ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
18 մայիս 2022 թ. |
N 30-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
բնակչության առողջության պահպանման ԵՎ բարելավման ծրագրերի շրջանակներում ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի մայիս «18»-ի N 30-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
բնակչության առողջության պահպանման եվ բարելավման ծրագրերի շրջանակներում ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)
1. Սույն չափորոշչով կարգավորվում են հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կարիք ունեցող անձանց բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
2. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունները կազմակերպվում և իրականացվում են հիվանդանոցային` վերականգնողական և վերակենդանացման բժշկական օգնության և սպասարկման տեսակների գործունեության իրականացման լիցենզիա ունեցող բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում, ընդ որում պարտադիր է սույն կետում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացումը` բժշկական կազմակերպության նույն մասնաշենքում:
(2-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
3. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններից օգտվում են զինվորական ծառայության ընթացքում վնասվածք ստացած կամ հիվանդություն ձեռք բերած և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող այն նախկին զինծառայողները, ովքեր․
1) գտնվում են հետվնասվածքային կոմատոզ վիճակում (վեգետատիվ վիճակ), կամ
2) խիստ արտահայտված ֆունկցիոնալ խանգարումների հետևանքով ունեն՝ ինքնասպասարկման ապահովման (անմիզապահություն և (կամ) անկղապահություն), տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու անկարողություն, այլ անձանցից լիակատար կախվածություն և որոնց համար պահանջվում է մշտական անկողնային ռեժիմ:
(3-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
4. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններն ընդգրկում են.
1) մասնագիտացված համալիր բուժումը,
2) լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների (այդ թվում դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների) իրականացումը,
3) նեղ մասնագիտական խորհրդատվությունների իրականացումը (բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներով առկա տեսակների կամ խորհրդատվական տեսակի լիցենզիայի շրջանակներում),
4) ամենօրյա ստացիոնար խնամքի ապահովումը,
5) դեղերով ապահովումը, այդ թվում 1 միավորի (ամպուլա, հաբ, ֆլակոն և այլն) արժեքը 15,000 դրամը գերազանցող դեղերով ապահովումը,
6) խնամքի պարագաներով ապահովումը,
7) հարբժշկական ծառայությունների տրամադրումը (կինեզիոլոգիական, էրգոթերապևտիկ, լոգոպեդիկ և այլն),
8) սննդով ապահովումը, այդ թվում պարէնտերալ,
9) արյան և դրա բաղադրամասերի փոխներարկումը:
(4-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
5. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունները կազմակերպվում են.
1) պացիենտի` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություն տեղափոխման դեպքում՝ համապատասխան էպիկրիզի համաձայն, կամ
2) պացիենտի` տնային պայմաններում գտնվելու դեպքում` առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատության ուղեգրի համաձայն` նախապես համաձայնեցնելով հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպության հետ:
(5-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
6. Հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություն պացիենտի առաջին անգամ ընդունվելու դեպքում իրականացվում են հետևյալ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.
1) էլեկտրասրտագրություն,
2) կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն
3) որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,
4) արյան ընդհանուր քննություն,
5) արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում,
6) վիրուսաբանական հետազոտություններ՝ հեպատիտ Բ վիրուսի մակերեսային հակածին (HbsAg), հեպատիտ Ց վիրուսի նկատմամբ իմունոգլուբուլին Ջ (HCV-IgG), մարդու իմունադեֆիցիտային վիրուս (HIV 1/2 –Ab),
7) մեզի ընդհանուր քննություն,
8) մեզի մանրէաբանական հետազոտություն,
9) խորխի և վերքի (առկայության դեպքում) մանրէաբանական հետազոտություն,
10) արյան կենսաքիմիական հետազոտություններ` ալբումին, կրեատինին, միզանյութ, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ):
(6-րդ կետը լրաց. 18.08.22 N 51-Ն)
7. Մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կազմակերպման ընթացքում լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են հետևյալ ընթացակարգով.
1) կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն` երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,
2) արյան ընդհանուր քննություն` ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,
3) մեզի ընդհանուր քննություն` ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,
4) (ենթակետն ուժը կորցրել է 18.08.22 N 51-Ն)
5) (ենթակետն ուժը կորցրել է 18.08.22 N 51-Ն)
6) լաբորատոր և գործիքային ախտորոշիչ այլ հետազոտություններ՝ ըստ բժշկական ցուցման:
(7-րդ կետը փոփ. 18.08.22 N 51-Ն)
8. Այն դեպքում, երբ հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում բացակայում են պացիենտի բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունների (լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, մասնագիտական խորհրդատվություններ և այլն) իրականացման հնարավորություն(ներ)ը, բժշկական կազմակերպությունը դրանք կազմակերպում է այլ բժշկական կազմակերպությունում` պայմանագրային հիմունք(ներ)ով:
(8-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 18.08.22 N 51-Ն, փոփ. 01.04.26 N 26-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: