ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5.1-ՐԴ ԵՎ 8.1-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.03.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մարտի 2026 թվականի

թիվ 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5.1-ՐԴ ԵՎ 8.1-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Հայաստանի բանկերի միության, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ստացված հարցերը և հաշվի առնելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 5.1-րդ և 8.1-րդ մասերի պարզաբանման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը սույն պաշտոնական պարզաբանմամբ անդրադառնում է Օրենքի 7-րդ հոդվածի 5.1-րդ և 8.1-րդ մասերի վերաբերյալ ներկայացված հետևյալ հարցին.

1. Հասարակական և արտադրական նշանակության շենք և շինություն ձեռք բերելու նպատակով ֆիզիկական անձանց տրամադրվող փոխառություններն ու վարկերը կարող են տրամադրվել արտարժույթով, թե՞ ոչ:

Օրենքի 7-րդ հոդվածի 5.1-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների և օրենքով նախատեսված դեպքերում՝ բնակարանային հիպոտեկային կրեդիտների, որոնք տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով։ Մինչև 5.000.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 ՀՀ դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 ՀՀ դրամը) տրամադրված կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ՝ արտարժույթով:

Օրենքի նույն հոդվածի 8.1-րդ մասի համաձայն՝ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները տրամադրում են միայն ՀՀ դրամով։ Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց (բացառությամբ ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով:

Օրենքի 3-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ է համարվում «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպառողական փոխառությունը կամ սպառողական վարկը:

«Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում են համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ, բացառությամբ մինչև 5.000.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 ՀՀ դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված մինչև 5.000.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 ՀՀ դրամը) վարկի կամ փոխառության:

Հաշվի առնելով վերոգրյալը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 600-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների՝ ըստ նպատակային նշանակության բնակելի, հասարակական և արտադրական դասակարգումը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «իէ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Պաշտոնապես պարզաբանում է.

 

Հասարակական և արտադրական նպատակային նշանակություն ունեցող շենք և շինություն ձեռք բերելու նպատակով վարկերը և փոխառությունները ֆիզիկական անձանց կարող են տրամադրվել նաև արտարժույթով:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝

Մ. Գալստյան

 

Երևան

 

2026.03.30

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան