ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ՍնԴ/4087/04/23 |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/4087/04/23 2026 թ. |
|
Նախագահող դատավոր` |
Ս․ Գրիգորյան |
|
Դատավորներ` |
Ա․ Մխիթարյան |
|
Ն․ Կարապետյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Գ. Հակոբյան |
|
զեկուցող |
Ա. Մկրտչյան |
|
Ա. Աթաբեկյան | |
|
Ն. Հովսեփյան | |
| Ս. Մեղրյան | |
|
Է. Սեդրակյան |
2026 թվականի փետրվարի 3-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19․03․2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Պաշտպանության նախարարության դիմումի՝ «ՍՄՕԳՍՈՅՈՒԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Պաշտպանության նախարարությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ։
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26․08․2024 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
Դատարանի 25․12․2024 թվականի «Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմամբ Բանկի կողմից ներկայացված 15.876.860 ՀՀ դրամի պահանջը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19․03․2025 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25․12․2024 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Լ. Կարապետյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեն։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 162-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 362-րդ, 368-րդ, 375-րդ ու 377-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 66-րդ, 378-րդ և 379-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել՝ թե ինչ պատճառով չի ընդունել Բանկի ներկայացրած փաստերը, որոնք ապացուցում են «ԵՍ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարկային պարտավորությունների չկատարումը։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ է անգամ արձանագրել, որ Դատարանի այն դատողությունը, թե Բանկը Դատարան չի ներկայացրել ապացույց այն մասին, որ վարկառու «ԵՍ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հիմնական պայմանագիրը չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել՝ հիմնավոր չէ, քանի որ Բանկի ներկայացրած քաղվածքով հիմնավորվել է այդ փաստը:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ կաշկանդված է բողոքի հիմքերով և հիմնավորումներով, մինչդեռ Բանկն իր վերաքննիչ բողոքի հիմքերից մեկում վկայակոչել է դրանք:
Վերաքննիչ դատարանի մեկնաբանմամբ առկա են եղել պահանջի գրանցումը մերժելու երկու ինքնուրույն հիմքեր, որոնցից միայն մեկի մասով է Բանկը վերաքննիչ բողոք բերել: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ վերաքննիչ բողոքի առաջին հիմքի մասով անգամ արձանագրել է, որ Բանկի պահանջը հիմնավոր է, ինչից բխում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական և հիմնավոր չէ։
Վերաքննիչ դատարանի իրավական գնահատականները չեն բխում գործի փաստական հանգամանքներից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բավարարել սույն վճռաբեկ բողոքը՝ բեկանել ստորադաս Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ՍնԴ/4087/04/23 սնանկության գործով 19․03․2025թ․ կայացված դատական ակտը և փոփոխել Բավարարելով Բանկի 15,876,860․70 ՀՀ դրամ գումարի չափով ներկայացված պահանջը, քանի որ, ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքնրը հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործով բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով։
Բանկի կողմից ներկայացված պահանջի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ պահպանված չեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները, քանի որ առկա չէ պարտապանի պարտավորության առկայությունը հավաստող որևէ փաստ։
Ընկերությունը Բանկի հանդեպ հանդես է գալիս որպես պարտապան չհանդիսացող երաշխավոր, և չի կարող դիտարկվել պարտապան, քանի որ պայմանագրով չի ստանձնել որոշակի գործողություն կատարելու պարտավորություն, իսկ պահանջը բովանդակում է Բանկի նկատմամբ թիվ *****1 պայմանագրով վարկառու հանդիսացող անձի պարտավորությունների չվճարված չափը: Հետևաբար, Բանկը միայն վարկառուի վարկային պայմանագրերով ստանձնած պարտականությունների չկատարման դեպքում կարող է իր պահանջի բավարարումը ստանալ երաշխավորի միջոցներից։ Ավելին՝ պահանջում առկա չէ որևէ ապացույց, որի համաձայն՝ վարկառուի կողմից վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները պահանջը ներկայացնելու պահին կատարվել են ոչ պատշաճ, ինչպես նաև հայտնի չէ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել հիմնական պարտապանից ժամկետանց պարտավորությունների գումարը գանձելու համար, եթե այդպիսիք առկա են:
Բանկը պահանջատեր չէ և չի կարող գրանցվել որպես այդպիսին, քանի որ սնանկ ճանաչված պարտապանը Բանկի առջև ստանձնած պարտավորությամբ պարտապանը չէ, այլ վարկառուի ունեցած պարտավորության երաշխավորը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 17.06.2020 թվականին Բանկի և «ԵՍ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (վարկառու) միջև կնքվել է թիվ *****2 վարկային գծի պայմանագիր (հավելված 1-ին, գ.թ. 53-66)․
2) 17.06.2020 թվականին Բանկի, Ընկերության (երաշխավոր) և «ԵՍ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է թիվ *****3 երաշխավորության պայմանագիրը, որի՝
- 1.6-րդ կետի համաձայն՝ պարտապանի կողմից հիմնական պայմանագիրը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն,
- 2.1.3-րդ կետի համաձայն՝ պարտատերն իրավունք ունի պարտապանի կողմից հիմնական պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում միանգամից պահանջ ներկայացնել երաշխավորին,
- 2.4.1-րդ կետի համաձայն՝ երաշխավորը պարտավոր է պարտապանի կողմից պարտատիրոջ հանդեպ հիմնական պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտատիրոջ կողմից գրավոր պահանջ ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում նույն պայմանագրի պայմաններին համապատասխան բավարարել պարտատիրոջ պահանջը՝ գրավոր պահանջում նշված ծավալով (հավելված 1-ին, գ.թ. 67-71)․
3) 17.06.2020–26.08.2024 թվականների ժամանակահատվածի համար Բանկի կողմից տրված վարկային պայմանագրի քաղվածքի համաձայն՝ 26.08.2024 թվականի դրությամբ վարկի ժամկետանց մնացորդը կազմել է 10.000.000 դրամ, հաշվարկված ժամկետանց տոկոսը՝ 813.180 ՀՀ դրամ, հաշվարկված ժամկետանց գումարի տոկոսը՝ 4.536.467,2 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի տույժը՝ 527.212,4 ՀՀ դրամ (հավելված 2-րդ, գ.թ. 24, 25)․
4) Բանկի կողմից 20.09.2022 թվականին «ԵՍ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (վարկառու) և Ընկերությանը (երաշխավոր) ներկայացվել է թիվ ԿԽ/22-167 «Պահանջագիր»-ը, որով Բանկը վարկառուին և երաշխավորին առաջարկել է յոթ օրվա ընթացքում կատարել ժամկետանց պարտավորությունները (հավելված 2-րդ, գ.թ. 26)․
5) Բանկը 27.09.2024 թվականին Դատարան է ներկայացրել «Սնանկ ճանաչված «ՍՄՕԳՍՈՅՈՒԶ» ՍՊԸ-ի նկատմամբ պահանջի հաստատման և գրանցման վերաբերյալ» դիմում (հավելված 1-ին, գ.թ. 44-47)․
6) Դատարանը 25.12.2024 թվականի որոշմամբ գտել է, որ Բանկի կողմից ներկայացված պահանջը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ՝ ««ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պահանջին կամ հետագայում ներկայացված դիրքորոշմանը կից Դատարան չի ներկայացվել ապացույց այն մասին, որ Վարկառու «Ես Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հիմնական պայմանագիրը չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել, ինչի պատճառով պարտատեր «ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ն գրավոր պահանջ է ներկայացրել երաշխավոր Ընկերությանը՝ Երաշխավորության պայմանագրով նախատեսված պարտավորությունները որոշակի ծավալով կատարելու համար» (հավելված 1-ին, գ.թ. 114-119)․
7) Բանկը Դատարանի 25.12.2024 թվականի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ նշելով, որ «20.09.2022թ. թիվ ԿԽ/22-167 գրությամբ Բանկը պահանջագիր է ուղարկել վարկառու «Ես Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և երաշխավոր Ընկերությանը՝ հայտնելով այն մասին, որ վարկառուն թույլ է տվել Հիմնական պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտումներ։ (…) Բանկի կողմից ներկայացված վարկային քաղվածքն այն գրավոր ապացույցն է, որը փաստում է Հիմնական պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին (…) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։ Նույն օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝ 46-րդ հոդվածի առաջին մասի սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ: Գործող իրավական կարգավորումների վերլուծությունից ակնհայտ է, որ եթե պարտատերն իր պահանջը չգրանցի մեկամսյա ժամկետում, ապա վերջինս կհամարվի ստորադաս: Բանկը գտնում է, որ եթե անգամ հիմնական վարկառուն չունենար ժամկետանց պարտավորություններ և այնուամենայնիվ, երաշխավորը ճանաչվեր սնանկ, ապա Բանկը դարձյալ պահանջ գրանցելու իրավունքի իրացման հնարավորությունից չպետք է զրկվի, քանի որ մեկամսյա ժամկետի ավարտից հետո հնարավոր է վարկը դառնա կետանց և արդյունքում Բանկը կրի նյութական վնասներ: Հետևաբար, գտնում ենք, որ կայացված դատական ակտը չի պարունակում բավարար չափով հիմնավորումներ և պատճառաբանություններ Բանկի պահանջը մերժելու մասով: Այն հանգեցնում է Բանկի իրավունքների և օրինական շահերի խախտման, ինչպես նաև նյութական վնասի» (հավելված 2-րդ, գ.թ. 3-7)․
8) Վերաքննիչ դատարանը 19.03.2025 թվականի որոշմամբ արձանագրել է, որ « (…) Նշված քաղվածքից ուղղակիորեն բխում է, որ վարկառուն (հիմնական պարտապանը) վարկային պայմանագրից բխող պարտավորությունը պատշաճ չի կատարել և թույլ է տվել կետանց, քանի որ 10.000.000 դրամը վարկառուն պետք է վերադարձներ մինչև 17.12.2020 թվականը, մինչդեռ 26.08.2024 թվականի դրությամբ 10.000.000 դրամը վերադարձված չի եղել։ Հետևաբար հիմնական պարտավորության խախտման փաստն ակնհայտ է։ Նման պայմաններում հիմնավոր չէ Դատարանի այն դատողությունը, թե Բանկը Դատարան չի ներկայացրել ապացույց այն մասին, որ վարկառու «Ես Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հիմնական պայմանագիրը չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել, նկատի ունենալով, որ Բանկի ներկայացրած հիշյալ քաղվածքով հիմնավորվում է այդ փաստը։ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով և հիմնավորումներով, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննարկել գործի փաստական և իրավական հանգամանքները այն պարագայում, երբ բողոք բերած անձը իր բողոքում տվյալ հանգամանքները չի վկայակոչում։ Սույն դեպքում Դատարանը բողոքաբերի պահանջի գրանցումը մերժել է հետևյալ երկու հիմքերով՝
-Բանկի կողմից ներկայացված պահանջին կամ հետագայում ներկայացված դիրքորոշմանը կից Դատարան չի ներկայացվել ապացույց այն մասին, որ վարկառու «Ես Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հիմնական պայմանագիրը չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել,
-Երաշխավորության պայմանագրի 2․4․1 կետի ուժով Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները առաջանում են պարտապանի կողմից պարտատիրոջ հանդեպ հիմնական պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու կան անպատշաճ կատարելու դեպքում պարտատիրոջ կողմից գրավոր պահանջ ստանալուց հետո, ընդ որում այն ծավալով, որը նշված է գրավոր պահանջում։
Այնուամենայնիվ, վերաքննիչ բողոքում որևէ հիմնավորում չկա Դատարանի՝ 2-րդ հիմքով նշված դատողությունների վերաբերյալ, առավել ևս դրանցով դատական սխալ Դատարանին չի վերագրվել։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բերելով իր փաստարկները Դատարանի կողմից միայն պարտավորության խախտման փաստ առկա չլինելու վերաբերյալ՝ բողոք բերած անձը վերը նշված 2-րդ ինքնուրույն հիմքը քննարկման առարկա չի դարձրել, որի պարագայում Դատարանի վճիռը չի կարող բեկանվել, իսկ վերաքննիչ բողոքը՝ բավարարվել։ Այս պարագայում բողոքի հիմքերի քննարկումը չի կարող պայմանավորել սույն գործով այլ ելք, քանի որ առկա են եղել պահանջի գրանցումը մերժելու երկու ինքնաբավ հիմքեր, մինչդեռ վերաքննիչ բողոքը բերվել է միայն դրանցից մեկի մասով» (հավելված 2-րդ, գ.թ. 88-92)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի պարտականությանը՝ անդրադառնալու վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.
ա. արդյոք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է,
դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյոք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը հանդիսանում է դատական ակտի բեկանման հիմք, թե ոչ` պատճառաբանելով համապատասխան դիրքորոշումը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու դատարան` օրենսդրի կողմից երաշխավորված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ դատական ակտը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված։ Անդրադառնալով դատական ակտում քննարկման ենթակա հարցերին՝ սահմանվել է, որ դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին։ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է՝ անդրադառնալով բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ կատարված եզրահանգումները արտացոլվում են որոշման պատճառաբանական մասում։
Համանման իրավական կարգավորումներ է պարունակել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգիրքը (այսուհետ` Նախկին օրենսգիրք):
Անդրադառնալով Նախկին օրենսգրքի՝ վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե´ս Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձևական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին՝ առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք և, ըստ այդմ, անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (տե՛ս Վարդան Աթայանն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ «Ռեգնում» լրատվական գործակալության թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝
1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես:
2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:
Վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:
2. ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես՝ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:
3. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝
17.06.2020 թվականին Բանկի և «ԵՍ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է թիվ *****4 վարկային գծի պայմանագիր։ 17.06.2020 թվականին Բանկի, Ընկերության և «ԵՍ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է թիվ *****5 երաշխավորության պայմանագիրը, որի՝
- 1.6-րդ կետի համաձայն՝ պարտապանի կողմից հիմնական պայմանագիրը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն,
- 2.1.3-րդ կետի համաձայն՝ պարտատերն իրավունք ունի պարտապանի կողմից հիմնական պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում միանգամից պահանջ ներկայացնել երաշխավորին,
- 2.4.1-րդ կետի համաձայն՝ երաշխավորը պարտավոր է պարտապանի կողմից պարտատիրոջ հանդեպ հիմնական պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու կան անպատշաճ կատարելու դեպքում պարտատիրոջ կողմից գրավոր պահանջ ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում նույն պայմանագրի պայմաններին համապատասխան բավարարել պարտատիրոջ պահանջը՝ գրավոր պահանջում նշված ծավալով: 17.06.2020–26.08.2024 թվականների ժամանակահատվածի համար Բանկի կողմից տրված վարկային պայմանագրի քաղվածքի համաձայն՝ 26.08.2024 թվականի դրությամբ վարկի ժամկետանց մնացորդը կազմել է 10.000.000 դրամ, հաշվարկված ժամկետանց տոկոսը՝ 813.180 ՀՀ դրամ, հաշվարկված ժամկետանց գումարի տոկոսը՝ 4.536.467,2 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի տույժը՝ 527.212,4 ՀՀ դրամ։
Բանկի կողմից 20.09.2022 թվականին «ԵՍ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Ընկերությանը ներկայացվել է թիվ ԿԽ/22-167 «Պահանջագիր»-ը, որով Բանկը վարկառուին և երաշխավորին առաջարկել է յոթ օրվա ընթացքում վճարել ժամկետանց պարտավորությունները։
Բանկը 27.09.2024 թվականին Դատարան է ներկայացրել «Սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ պահանջի հաստատման և գրանցման վերաբերյալ» դիմում։
Դատարանը 25.12.2024 թվականի որոշմամբ գտել է, որ Բանկի կողմից ներկայացված պահանջը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ՝ ««ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պահանջին կամ հետագայում ներկայացված դիրքորոշմանը կից Դատարան չի ներկայացվել ապացույց այն մասին, որ Վարկառու «Ես Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հիմնական պայմանագիրը չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել, ինչի պատճառով պարտատեր «ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ն գրավոր պահանջ է ներկայացրել երաշխավոր Ընկերությանը՝ Երաշխավորության պայմանագրով նախատեսված պարտավորությունները որոշակի ծավալով կատարելու համար»։
Բանկը վերոնշյալ որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրանում ի թիվս այլնի նշելով, որ «20.09.2022թ. թիվ ԿԽ/22-167 գրությամբ Բանկը պահանջագիր է ուղարկել վարկառու «Ես Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և երաշխավոր Ընկերությանը՝ հայտնելով այն մասին, որ վարկառուն թույլ է տվել Հիմնական պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտումներ։ (…) Բանկի կողմից ներկայացված վարկային քաղվածքն այն գրավոր ապացույցն է, որը փաստում է Հիմնական պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին: (…) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։
Նույն օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝ 46-րդ հոդվածի առաջին մասի սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:
Գործող իրավական կարգավորումների վերլուծությունից ակնհայտ է, որ եթե պարտատերն իր պահանջը չգրանցի մեկամսյա ժամկետում, ապա վերջինս կհամարվի ստորադաս: Բանկը գտնում է, որ եթե անգամ հիմնական վարկառուն չունենար ժամկետանց պարտավորություններ և այնուամենայնիվ, երաշխավորը ճանաչվեր սնանկ, ապա Բանկը դարձյալ պահանջ գրանցելու իրավունքի իրացման հնարավորությունից չպետք է զրկվի, քանի որ մեկամսյա ժամկետի ավարտից հետո հնարավոր է վարկը դառնա կետանց և արդյունքում Բանկը կրի նյութական վնասներ:
Հետևաբար, գտնում ենք, որ կայացված դատական ակտը չի պարունակում բավարար չափով հիմնավորումներ և պատճառաբանություններ Բանկի պահանջը մերժելու մասով: Այն հանգեցնում է Բանկի իրավունքների և օրինական շահերի խախտման, ինչպես նաև նյութական վնասի» ։
Վերաքննիչ դատարանը 19․03․2025 թվականի որոշմամբ մերժել է Բանկի վերաքննիչ բողոքը հետևյալ պատճառաբանությամբ․ «(...) Նշված քաղվածքից ուղղակիորեն բխում է, որ վարկառուն (հիմնական պարտապանը) վարկային պայմանագրից բխող պարտավորությունը պատշաճ չի կատարել և թույլ է տվել կետանց, քանի որ 10.000.000 դրամը վարկառուն պետք է վերադարձներ մինչև 17.12.2020 թվականը, մինչդեռ 26.08.2024 թվականի դրությամբ 10.000.000 դրամը վերադարձված չի եղել։ Հետևաբար հիմնական պարտավորության խախտման փաստն ակնհայտ է։
Նման պայմաններում հիմնավոր չէ Դատարանի այն դատողությունը, թե Բանկը Դատարան չի ներկայացրել ապացույց այն մասին, որ վարկառու «Ես Էմ» ՍՊԸ-ի կողմից Հիմնական պայմանագիրը չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել, նկատի ունենալով, որ Բանկի ներկայացրած հիշյալ քաղվածքով հիմնավորվում է այդ փաստը։
Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով և հիմնավորումներով, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննարկել գործի փաստական և իրավական հանգամանքները այն պարագայում, երբ բողոք բերած անձը իր բողոքում տվյալ հանգամանքները չի վկայակոչում։
Սույն դեպքում Դատարանը բողոքաբերի պահանջի գրանցումը մերժել է հետևյալ երկու հիմքերով՝
- Բանկի կողմից ներկայացված պահանջին կամ հետագայում ներկայացված դիրքորոշմանը կից Դատարան չի ներկայացվել ապացույց այն մասին, որ վարկառու «Ես Էմ» ՍՊԸ-ի կողմից Հիմնական պայմանագիրը չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել,
- Երաշխավորության պայմանագրի 2․4․1 կետի ուժով Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները առաջանում են պարտապանի կողմից պարտատիրոջ հանդեպ Հիմնական պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու կան անպատշաճ կատարելու դեպքում պարտատիրոջ կողմից գրավոր պահանջ ստանալուց հետո, ընդ որում այն ծավալով, որը նշված է գրավոր պահանջում։
Այնուամենայնիվ, վերաքննիչ բողոքում որևէ հիմնավորում չկա Դատարանի՝ 2-րդ հիմքով նշված դատողությունների վերաբերյալ, առավել ևս դրանցով դատական սխալ Դատարանին չի վերագրվել։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բերելով իր փաստարկները Դատարանի կողմից միայն պարտավորության խախտման փաստ առկա չլինելու վերաբերյալ՝ բողոք բերած անձը վերը նշված 2-րդ ինքնուրույն հիմքը քննարկման առարկա չի դարձրել, որի պարագայում Դատարանի վճիռը չի կարող բեկանվել, իսկ վերաքննիչ բողոքը՝ բավարարվել։
Այս պարագայում բողոքի հիմքերի քննարկումը չի կարող պայմանավորել սույն գործով այլ ելք, քանի որ առկա են եղել պահանջի գրանցումը մերժելու երկու ինքնաբավ հիմքեր, մինչդեռ վերաքննիչ բողոքը բերվել է միայն դրանցից մեկի մասով» ։
Վերը նշված փաստերի վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանն առանձնացրել է Դատարանի կողմից Բանկի պահանջը մերժելու երկու ինքնուրույն հիմք, որոնցից մեկի, այն է՝ վարկառու «ԵՍ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հիմնական պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ ապացույց չներկայացնելու վերաբերյալ Դատարանի դատողությունը չհիմնավորված համարելով հանդերձ՝ Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է՝ հիմնավորմամբ, որ Դատարանի կողմից պահանջը մերժելու երկրորդ հիմքի, այն է՝ երաշխավորության պայմանագրի 2․4․1 կետի համաձայն՝ պարտատիրոջ կողմից գրավոր պահանջ ներկայացնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում Բանկի կողմից հիմնավորումներ չեն ներկայացվել։ Մինչդեռ` Բանկը վերաքննիչ բողոքում անդրադարձել է ինչպես հիմնական պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու վերաբերյալ ապացույց ներկայացված լինելու, այնպես էլ՝ չկատարված պարտավորության համար երաշխավորին վճարման պահանջ ներկայացված լինելու հանգամանքներին։ Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ երաշխավորի սնանկության գործով պայմանավորված՝ Բանկը չի կարող զրկվել իր հանդեպ ստանձնած և չկատարված պարտավորությունները բավարարելու պահանջ ներկայացնելու իրական հնարավորությունից՝ վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ և 85-րդ հոդվածները, որին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել։
Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությամբ և հիմքով կայացնելով վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում, խախտել է ոչ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, այլ նաև Բանկի՝ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Բանկի վերաքննիչ բողոքի վերը նշված հիմքերն ու հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19․03․2025 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
______________________
1 Առկա է անձնական տվյալ
2 Առկա է անձնական տվյալ
3 Առկա է անձնական տվյալ
4 Առկա է անձնական տվյալ
5 Առկա է անձնական տվյալ
|
Նախագահող |
Գ. Հակոբյան |
|
Զեկուցող |
Ա. Մկրտչյան |
|
Ա. Աթաբեկյան | |
|
Ն. Հովսեփյան | |
| Ս. Մեղրյան | |
| Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|