում չեն կարող նույնացվել ո՛չ դեղորայքի (այդ թվում՝ բուժական նպատակներով կիրառման ենթակա վիտամինների) և ո՛չ էլ գնման առարկայի տեխնիկական բնութագրում թիվ 32-րդ և թիվ 33-րդ չափաբաժիններում անվանական նշված լաբորատոր ազդանյութերի (ռեագենտի) կամ բժշկական պարագաների (ներկարկիչի) հետ։
Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Ընկերությունը, կրելով մինչև հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտը հրավերը պատշաճորեն ուսումնասիրելու պարտականություն և օժտված լինելով Հրավերում անհստակություններ, անճշտություններ, անհամապատասխանություններ կամ անորոշ դրույթներ հայտնաբերելու պարագայում Հրավերի պահանջները բողոքարկելու, համապատասխան հարցման միջոցով պարզաբանում ստանալու և Հրավերում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու իրավունքներով, վերջիններից որևէ մեկից չի օգտվել, ավելին՝ 22-րդ չափաբաժնի ապրանքի տեխնիկական բնութագիրը, իր գնահատմամբ, ոչ պատշաճորեն ձևակերպված լինելու պայմաններում մասնակցության հայտ է ներկայացրել՝ իր վրա վերցնելով հնարավոր բացասական հետևանքների ռիսկը։
Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ գնանշման հարցմանը մասնակցելու դիմում-հայտարարություն ներկայացնելով Ընկերությունը հայտարարել և հավաստել է, որ ընտրված մասնակից ճանաչվելու պայմաններում պարտավորվում է չգրանցված դեղեր առաջարկելու դեպքում ներկայացնել Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ Կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին, գտնում է, որ իրավաչափ է Դատարանի եզրահանգումն առ այն, որ «Հայցվորն ընտրված մասնակից ճանաչվելուց հետո չի կատարել իր ստանձնած պարտավորությունը, այն է` չի ներկայացրել Ընթացակարգի հայտարարության 2.4.1-րդ կետում նշված տեղեկանքը, թեև ընթացակարգին դիմում հայտարարություն ներկայացնելով և մասնակցելով, պարտավորություն էր ստանձնել ներկայացնել Ընթացակարգի հայտարարության 2.4.1-րդ կետով նշված տեղեկանքը՝ (…), որը հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, քանի որ ընթացակարգը 22-րդ չափաբաժնի մասով հայտարարվել է չկայացած», որպիսի պայմաններում «առկա է եղել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով սահմանված հիմքերը Հայցվորին՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար։ Հետևաբար վիճարկվող որոշումն իրավաչափ է և առկա չեն հիմքեր այն անվավեր ճանաչելու համար»։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66‑րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետևաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 03.09.2024 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ նաև սույն որոշման պատճառաբանություններով՝ հետևյալ հիմնավորմամբ։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար՝ գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (...) գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9.4-րդ կետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժե.» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6‑րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ժդ.» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6‑րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով։
Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 03.09.2024 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 29.02.2024 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ.
- Դատարանի 29.02.2024 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.
- Վերաքննիչ դատարանում Ընկերության կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.
- Ընկերությունից հօգուտ Նախարարության ենթակա է բռնագանձման 75.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և Նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել, հետևաբար այլ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի վճռին։
2. «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ից հօգուտ Պաշտպանության նախարարության բռնագանձել 75.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումար։
Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ս. Մեղրյան Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. Մկրտչյան Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|