ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13854/02/23 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13854/02/23 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող և զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
|
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍեդրակյանՎ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի փետրվարի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ալեքսանդր Սահակյանի հայցի ընդդեմ Կարինե Հակոբյանի, իրավասու մարմին Արդարադատության նախարարության՝ երեխային մշտական բնակության վայր վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ալեքսանդր Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ալեքսանդր Սահակյանը պահանջել է Կարինե Հակոբյանին պարտավորեցնել Առնո Սահակյանին անհապաղ վերադարձնել իր մշտական բնակության վայր՝ *****1։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.04.2023 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ և վերջինիս ներկայացուցչի միջնորդությունը մասնակիորեն բավարարելու արդյունքում կիրառվել է հայցի ապահովման համապատասխան միջոց։
Դատարանի 16.09.2024 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.01.2025 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.06.2025 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Գ. Հակոբյանը, Ա. Աթաբեկանը և Ս. Մեղրյանը հայտնել են հատուկ կարծիք:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 09.01.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Ալեքսանդր Սահակյանի բողոքը բավարարվել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.06.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու թիվ ԵԴ/13854/02/23 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 20.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ալեքսանդր Սահակյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Հակոբյանը (ներկայացուցիչ Զարուհի Նախշքարյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 31-րդ, 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածները, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Հաագայի կոնվենցիա) 1-ին ու 7-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի կարող ենթարկվել այն աստիճանի չափազանցված ձևական մեկնաբանության, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը կամ վերացումը լինի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա, իսկ փոփոխությունը՝ ոչ։ Հայցի ապահովման միջոցի էական պայմանի փոփոխությունը ևս իմաստային առումով հավասարեցվում է հայցի ապահովման նոր միջոցի կիրառմանը։
Վերաքննիչ դատարանի 20.01.2025 թվականի որոշմամբ խախտվել է իր՝ ընտանեկան կյանքի իրավունքն այնքանով, որքանով իր կողմից ավելի քան երկու տարի իր երեխային տեսակցելու հնարավորությունից զրկված լինելու պայմաններում Դատարանը մերժել է ներկայացված միջնորդությունը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը, սահմանել հեռավար տեսակցության համապատասխան կարգ՝ մնացած մասով Դատարանի 11.04.2023 թվականի որոշումը թողնելով անփոփոխ։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Հայցը հարուցելուց հետո հայցվորը որևէ անգամ չի փորձել տեսակցել երեխայի հետ՝ հավանաբար քաջ գիտակցելով երեխայի վերաբերմունքն իր նկատմամբ։
Այժմ հայցվորն օգտվում է գործող հայցի ապահովման միջոցից և պարտավորություն ունի դարձյալ փորձելու ձեռնարկել միջոցներ՝ երեխայի հետ շփումը կազմակերպելու նպատակով, սակայն այդ բոլոր միջոցներից հայցվորը չի օգտվում, քանի որ նրա համար գերադասելի է ցավ պատճառելը թե՛ երեխային, թե՛ իրեն:
Հայցվորը փորձում է մոլորության մեջ գցել Վճռաբեկ դատարանին՝ որպես իր իրավացիությունը հաստատող ակտ օգտագործելով Սահմանադրական դատարանի որոշումը։ Այդ որոշումը վերաբերում է ընթացակարգային խնդիրներին, այն է՝ բացառապես բողոքարկմանը:
Կիրառված հայցի ապահովման միջոցի պայմաններում որևէ խոչընդոտ իր կողմից չի ստեղծվել։
Դատարանի 16.09.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին միջնորդությունը մերժելը միակ արդար և օբյեկտիվ լուծումն է, քանի որ կայացվել է երեխայի լավագույն շահերի պահպանմամբ, հետևաբար վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումները վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հնարավորության հարցին:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից և որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացվում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52, 53-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (…) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22․03․2007 թվականի վճիռը, կետ 125)։
Սահմանադրական դատարանն իր որոշումներում հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):
Իր մի շարք որոշումներում անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին՝ Սահմանադրական դատարանն ամրագրել է հետևյալը.
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս, օրինակ, Սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477, 19.06.2018 թվականի թիվ ՍԴՈ-1420 որոշումները):
Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է նաև, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Սահմանադրության 92-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունում սահմանված է դատական եռաստիճան համակարգ, որը գործում է դատական ներհամակարգային աստիճանակարգության հիման վրա, ինչը ենթադրում է վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման հնարավորություն: Քաղաքացիական շրջանառության մասնակիցներն իրենց բողոքարկման իրավունքն իրացնում են վերադաս ատյաններ` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և ՀՀ վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու միջոցով: Վերադաս (տվյալ դեպքում` վերաքննիչ) բողոքարկումը ոչ միայն խախտված և վիճարկվող իրավունքների պաշտպանության ու վերականգնման միջոց է, այլև դատական սխալների բացահայտմանը և վերացմանն ուղղված որոշակի կառուցակարգ է, որն ապահովում է արդարադատության իրականացման ոլորտում օրինականությունը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի և Սուսաննա Միհրանի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Արարատի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են`
1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը.
5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.
6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է՝
1) հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում.
2) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում.
3) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումը մերժման մասով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջոցները կիրառվում են վերաքննիչ դատարանի որոշմամբ: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու այն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները՝ հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ առաջին ատյանի դատարանը հայցի ապահովման միջոցները կիրառում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ։ Այդպիսի միջոցներ են նաև պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, ինչպես նաև օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցները: Օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոց է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցի ապահովման միջոցը, որի համաձայն՝ երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հայցի ապահովման կարգով կարող է գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ հանգեցնում է ներկայացված պահանջի փաստացի կատարման։
Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հայցի ապահովման միջոց կիրառելու, դրա վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու կամ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում: Ընդ որում, վերաքննիչ դատարան կարող են բողոքարկվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշումը՝ մերժման մասով։ Բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը վճռաբեկության կարգով ենթակա չէ բողոքարկման:
Սահմանադրական դատարանը, սույն գործով հայցվոր Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 11.11.2025 թվականի թիվ ՍԴՈ-1802 որոշմամբ արձանագրել է, որ «1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով»։
Նշված որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը փաստել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում հաղորդվել է նեղ մեկնաբանություն՝ այդպիսով խոչընդոտելով Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված սահմանադրաիրավական պահանջի լիարժեք իրացմանը:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները և Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, իր հերթին արձանագրում է, որ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու դեպքում, ըստ էության, դատարանը կիրառում է հայցի ապահովման նոր միջոց, իսկ ձևափոխելու դեպքում՝ արդեն իսկ կիրառված հայցի ապահովման միջոցն է ձևափոխում՝ պայմանավորված, մի դեպքում, հայցի ապահովման նոր միջոց կիրառելու, իսկ մյուս դեպքում՝ կիրառված հայցի ապահովման միջոցը ձևափոխելու անհրաժեշտությամբ։ Ուստի նույն իրավակարգավորումը, որը սահմանված է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման բողոքարկման համար, պետք է հավասարապես կիրառելի լինի նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումների համար։ Հակառակ պարագայում անհավասար մոտեցում է ստեղծվում այն անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար, ովքեր, ակնկալելով նույն նպատակը, ինչ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձինք, դատարան են ներկայացրել կիրառված հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից մերժվել է։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 11.04.2023 թվականին կայացրել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին» որոշում, որի արդյունքում որոշել է «Հայցվորի ներկայացուցիչ՝ Լուսինե Ավագյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին, բավարարել մասնակի՝ Հայցվորի՝ Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու ժամանակ սահմանել նրա և որդու՝ Առնո Ալեքսանդրի Սահակյանի միջև տեսակցության կարգ՝ պարտավորեցնելով պատասխանող Կարինե Վարուժանի Հակոբյանին ապահովել, որևէ եղանակով չխոչընդոտել երեխայի և հայցվորի միջև շփումները հեռավար կապի՝ տեսազանգի միջոցով՝ յուրաքանչյուր շաբաթվա յուրաքանչյուր օր՝ ՀՀ ժամանակով երեկոյան ժամը 18:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի ****2 հեռախոսհամարի միջոցով՝ օգտագործելով WhatsApp, Viber հավելվածները:
Արգելել պատասխանող Կարինե Վարուժանի Հակոբյանին փոխել երեխայի՝ 23.02.2015 թվականին ծնված Առնո Ալեքսանդրի Սահակյանի ՀՀ-ում բնակության վայրը, այն է՝ ****3, և Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային տեղեկատվական (ՍԵԿՏ) համակարգում փակելով՝ արգելել 23.02.2015 թվականին ծնված Առնո Ալեքսանդրի Սահակյանի կողմից առանց Հայցվորի՝ Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի համաձայնության Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատումը՝ մինչև սույն քաղաքացիական գործով կայացվելիք վճռի օրինական ուժի մեջ մտնելը» (հավելված 1-ին, գ․թ․ 3-10):
Դրանից հետո՝ Ալեքսանդր Սահակյանի կողմից ներկայացվել է հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանի 16.09.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ մերժվել է (հավելված 1-ին, գ․թ․ 144-149, 218-222):
Դատարանի 16.09.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ալեքսանդր Սահակյանը, որի ընդունումը Վերաքննիչ դատարանի 20.01.2025 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ՝
- «Բողոքաբերը բողոքարկում է Դատարանի 16.09.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, մինչդեռ, նշված որոշումն ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով, այնպես էլ որևէ օրենքով բողոքարկման ենթակա չէ, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից բողոքարկվել է Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով, ուստիև Վերաքննիչ դատարանը, վերը նշված նորմերի իրավակարգավորումների ներքո իրավասու չլինելով գնահատելու Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման օրինականությունը և իրավաչափությունը և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իրավակարգավորումները, գտնում է, որ Բողոքաբերի վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, քանի որ հ այցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ՀՀ օրենսդրությամբ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ» (հատոր 2-րդ, գ․թ․ 3-30, 45, 46):
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է և չէր կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, քանի որ տվյալ դեպքում վերաքննության կարգով բողոքարկվել է Դատարանի 16.09.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, որը, հիմք ընդունելով վերը նշված դիրքորոշումներն ու Սահմանադրական դատարանի 11.11.2025 թվականի թիվ ՍԴՈ-1802 որոշումը, ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կայացնելով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, Ալեքսանդր Սահակյանին զրկել է Դատարանի 16.09.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից՝ սահմանափակելով նրա` Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելու իրավունքը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 20.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20․01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը, և Ալեքսանդր Սահակյանի բերած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը պարզելու համար գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
______________________
1 Առկա է անձնական տվյալ:
2 Առկա է անձնական տվյալ:
3 Առկա է անձնական տվյալ:
|
Նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան |
|
|
Ա. Աթաբեկյան |
|
Ն. Հովսեփյան | |
|
Ս. Մեղրյան | |
| Ա. Մկրտչյան | |
| Է. Սեդրակյան | |
| Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|