ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.04.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
08.04.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«08» ապրիլի 2026 թ.

N 07-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

ՆԱԽԱՐԱՐ`

 

4/8/2026

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի
և սպորտի նախարարի

2026 թվականի ապրիլի 8-ի

N 07-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափանիշները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ դպրոց) անվտանգության ապահովմանն ուղղված կազմակերպական, տեխնիկական և վարքագծային միջոցառումների իրականացման արդյունքների գնահատման գործընթացի սկզբունքները և կիրառման շրջանակը։

2․ Սույն հրամանի նպատակն է ապահովել դպրոցի սովորողների, մանկավարժական և վարչական աշխատողների, ինչպես նաև դպրոցում օրինական հիմքով գտնվող այլ անձանց կյանքի, առողջության, արժանապատվության և գույքի պաշտպանությունը՝ ներառյալ անվտանգության ռիսկերի համակարգված գնահատումը, կանխատեսումը և նվազեցումը։

3. Սույն հրամանի պահանջները կիրառվում են դպրոցի սովորողների, աշխատակիցների, ծնողների և դպրոց մուտք գործող այլ անձանց հետ փոխհարաբերություններում։

4. Անվտանգության ապահովման միջոցառումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը՝ ապահովելով դրանց իրականացման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և շարունակական մշտադիտարկումը։

 

2. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

5. Դպրոցի ֆիզիկական միջավայրը՝ ներառյալ դպրոցի շրջակայքն ու ենթակառուցվածքները պետք է տեղակայված, կառուցված և կահավորված լինեն՝ ապահովելով անվտանգության, հասանելիության և մատչելիության պահանջների պահպանումը:

6․ Դպրոցի ենթակառուցվածքների անվտանգության չափանիշները պետք է համապատասխանեն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված սանիտարական և ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված քաղաքաշինական նորմերին:

 

3 ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

7․ Դպրոցում ձևավորված կրթական միջավայրը պետք է լինի անվտանգ և զերծ սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերից՝ ներառյալ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնությունը, անտեսումը, թրաֆիքինգը և շահագործումը, ինչպես նաև դրանց մասնավոր դրսևորումները՝ բուլինգը, կիբերբուլինգը և ֆիզիկական (մարմնական) պատիժը։

8․ Դպրոցը պետք է իրականացնի համակարգված և շարունակական կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերի, այդ թվում՝ թրաֆիքինգի և բուլինգի կանխարգելմանը։

9․ Դպրոցը պետք է ապահովի դրական, անվտանգ և աջակցող բարոյահոգեբանական միջավայր՝ ձևավորելով փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, ներառականության և համագործակցության մշակույթ։ Այդ նպատակով դպրոցը պետք է՝

1) իրականացնի սովորողների սոցիալական-հուզական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ․

2) ձևավորի կոնֆլիկտների խաղաղ և կառուցողական լուծման կարողություններ․

3) խթանի դրական վարքագծի և արդյունավետ հաղորդակցման մշակույթ․

4) իրականացնի հոգեկան առողջության պահպանման, հուզական բարեկեցության և սթրեսի հաղթահարմանն ուղղված ծրագրեր․

5) իրականացնի թվային անվտանգության, մեդիագրագիտության և պատասխանատու առցանց վարքագծի ձևավորմանն ուղղված ծրագրեր․

6) ապահովի աջակցող և ներառական միջավայր՝ հաշվի առնելով սովորողների անհատական, մշակութային և զարգացման առանձնահատկությունները։

10․ Դպրոցի անձնակազմը պետք է ծանոթ լինի սովորողների նկատմամբ բռնության, թրաֆիքինգի, բուլինգի և դրանց տարբեր ձևերի հնարավոր նշաններին, ինչպես նաև ժամանակին բացահայտի սովորողների վարքագծային, հուզական կամ սոցիալական փոփոխությունները և այլ նախազգուշացնող նշանները, որոնք կարող են վկայել նման դեպքերի առկայության մասին, և անհապաղ տեղեկացնի այդ մասին դպրոցի սովորողի պաշտպանության (այսուհետ՝ ՍՊ) թիմին։

11․ Դպրոցը պետք է ապահովի բռնության, թրաֆիքինգի և բուլինգի դեպքերի արձագանքման հստակ ընթացակարգեր՝ ներառյալ դեպքերի գրանցումը, գնահատումը, անհրաժեշտ աջակցությունը և, ըստ անհրաժեշտության, համապատասխան իրավասու մարմիններին ուղղորդումը՝ համագործակցելով առողջապահական, սոցիալական, իրավապահ և համայնքային ծառայությունների հետ։

12․ Բոլոր միջամտությունները պետք է իրականացվեն սովորողակենտրոն մոտեցմամբ՝ ապահովելով սովորողի լավագույն շահը, արժանապատվությունը, անձնական կյանքի և տեղեկատվության գաղտնիության պաշտպանությունը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը՝ բացառելով խտրականության ցանկացած դրսևորում։

13․ Սովորողները պետք է ներգրավվեն դպրոցի անվտանգ միջավայրի ձևավորման գործընթացում՝ իրազեկման, ինքնապաշտպանության և փոխաջակցության ծրագրերի միջոցով։

14․ Դպրոցը պետք է խթանի ծնողների և համայնքի ակտիվ մասնակցությունը սովորողների անվտանգության ապահովման, բռնության կանխարգելման, ինչպես նաև սովորողների տոկունության և բարեկեցության բարձրացման գործընթացներին։

 

4ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ, ԱԼԿՈՀՈԼԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

15. Դպրոցը պետք է կազմակերպի տեղեկատվական և իրազեկման միջոցառումներ՝ ներառյալ տեսանյութերի դիտում, քննարկումներ և թեմատիկ դասընթացներ, որոնք ուղղված են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման վնասների, ռիսկերի և հետևանքների վերաբերյալ սովորողների գիտելիքների և իրազեկվածության բարձրացմանը։

16. Դպրոցը դասղեկների և մասնագետների միջոցով պետք է կազմակերպի հանդիպումներ սովորողների ծնողների հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց իրազեկվածությունը դեռահասների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման ռիսկերի, վաղ նշանների ճանաչման, ինչպես նաև կանխարգելման և աջակցության հնարավորությունների վերաբերյալ։

17. Դպրոցն ուսումնական գործընթացին հաջորդող ժամանակահատվածում պետք է աջակցի սովորողների օգտակար զբաղվածությանը՝ նպատակ ունենալով խթանել առողջ ապրելակերպը և բարձրացնել սովորողների սոցիալական դիմադրողականությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման նկատմամբ։

 

5 ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

18․ Դպրոցը պետք է կազմակերպի սովորողների և անձնակազմի իրազեկման միջոցառումներ՝ արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ բնական և տեխնածին վտանգների (հրդեհ, երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ, պայթյուն, քիմիական արտահոսքեր և այլն) դեպքում անվտանգ վարքագծի կանոնների վերաբերյալ՝ ներառյալ թեմատիկ տեսանյութերի դիտում, տեղեկատվական նյութերի ներկայացում և դրանց շուրջ քննարկումներ։

19․ Սովորողների իրազեկման և պատրաստվածության բարձրացման նպատակով դպրոցում պետք է իրականացվեն պարբերական զրույցներ, դասարանային քննարկումներ և գործնական վարժանքներ՝ բնական և տեխնածին վտանգների առաջացման ռիսկերի, կանխարգելման միջոցների և ինքնապաշտպանության քայլերի վերաբերյալ։

20․ Դպրոցը պետք է ապահովի տարհանման պլանների առկայությունը, դրանց տեսանելիությունը և հասանելիությունը բոլոր անձանց համար, ինչպես նաև կազմակերպի պարբերական տարհանման վարժանքներ։

21․ Դպրոցում պետք է իրականացվեն ճանաչողական շրջայցեր՝ ներկայացնելով անվտանգության տեսանկյունից կարևոր գոտիները՝ արտակարգ ելքերը, հավաքատեղիները, անվտանգ երթուղիները և այլ համապատասխան տարածքները։

22․ Դպրոցը պետք է համագործակցի լիազորված պետական և համայնքային կառույցների հետ՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման, պատրաստվածության և իրազեկման միջոցառումների կազմակերպման և իրականացման նպատակով։

23․ Դպրոցը պետք է համագործակցի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վերաբերյալ իրազեկման, պատրաստվածության և գործնական վարժանքների կազմակերպման նպատակով՝ ապահովելու սովորողների և դպրոցի անձնակազմի անվտանգությունը։

 

6ՍՊ ԹԻՄԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

24․ ՍՊ թիմը դպրոցի ներսում ձևավորված բազմամասնագիտական աշխատանքային խումբ է, որի նպատակն է ապահովել սովորողների անվտանգությունը, բարեկեցությունը և հոգեկան առողջության պահպանումը, ինչպես նաև սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, արձագանքումը, անհրաժեշտ աջակցությունը և համապատասխան ծառայություններին ժամանակին ուղղորդումը։

25․ ՍՊ թիմը գործում է սովորողակենտրոն մոտեցմամբ՝ առաջնորդվելով սովորողի լավագույն շահի, արժանապատվության, մասնակցության, խտրականության բացառման, անձնական կյանքի և տեղեկատվության գաղտնիության պաշտպանության, տվյալների անվտանգ պահպանման և մասնագիտական գաղտնիության պահպանման սկզբունքներով։

26․ ՍՊ թիմի կազմում ընդգրկվում են դպրոցի տնօրենը կամ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը (կառավարման նոր համակարգի չանցած դպրոցներում՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալը կամ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը), վարչատնտեսական համակարգողը (կառավարման նոր համակարգի չանցած դպրոցներում՝ ֆինանսատնտեսական մասով տնօրենի տեղակալը կամ տնտեսվարը), դասղեկը կամ ուսուցիչը, հոգեբանը, ծնողական խորհրդի ներկայացուցիչը և աշակերտական խորհրդի ներկայացուցիչը։

27․ ՍՊ թիմի հիմնական գործառույթներն են՝ սովորողների նկատմամբ բռնության, բուլինգի և այլ ռիսկային իրավիճակների կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկատվության ուսումնասիրումը և ռիսկերի գնահատումը, սովորողների անվտանգության և լավագույն շահի ապահովման նպատակով համապատասխան ծառայություններին և իրավասու մարմիններին ժամանակին ուղղորդումը, ուղղորդման գործընթացի ընթացքի մշտադիտարկումը և հետադարձ կապի ապահովումը, սովորողին և նրա ընտանիքին հոգեբանական, սոցիալական և կրթական աջակցություն տրամադրումը, ծնողների, ինչպես նաև սովորողների պաշտպանության և հոգեկան առողջության խթանմանն ուղղված կանխարգելիչ ծրագրերի և իրազեկման միջոցառումների իրականացումը։

28․ Դպրոցի տնօրենը պետք է՝

1) ապահովի սույն հրամանի պահանջների իրականացումը և դրանց կատարման մշտադիտարկումը․

2) կազմակերպի և վերահսկի դպրոցի ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները․

3) համակարգի ՍՊ թիմի գործունեությունը և ապահովի դրա արդյունավետ աշխատանքը․

4) ձևավորի դրական, անվտանգ և ներառական դպրոցական մշակույթ՝ խթանելով փոխադարձ հարգանքը, համագործակցությունը և վստահությունը․

5) սահմանի և կիրառի կանոններ և ընթացակարգեր՝ ուղղված սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերի, այդ թվում՝ բուլինգի կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և արձագանքմանը․

6) ապահովի դպրոցի անձնակազմի շարունակական մասնագիտական զարգացումը սովորողների պաշտպանության, հոգեկան առողջության, սոցիալ-հուզական զարգացման և անվտանգ միջավայրի ձևավորման թեմաներով․

7) ապահովի մեծահասակների շարունակական և նպատակային վերահսկողությունը դպրոցի բարձր ռիսկայնություն ունեցող տարածքներում՝ մասնավորապես՝ խաղահրապարակում, սանհանգույցներում, միջանցքներում, ճաշարանում, բակում, նկուղում և նմանատիպ այլ հատվածներում․

8) ապահովի բռնության կամ բուլինգի ենթարկված սովորողների համալիր աջակցությունը՝ հոգեբանական, սոցիալական և կրթական ծառայությունների միջոցով․

9) կազմակերպի միջոցառումներ՝ բռնության մեջ ներգրավված սովորողների վարքագծի փոփոխման և վերականգնողական աջակցության ուղղությամբ՝ պահպանելով սովորողի լավագույն շահի սկզբունքը․

10) ուսումնական տարվա ընթացքում, առնվազն կիսամյակային պարբերականությամբ, մանկավարժական խորհրդին ներկայացնի հաշվետվություն՝ սովորողների պաշտպանության, անվտանգության և իրականացված միջամտությունների վերաբերյալ։

29․ Վարչատնտեսական համակարգողը պետք է՝

1) ապահովի դպրոցի ենթակառուցվածքային և տեխնիկական անվտանգության պահանջների իրականացումը․

2) վերահսկի շենքային պայմանների տեխնիկական վիճակը և ռիսկերի նվազեցումը․

3) ապահովի տարհանման պլանների, նշանների և անվտանգության միջոցների արդիականացումը։

4) կազմակերպի մշտական հսկողության իրականացումը՝ հատկապես դպրոցի մարդաշատ և ռիսկային հատվածներում․

5) ապահովի դպրոցի տարածքի անվտանգությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ անծանոթ կամ կասկածելի անձանց մուտքը կանխելու և վերահսկելու նպատակով։

30․ Դպրոցի դասղեկը (ուսուցիչը) պետք է՝

1) ապահովի սովորողների համար անվտանգ, աջակցող և հոգեբանական բարեկեցությանը նպաստող կրթական միջավայր․

2) իրականացնի կանխարգելիչ աշխատանքներ՝ ուղղված սոցիալական, բարոյական և քաղաքացիական արժեքների ձևավորմանը․

3) նպաստի սովորողների սոցիալ-հուզական հմտությունների զարգացմանը՝ ներառյալ ապրումակցությունը, հույզերի կառավարումը, կոնֆլիկտների խաղաղ լուծումը և հաղորդակցման հմտությունները․

4) ուշադրություն դարձնի սովորողների վարքագծային, հուզական և սոցիալական փոփոխություններին և սովորողների նկատմամբ բռնության հնարավոր նշաններին․

5) բացահայտված կամ կասկածելի դեպքերի մասին անհապաղ տեղեկացնի ՍՊ թիմին․

6) ապահովի համապատասխան գրանցումների վարումն ու փաստաթղթավորումը՝ պահպանելով գաղտնիության և մասնագիտական էթիկայի սկզբունքները․

7) ստեղծի վստահելի և անվտանգ միջավայր, որտեղ սովորողները կարող են ազատորեն արտահայտել իրենց մտահոգությունները․

8) խրախուսի դրական վարքագիծը և փոխադարձ հարգանքը սովորողների միջև։

31. Դպրոցի հոգեբանը պետք է՝

1) իրականացնի սոցիալ-հուզական հմտությունների զարգացման ծրագրեր․

2) նպաստի սովորողների հոգեկան առողջության պահպանմանը և բարեկեցությանը․

3) զարգացնի հույզերի ճանաչման, ինքնակարգավորման և ապրումակցության հմտությունները․

4) իրականացնի անհատական և խմբային հոգեբանական աջակցություն՝ բռնության կամ բուլինգի ենթարկված, ինչպես նաև ռիսկային վարք ունեցող սովորողների համար․

5) աջակցի կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը և միջանձնային հարաբերությունների բարելավմանն ուղղված մոտեցումների կիրառմանը․

6) իրականացնի ծնողների հետ խորհրդատվական հանդիպումներ՝ դրական ծնողավարության և սովորողի հոգեկան առողջության թեմաներով․

7) անհրաժեշտության դեպքում կազմակերպի և ապահովի սովորողների և նրանց ծնողների՝ համապատասխան մասնագիտական ծառայություններին ուղղորդումը․

8) մասնակցի ՍՊ թիմի աշխատանքներին և ներգրավվի դեպքերի գնահատման և արձագանքման գործընթացներին։

32․ Ծնողական խորհրդի ներկայացուցիչը պետք է՝

1) աջակցի դպրոցում սովորողների անվտանգության, բարեկեցության և պաշտպանվածության ապահովման գործընթացներին․

2) նպաստի ծնողական համայնքի իրազեկվածության բարձրացմանը՝ սովորողների իրավունքների պաշտպանության, բռնության կանխարգելման և հոգեկան առողջության պահպանման հարցերում․

3) համագործակցի դպրոցի ղեկավարության և ՍՊ թիմի հետ՝ նախաձեռնելով և կազմակերպելով համատեղ ծրագրեր, միջոցառումներ և իրազեկման նախաձեռնություններ, ինչպես նաև աջակցի դպրոցի և համայնքի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը․

4) մասնակցի դպրոցական միջավայրի բարելավման և դրական մշակույթի ձևավորման գործընթացներին։

33. Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը պետք է՝

1) նպաստի դպրոցում անվտանգ, հարգալից և ներառական միջավայրի ձևավորմանը․

2) բարձրաձայնի սովորողների մտահոգությունները և նպաստի նրանց իրավունքների պաշտպանությանը․

3) ներգրավվի իրազեկման, կանխարգելիչ և փոխաջակցության ծրագրերում, խթանի հասակակիցների միջև համագործակցությունը, հանդուրժողականությունը և կոնֆլիկտների խաղաղ լուծումը․

4) աջակցի բուլինգի և բռնության կանխարգելմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը՝ նպաստելով սովորողների շրջանում պատասխանատու, հարգալից և անվտանգ վարքագծի ձևավորմանը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան