ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2025 թվականի N 1712-Լ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով` Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը (այսուհետ՝ կարգ)` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների (այսուհետ՝ կառավարման մարմիններ) ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Ընդունել ի գիտություն, որ կառավարման մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագրի իրականացման ժամանակահատվածը 24 ամիս է, ընդ որում, 2025 և 2026 թվականների համար հաշվետու ժամանակահատվածներ են կիսամյակները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
01.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշման |
ՊԻԼՈՏԱՅԻՆ ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ
1. Սույնով կարգավորվում են պետական կառավարման համակարգի առանձին մարմինների (այսուհետ՝ կառավարման մարմիններ) կատարողականի գնահատման և դրա հիման վրա մարմիններին խրախուսման ֆոնդի տրամադրման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոն զբաղեցնողներ են համարվում Կառավարության անդամները, կառավարման մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարը և նրա տեղակալը, Կառավարության անդամների, կառավարման մարմինների ղեկավարներին անմիջական ենթակա հանրային այլ պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև վերոնշյալ մարմինների կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ներքին կառուցվածքային միավորների ղեկավարները և նրանց տեղակալները՝ բացառությամբ տարածքային ստորաբաժանումների և այն դեպքերի, երբ տվյալ մարմինների համար հասանելի են ատեստավորման կամ կատարողականի գնահատման առանձին կարգավորումների հիմքով գործող լրացուցիչ հավելումների կամ հավելավճարների համակարգեր:
3. Սույն կարգում նկարագրված գործընթացի նպատակը Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված խնդիրների արդյունավետ լուծումն է՝ հաշվետու ժամանակահատվածի համար սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների և (կամ) միջոցառումների կատարողականի գնահատման միջոցով։
4. Սույն գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝
1) հաշվետու ժամանակահատվածի համար սահմանվում են կառավարման մարմինների գործունեության առաջնահերթություններ և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշներ.
2) հաշվետու ժամանակահատվածի ավարտին իրականացվում է կատարողականի գնահատում՝ սահմանված առաջնահերթությունների համար որոշված արդյունքային ցուցանիշների նկատմամբ.
3) առաջնահերթությունների ուղղությամբ գրանցված բարձր կատարողականը խրախուսվում է սույն կարգին համապատասխան որոշված պարգևատրմամբ:
5. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի առաջնահերթությունները և դրանց կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշներն առաջարկում են կառավարման մարմինների ղեկավարները՝ Վարչապետի հանձնարարականներով սահմանված պահանջներին համապատասխան: Ընդ որում՝ առաջնահերթ ուղղությունների համար, ըստ դրանց կարևորության, իրականացվող աշխատանքների բարդության կամ այլ փաստարկված հիմնավորումների հաշվառմամբ, կարող են առաջարկվել կշիռներ՝ արտահայտած տոկոսներով։ Այդ դեպքում առաջնահերթություններին տրված կշիռների հանրագումարը պետք է հավասար լինի 100%-ի:
(5-րդ կետը փոփ. 02.04.26 N 446-Լ)
5.1. Ներկայացված առաջնահերթությունները քննարկվում և համաձայնեցվում են փոխվարչապետերի հետ և ներկայացվում են Վարչապետին։ Ընդ որում՝ Կառավարման մարմինների համար սահմանված առաջնահերթություններից և դրանց կատարման առանձնահատկություններից ելնելով, այդ թվում՝ տարբեր մարմինների կողմից ներկայացված առաջնահերթությունների իրականացման բարդության համադրելիությունն ապահովելու նպատակով՝ քննարկումների արդյունքում փոխվարչապետերի կողմից առաջնահերթ առանձին ուղղությունների համար կարող են սահմանվել 0․8-1․2 միջակայքում հավելող կամ դիսկոնտավորող գործակիցներ։
(5.1-ին կետը լրաց. 02.04.26 N 446-Լ)
6. Կառավարման մարմինների ղեկավարները Վարչապետի հանձնարարականներով սահմանված պահանջներին համապատասխան Վարչապետի աշխատակազմ են ներկայացնում գործունեության առաջնահերթությունների և դրանց համար որոշված արդյունքային ցուցանիշների ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված մեթոդաբանությամբ տրված գնահատականը:
7. Կառավարման մարմինների կողմից առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատումն իրականացվում է հետևյալ մեթոդաբանությամբ՝
1) «Ամբողջությամբ կատարված է»՝ եթե գրանցված առաջընթացը նույնությամբ և ամբողջապես համապատասխանում է սահմանված արդյունքային ցուցանիշին.
2) «Հիմնականում կատարված է»՝ եթե բովանդակային աշխատանքն ամբողջությամբ ավարտված է և «ամբողջությամբ կատարված» համարվելու համար պակասում են միայն ընթացակարգային որոշ աշխատանքներ, կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների առնվազն 90%-ը.
3) «Մասամբ կատարված է»՝ եթե բովանդակային աշխատանքն ամփոփման փուլում է կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների առնվազն 80%-ը.
4) «Ընթացքում է»՝ եթե բովանդակային աշխատանքի հիմնական մասը պատրաստ է, սակայն բովանդակության շուրջ աշխատանքները դեռևս շարունակվում են, կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների առնվազն 50%-ը.
5) «Մեկնարկած է»՝ եթե նկարագրված բովանդակային աշխատանքը սկսվել է, սակայն դրա հիմնական մասը դեռևս ընթացքի մեջ է, կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների 50%-ից պակասը։
8. Կառավարման մարմինների առաջնահերթությունների կատարողականի գնահատման արդյունքները քննարկվում են փոխվարչապետերի և համապատասխան մարմինների ղեկավարների միջև: Գնահատականները կարող են ճշգրտվել Վարչապետի և փոխվարչապետերի կողմից՝ ելնելով սահմանված առաջնահերթություններից և դրանց կատարման առանձնահատկություններից: Կատարողականի գնահատման՝ վերջնականացված արդյունքներն արձանագրվում և ներկայացվում են Վարչապետին։
9. Կառավարման մարմինների, վերջիններիս կանոնադրությամբ նախատեսված կամ համակարգման ներքո գտնվող մյուս մարմինների և միավորների կատարողականի ընդհանուր գնահատականը ձևավորվում է տվյալ մարմնի համար սահմանված առաջնահերթությունների համար հաշվարկված գնահատականների թվաբանական միջինից կամ կշիռներ սահմանած լինելու դեպքում՝ կշռված թվաբանական միջինից, ընդ որում, յուրաքանչյուր առաջնահերթության գնահատականը ևս ձևավորվում է դրա առանձին գործողությունների կատարման գնահատականի թվաբանական միջինից կամ կշիռներ սահմանած լինելու դեպքում՝ կշռված թվաբանական միջինից՝ հետևյալ սանդղակին համապատասխան՝
|
Որակական գնահատական |
Քանակական գնահատական |
|
Ամբողջությամբ կատարված է |
5 |
|
Հիմնականում կատարված է |
4 |
|
Մասամբ կատարված է |
2 |
|
Ընթացքում է |
1 |
|
Մեկնարկած է |
0 |
10. Կառավարման մարմինների գնահատման ցուցանիշը որոշվում է՝ ելնելով կատարողականի գնահատման արդյունքում ստացված միավորի և հնարավոր առավելագույնի հարաբերությամբ՝ արտահայտված տոկոսով: Ընդ որում՝ անկախ փոխվարչապետերի կողմից առաջնահերթ առանձին ուղղությունների համար հավելող կամ դիսկոնտավորող գործակիցներ սահմանելու հանգամանքից՝ հնարավոր առավելագույն է համարվում «5» միավորը:
(10-րդ կետը լրաց. 02.04.26 N 446-Լ)
11. Վարչապետի աշխատակազմի, փոխվարչապետերի գրասենյակների գնահատականը որոշվում է կառավարման մարմինների կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինով։
12. Կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծությունը հաշվարկելու համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները և պարգևատրման պարբերականությունը սահմանվում են կառավարման մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ Կառավարության որոշումներով, որոնցով խրախուսման ֆոնդ կարող է հատկացվել նաև այլ մարմինների համար:
(12-րդ կետը խմբ. 02.04.26 N 446-Լ)
13. Կառավարման մարմինների կանոնադրությամբ նախատեսված կամ համակարգման ներքո գտնվող մարմինների համար խրախուսում նախատեսելու դեպքում կիրառվում են սույն կարգի 2-րդ, 9-րդ և 15-րդ կետերով նախատեսված կարգավորումները:
14. Կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծությունը որոշվում է հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ փաստացի զբաղեցված ղեկավար պաշտոնների քանակի և պաշտոնների յուրաքանչյուր խմբի համար պաշտոնային դրույքաչափերի (տվյալ խմբի համար նախատեսված նվազագույն) հիման վրա, որոնց վերաբերյալ տվյալները Ֆինանսների նախարարություն են ներկայացվում կառավարման մարմինները։
15. Կառավարման մարմնի խրախուսման ֆոնդը հաշվարկվում է հաշվետու ժամանակահատվածի բոլոր ամիսների համար սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերի, դրանցից յուրաքանչյուրի համար պարգևավճարի հաշվարկման գործակցի և հաշվետու ժամանակահատվածում կառավարման մարմնի գնահատման ցուցանիշի արտադրյալով՝ հետևյալ բանաձևով՝
|
ԽՖ = ∑ |
N |
|
|
|
Որտեղ՝
● ԽՖ-ն՝ խրախուսման ֆոնդն է,
● Քn-ն՝ յուրաքանչյուր պաշտոնային խմբում աշխատողների քանակն է,
● ՊԴ-ն՝ յուրաքանչյուր խմբի համար սահմանված նվազագույն պաշտոնային դրույքաչափն է,
● ՊԳ-ն՝ պաշտոնների յուրաքանչյուր խմբի նկատմամբ պարգևավճարի հաշվարկման գործակիցն է,
● Ա-ն՝ հաշվետու ժամանակահատվածում ամիսների քանակն է,
● ԳՑ-ն՝ հաշվետու ժամանակահատվածում կառավարման մարմնի գնահատման ցուցանիշն է,
● N-ը՝ պաշտոնների յուրաքանչյուր խմբի քանակը։
(15-րդ կետը փոփ. 02.04.26 N 446-Լ)
16. Սույն կարգով որոշվող խրախուսման ֆոնդից պարգևատրման բաշխումն իրականացվում է համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով, ընդ որում, տվյալ մարմնի խրախուսման ֆոնդից պարգևատրման մինչև 20 տոկոսը կարող է բաշխվել սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձնակազմի, իսկ մինչև 5 տոկոսը՝ տվյալ մարմնի ենթակա իրավաբանական անձանց անձնակազմերի միջև։
(16-րդ կետը խմբ. 02.04.26 N 446-Լ)
17. Խրախուսանքի արժանացած անձին հարկումից հետո տրված պարգևավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում՝ 250 հազար դրամը, նախատեսված է վճարման կիսամյակին հաջորդող կիսամյակի ընթացքում տվյալ անձի կողմից իր կրթության, այդ թվում՝ հեռավար կրթության, վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման, կամ գիտական գործունեության հետ կապված, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների (այսուհետ՝ կրթության) նպատակով ծախսերի համար։ Կրթության նպատակով նախատեսված ծախսերի առավելագույնը 20,000 դրամը կարող է ուղղվել գրքերի և գիտակրթական նյութերի ձեռքբերմանը։
Կրթության նպատակով ստացված միջոցների գծով ծախսերը հաստատող փաստաթղթեր չներկայացնելու կամ նախատեսված չափից քիչ ներկայացնելու դեպքում այդ մասը ենթակա է նվազեցման հաջորդող ժամանակահատվածի խրախուսման ֆոնդից:
(17-րդ կետը խմբ. 02.04.26 N 446-Լ)
18. Այն դեպքերում, երբ կրթության նպատակով ծախսերը գերազանցում են խրախուսանքի արժանացած անձին հարկումից հետո տրված պարգևավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում՝ 250 հազար դրամը, ապա ավելի կատարված ծախսերը ենթակա են նվազեցման հաջորդող կիսամյակի համար կրթության նպատակով նախատեսված ծախսերից։
(18-րդ կետը լրաց. 02.04.26 N 446-Լ)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 02.04.26 N 446-Լ)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
01.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
1. Վարչապետի աշխատակազմ
2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
3. Առողջապահության նախարարություն
4. Արդարադատության նախարարություն
5. Արտաքին գործերի նախարարություն
6. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
7. Էկոնոմիկայի նախարարություն
8. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
9. Ներքին գործերի նախարարություն
10. Շրջակա միջավայրի նախարարություն
11. Պաշտպանության նախարարություն
12. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
13. Ֆինանսների նախարարություն
14. Կադաստրի կոմիտե
15. Պետական եկամուտների կոմիտե
16. Քաղաքաշինության կոմիտե
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
01.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |