ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում՝
1) 1․1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․1․ Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունը և վաճառքը օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են։ Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության և վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատում է Կառավարությունը։ Լիազոր մարմինն իրականացնում է պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության և վաճառքի լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն:»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․2-րդ մասով․
«1․2․ Քաղաքականություն մշակող լիազոր մարմինը սահմանում է պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի գործողությունների ծրագրեր և կանոններ նիտրատների նկատմամբ զգայուն գոտիների համար։»։
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «լիազոր մարմինն» բառերը փոխարինել «քաղաքականություն մշակող լիազոր մարմինն» բառերով։
Հոդված 3․ Օրենքի 6-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 6
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
| Հոդված 18. | Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումն ու ոչնչացումը |
1. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման կամ տեղափոխման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում դրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու, ինչպես նաև սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում կարանտին վնասակար օրգանիզմների տարածումն ու վարակի օջախները վերացնելու նպատակով կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանման ժամանակ ներմուծող երկրի պահանջներին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանման ժամանակ բուսասանիտարական փորձաքննության արդյունքով կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմնի պաշտոնատար անձի (տեսուչի) տրամադրած եզրակացության հիման վրա սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վարակված բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները վարակազերծվում, ոչնչացվում կամ վերադարձվում են արտահանող երկիր:
2․ Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատում է Կառավարությունը։
3․ Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման մեթոդները, մեթոդներին ներկայացվող ընդհանուր պահանջները, վարակազերծման, ոչնչացման և վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը։
4․ Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումը, ոչնչացումը կամ վերադարձն իրականացվում են սեփականատիրոջ միջոցների հաշվին։ Եթե վարակազերծման կամ ոչնչացման ենթակա բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի սեփականատերը հրաժարվում է կատարել դրա վարակազերծումը կամ ոչնչացումը, կամ դա հնարավոր չէ կատարել անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով, ապա լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ տեղափոխվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տվյալ խմբաքանակը վերադարձվում է արտահանող երկիր, իսկ Հայաստանի Հանրապետությունից արտահանման դեպքում մերժվում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված արտահանման կամ վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը:
5․ Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումն իրականացնում են վարակազերծման աշխատանքներ իրականացնելու համար լիցենզավորված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։ Եթե վարակազերծված արտադրանքում երկուսից ավելի անգամ կարանտին վնասակար օրգանիզմ է հայտնաբերվում, ապա դա հիմք է վարակազերծման աշխատանքներ իրականացնելու համար լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար։ Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ոչնչացումն իրականացնում են ոչնչացման ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։
6․ Լիազոր մարմինն իրականացնում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծում իրականացնելու համար լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն:»։
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող Օրենքի 10-րդ հոդվածի 1․2-րդ մասի և սույն օրենքի 2-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 27 Երևան ՀՕ-74-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|