ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2026
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.03.2026
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2026

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«31» մարտի 2026 թ.

N 42-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացների պարզաբանման մեթոդական ուղեցույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

2026-03-31

 

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

մարտի 31-ի N 42-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ուղեցույցի նպատակն է սահմանել մեթոդական պարզաբանումներ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացների և դրանց իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ՝ նպաստելով ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնող կամ սոցիալական աջակցություն տրամադրող մասնագետների (այսուհետ միասին՝ մասնագետ) կողմից իրենց լիազորությունների և գործառույթների իրականացմանը:

2. Սույն ուղեցույցում ներկայացված մեթոդական պարզաբանումները համապատասխանում են սոցիալական աշխատանքի էթիկական սկզբունքներին, վարվեցողության կանոններին և մեթոդաբանական ցուցումներին, որոնք բխում են օրենքից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններից, ինչպես նաև սոցիալական աշխատողների մասնագիտական կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերից:

3. Սույն ուղեցույցի իմաստով՝ ընտանիքի սոցիալական գնահատումը ներառում է գնահատման հետևյալ տեսակները՝

1) անապահովության գնահատում,

2) նախնական գնահատում,

3) համալիր գնահատում,

4) հրատապ գնահատում,

5) առանձնահատուկ կարիքների գնահատում՝ շահառուների խմբով կամ իրավիճակով պայմանավորված:

4. Մինչ գնահատումն իրականացնելը՝ մասնագետն ընտանիքի անդամներին մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնում է տնայցի կամ գտնվելու վայր այցելության (այսուհետ միասին՝ տնայց) կամ գնահատման մասնակցության տեղեկացված համաձայնության ձևաթուղթը, մեկնաբանում է դրանում ներկայացված տեղեկատվությունը, գնահատման նպատակն ու ընթացակարգը, գնահատումից բխող գործողություններն ու հետագա քայլերը, այդ թվում՝ մեկնաբանում է գնահատման գործընթացին մասնակցելուց հրաժարվելու՝ ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամի իրավունքը: Մասնագետը հատուկ տեղեկացնում է, որ գնահատման գործընթացին մասնակցելուց հրաժարվելը չի կարող հանգեցնել խտրականության կամ իրավունքների ու ազատությունների սահմանափակման, և կարող է առաջացնել բացառապես օրենքով նախատեսված հետևանքներ:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 75-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ում ներկայացված գնահատման մասնակցության տեղեկացված համաձայնության ձևանմուշը ստորագրելն ընտանիքի չափահաս անդամների կողմից պարտադիր է, եթե վերջիններս մինչ այդ չեն ստորագրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7-ի N 78-Ն որոշման հավելված 1-ի Ձև 1-ը կամ հավելված 2-ի Ձև 1-ը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7-ի N 78-Ն որոշմամբ սահմանված անհատական կամ միջամտության սոցիալական ծրագիրը ստորագրում են ընտանիքի չափահաս անդամները, բացառությամբ այն դեպքերի, երբ սոցիալական դեպքի վարումն իրականացվում է ընտանիքի միայն մեկ անդամի համար կամ շահառուն անձն է, ոչ թե ընտանիքը:

 

2. ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

 

6. Անապահովության գնահատման շրջանակում ընտանիքի կեցության պայմանների գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման համաձայն:

7. Ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրությունն իրականացվում է տնայցի միջոցով, որը կազմակերպվում է ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու դիմումն ընդունելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: Կեցության պայմանների գնահատման նպատակով տնայցը պլանավորվում է այնպես, որ, եթե օբյեկտիվ պատճառներով հնարավոր չլինի այն իրականացնել կամ ավարտին հասցնել, 15-օրյա ժամկետում հնարավոր լինի իրականացնել ևս մեկ տնայց:

8. Ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության նպատակով իրականացված տնայցի ընթացքում ուսումնասիրվում են ընտանիքի՝

1) կացարանով և կոմունալ հարմարություններով ապահովվածության մակարդակը,

2) կացարանի բարեկարգության մակարդակը,

3) առաջին անհրաժեշտության առարկաներով և կենցաղային տեխնիկայով ապահովվածության մակարդակը,

4) բարեկեցիկ ապրելակերպի ցուցիչներով ապահովվածության մակարդակը:

9. Ընտանիքի ապահովվածությունը կացարանով և հիմնական կոմունալ հարմարություններով (խոհանոց, սանիտարական հանգույց և այլ պայմաններ) որոշվում է՝ հիմք ընդունելով հետևյալ տվյալները՝

1) ընտանիքի ապահովվածությունը կացարանով և հիմնական կոմունալ հարմարություններով (խոհանոց, սանհանգույց և այլ պայմաններ),

2) ընտանիքի անդամների ապահովվածությունը բնակելի մակերեսով և սենյակներով,

3) ընտանիքի ապահովվածությունն էլեկտրաէներգիայով,

4) ընտանիքի ապահովվածությունը հոսող սառը և տաք ջրով:

10. Ընտանիքի կացարանի բարեկարգությունը որոշվում է՝ հիմք ընդունելով հետևյալ տվյալները՝

1) ընտանիքի կացարանում խոհանոցի և սանհանգույցի բարեկարգությունը կամ վիճակը,

2) ընտանիքի կացարանում սենյակների, դրանց դռների, պատերի, պատուհանների, հատակի, առաստաղի բարեկարգությունը կամ վիճակը,

3) ընտանիքի կացարանի մուտքի դռան բարեկարգությունը կամ անվտանգությունը:

11. Ընտանիքի՝ առաջին անհրաժեշտության առարկաներով և կենցաղային տեխնիկայով ապահովվածությունը որոշվում է՝ հիմք ընդունելով հետևյալ տվյալները՝

1) ընտանիքին անհրաժեշտ կահույքի և քնելատեղի առկայությունը և վիճակը,

2) ընտանիքի՝ առաջին անհրաժեշտության առարկաներով և հիմնական կենցաղային տեխնիկայով ապահովվածությունը:

12. Ընտանիքի բարեկեցիկ ապրելակերպի ցուցիչներով ապահովվածությունը որոշվում է՝ հիմք ընդունելով հետևյալ տվյալները՝

1) ընտանիքի ապահովվածությունը թանկարժեք կամ ոչ առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով,

2) ընտանիքի ապահովվածությունը ջեռուցման, էլեկտրաէներգիայի և տաք ջրի մատակարարման անհատական թանկարժեք համակարգերով,

3) ընտանիքի ապահովվածությունը կացարանին կից հավանական եկամտաբեր օժանդակ հարմարություններով:

13. Ընտանիքի անդամների ապահովվածությանը բնակելի մակերեսով և սենյակներով հաշվարկվում է ինքնաշխատ կերպով: Այդ նպատակով մասնագետը մուտքագրում է համապատասխան տվյալները «Ընտանիքի կեցության պայմանների գնահատում» թվայնացված գործիքում (այսուհետ՝ գործիք), որն էլ ինքնաշխատ հաշվարկում և ներկայացնում է անհրաժեշտ տվյալները:

14. Ընտանիքի կացարանի ապահովվածությունն էլեկտրաէներգիայով ու հոսող սառը և տաք ջրով որոշվում է դիտարկման, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ հարցազրույց անցկացնելու միջոցով:

15. Ընտանիքի կացարանի, մասնավորապես՝ խոհանոցի, սանհանգույցի, սենյակների բարեկարգությունը կամ վիճակը որոշվում է դիտարկման միջոցով՝ դրանցից յուրաքանչյուրի առաստաղի, պատերի, հատակի, դռների, պատուհանների (առկայության դեպքում) բարեկարգությունը կամ վիճակը որոշելու հիմքով՝ գործիքում ընտրելով և նշելով ընտանիքի բարեկեցության գնահատման հարցաշարի համապատասխան տարբերակը:

16. Ընտանիքի կեցության պայմանների գնահատման իմաստով առաջին անհրաժեշտության առարկաներ են համարվում բազմոցը, բազկաթոռները, ճաշասեղանը, աթոռները, հյուրասենյակի պահարանները, հագուստի պահարանները, խոհանոցի կահույքը և խոհանոցի լվացարանը:

17. Ընտանիքի կեցության պայմանների գնահատման իմաստով կացարանի՝ կենցաղային հիմնական տեխնիկայով ապահովվածությունը որոշելու համար դիտարկվում են սառնարանը, այդ թվում՝ փոքր սառնարանը կամ սառցարանը, հեռուստացույցը, ավտոմատ կամ կիսաավտոմատ լվացքի մեքենան, գազօջախը կամ էլեկտրական սալօջախը, ջեռոցը և օդաքարշ պահարանը:

18. Մասնագետը դիտարկում է կահույքի կամ տեխնիկայի նշված տեսակների առկայությունը կացարանում, դրանց վիճակը և համապատասխան նշում կատարում գործիքում՝ ընտրելով հարցաշարի համապատասխան տարբերակը:

19. Ընտանիքի անդամների քնելատեղի հաշվով ընտանիքի անդամների թիվը որոշվում է ինքնաշխատ: Այդ նպատակով մասնագետը քնելատեղի քանակը մուտքագրում է գործիքի համապատասխան դաշտում, իսկ գործիքն ինքնաշխատ հաշվարկում և ներկայացնում է տվյալը:

20. Ընտանիքի ապահովվածությունը թանկարժեք, ոչ առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով որոշվում է դիտարկման միջոցով՝ հաշվի առնելով, թե արդյոք ընտանիքի կացարանում առկա են օդորակիչ, միկրոալիքային վառարան, լվացք չորացնող մեքենա, սպասք լվացող մեքենա, սպորտային մարզասարք կամ կաբելային հեռուստատեսություն: Սույն կետում նշված առարկաների առկայության դեպքում գործիքի համապատասխան դաշտում մասնագետը կատարում է համապատասխան նշում:

21. Ընտանիքի ապահովվածությունը ջեռուցման, էլեկտրաէներգիայի և տաք ջրի մատակարարման անհատական թանկարժեք համակարգերով որոշելու համար մասնագետը դիտարկման միջոցով ուսումնասիրում է, թե արդյոք ընտանիքի կացարանում առկա են ջեռուցման անհատական համակարգ, արևային էներգիայի անհատական օգտագործման պանելներ և արևային էներգիայի ջրատաքացուցիչ բաք: Սույն կետում նշված առարկաների առկայության դեպքում գործիքի համապատասխան դաշտում մասնագետը կատարում է համապատասխան նշում:

22. Եթե ընտանիքի կեցության պայմանների գնահատման ընթացքում ընտանիքի անդամները նշում են, որ տվյալ կենցաղային տեխնիկան կամ կահույքը կամ ուսումնասիրության ենթակա այլ առարկան ընտանիքին տրվել է որպես բարեգործություն, նվիրատվություն կամ նվիրաբերություն, մասնագետն այդ առարկայի տվյալները ներառում է գործիքում:

23. Եթե ընտանիքի կեցության պայմանների գնահատման ընթացքում անդամները նշում են, որ տվյալ կենցաղային տեխնիկան կամ ուսումնասիրության ենթակա մեկ այլ առարկան անսարք է, ապա մասնագետն այդ առարկայի տվյալները ներառում է գործիքում:

24. Ընտանիքի կեցության պայմանների գնահատումն իրականացնելիս՝ մասնագետը լուսանկարում է ընտանիքի կացարանի այն հատվածները, որոնք ենթակա են ուսումնասիրության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման: Լուսանկարման ենթակա են համարվում կացարանի խոհանոցի, սենյակների, սանհանգույցի, կոմունալ պայմանների, կենցաղային տեխնիկայի, կահույքի համապատասխան մասերի լուսանկարները: Լուսանկարներն արվում են այնպես, որպեսզի երևան խոհանոցի, սենյակների, սանհանգույցի պատերի, դռների, հատակի, առաստաղի, պատուհանների, մուտքի դռան, կահույքի և կենցաղային տեխնիկայի վիճակը: Լուսանկարը կարող է արվել այնպես, որ մեկ լուսանկարում առավելագույնս ներկայացվեն անհրաժեշտ տվյալները կամ դրանց մի մասը: Անհրաժեշտության դեպքում լուսանկարման ենթակա մեկ տարածքի համար կարող են արվել մեկից ավելի լուսանկարներ: Կենցաղային տեխնիկայի կամ կահույքի առանձին մասերի համար արվում են առանձին լուսանկարներ:

25. Քանի որ ընտանիքի անապահովության գնահատում անցնելու, անապահով ճանաչվելու և անապահովության հիմքով սոցիալական աջակցություն ստանալու համար ներկայացված դիմումում ընտանիքի բոլոր անդամները համաձայնություն են ներկայացրել տնայցի և լուսանկարում իրականացնելու համար, ապա մասնագետը բանավոր կերպով և հիշեցման կարգով տեղեկացնում է դիմումի, այդ թվում՝ լուսանկարմանը վերաբերող կարգավորումների մասին, մեկնաբանելով, որ նա տնայցն ու լուսանկարումներն իրականացնում է՝ համաձայն դիմումում տրված համաձայնության:

26. Ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության ժամանակ լուսանկարներ կատարելիս՝ կարևոր է ընտանիքի անդամներին մեկնաբանել, թե ինչ նպատակով են կատարվում լուսանկարները, նշելով, որ դրանք անհրաժեշտ են գնահատման օբյեկտիվությունն ապահովելու, գնահատումն իրականացնող մասնագետի աշխատանքի որակը և մասնագիտական մոտեցումը հասկանալու, գնահատման գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար, ինչպես նաև անապահովության գնահատման ընթացակարգերի և սոցիալական աջակցության ծրագրերի շարունակական բարելավման նպատակով:

27. Ընտանիքի բնակարանային կամ կենցաղային պայմանները լուսանկարելու ընթացքում չի թույլատրվում նկարել ընտանիքի անդամներին, ինչպես նաև պետք է ապահովել, որ ընտանիքի անդամները չներառվեն լուսանկարներում, և գործընթացը որևէ անհարմարություն չառաջացնի նրանց համար, ինչպես նաև չի լուսանկարվում կացարանի մաքրությանը կամ կոկիկությանը վերաբերող ցանկացած պատկեր, որն անմիջականորեն կապ չունի ընտանիքի կեցության պայմանների գնահատման հետ։

28. Ընտանիքի կեցության պայմանների արդյունքները հաշվարկվում են ինքնաշխատ և ներկայացվում թվայնացված գործիքում:

29. Ընտանիքի կեցության պայմանները գնահատելիս՝ մասնագետն իրականացնում է ոչ միայն բնակարանային կամ կենցաղային պայմանների ուսումնասիրություն, այլև դիտարկում է ընտանիքի՝ անապահովության գնահատման դիմումով ներկայացրած տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը, իսկ անհամապատասխանություններ արձանագրելու դեպքում՝ դրա մասին նշում է կատարում գործի համապատասխան դաշտում:

30. Ընտանիքի կեցության պայմանները գնահատելիս՝ մասնագետն ուսումնասիրում է նաև ընտանիքում առկա սոցիալական ռիսկերը, ինչպիսիք են՝ բռնության կամ անտեսման ռիսկը, անօթևան մնալու ռիսկը, ընտանիքի անդամների կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկերը: Սոցիալական ռիսկերի ակնհայտ կամ ենթադրելի դրսևորումների դեպքում մասնագետն իրականացնում է նաև նախնական կամ առանձնահատուկ կարիքների գնահատում, ապա գնահատման արդյունքները գրավոր կամ էլեկտրոնային կամ թվայնացված գործիքակազմի առկայության դեպքում՝ թվայնացված եղանակով փոխանցում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողին, ով սոցիալական դեպքի վերաբերյալ համապատասխան որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7 N 78-Ն որոշման համաձայն: Ընտանիքի անդամների կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկերի արձանագրման դեպքում մասնագետը գործում է սույն հրամանի 43-րդ կետի համաձայն:

 

3. ՆԱԽՆԱԿԱՆ, ՀՐԱՏԱՊ, ՀԱՄԱԼԻՐ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

31. Նախնական, հրատապ, համալիր, առանձնահատուկ կարիքների գնահատումն (այսուհետ՝ գնահատում) իրականացնելիս, մասնագետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 75-Ն հրամանով, նախապատրաստվում է գնահատմանը:

32. Գնահատմանը նախապատրաստվելիս անհրաժեշտ է վերլուծել դեպքի վերաբերյալ այն տվյալները, որոնք արդեն հասանելի են մասնագետին: Այդ նպատակով մասնագետը կարող է վեր հանել անձին կամ ընտանիքին վերաբերող և իր մոտ առկա փաստաթղթերը, խոսել անձի կամ ընտանիքի հետ աշխատած կամ աշխատող այլ մասնագետների հետ, ստանալ նրանցից ոչ գաղտնի կամ տվյալ անձի կամ ընտանիքի կողմից հրապարակման թույլտվություն ունեցող տվյալները:

33. Մասնագետը գնահատմանը նախապատրաստվում է նաև գնահատման մեթոդները և եղանակները որոշելու միջոցով: Գնահատումը կարող է իրականացվել հարցազրույցի, այդ թվում՝ ընտանիքի անդամների, նրանց հետ աշխատած կամ աշխատող մասնագետների հետ, դիտարկման, փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով: Գնահատումը կարող է անցկացվել տնայցի, հեռախոսազրույցի, տեսազանգի եղանակով կամ մասնագետի գրասենյակում կամ մեկ այլ վայրում հանդիպման միջոցով:

34. Մեկ դեպքի շրջանակում կարող են կիրառվել գնահատման մի քանի մեթոդներ և դրանց կիրառման եղանակներ: Գնահատման մեթոդների և եղանակների ընտրությունը պայմանավորված է գնահատման տեսակով, ինչպես նաև գնահատման տվյալ տեսակի, մեթոդի կամ եղանակի կիրառման հնարավորության հասանելիությամբ: Նախնական գնահատումն իրականացվում է տնայցի միջոցով, եթե առկա է տնայց իրականացնելու հնարավորություն: Համալիր գնահատման դեպքում տնայցի իրականացումը պարտադիր է:

35. Գնահատման ընթացքում կարող են զուգակցվել նաև գնահատման տարբեր տեսակներ: Նախնական գնահատում իրականացնելով՝ մասնագետն իրականացնում է նաև առանձնահատուկ կարիքների գնահատում, եթե նախնական գնահատման ընթացքում պարզվում է, որ ընտանիքում կան անդամներ, ում առանձնահատուկ կարիքներն ավելի մանրամասն գնահատելու անհրաժեշտություն կա: Եթե առկա է նույն պատճառն, ապա առանձնահատուկ կարիքների գնահատումն իրականացվում է նաև համալիր գնահատման շրջանակում:

36. Գնահատման թվայնացված գործիքակազմի առկայության դեպքում գնահատման շրջանակում հավաքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով արտացոլվում են տվյալ դեպքի շրջանակում կիրառվող գնահատման մյուս տեսակի նույնական տվյալներ պահանջող հարցերում: Մասնագետն այդ դեպքում հավաստիանում է ինքնաշխատ կերպով մուտքագրված տվյալների հավաստիության մեջ և ըստ անհրաժեշտության կատարում է համապատասխան փոփոխություններ: Երբ մասնագետը գնահատման կամ այլ ձևաթղթերում իրականացնում է անհրաժեշտ փոփոխություն, ապա ամրագրում է փոփոխություն իրականացնելու հիմքերը և իրականացման օրը, ամիսը և տարին:

37. Տնայցը կազմակերպվում և իրականացվում է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7-ի N 78-Ն հրամանով:

38. Տնայցի իրականացումը կազմակերպվում է՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման համաձայն կամ

2) գործուղման ձևակերպման միջոցով՝ օրենքով սահմանված կարգով կամ

3) հերթապահ փոխադրամիջոցով ապահովելու միջոցով:

39. Գնահատման ընթացքում կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել ընտանիքի սոցիալական կարիքների առաջացման կամ սրման պատճառների բացահայտմանը, քանի որ պատճառների բացահայտման և դրանց արձագանքելու դեպքում է հնարավոր ապահովել սոցիալական կարիքների լիարժեք բավարարումը:

40. Գնահատումն իրականացնելիս՝ կարևոր է նաև ընտանիքի վիճակը կամ կարիքները, որպես միմյանց հետ կապված մեկ միասնական ամբողջություն, դիտարկելը, քանի որ դրանք հիմնականում փոխկապակցված են կամ ունեն փոխկապակցված գործոններ: Դրանց վերհանումն ու ընտանիքի հետ քննարկումը կարևոր է սոցիալական աջակցության կարիքահենք և համալիր մոտեցումներ ունենալու համար:

41. Գնահատման ժամանակ մասնագետն ընտանիքի անդամների հետ հարցազրույցի ընթացքում տալիս է միայն այնպիսի հարցեր, որոնք բխում են տվյալ գնահատման նպատակներից կամ սոցիալական աջակցության տրամադրման չափանիշներից ու ընթացակարգերից: Գնահատմանը կամ աջակցության տրամադրմանը չվերաբերող հարցեր տալը կամ քննարկելն արգելված է:

42. Մասնագետին արգելված է որևէ ճնշում գործադրել՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար։ Մասնագետի աշխատանքում առաջնային է շահառուի ինքնորոշման սկզբունքը, որը ենթադրում է, որ մասնագետը խթանում է շահառուի գործուն մասնակցությունն իր կամ իր ընտանիքի սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող որոշումների կայացմանը՝ չսահմանափակվելով միայն պարզ հարցով և պատասխանի ստացմամբ: Մասնագետը շահառուի հետ համատեղ քննարկում է իրավիճակի բոլոր հնարավոր տարբերակները, ներկայացնում է խորհրդատվություն առկա ծառայությունների, կապի միջոցների և դրանց հասանելիության վերաբերյալ, շահառուի հետ քննարկում է յուրաքանչյուր որոշման հնարավոր հետևանքները, արձագանքման հնարավոր ռազմավարությունները։ Այդ գործողությունները նպաստում են, որ շահառուն ոչ միայն լինի տեղեկացված, այլ նաև ունենա ընտրության և գործուն մասնակցության հնարավորություն։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ մասնագետը շարունակական կապ պահպանի շահառուի հետ՝ անկախ նրանից, թե վերջինս ինչ որոշում է կայացնում տվյալ պահին։

43. Այն դեպքերում, երբ մասնագետը կարծում է, որ առկա է անձի կամ նրա ընտանիքի անդամի (այսուհետ՝ շահառու) կյանքի կամ առողջության համար վտանգ, ապա անհապաղ ահազանգում է՝

1) առողջական խնդիրների, այդ թվում, ըստ կարիքի՝ հոգեբուժական ուղղվածության ծառայության անհրաժեշտության դեպքում՝ շտապ օգնություն,

2) ֆիզիկական անվտանգությանը սպառնացող դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն (այսուհետ՝ ոստիկանություն) կամ փրկարար ծառայություն,

3) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոն՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ համաձայնեցման դեպքում,

4) մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հավանական դեպքի պարագայում՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին և հավանական զոհերին ծառայություն մատուցող հասարակական կազմակերպություն:

44. Մասնագետն աշխատանքը շարունակում է շահառուի կյանքի կամ առողջության համար վտանգ սպառնացող իրավիճակի վերացումից կամ դրա ազդեցության թուլացումից կամ բացառումից հետո: Եթե մասնագետն աշխատում է ընտանիքի հետ, որի անդամներից մեկն է բախվել իր կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակի, ապա մասնագետը կարող է նախատեսված աշխատանքները շարունակել ընտանիքի մյուս անդամների հետ, մինչև հանգուցալուծվի ընտանիքի տվյալ անդամի հետ տեղի ունեցած իրավիճակը:

45. Եթե գնահատման, մասնավորապես՝ տնայցի ընթացքում, մասնագետն իր կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակ է նկատում, ապա անհապաղ ընդհատում է տնայցը և գործում օրենքի 49-րդ հոդվածի 1-ի մասի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 7-ի N 78-Ն հրամանի Հավելված N 2-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

46. Մասնագետի անվտանգության, գնահատման բազմակողմանիության, ինչպես նաև գնահատման ընթացքում ընտանիքի հետ քննարկման արդյունավետության ապահովման նկատառումներից ելնելով՝ տնայցը կարող է իրականացվել առնվազն երկու մասնագետի կողմից, որոնք կարող են լինել ինչպես նույն կազմակերպության ներկայացուցիչներ, այնպես էլ աջակցող ցանցի մասնակցի ներկայացուցիչներ: Նույն կազմակերպության երկու մասնագետի կողմից տնայցի իրականացման դեպքում կարևոր է, որպեսզի նրանցից մեկն ապահովի անմիջական շփումն ու հաղորդակցումն ընտանիքի հետ, իսկ մյուսը, եթե կան տեխնիկական գործընթացներ, մասնավորապես՝ թվայնացված գործիքակազմում անհրաժեշտ տվյալների մուտքագրում, ապահովի նշված գործընթացի իրականացումը:

47. Եթե ընտանիքի հետ աշխատանքի ընթացքում մասնագետը կարծում է, որ ընտանիքի անդամները ներկայացնում են իրականությունից տարբերվող տեղեկատվություն, ապա նա ընտանիքի անդամների հետ հարաբերություններում շեշտադրում է իրեն վստահելու և անկեղծ լինելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի հասցեական, կարիքահենք և արդյունավետ աջակցություն տրամադրել ընտանիքին: Մասնագետը գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներում համագործակցում է ընտանիքի հետ, կիրառում զգայուն հաղորդակցություն՝ հարգալից մոտեցում ցուցաբերելով ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամների խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև որևէ կերպ հարցազրույցը կամ հանդիպումը չի վերածում հարցաքննության։ Մասնավորապես՝ մասնագետը շահառուի հետ հարցազրույցի ընթացքում՝

1) բացառում է մեղադրական կամ պիտակավորող կամ խտրական ձևակերպումների օգտագործումը,

2) կիրառում է պարզ, հասկանալի ձևակերպումներ և խուսափում է մասնագիտական եզրույթներ ու սահմանումներ օգտագործելուց,

3) անպատեհ կերպով չի ընդհատում շահառուին, այլ կիրառում է ակտիվ լսման տեխնիկան՝ խրախուսելով շահառուի ինքնարտահայտումը,

4) անհրաժեշտության դեպքում հարցով կամ դիտարկմամբ ուղղորդում է շահառուի հետ հարցազրույցը, խթանում նախատեսված թեմայի քննարկումը՝ հարցազրույցի կառուցողական ընթացքն ապահովելու նպատակով,

5) չի տալիս խոստումներ, այլ քննարկում է շահառուի և իր կամ աջակցող ցանցի մասնակիցների անելիքները, գործողությունները շահառուի կարիքների բավարարման ուղղությամբ:

 48. Գնահատման արդյունքներն ամփոփելիս մասնագետը հենվում է փաստերի, այլ ոչ թե իր անձնական կարծիքի, չհիմնավորված խոսակցությունների, ինչպես նաև կարծրատիպերով, նախապաշարմունքներով ձևավորված պատկերացումների վրա՝ բացառելով խտրական վերաբերմունքը շահառուների նկատմամբ։ Հետևաբար՝ մասնագետը պարբերաբար վերանայում է ընտանիքի մասին իր մոտ առկա տեղեկատվությունը, հստակ տարբերակում և համապատասխան նշում է կատարում ձևաթղթերում՝ ստուգված փաստերի և իր ենթադրությունների վերաբերյալ։ Գնահատման արդյունքների հիման վրա մասնագետը կատարում է իր հիմնական եզրակացություններն ընտանիքի հիմնական սոցիալական կարիքների և դրանց բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ: Սոցիալական կարիքների վերաբերյալ եզրակացությունը կատարելիս՝ մասնագետը հաշվի է առնում, թե՝

1) ներկայումս ի՞նչ սոցիալական հիմնախնդիրներ ունեն ընտանիքը կամ ընտանիքի առանձին անդամները,

2) ի՞նչ ներքին ռեսուրսներ ունի ընտանիքի յուրաքանչյուր անդամը կամ ի՞նչ ներընտանեկան կամ արտաքին ռեսուրսներ ունի ընտանիքը, որոնք ներկայումս կիրառում է կամ հեշտությամբ կարող է կիրառել այդ հիմնախնդիրների լուծման համար,

3) ի՞նչ հնարավոր կամ հասանելի ռեսուրսներ ունի ընտանիքը, որոնց ներգրավմամբ կամ կազմակերպմամբ հնարավոր է ապահովել անձի կամ ընտանիքի սոցիալական խնդիրների կարգավորումը,

4) այդ ընթացքում ո՞ր ուղղություններով ընտանիքը կամ ընտանիքի առանձին անդամներն ունեն աջակցության, այդ թվում՝ խորհրդատվության կարիք,

5) ի՞նչ այլ ռեսուրսներ են անհրաժեշտ ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամի սոցիալական կարիքները բավարարելու համար:

49. Հիմք ընդունելով սույն հավելվածի 30-րդ կետում նշված տվյալները՝ մասնագետը՝ որպես ընտանիքի անդամի կամ ընտանիքի սոցիալական կարիք է որակում այն սոցիալական հիմնախնդիրները, որոնց

1) կարգավորման համար անձը կամ ընտանիքը չունեն ռեսուրսներ,

2) ունեն ռեսուրսներ կամ նրանց հասանելի են ռեսուրսներ, սակայն ընտանիքի անդամները չեն կարողանում օգտվել դրանցից, մասնավորապես՝ կարողությունների զարգացման կամ իրավագիտակցության բարձրացման, մասնագիտական խորհրդատվության կարիք ունենալու պատճառով,

3) չունեն ռեսուրսներ և դրանց ներգրավման համար ունեն մասնագիտական աջակցության կարիք:

50. Ընտանիքի սոցիալական կարիքների մասին եզրակացություններ կատարելիս՝ կարևոր է դրանք համաձայնեցնել ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամի կարծիքին և համապատասխան գործիքակազմում ամրագրել արդեն իսկ համաձայնեցված կարիքները: Եթե մասնագետը բացահայտել է այնպիսի սոցիալական կարիք, որը տվյալ ընտանիքը կամ ընտանիքի առանձին անդամը չեն համարում սոցիալական կարիք, ապա մասնագետը, իր լիազորությունների սահմանում, մեկնաբանություններ է ներկայացնում տվյալ սոցիալական կարիքի, դրա բացասական ազդեցությունների, հնարավոր հետևանքների վերաբերյալ, ապա՝ համաձայնեցումից հետո, որպես հիմնական եզրակացություն, այն ամրագրում համապատասխան գործիքակազմում:

51. Բացահայտված սոցիալական կարիքների հրատապությունը որոշելու համար մասնագետը հիմք է ընդունում այն հանգամանքը, թե որքանով է տվյալ սոցիալական կարիքը խաթարում ընտանիքի կամ անձի բնականոն կենսագործունեությունը, ռիսկեր ներկայացնում կյանքի կամ առողջության համար, պայմանավորում այլ կարիքների կամ ռիսկերի առաջացումը կամ որքանով է անհրաժեշտ այդ կարիքի բավարարումը մյուս կարիքների բավարարման համար հիմքեր ապահովելու տեսանկյունից:

52. Համալիր կամ առանձնահատուկ կարիքների գնահատման արդյունքների ամփոփման նպատակով կազմվում է անձի կամ ընտանիքի սոցիալական պատմությունը՝ համաձայն Ձև 1-ի:

53. Մասնագետը չի կարող օգտագործել կամ թույլատրել, որ ընտանիքի սոցիալական պատմությունը կիրառվի քարոզչական նպատակներով կամ վնասի ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամների պատիվն ու արժանապատվությունը։ Եթե ընտանիքը կամ ընտանիքի առանձին անդամը ցանկանում են իրենց սոցիալական կարիքները կամ ստացած աջակցությունը հանրային հարթակներում ներկայացնել՝ ռեսուրսների կամ լրացուցիչ աջակցության ներգրավման նպատակով, մասնագետը նախապես քննարկում է այդ հարցը շահառուի հետ։ Քննարկման ընթացքում մասնագետը մեկնաբանում է հնարավոր ազդեցությունները, բացասական հետևանքները և ռիսկերը, ներկայացնում է, որ նման դեպքերում անձնական տվյալների օգտագործումը պետք է իրականացվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան, և շահառուին ներկայացնում է նրա իրավունքները և պաշտպանության հնարավոր ձևերը։ Անհրաժեշտության դեպքում մասնագետը ձեռնարկում է միջոցներ՝ շահառուի իրավունքների պաշտպանության համար, ապահովելով, որ սոցիալական պատմության հանրային ներկայացումը չվտանգի նրա կամ ընտանիքի անվտանգությունը կամ արժանապատվությունը։ Եթե ընտանիքի անդամներից մեկը երեխա է, ապա գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներում մասնագետը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան՝ հաշվի է առնում երեխայի կարծիքը և որոշում կայացնում նրա լավագույն շահերից որոշակի տվյալներ կամ տեղեկություններ հրապարակելու անթույլատրելիության մասին։

54. Երեխայի հետ գնահատումը և նրա կարծիքի վերհանումն իրականացվում է անվտանգ ու հանգիստ միջավայրում, առանց արտաքին ճնշման, այդ թվում՝ ընտանիքի մյուս անդամների կողմից գործադրվող։ Այդպիսի իրավիճակներից խուսափելու համար մասնագետը կարող է երեխայի հետ հանդիպել և խոսել մեկ այլ՝ երեխայի համար առավել նպաստավոր պայմաններում՝ մինչ երեխայի հետ խոսելը ստանալով այդ երեխայի ծնողի կամ օրինական այլ ներկայացուցչի համաձայնությունը:

55. Երեխաների հետ հաղորդակցությունն իրականացվում է երեխային հասկանալի եղանակով, որտեղ մասնագետը, բացի սույն հավելվածի 30-րդ կետում նշված պայմանների պահպանումից, խուսափում է էթիկական մոտեցումներից դուրս հարցերից, այդ թվում՝ հարցերից, որոնք կարող են վախեցնել երեխային, մեղքի զգացում առաջացնել կամ տրավմատիկ լինել։

 

4. ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

56. Գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներում մասնագետը չպետք է ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառի շահառուին կամ դրսևորի այնպիսի վարք, ներառյալ՝ անուղղակի եղանակով, որը կարող է բերել ընտանիքի անդամների միջև լարվածության կամ կոնֆլիկտների առաջացմանը կամ սրմանը կամ բռնության կիրառմանը: Մասնագետը պարտադիր կիրառում է լարվածությունը նվազեցնելու մեթոդներ, այդ թվում՝ ընտանիքի անդամներին մեկնաբանություններ ներկայացնելով կամ ապրումակցման տեխնիկա կիրառելով: Անհրաժեշտության դեպքում մասնագետը շարունակում է աշխատանքն ընտանիքի՝ լարված կամ կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող անդամների հետ՝ առանձին, ապա հնարավորության առկայության դեպքում՝ նաև միասին հանդիպում կազմակերպելով:

57. Այն դեպքերում, երբ ընտանիքում առկա է կոնֆլիկտային իրավիճակ, մասնագետի հարցերը տրվում կամ միջամտությունն իրականացվում է այնպես, որպեսզի վտանգ չառաջացնի ընտանիքի կամ տվյալ անձի կյանքի կամ առողջության համար: Սույն կետում նշված դեպքերում ցանկալի է տվյալ անձի հետ հարցազրույցն անցկացնել առանձին և օրենսդրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում այդ անձին տրամադրել սոցիալական աջակցություն և պաշտպանել նրան, այդ թվում՝ իրազեկելով վտանգի մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը:

58. Գնահատման և սոցիալական աջակցության գործընթացում վեր են հանվում և ակտիվացվում են ընտանիքի և ընտանիքի առանձին անդամների ուժեղ կողմերը կամ ռեսուրսները: Ընտանիքի և ընտանիքի առանձին անդամների ուժեղ կողմեր կամ ռեսուրսներ են համարվում՝

1) ընտանիքի անդամների ներքին ռեսուրսները, այդ թվում՝ նրանց սոցիալական կարողությունները (շփման, հարաբերությունների կառուցման, ինքնաներկայացման, կոնֆլիկտներից խուսափելու կամ կոնֆլիկտները կառավարելու, ծնողավարման, կենցաղավարման, ֆինանսական գրագիտության և այլ), կրթական մակարդակը, մասնագիտական կամ աշխատանքային հմտությունները, նախասիրությունները, տարբեր ոլորտներում հաջողված փորձը կամ դրական փորձառությունը,

2) ներընտանեկան ռեսուրսները, այդ թվում՝ ընտանիքի անդամների միջև փոխօգնող կամ աջակցային հարաբերությունները,

3) արտաքին ռեսուրսները, այդ թվում՝ համայնքում կամ մերձավոր ազգականների, ընկերների հետ ընտանիքի կամ ընտանիքի առանձին անդամների փոխօգնող հարաբերությունները: Սոցիալական դեպքի վարման ժամանակ սոցիալական դեպք վարողն ընտանիքի հետ նման հարաբերություններ ունեցող անձանց կարող է ներառել աջակցող ցանցում՝ համակարգելով ընտանիքին աջակցելու նրանց ջանքերը կամ մոտիվացնելու՝ աջակցություն տրամադրելու գործընթացում ներառվելու համար:

59. Ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու համար արտաքին ռեսուրսներ են համարվում նաև համայնքում գործող կամ համայնքը սպասարկող և սոցիալական ծառայություններ տրամադրող կամ սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնող կազմակերպությունները: Ըստ անհրաժեշտության՝ ռեսուրս են նաև առողջապահական, կրթական, մշակութային, մարզական գործունեություն ծավալող կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից:

60. Ռեսուրսների մասին տեղեկատվություն ունենալու և սոցիալական աշխատանքի, այդ թվում՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում ռեսուրսները համալրելու նպատակով մասնագետը պարբերաբար իրականացնում է ռեսուրսների քարտեզագրում: Քարտեզագրումը գործող կազմակերպությունների, դրանց տրամադրած ծառայությունների կամ իրականացրած ծրագրերի մասին տեղեկատվության՝ նախապես մշակված մեթոդաբանությամբ հավաքագրումը և համակարգված ներկայացումն է:

61. Քարտեզագրումը կարող է իրականացվել հետևյալ մեթոդաբանությամբ.

1) հավաքագրման ենթակա տվյալների հստակեցում. հստակեցնող տվյալներ են՝ կազմակերպության անվանումը, գործունեության վայրը, շահառուների թիրախային խմբերը, շահառուների՝ ծառայություն տրամադրելու կամ ծրագրում ներառելու չափանիշները, ծառայության կամ ծրագրի բնույթը, նախատեսված միջոցառումները, տրամադրման ժամանակահատվածը, դիմելու ընթացակարգերը, կոնտակտային անձի տվյալները, այլ անհրաժեշտ տեղեկատվություն,

2) տվյալների հավաքագրման մեթոդները, ներառյալ՝ փաստաթղթերի կամ շտեմարանների ուսումնասիրությունը, բանավոր կամ գրավոր հարցումների անցկացումը, խմբային քննարկումների կազմակերպումը:

62. Մասնագետը կարող է ընտրել քարտեզագրման մի քանի մեթոդներ և կիրառել դրանք անմիջական ղեկավարի կամ սուպերվիզորի հետ համաձայնեցված կերպով:

63. Քարտեզագրված տվյալները ներկայացվում են համապատասխան ձևաչափում՝ համաձայն Ձև 2-ի, և պարբերաբար թարմացվում են:

64. Քարտեզագրման արդյունքում բացահայտված կազմակերպությունների հետ համագործակցության նպատակով մասնագետն առաջարկում է այդ կազմակերպություններին միանալ համագործակցության ցանցին կամ համաձայնության դեպքում ներառում է դեպքի վարման շրջանակում ձևավորվող աջակցող ցանցում:

65. Համապատասխան ծառայությունների կամ ծրագրերի բացակայության կամ սահմանափակ լինելու պատճառով ընտանիքի սոցիալական կարիքները բավարարելու հնարավորություն չունենալու դեպքում՝ սոցիալական աշխատողն, այդ թվում՝ սոցիալական դեպք վարողը, բացակայող կամ սահմանափակ ծառայության կամ ծրագրի մասին տեղեկատվությունը փոխանցում է վերադասին՝ ներկայացնելով, թե իր սպասարկման տարածքում բնակչության հատկապես որ խմբերը, որ բնակավայրերում կամ թաղամասերում և ինչ ծառայության կարիք ունեն: Սույն կետում նշված տեղեկատվությունը կիսամյակային կտրվածքով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալին:

66. Մասնագետը կամ այն կառույցը, որը ներկայացնում է մասնագետը, պետք է խթանեն համայնքահենք լուծումների ներդրումը և համագործակցության ցանցերի ակտիվացումը:

67. Ռեսուրսների սղության պայմաններում սոցիալական աջակցությունը տրամադրվում է թիրախային կերպով՝ նախապատվություն տալով խոցելիության բարձր մակարդակ ունեցող անձանց կամ ընտանիքներին:

68. Եթե առկա են սոցիալական աջակցության տրամադրման մեկից ավելի համարժեք տարբերակներ, ապա ընտանիքն իրավունք ունի ընտրելու աջակցության նախընտրելի տարբերակը կամ նախընտրելի մասնագետին կամ կազմակերպությունը:

69. Սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում կարևոր է նախատեսված ռեսուրսները բաշխել պատասխանատվությամբ և հիմնավոր՝ նախապես սահմանված նպատակներով, ընթացակարգերով՝ հատկապես այն դեպքերում, երբ սոցիալական աջակցության տրամադրումը կախված է մասնագետի որոշումից:

70. Ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներում մասնագետն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում իր օբյեկտիվությունն ապահովելու համար, այդ թվում՝ հրաժարվում է ցանկացած գործընթացից, որը կարող է խախտել օբյեկտիվությունն ու մասնագիտական սահմանները։

71. Գնահատումն իրականացնելիս կամ սոցիալական աջակցությունը տրամադրելիս՝ մասնագետն ապահովում է ընտանիքի անդամների գործուն մասնակցությունը՝ իրենց կամ ընտանիքի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Գործուն մասնակցություն ապահովելու նպատակով մասնագետը նպաստում է ընտանիքի անդամների իրազեկվածության աճին, իրավագիտակցության բարձրացմանը, որոշումների կայացման կարողությունների զարգացմանը, ինքնավստահության հաղորդմանը կամ կիրառում է այլ մոտեցումներ:

72. Մասնագետն ընտանիքի անդամներին մանրամասն ներկայացնում է գնահատման կամ սոցիալական աջակցության տրամադրման գործընթացները:

73. Եթե ընտանիքի կայացրած որոշումը կամ կատարած ընտրությունը հակասում է երեխայի լավագույն շահերին, ապա մասնագետն առաջնային է համարում երեխայի լավագույն շահերը։

74. Եթե ընտանիքի ընտրությունը հակասում է սոցիալական միջավայրի շահերին կամ չի համընկնում համայնքի ակնկալիքներին կամ կարծիքին, ապա մասնագետն առաջնորդվում է ընտանիքի շահերով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

75. Մասնագետն ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում պահպանում է մասնագիտական սահմանները, մասնավորապես՝ գործում է իր լիազորությունների շրջանակում և իրականացնում միայն այն գործառույթները, որոնք իր մասնագիտական տիրույթում են։

 

Ձև 1. Անձի կամ ընտանիքի սոցիալական պատմության ձևանմուշը

 

Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը

__________________________________________________________________________

Սոցիալական պատմությունը կազմող մասնագետի անունը, ազգանունը, պաշտոնը

______________________________________________________________________________________

Սոցիալական պատմությունը կազմելու ամսաթիվը

_______________________________________

 

1.Ընդհանուր տեղեկատվություն անձի կամ ընտանիքի մասին

 

 1. Անձի կամ ընտանիքի անդամների վերաբերյալ համառոտ ժողովրդագրական տվյալներ (ծննդյան ամսաթիվը, սեռը, կացության կարգավիճակը, ամուսնական կարգավիճակը, ազգակցական կապը շահառուի հետ)

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 Ընտանիքի անդամի կամ անդամների կոնտակտային տվյալները կամ այն միջոցը, որով հնարավոր է կապ պահպանել___________________________________________________________

____________________________________________________________________________________

 

 2. Բնակության վայրի մասին տեղեկատվությունը․ (հաշվառման հասցեն, փաստացի բնակության հասցեն՝ նշելով այդ տեղեկատվության ստացման սկզբնաղբյուրը, սեփականության իրավունքի առկայությունը, բնակության հիմքերը կամ բնակության վայրի մասին այլ տվյալներ)․

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

 3. Կոմունալ կենցաղային պայմանների նկարագրությունը (կոմունալ հարմարությունների առկայությունը (ջուր, էլեկտրականություն, գազամատակարարում), կահավորման, կենցաղային պայմանների, տարածքի անվտանգության մասին տվյալները

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

 4.Անձի կամ ընտանիքի անդամների առողջական վիճակի մասին տեղեկատվությունը. (հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակում ունենալու, առօրյա կենսակերպը խաթարող իրավիճակների մասին տեղեկատվություն․ եթե առկա է՝ ֆիզիկական առողջության և հոգեկան առողջության մասին տվյալներ, ընթացիկ բուժում կամ դեղերի օգտագործում, առողջապահական այլ կարիքներ)

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

 5. Անձի կամ ընտանիքի անդամների կրթության և զբաղվածության մասին տեղեկատվությունը. (այդ թվում`աշխատանքային վերջին երեք տարիների փորձը. որ ոլորտում, ինչ մասնագիտությամբ կամ հաստիքում, ընտանիքի անդամների մասնագիտական կամ աշխատանքային հմտությունները)․

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

 6. Եկամուտների և ֆինանսական վիճակի մասին տեղեկատվությունը. (այդ թվում՝ նպաստները, կենսաթոշակները կամ այլ)․

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

7. Սոցիալական աջակցության ծրագրերը կամ ծառայությունները (պետական, ոչ պետական), որոնց շահառու է անձը կամ ընտանիքը․

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

 8. Անձին կամ ընտանիքի անդամներին պատկանող անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տեղեկատվությունը

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

 9. Աջակցող ցանցի (ֆորմալ կամ ոչ ֆորմալ) առկայությունը և ներգրավվածությունն անձի կամ ընտանիքի խնդիրների լուծման գործընթացում. (այդ թվում՝ խնդրին առնչվող ռեսուրսների առկայությունը մերձավորների, նշանակալի անձանց շրջանում, բացահայտված ռեսուսուրներից օգտվելու իրական հնարավորությունները, մասնակցությունը համայնքային կյանքին և միջոցառումներին, շփումները հարևանների, բարեկամների, ընկերների կամ նշանակալի այլ անձանց հետ)․

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

10. Ներընտանեկան փոխհարաբերությունների, ընտանիքի անդամների և սոցիալական միջավայրի միջև հարաբերությունների մասին տեղեկատվությունը Ներընտանեկան փոխհարաբերությունների նկարագիրը, բռնության, չարաշահման, լարված հարաբերությունների, կախվածության ձևերի և այլ ռիսկային իրավիճակների կամ վարքային խնդիրների առկայության մասին տեղեկատվությունը.

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

1) Ընտանիքի անդամների և սոցիալական միջավայրի միջև հարաբերությունների նկարագիրը, սոցիալական մեկուսացման, ճնշման, խտրականության կամ սոցիալական միջավայրի հետ այլ խնդիրների դրսևորումների մասին տեղեկատվությունը

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

2) Անձի կամ ընտանիքի սոցիալական հմտությունների նկարագիրը, այդ թվում՝ կենցաղավարման, ծնողավարման, բյուջեի վարման և այլ սոցիալական հմտությունների վերաբերյալ տեղեկատվությունը

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

11 Ընտանիքի կամ նրա առանձին անդամների ուժեղ կողմերը և ռեսուրսները (բնավորություն, նախկին փորձառություն, հաջողության պատմություններ կամ այլ)

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

Եզրակացություն բացահայտված հիմնական սոցիալական կարիքների վերաբերյալ և առաջարկվող լուծումներ

 

1. Անձի կամ ընտանիքի ներկայացրած հիմնական սոցիալական կարիքները

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

2. Մասնագետի արձանագրած սոցիալական կարիքները

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

3. Անձի կամ ընտանիքի՝ քննարկված և համատեղ սահմանված կարիքներն՝ ըստ դրանց առաջնահերթության

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

4. Սահմանված կարիքների բավարարման ուղղությամբ անձի կամ ընտանիքի համագործակցելու, նախաձեռնողականության, մոտիվացված լինելու, իսկ դրանց բացակայության դեպքում՝ պատճառների և խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

5. Սահմանված կարիքների բավարարման՝ համատեղ որոշված լուծման ուղիները (երկարաժամկետ և կարճաժամկետ)

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

Ձև 2. Սոցիալական աջակցության ծրագրերի կամ ծառայությունների քարտեզագրման ձևանմուշ

 

Կազմակերպու-թյան

անվանումը,

կոնտակտային

տվյալներ

Ծրագրերը կամ ծառայությունները, որոնք առաջարկվում են

1. խորհրդատվական օգնությունը

2. սոցիալ-վերականգնողական օգնությունը

3. բնաիրային օգնությունը

4. կենցաղային օգնությունը

5. կացարանով ապահովումը

6. խնամքը

7. իրավաբանական օգնությունը

8. զբաղվածության ծառայությունները

9. բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը.

10.սոցիալ-հոգեբանական օգնությունը

11. սոցիալական պատրոնաժը

12. սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը

13. կրթական ծառայություններ

14. մշակութային, մարզական (սպորտային), ժամանցային ծրագրեր

15. առողջա-պահական ծառայություններ

16.սոցիալական հմտությունների (ծնողավարման, հաղորդակցման, կենցաղավարման, ֆինանսական գրագիտության) զարգացմանն ուղղված ծառայություններ

17. թեժ գծի ծառայություն

14․ այլ

Ծրագրի կամ ծառայություն-ների տրամադրման մեկնարկը (օր, ամիս, տարի)

Ծրագրի կամ ծառայություն-ների ավարտը (օր, ամիս, տարի)

Ծրագրի կամ ծառայության թիրախային խումբը կամ խմբերը՝ ըստ նախատեսված ծառայությունների

Շահառու անձանց կամ ընտանիքների առավելագույն թիվը, այդ թվում՝ ըստ տարբեր խմբերի

Ծրագրի կամ ծառայության աշխարհագրու-թյունն՝ ըստ մարզերի, համայնքների, բնակավայրերի

Շահառուների

դիմելու

ընթացակարգը և վերջնա-ժամկետները

Այլ նշումներ՝ ըստ կարիքի

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2026 թվական: