ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1557-Ա |
«23» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արթուր Դարբինյանի լիազորված անձ՝ Արմեն Վարդանյանի 2026 թվականի փետրվարի 24-ի թիվ Դ-17618-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի փետրվարի 24-ի թիվ Դ-17618-26 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի մարտի 13-ին, ժամը 16:00-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է Արթուր Դարբինյանի լիազորված անձ՝ Արմեն Վարդանյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի փետրվարի 24-ի թիվ Դ-17618-26 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դրան կից ներկայացված և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի մարտի 13-ի արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2026 թվականի փետրվարի 24-ի թիվ Դ-17618-26 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ ներկայացված դիրքորոշմամբ Արթուր Դարբինյանի լիազորված անձ՝ Արմեն Վարդանյանը, հիմք ընդունելով դիմումում նշված փաստերն ու կից ներկայացված ապացույցները, խնդրել է փոխհատուցել 2026 թվականի հունվարի 31-ին Արմեն Տիգրանյան փողոցի թիվ 4 շենքի մուտքի դիմաց կայանված՝ Արթուր Դարբինյանի սեփականությունը հանդիսացող «Toyota camry 2.4» մակնիշի «77 DA 775» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա շենքի տանիքից սառույց ընկնելու արդյունքում առաջացած վնասը, որը համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2026 թվականի փետրվարի 16-ի թիվ 32-ԱՊ-26 ապրանքագիտական եզրակացության՝ կազմում է 481.000 (չորս հարյուր ութսունմեկ հազար) ՀՀ դրամ:
2014 թվականի ապրիլի 30-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ HF270280 վկայագրի համաձայն՝ «Toyota camry 2.4» մակնիշի «77 DA 775» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Արթուր Դարբինյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետին ուղղված՝ 2026 թվականի փետրվարի 3-ի զեկուցագրի համաձայն՝ 2026 թվականի փետրվարի 1-ին ստացված ահազանգի կապակցությամբ այց է կատարվել Արմեն Տիգրանյան փողոցի թիվ 4 հասցե, որտեղ ահազանգած քաղաքացու հետ զրույցից պարզվել է, որ նշված շենքի դիմաց կայանված՝ «Toyota camry 2.4» մակնիշի «77 DA 775» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա թափվել են նույն շենքի տանիքից պոկված սառցե կտորներ, որի պատճառով կոտրվել է ավտոմեքենայի դիմապակին և վնասվել է ավտոմեքենայի տանիքը:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2026 թվականի փետրվարի 16-ի թիվ 32-ԱՊ-26 ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Toyota camry 2.4» մակնիշի «77 DA 775» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի չափի միջին շուկայական արժեքը, դեպքի օրվա դրությամբ, գնահատվում է 481.000 (չորս հարյուր ութսունմեկ հազար) ՀՀ դրամ:
Դիմումով բարձրացված հարցի ուսումնասիրության արդյունքում՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 26-ի գրությամբ տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 4 շենքը գտնվում է «Հաղթանակ» համատիրության սպասարկման տիրույթում:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քննարկվող պարագայում, ելնելով վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման ո՞վ է կրում Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցի թիվ 4 շենքի ու նույն շենքի տանիքի պահպանման և պատշաճ շահագործման պարտականությունը, Դիմումում նկարագրված պատահարի և առաջացած վնասի միջև պատճառահետևանքային կապ առկա է, թե՞ ոչ, Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ գործողություն կամ անգործություն, թե՞ ոչ, առաջացած վնասը հանդիսանում է վարչական մարմնի ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի և անխուսափելի հետևանքը, թե՞ ոչ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինության սեփականատերերը պարտավոր են իրականացնել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (այսուհետ` պարտադիր նորմեր), որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» N 1161-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի «7. Տանիքները և տանիքներից ջրահեռացնող սարքավորումները» բաժնի 3-րդ կետի համաձայն՝ ձմռանը տանիքները պետք է մաքրվեն ձյունից և սառցալեզվակներից:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր նորմերի պահպանման հարցերում ընդհանուր բաժնային գույքի կառավարման համար շինության սեփականատերերը կարող են ընտրել շենքի կառավարման մարմին: Մինչև 4 սեփականատեր ունեցող շենքերում պարտադիր նորմերի ապահովումը կարող է իրականացվել նաև ժողովի միջոցով: Նույն հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը կարող է իրականացվել շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի՝ համատիրության միջոցով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Դիմումի առարկային առնչվող փաստական հանգամանքներով հիմնավորվում է, որ Դիմումում նշված շենքի տանիքի պահպանման և պատշաճ շահագործման ապահովման պարտականություն Երևանի քաղաքապետարանը չի կրում, քանի որ այն գտնվում է նույն բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի սեփականատերերի և «Հաղթանակ» համատիրության հոգածության ներքո:
Դիմումի առարկային առնչվող՝ վիճելի իրավահարաբերություններում ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու վերաբերյալ ապացույցների բացակայության պայմաններում առկա են բավարար հիմքեր Դիմումով ներկայացված պահանջն անհիմն գնահատելու և մերժելու համար, սակայն պահանջին առնչվող փաստական հանգամանքների օբյեկտիվ և ամբողջական գնահատում իրականացնելու արդյունքում արձանագրվում է նաև, որ Դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում չի ներկայացվել «Toyota camry 2.4» մակնիշի «77 DA 775» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքների առաջացման հանգամանքների վերաբերյալ հետքաբանական փորձագիտական եզրակացություն, իսկ ինչ վերաբերում է 2026 թվականի փետրվարի 16-ի թիվ 32-ԱՊ-26 ապրանքագիտական եզրակացությանը, ապա դրանով չի ապացուցվում պատահարի և պահանջված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ընդ որում՝ նշված եզրակացության մեջ փորձագետը նշել է, որ գնահատումն իրականացվել է դեպքի օրվա դրությամբ, սակայն եզրակացության մեջ նշված չեն ենթադրյալ դեպքի և այն տեղի ունենալու օրվա վերաբերյալ տվյալները:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցի թիվ 4 բազմաբնակարան բնակելի շենքը գտնվում է «Հաղթանակ» համատիրության սպասարկման տիրույթում և կառավարվում է վերջինիս կողմից, ինչպես նաև հաշվի առնելով, որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի պահանջներից բխող՝ 481.000 (չորս հարյուր ութսունմեկ հազար) ՀՀ դրամի չափով վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ, չեն ներկայացվել արժանահավատ՝ փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ և չի ապացուցվել պատահարի և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 163-րդ, 224-րդ, 1058-րդ, 1071.1-րդ հոդվածներով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին Արթուր Դարբինյանի լիազորված անձ՝ Արմեն Վարդանյանի 2026 թվականի փետրվարի 24-ի թիվ Դ-17618-26 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |