ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
6 նոյեմբերի 2014 թվականի |
թիվ 200 |
քաղ. Մոսկվա |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի տիպային ցանկը ներառում է հետևյալ փաստաթղթերը՝
ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոններ.
ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելիս ընդհանուր գործընթացի մասնակիցների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգեր.
ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրություն.
ընդհանուր գործընթացին միանալու կարգ:
2. Հաստատել կցվող՝ Ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի տիպային կառուցվածքին ներկայացվող պահանջները:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված տիպային ցանկում ընդգրկված տեխնոլոգիական փաստաթղթերը ձևավորվում են սույն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունվող՝ ընդհանուր գործընթացների նախագծմանը և նկարագրությանը ներկայացվող մեթոդական առաջարկությունները և տեխնիկական պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ընդհանուր գործընթացն արտաքին ԵՎ փոխադարձ առԵՎտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի տիպային կառուցվածքին ներկայացվող
I. Տեխնոլոգիական փաստաթղթերի տիպային կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի (այսուհետ համապատասխանաբար՝ ինտեգրված համակարգ, տեխնոլոգիական փաստաթղթեր) տիպային ցանկում ընդգրկված փաստաթղթերը պարունակում են դրանց համար ընդհանուր հետևյալ բաժինները (նշված կարգով)՝
«Ընդհանուր դրույթներ»,
«Կիրառության ոլորտ»,
«Հիմնական հասկացություններ» (առկայության դեպքում):
2. «Ընդհանուր դրույթներ» բաժնում բերվում են այն նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունները, որոնց համապատասխան մշակվել է տեխնոլոգիական փաստաթուղթը:
3. «Կիրառության ոլորտ» բաժնում բերվում են տեխնոլոգիական փաստաթղթի նշանակության մասին տեղեկությունները, որոշվում է դրանց կիրառության ոլորտը:
4. «Հիմնական հասկացություններ» բաժնում բերվում են տեխնոլոգիական փաստաթղթում օգտագործվող հասկացությունները և դրանց սահմանումները:
5. Տեխնոլոգիական փաստաթղթերում այլ բաժինների առկայությունը որոշվում է դրանց կիրառության ոլորտով և նշանակությամբ՝ հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունը:
6. Տեխնոլոգիական փաստաթղթերում տեղեկատվությունը կարող է ներկայացվել տեքստային, աղյուսակի տեսքով, ինչպես նաև սխեմաների և տրամագրերի տեսքով:
II. Ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնների տիպային կառուցվածքին ներկայացվող պահանջները
7. Ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցության կանոններ) պարունակում եմ ընդհանուր գործընթացի ընդհանրացված նկարագրությունը՝ ներառյալ այդ ընդհանուր գործընթացի շրջանակներում կատարվող ընթացակարգերի նկարագրությունը:
8. Ի լրումն սույն պահանջների 1-ին կետով նախատեսված բաժինների՝ տեղեկատվական փոխգործակցության կանոնները պարունակում են հետևյալ բաժինները (նշված կարգով)՝
«Ընդհանուր գործընթացի վերաբերյալ հիմնական տեղեկությունները»,
«Ընդհանուր գործընթացի տեղեկատվական օբյեկտները»,
«Ընդհանուր գործընթացի մասնակիցների պատասխանատվությունը»,
«Ընդհանուր գործընթացի տեղեկագրքերն ու դասակարգիչները» (առկայության դեպքում),
«Ընդհանուր գործընթացի ընթացակարգերը»,
«Արտակարգ իրավիճակներում գործողությունների կարգը»:
9. «Ընդհանուր գործընթացի վերաբերյալ հիմնական տեղեկությունները» բաժնում սահմանվում են ընդհանուր գործընթացի խնդիրները, ընդհանուր գործընթացի մասնակիցները, հիմնական ընթացակարգերը:
10. «Ընդհանուր գործընթացի տեղեկատվական օբյեկտները» բաժնում բերվում է հիմնական տեղեկատվական օբյեկտների և (կամ) տեղեկատվական ռեսուրսների ցանկը, որոնց վերաբերյալ (որոնցից) տեղեկությունները փոխանցվում են ընդհանուր գործընթացի մասնակիցների միջև տեղեկատվական փոխգործակցության ընթացքում՝ նշելով դրանց անվանումները, եզակի ծածկագրային նշագրերը և սահմանումները:
11. «Ընդհանուր գործընթացի մասնակիցների պատասխանատվությունը» բաժնում ներառվում են տեղեկատվական փոխգործակցությանը մասնակցող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորած մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները՝ տեղեկությունները ժամանակին ու ամբողջական փոխանցելու համար, եթե այդ պատասխանատվությունը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով կամ Միության մարմինների ակտերով:
12. «Ընդհանուր գործընթացի տեղեկագրքերն ու դասակարգիչները» բաժինն ընդգրկվում է տեղեկատվական փոխգործակցության կանոններում, եթե տեղեկատվական փոխգործակցության ընթացքում օգտագործվող տեղեկատվության ծածկագրման համար ընդհանուր գործընթացն իրագործելիս կիրառվում են տեղեկագրքեր և (կամ) դասակարգիչներ: Բաժնում բերվում է օգտագործվող տեղեկագրքերի և դասակարգիչների ցանկը՝ դրանց համառոտ նկարագրությամբ:
13. «Ընդհանուր գործընթացի ընթացակարգերը» բաժինը պարունակում է ընդհանուր գործընթացի շրջանակներում կատարվող այն ընթացակարգերի նկարագրությունը, որոնք խմբավորված են ընդհանուր գործընթացի խնդիրներին համապատասխան: Բաժինը կարող է պարունակել ենթաբաժիններ՝ պայմանավորված ընդհանուր գործընթացի շրջանակներում կատարվող ընթացակարգերի առանձնացված խմբերի (այսուհետ՝ ընթացակարգերի խմբեր) քանակով:
Յուրաքանչյուր ընթացակարգի նկարագրության ժամանակ նշվում են ընթացակարգի շրջանակներում ընդհանուր գործընթացի մասնակիցների կողմից կատարվող գործառնությունները և դրանց հաջորդականությունը, ինչպես նաև բերվում է յուրաքանչյուր գործառնության մանրամասն նկարագրությունը՝ սահմանելով դրա կատարման պայմանները և ձեռք բերվող արդյունքները:
14. «Արտակարգ իրավիճակներում գործողությունների կարգը» բաժնում բերվում են ընթացակարգերի կատարման ընթացքում հնարավոր արտակարգ իրավիճակների մասին տեղեկությունները, սահմանվում է դրանց կարգավորման ժամանակ գործողությունների ընդհանուր կարգը:
III. Ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելիս ընդհանուր գործընթացի մասնակիցների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգերի տիպային կառուցվածքին ներկայացվող պահանջները
15. Ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելիս ընդհանուր գործընթացի մասնակիցների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգով (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգ) սահմանվում են ընդհանուր գործընթացի որոշակի մասնակիցների միջև (օրինակ, մեկ անդամ պետության լիազորված մարմնի և մյուս անդամ պետության լիազորված մարմնի միջև, անդամ պետության լիազորված մարմնի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև) տեղեկատվական փոխգործակցության իրագործմանն անմիջականորեն ուղղված գործառնությունների կատարման կարգին և պայմաններին ներկայացվող պահանջները:
16. Ի լրումն սույն պահանջների 1-ին կետով նախատեսված բաժինների՝ տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը պարունակում է հետևյալ բաժինները (նշված կարգով)՝
«Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասին հիմնական տեղեկությունները»,
«Տեղեկատվական փոխգործակցությունն ընթացակարգերի խմբերի շրջանակներում»,
«Ընդհանուր գործընթացի հաղորդագրությունների նկարագրությունը»,
«Ընդհանուր գործընթացի տրանզակցիաների նկարագրությունը»,
«Արտակարգ իրավիճակներում գործողությունների կարգը»,
«Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների լրացմանը ներկայացվող պահանջները»:
17. «Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասին հիմնական տեղեկությունները» բաժնում բերվում են տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգով սահմանված՝ ընդհանուր գործընթացի յուրաքանչյուր մասնակցի համար գործառական դերերի նկարագրությունը, ինչպես նաև տեղեկատվական փոխգործակցության կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկությունները՝ հաշվի առնելով ընթացակարգերի առանձնացված խմբերն ու փոխգործակցության ընտրված եղանակները:
18. «Տեղեկատվական փոխգործակցությունն ընթացակարգերի խմբերի շրջանակներում» բաժինը պարունակում է ընդհանուր գործընթացի տրանզակցիաների ցանկը, դրանց կատարման հաջորդականության մասին, դրանց հետ կապված տեղեկատվական օբյեկտների մասին, որոշակի խմբի մեջ մտնող ընթացակարգերի շրջանակներում ընդհանուր գործընթացի մասնակիցների կողմից կատարվող գործառնությունների մասին տեղեկությունները: Բաժինը կարող է պարունակել ենթաբաժիններ՝ պայմանավորված ընդհանուր գործընթացը նկարագրելիս ընթացակարգերի առանձնացված խմբերի քանակով:
19. «Ընդհանուր գործընթացի հաղորդագրությունների նկարագրությունը» բաժնում բերվում են ընդհանուր գործընթացի հաղորդագրությունների, դրանց հետ կապված էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ցանկն ու նկարագրությունը, որոնք փոխանցում (ընդունում) են ընդհանուր գործընթացի՝ տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգով սահմանված մասնակիցները:
20. «Ընդհանուր գործընթացի տրանզակցիաների նկարագրությունը» բաժնում «Տեղեկատվական փոխգործակցությունն ընթացակարգերի խմբերի շրջանակներում» բաժնում նշված ցանկից ընդհանուր գործընթացի յուրաքանչյուր տրանզակցիայի համար բերվում են ընդհանուր գործընթացի տրանզակցիայի կատարման ընդհանուր սխեման և դրա պարամետրերի նկարագրությունը, այդ թվում՝ ժամանակավոր պարամետրերը, որոնցով սահմանվում է տվյալների սպասման և մշակման ժամանակը:
21. «Արտակարգ իրավիճակներում գործողությունների կարգը» բաժնում բերվում է այն արտակարգ իրավիճակների ցանկը, որոնց առաջացումը հնարավոր է ընդհանուր գործընթացի տրանզակցիաները կատարելիս: Ցանկում ներառված յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի համար բերվում է նկարագրությունը՝ նշելով դրա առաջացման հնարավոր պատճառները, ինչպես նաև սահմանվում է արտակարգ իրավիճակի կարգավորման ժամանակ գործողությունների կարգը:
22. «Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների լրացմանը ներկայացվող պահանջները» բաժնում բերվում է ընդհանուր գործընթացի հաղորդագրությունների շրջանակներում փոխանցվող էլեկտրոնային փաստաթղթերի և հաղորդագրությունների առանձին վավերապայմանների լրացմանը ներկայացվող պահանջների նկարագրությունը:
IV. Ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրության տիպային կառուցվածքին ներկայացվող պահանջները
23. Ընդհանուր գործընթացն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությամբ (այսուհետ՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրություն) սահմանվում են ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերին ու կառուցվածքներին ներկայացվող պահանջները:
24. Ի լրումն սույն պահանջների 1-ին կետով նախատեսված բաժինների՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը պարունակում է «Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքները» բաժինը:
25. «Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքները» բաժնում բերվում են ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ցանկը, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափի ու կառուցվածքների նկարագրությունը՝ նշելով անունները, նույնականացուցիչները, տարբերակները, վավերապայմանների ամբողջական կառուցվածքավորված ցանկը՝ յուրաքանչյուր վավերապայմանի համար սահմանելով տվյալների տեսակը և բազմաքանակությունը:
V. Ընդհանուր գործընթացին միանալու կարգի տիպային կառուցվածքին ներկայացվող պահանջները
26. Ընդհանուր գործընթացին միանալու կարգով սահմանվում են տեղեկատվական փոխգործակցությանը ներկայացվող պահանջները, որոնք կատարվում են միաժամանակ կամ ընդհանուր գործընթացին նոր մասնակցի միանալու դեպքում՝ որոշակի ժամանակահատվածում:
27. Ի լրումն սույն պահանջների 1-ին կետով նախատեսված բաժինների՝ ընդհանուր գործընթացին միանալու կարգը պարունակում է հետևյալ բաժինները (նշված կարգով)՝
«Փոխգործակցության մասնակիցները»,
«Միանալու ընթացակարգի նկարագրությունը»:
28. «Փոխգործակցության մասնակիցները բաժնում բերվում է փոխգործակցության մասնակիցների գործառական դերերի նկարագրությունը՝ նախքան ընդհանուր գործընթացին նոր մասնակցի միանալը, իրենց կողմից նախնական (ժամանակավոր) ընթացակարգերը կատարելիս:
29. «Միանալու ընթացակարգի նկարագրությունը» բաժնում բերվում են այն նախնական (ժամանակավոր) ընթացակարգերի նկարագրությունը, որոնց կատարումն իրականացվում է՝ նախքան ընդհանուր գործընթացին նոր մասնակցի միանալը (օրինակ՝ տեղեկագրքերի և դասակարգիչների փոխանակման կարգի նկարագրությունը), ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|