ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2026 թվականի N 444-Ա
«ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ԱՍԱԴԱ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 30-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ԱՍԱԴԱ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» հասարակական կազմակերպության (գրանցման համար՝ 211․171․03273, այսուհետ` կազմակերպություն) կողմից ներկայացված Գույքի բարելավման և գործարար ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ քաղաք Երևան, Էրեբունի Վ. Ավանեսովի փողոց թիվ 1 հասցեում գտնվող 1941․6 քառ․ մետր մակերեսով տարածքը (20․09․2023 թվականին տրամադրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20092023-01-0016, այսուհետ՝ անշարժ գույք) 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել կազմակերպությանը՝ համաձայն սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագրի:
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ`
1) կազմակերպությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում կատարել 380,000,000 դրամի ներդրումներ՝ համաձայն ծրագրի.
2) կազմակերպությունը պարտավոր է ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում.
3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում կազմակերպությունը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 % -ի չափով.
4) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում կազմակերպությունը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 %-ի չափով.
5) ծրագրի շրջանակներում կատարված բաժանելի և անբաժանելի բարելավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն.
6) սույն կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերով սահմանված պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը ենթակա է լուծման, ընդ որում, պայմանագրի լուծման դեպքում կազմակերպության կողմից անշարժ գույքում ներդրված գումարները հատուցման ենթակա չեն.
7) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.
8) սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքից 1128.8 քառ. մետր մակերես ունեցող փայտամշակման արհեստանոցը և 252 քառ. մետր մակերես ունեցող մարզադահլիճն օգտագործվելու են համատեղ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի N 444-Ա որոշման |
ԳՈՒՅՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ
«ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ԱՍԱԴԱ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Ընդհանուր տեղեկություններ պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ տարածք) անհատույց օգտագործող` համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների (այսուհետ՝ կազմակերպություն) մասին․
1.1. կազմակերպության լրիվ անվանումը՝ «ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ԱՍԱԴԱ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ»,
1.2. կազմակերպության ձևը՝ հասարակական կազմակերպություն,
1.3. կազմակերպության ստեղծման (վերակազմակերպման) ժամկետը՝ 03.03.2005 թվականի հիմնադիր ժողովի որոշում,
1.4. կազմակերպության գրանցման վկայականի համարը՝ 03Ա068534,
1.5. գրանցման վայրը և տարեթիվը՝ Վ․ Ավանեսովի /Շ/ 1 Էրեբունի,
1.6. գործունեության հիմնական ուղղությունները՝ սպորտի զարգացում,
1.7. գործունեության իրականացման վայրը (նստավայրը)՝ Վ․ Ավանեսովի /Շ/ 1 Էրեբունի,
1.8. փոստային հասցեն՝ 0087, Երևան, Հայաստան,
1.9. տվյալներ՝ հեռ․+37455350025, էլեկտրոնային հասցե՝ avetisyan.lilit.1983@gmail.com,
1.10. կազմակերպության գործունեության զարգացման, այդ թվում` նաև գույքի բարելավման ծրագիրը հաստատվել է «Սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիր» հասարակական կազմակերպության խորհրդի 2025 թվականի հունիսի 6-ի N 1 որոշմամբ,
1.11. կազմակերպության ղեկավար` Գևորգ Գրիշայի Ալիխանյան, հեռ. +37455350025։
2. Կազմակերպության գործունեության համար հիմք հանդիսացող իրավական ակտերը և զարգացման ռազմավարական փաստաթղթերը հետևյալն են․
«Սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիր» հասարակական կազմակերպությունն (այսուհետ՝ կազմակերպություն) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, կազմակերպության կանոնադրությամբ, ԿԳՄՍ նախարարության ոլորտային ռազմավարական ծրագրերի վրա և այլ իրավական ակտերով:
Կազմակերպության աշխատողների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և այդ ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով։
3. Կազմակերպության գործունեության ոլորտը․
Կազմակերպության գործունեության ոլորտներն են՝
1. Սամբո
2. Ձյուդո
3. Մարտական սամբո
4. Ուշու:
4. Ծրագրի իրականացման համար առկա մարդկային ռեսուրսներն են․
4.1. Գևորգ Գրիշայի Ալիխանյան, նախագահ,
(ծրագրի ղեկավար կազմի անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն)
4.2 Արամ Մերուժանի Սիմոնյան, Գոհար Գևորգի Մինիչյան, Քրիստինե Մանվելի Նաջարյան մարզիչներ։
5. Կազմակերպության կողմից տարածքի օգտագործման ծրագրի նպատակը և խնդիրները․
Սույն ծրագրի իրականացման համար հիմք է հանդիսացել՝
1. կազմակերպության կանոնադրությունը,
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սպորտի զարգացման գծով ստանձնած հանձնառությունները:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են.
1. նպաստել Հայաստանի Հանրապետությունում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանն ու կատարելագործմանը,
2. կազմակերպել տարբեր մարզաձևերի գծով մարզումներ, մրցույթներ, առաջնություններ և այլ մասսայական միջոցառումներ,
3. տարբեր տեսակի աջակցություն ցուցաբերել կարիքավոր մարզիկներին, մարզիչներին և սպորտի վետերաններին,
4. մշակել և իրականացնել տարբեր մարզական, կրթական, մարզամշակութային և այլ ծրագրեր,
5. ներկայացնել և պաշտպանել կազմակերպության անդամների իրավունքներն ու օրինական շահերը,
6. համագործակցել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տեղական և օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ։
Կազմակերպության առաջ դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադպրոցի կապիտալ վերանորոգումը։
Հարկ է նշել, որ տարածքը կազմակերպության կողմից օգտագործվում է 2005 թվականից և անգամ կոսմետիկ հարդարանքներ չեն կատարվել, բացակայում են մարզիկների հիգիենան ապահովող լոգասենյակները, զգեստապահարանները, մարզական գույքը հին է և մաշված։
Այսպիսով՝ ծրագրի իրականացման հիմնական նպատակը սպորտի և ծրագրի 3-րդ կետում նշված մարզաձևերի զարգացման ապահովումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև անհատույց օգտագործման տրամադրվող գույքի ժամանակակից պահանջներին համապատասխան կապիտալ վերանորոգումը, կահավորումն ու պահպանությունը:
6. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները և դրանց աղբյուրները․
6․1․ Սույն ծրագրի իրականացման համար առաջիկա 20 (քսան) տարիների համար կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությունը կազմում է 380 000 000 (երեք հարյուր ութսուն միլիոն) դրամ։
6․2․ Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են.
Ծրագրի շրջանակներում կազմակերպության գործունեության կազմակերպման ֆինանսական աղբյուրներ են հանդիսանում մարզվողների անդամավճարները, ներկայումս անդամագրված է շուրջ 150 անձ, յուրաքանչյուրի ամսական անդամավճարը կազմում է 10 000-ական (տասը հազար) դրամ: Ֆինանսական աղբյուր են հանդիսանում նաև նվիրատվությամբ ստացված միջոցները:
Նվիրատվությունը կատարվելու է հիմնականում կազմակերպությանն անդամագրված անձանց միջոցներով, որոնց մեծ մասը ոչ ռեզիդենտ են, նախկինում ներկայացված սպորտաձևերի ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն են հայտնել մնալ անանուն։
Ներդրումային ֆինանսավորման չափն ըստ տարիների`
1. Առաջին տարի (ներդրումային ծրագրի առաջին տարի), 135 000 000 (հարյուր երեսունհինգ միլիոն) դրամ, որն ուղղվելու է նախագծման, տեխնիկական փորձաքննության և ներքին հարդարման հիմնական փուլին։
2. Երկրորդ տարի (ներդրումային ծրագրի երկրորդ տարի)` 95 000 000 (իննսունհինգ միլիոն) դրամ, որն ուղղվելու է ֆունկցիոնալ գոտիների ստեղծմանը։
3. Երրորդ տարի (ներդրումային ծրագրի երրորդ տարի)` 80 000 000 (ութսուն միլիոն) դրամ, որն ուղղվելու է սպորտային սրահների հագեցմանը և սարքավորումների ձեռքբերմանը։
4. Չորրորդ տարի (ներդրումային ծրագրի չորրորդ տարի)` 50 000 000 (հիսուն միլիոն) դրամ, որն ուղղվելու է տարածքի բարեկարգմանը և կահավորմանը։
5. Հինգերորդ տարի (ներդրումային ծրագրի հինգերորդ տարի)` 20 000 000 (քսան միլիոն) դրամ, որն ուղղվելու է օպերացիոն (ծրագրային) ծախսերի իրականացմանը։
Բացի դրամական ներդրումներից, որոնց հիմնական մասն ուղղվելու է կապիտալ վերանորոգմանը և գույքի բարելավման աշխատանքներին, ակնկալվում է շարունակել արդեն իսկ սկսված աշխատանքները` ապահովելով նոր հաղթանակներ:
7. Ծրագրի իրականացման և տարածքի օգտագործման ժամկետները․
Ծրագրի իրականացումը նախատեսվում է սկսել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո՝ հետևյալ հաջորդականությամբ և ֆինանսական միջոցների բաշխվածությամբ․
Ներդրումային ծրագրի ֆինանսական բաշխվածությունը
|
Ներդրումային տարի |
Աշխատանքների ուղղություն |
Գումար (մլն դրամ) |
Մանրամասներ |
|
Առաջին |
Նախագծում, տեխնիկական փորձաքննություն։ Ներքին հարդարման հիմնական փուլ |
135 |
Ճարտարապետական վերանորոգման նախագիծ, ինժեներական համակարգերի ուսումնասիրություն։ Հատակներ, պատերի հարդարում, ներկում, դռներ-պատուհաններ, ինժեներական ցանցերի (ջուր, կոյուղի, էլ․ լարեր) արդիականացում |
|
Երկրորդ |
Ֆունկցիոնալ գոտիների ստեղծում |
95 |
Հանդերձարաններ, լոգասենյակներ, խոհանոցային հատված, ընդունարան, սպասասրահներ |
|
Երրորդ |
Սպորտային սրահներ և սարքավորումներ |
80 |
Մարզասարքավորումներ, հատակի ամրացում, անվտանգության համակարգեր, ձայնամեկուսացում |
|
Չորրորդ |
Բարեկարգում և կահավորում |
50 |
Արտաքին տարածքի բարեկարգում, կահույք, վարչական սենյակների ապահովում |
|
Հինգերորդ |
Օպերացիոն և ծրագրային ծախսեր |
20 |
Սարքերի և սարքավորումների ձեռքբերում |
|
Ընդամենը |
380 |
— |
8. Ծրագրի իրականացման համար նախատեսվող միջոցառումները.
8.1. Ծրագրի շրջանակներում առաջիկա 20 (քսան) տարիներին «Սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիր» հասարակական կազմակերպությունը նախատեսում է, բացի 380 000 000 (երեք հարյուր ութսուն միլիոն) դրամ ֆինանսական ներդրումներ կատարելուց, կազմակերպել նաև մի շարք ներպետական և միջազգային մրցաշարեր Հայաստանում և մասնակցել միջազգային հեղինակավոր մրցաշարերի։
Այս ամենով պայմանավորված նախատեսվում է նաև մարզիկների թվի էական ավելացում, ինչը ենթադրում է ծախսերի ավելացում, որը կիրականացվի ամսական անդամավճարներից գոյացած միջոցների հաշվին։
8.2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում տարբեր մարզաձևերի գծով արձանագրել է մի շարք հաջողություններ, թերևս ամբողջը նշելով ծրագիրը լրացուցիչ չծանրաբեռնելու նպատակով նշենք միայն վերջին երեք (2022-2025 թվականների) տարիների ընթացքում նվաճած հաղթանակները, մասնավորապես.
1. 2022 թվականի սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության «Ոսկե մեդալ»,
2. 2022 թվականի մարտական սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնության «Բրոնզե մեդալ»,
3. 2022 թվականի ուշուի երիտասարդների աշխարհի առաջնության «Բրոնզե մեդալ»,
4. 2023 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերի «Բրոնզե մեդալ»՝ ուշու մարզաձևում,
5. 2023 թվականի մարտական սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնության «Ոսկե մեդալ»՝ սամբոյից,
6. 2023 թվականի ուշուի միջազգային մրցաշարի մեծահասակների «Ոսկե մեդալ» և «Արծաթե մեդալ», երիտասարդների՝ «Արծաթե մեդալ», ինչպես նաև դեռահասների՝ «Ոսկե մեդալ»,
7. 2024 թվականի ուշուի մեծահասակների Եվրոպայի առաջնության 2 հատ «Ոսկե մեդալ» և երիտասարդների՝ «Ոսկե մեդալ»,
8. 2024 թվականի Բրիքս մրցաշարում 2 «Բրոնզե մեդալ»,
9. 2024 թվականի միջազգային մրցաշարում 2 հատ «Ոսկե մեդալ» և 2 հատ «Արծաթե մեդալ»,
10. 2024 թվականին սամբոյի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում արծաթե և բրոնզե մեդալներ,
11.2025 թվականի սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության «Ոսկե մեդալ» և մեծահասակների «Ոսկե մեդալ»,
12. 2025 թվականի ուշուի մեծահասակների Եվրոպայի առաջնության 2 հատ «Ոսկե մեդալ»:
Ունենք նաև Հայաստանի Հանրապետության և միջազգային այլ մի շարք առաջնությունների մեդալակիրներ։
Հարկ է նշել նաև, որ մեր մարզիկների կողմից արձանագրված հաջողությունների շնորհիվ Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում։
Ներկայումս մարզադպրոցը նախապատրաստվում է Ուշուի մեծահասակների աշխարհի, սամբոյի երիտասարդների և սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնություններին։
Բացի ունեցած հաջողություններն արձանագրելուց, անհրաժեշտ է նշել վերջին տարիներին այս մարզաձևերով թե՛ կառավարության և թե՛ հանրության հետաքրքրվածության մեծացման փաստը։
2023 թվականի Ուշուի համաշխարհային ուսանողական ամառային մրցաշարի բրոնզե մեդալակրին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
2025 թվականի մայիս ամսին Եվրոպայի առաջնության հաղթանակներից հետո ուշուի ֆեդերացիային հյուրընկալեց ԿԳՄՍՆ փոխնախարար Հասմիկ Ավագյանը, ով հայտնեց իր երախտիքի խոսքերը։ Այս հանդիպմանը մասնակցել են նաև մեր մարզադպրոցի մարզիկները։
8.3. Ծրագրի շրջանակներում կատարված բաժանելի և անբաժանելի բարելավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն։
9. «Սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիր» հասարակական կազմակերպության գործունեության իրականացման տարածքի նկարագիրը.
«Սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիր» հասարակական կազմակերպության կողմից ներկայացվող ծրագիրը նախատեսվում է իրականացնել ք․ Երևան, Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի 1 հասցեում գտնվող շինության անբաժանելի մաս կազմող 1941.6 քմ մակերեսով տարածքը (հատակագիծ 1)։
Հատակագիծ 1
Կազմակերպությունը վերոնշյալ տարածքն օգտագործելու է համատեղությամբ Երևանի N 8 արհեստագործական պետական ուսումնարանի հետ՝ հետևյալ ժամանակացույցով.
Մարզասրահի համատեղ օգտագործման օրական ժամանակացույց
|
Ժամ |
Օգտագործող |
Նշումներ |
|
08:00 – 15:00 |
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Ֆիզիկական պատրաստության դասեր ուսանողների համար |
|
15:00 – 21:00 (կամ մինչև փակման ժամը) |
Կազմակերպություն |
Մարզիկների մարզումներ, պարապմունքներ |
Այսպիսով՝ կազմակերպությունը չի առարկում և հայտնել է իր համաձայնությունը, որպեսզի տարածքը օրական տրամադրվի երկու կողմին այնպես, որ յուրաքանչյուրն ունենա իր անխափան ժամերը։ Մասնավորապես․
Ուսումնարանի օգտագործման ժամերը սահմանված են հիմնական դասաժամերի ընթացքում, առավելագույնը մինչև ժամը 15:00, որպեսզի պահպանվի ուսանողների դասընթացների բնական ռիթմը։ Դիտարկվող տարածքը դառնում է ուսանողների ակտիվության հարթակ, որտեղ յուրաքանչյուր դասընթաց ապահովում է ֆիզիկական զարգացման և թիմային ուսուցման հնարավորություններ:
Ժամը 15:00-ից մինչև փակման ժամը – դիտարկվող տարածքն անցնում է կազմակերպության վերահսկողության տակ, և սկսվում են մարզիկների մարզումները: Այս ժամերին այն դառնում է մարզիկների առաջխաղացման և նպատակային մարզումների կենտրոն, որտեղ արդեն օգտագործվում են ներդրված սարքավորումները և հատուկ ծրագրերը՝ մարզումների արդյունավետությունը բարձրացնելու համար:
Համատեղ օգտագործման առավելությունները․
Տարածքի օգտագործումն ամենօրյա ռիթմի մեջ ապահովում է առավելագույն արդյունավետություն՝ ոչ մի ժամ չկորցնելով:
Երկու կողմերն էլ կարող են պլանավորել իրենց ժամերը՝ առանց խոչընդոտների:
Հստակ սահմանված ժամանակացույցը նպաստում է կազմակերպվածությանը, անվտանգությանը և տարածքի պատասխանատու շահագործմանը:
Այս մոտեցմամբ ապահովվում է տարածքի առավել արդյունավետ և համադրելի օգտագործում՝ միաժամանակ պաշտպանելով ուսումնարանի դասընթացների բնական ռիթմը և կազմակերպության մարզումների անխափան ընթացքը։
10. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքը
Ծրագիրը ներառում է հաշվետվողականության մեխանիզմներ՝ տարեկան հաշվետվություն, մշտադիտարկում, անկախ աուդիտ (յուրաքանչյուր 5 տարին մեկ), հանրային թափանցիկություն։
Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ կազմակերպությունը ծրագրային ժամանակահատվածում, բացի 380 000 000 (երեք հարյուր ութսուն միլիոն) դրամ ներդրումային աշխատանքների իրականացումից, որն ուղղված է լինելու բացառապես սպորտի զարգացման ապահովմանը, կնպաստի շուրջ 400 մարզիկների մարզումների պատշաճ կազմակերպմանը: Հարկ է նշել, որ ներկայիս պայմաններում հնարավոր է իրականացնել առավելագույնը 120 մարզիկների մարզումներ։ Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կավելանա ոչ միայն մարզիկների քանակը, այլև մարզումների հաճախականությունը և մարզումների որակը, ապահովելով ևս 280 մարզիկների պատշաճ մարզումների իրականացումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
06.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|