ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 37. | Հուշարձանների օտարումը |
1. Հուշարձանի հատուցմամբ կամ անհատույց օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին:
2. Հուշարձանների հատուցմամբ կամ անհատույց օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը:
3. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, եկեղեցական և վանական համալիրները, տաճարները, մատուռները և այլ պաշտամունքային կառույցները (այսուհետ՝ հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցներ) կարող են ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում:
4. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցի սեփականատերը պարտավոր է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու մտադրության մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս լիազորված մարմնի, իսկ ծանուցմանը կից ներկայացնել գույքի օտարման պայմանագրի նախագիծը և սեփականության իրավունքը վկայող փաստաթղթի պատճենը: Լիազորված մարմինը ծանուցումն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, գրավոր ծանուցում է սեփականատիրոջը գույքն այլ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության կամ մերժման մասին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մերժում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համաձայնության տրամադրումը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են:
6. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների հատուցմամբ կամ անհատույց օտարման համաձայնության տրամադրման և մերժման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Սույն հոդվածով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առ ոչինչ է:»:
| Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 27 Երևան ՀՕ-78-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|