ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1719-Ա |
«06» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱ, Հ.14/2 ԵՎ Հ.14/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԱՌՔՈԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 30.03.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 27.02․2026թ. տրված հ․ՏՎ-23 տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից 05.03.2026թ. տրված տեղեկանքները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած իրավաբանական անձի դիմումները (06.03.2026թ. հ.Դ-21513-26, հ.Դ-21514-26, 25.03.2026թ. հ.Դ-29343-26).
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտա հ.14/3 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 573.47 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ (օգտագործման նպատակը)՝ սահմանել հասարակական կառուցապատման։
2. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա, հ.14/2 և հ.14/3 հասցեներում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28072015-01-0064, հ.28072015-01-0055 վկայականներ, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագրեր հ.20265S6DCT, հ.2026WKYXJS) «ԱՌՔՈԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը 264.020.00201 տրված 18.08.1994թ.) պատկանող հողամասերում ինքնակամ իրականացրած 909,09քառ.մետր և 59,5քառ.մետր ընդհանուր մակերեսներով կառույցները (հասարակական շինություններ), ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 11896223 (տասնմեկ միլիոն ութ հարյուր իննսունվեց հազար երկու հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |