ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 69.1-ին հոդվածով.
| «Հոդված 69.1. | Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կառավարումը կուտակային կայանատեղիների միջոցով |
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը կարգավորելու նպատակով պետական սահմանի անցման կետով բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը սույն հոդվածով սահմանված դեպքերում կազմակերպվում է Կոմիտեի հաստատած հերթերի կառավարման համակարգի (այսուհետ՝ Հերթերի կառավարման համակարգ) միջոցով:
2. Հերթերի կառավարման համակարգի միջոցով բեռնատար տրանսպորտային միջոցների հերթագրումն իրականացնում են կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողները, իսկ կուտակային կայանատեղիներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կիլոմետր հեռավորության վրա։
3. Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, ինչպես նաև առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բաց թողնելու առաջնահերթությունները սահմանում է Կառավարությունը։
4. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման այն կետերը, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը Հայաստանի Հանրապետությունից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղի մուտք և ելք գործելուց հետո, սահմանում է Կառավարությունը:
5. Կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ Հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Սույն հոդվածի կիրառության նպատակով կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներ են համարվում Կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող և ավելացված արժեքի հարկ վճարող համարվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
7. Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) առավելագույն չափը:
8. Սույն հոդվածի իմաստով՝ հերթագրման ծառայության մեջ ներառվում են մուտքը կուտակային կայանատեղի, կայանումը (անկախ տևողությունից) և ելքը կուտակային կայանատեղիից:
9. Սույն հոդվածի իմաստով՝ բեռնատար տրանսպորտային միջոց է համարվում իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցը, որն ունի ավելի քան 5000 կգ թույլատրելի առավելագույն զանգված։
10. Հերթերի կառավարման համակարգի և կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնողների էլեկտրոնային համակարգերի փոխազդեցության կարգը, հավաքվող և փոխանցվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կոմիտեն:»։
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 30 Երևան ՀՕ-82-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|