ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄ-ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1544-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1544-Ա

«23» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄ-ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1.Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

 Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 2026 թվականի փետրվարի 20-ի թիվ Դ-16297-26 դիմում-ծանուցման հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

 2026 թվականի փետրվարի 20-ի թիվ Դ-16297-26 դիմում-ծանուցման (այսուհետ՝ նաև Դիմում) առարկայի քննության կապակցությամբ 2026 թվականի մարտի 13-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության աշխատակից Վարինկա Ավագիմյանը (հիմք՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանի կողմից 2026 թվականի հունվարի 21-ին տրված թիվ 003-26 լիազորագիրը):

Ուսումնասիրելով 2026 թվականի փետրվարի 20-ի թիվ Դ-16297-26 դիմում-ծանուցումը և կից ներկայացված ապացույցը, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

 2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 2026 թվականի փետրվարի 20-ի թիվ Դ-16297-26 դիմում-ծանուցմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածը, 411-րդ հոդվածը և 1021-րդ հոդվածի 1-ին մասը, հետադարձ պահանջի իրավունքով խնդրել է Ընկերությանը վճարել Էրիկ Բալայանի վարած «Tesla» մակնիշի «37 HX 492» հաշվառման համարանիշի ավտոմեքենան 2025 թվականի ապրիլի 2-ին Երևան քաղաքի Հերացի փողոցի երթևեկելի ճանապարհահատվածում առկա փոսն ընկնելու արդյունքում, որպես նշված ավտոմեքենան վնասվելու հետևանքով առաջացած վնաս, նշված ավտոմեքենայի սեփականատեր Ալբերտ Նազարյանին հատուցված 480.000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ գումարը: Վարույթի լսումների ընթացքում, որպես պահանջը հիմնավորող իրավական նորմի, Ընկերության ներկայացուցիչը հղում է կատարել նաև Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի հոկտեմբերի 31-ի N 523-Ն որոշման N 3.6 հավելվածին և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի N 542-Ն որոշմանը:

««Լիդէքս» փորձագիտական և գիտահետազոտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 11-ին կազմված՝ պատահարի առաջացման պատճառների առաջնային (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 1701-01-25 եզրակացության «3.Հետևություններ» բաժնի առաջին պարբերության համաձայն՝ ներկայացված պայմաններում պարզել, թե «Tesla» մակնիշի «37 HX 492» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ունեցել է, արդյոք, տվյալ պատահարը կանխելու հնարավորություն, թե ոչ, և նրա գործողությունները հակասել են, արդյոք, ՃԵԿ-ի 67-րդ կետի պահանջներին, թե ոչ, հնարավոր չէ՝ փորձաքննությանը ներկայացված ելակետային տվյալների անբավարարության պատճառով: Նույն բաժնի երկրորդ պարբերության համաձայն՝ ներկայացված պայմաններում ճանապարհի պահպանման համար պատասխանատու համապատասխան պաշտոնատար անձը, տվյալ պատահարի վայրի ճանապարհահատվածը չպահպանելով երթևեկության համար անվտանգ վիճակում, նաև անհապաղ միջոցներ չձեռնարկելով տվյալ ճանապարհահատվածում ժամանակավորապես սահմանափակելով ճանապարհային երթևեկությունը, թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Քննարկվող պարագայում, ելնելով Դիմումով ներկայացված պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե.

1) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2025 թվականի ապրիլի 2-ին «Tesla» մակնիշի «37 HX 492» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը ճանապարհին առկա փոսի պատճառով տեղի ունենալու հանգամանքը և արդյո՞ք վարորդն ունեցել է պատահարը տեխնիկապես կանխելու հնարավորություն,

2) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2025 թվականի ապրիլի 2-ին «Tesla» մակնիշի «37 HX 492» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարում Երևանի քաղաքապետարանի մեղավորության առկայությունը,

 3) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2025 թվականի ապրիլի 2-ին «Tesla» մակնիշի «37 HX 492» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության (անգործության) ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը (վարչական մարմնի ենթադրյալ՝ ոչ իրավաչափ անգործության և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն),

4) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է Ալբերտ Նազարյանին փոխհատուցված 480.000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով գումարի մասով Երևան համայնքի նկատմամբ Ընկերության հետադարձ պահանջի իրավունք ունենալու հանգամանքը:

Նշված փաստական հանգամանքների ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը, որով սահմանված է, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն, ինչպես նաև իր կողմից «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքներում ներգրավված կամավորի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ պահանջի իրավունք կարող է ձեռք բերվել վնաս պատճառած անձի նկատմամբ, ընդ որում՝ օրենսդիրը հստակեցրել է, թե «այլ անձ» եզրույթը անձանց ինչ շրջանակ է նախատեսում:

Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմի բովանդակային վերլուծությունից, կարելի է փաստել, որ քննարկվող իրավահարաբերություններում Երևանի քաղաքապետարանը կամ Երևան համայնքը նշված նորմի կարգավորման իմաստով չեն հանդիսանում «այլ անձ», քանի որ վարույթով ներկայացված նյութերով չի ապացուցվել վնասը Երևանի քաղաքապետարանի կամ Երևան համայնքի մեղքով առաջանալու փաստական հանգամանքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Քննարկվող պարագայում՝ Դիմումում նշված պահանջը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանին այն պատճառաբանությամբ, որ «Tesla» մակնիշի «37 HX 492» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվել է պատահարի տարածքում գտնվող փոսի պատճառով, ինչում վարչական մարմնի մեղավորությունը դիտարկելը ենթադրում է վերջինիս կողմից ճանապարհի երթևեկելի հատվածի՝ սահմանված կարգին համապատասխանող վիճակը չապահովելու ձևով դրսևորված ենթադրյալ անգործության հարցի քննարկում, ինչի շրջանակներում առանցքային նշանակություն ունի այն հարցերի պարզումը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված է եղել քննարկվող պատահարին հանգեցրած ապօրինի անգործություն, թե՞ ոչ, արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, թե՞ ոչ և արդյո՞ք ենթադրյալ վնասը (հետադարձ պահանջը) հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը:

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

 Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

 Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:

2026 թվականի փետրվարի 20-ի թիվ Դ-16297-26 դիմում-ծանուցման հիման վրա իրականացված վարույթով չեն ներկայացվել 2025 թվականի ապրիլի 2-ին «Tesla» մակնիշի «37 HX 492» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հանգամանքների արժանահավատ փորձաքննության, վթարը կանխելու անհնարիության, ավտոմեքենայի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական փորձաքննության վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից կազմված եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի՝ նշված վթարի պատճառ հանդիսացած գործոններում դրսևորած ենթադրյալ անգործությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:

Որպես պահանջը հիմնավորող ապացույց՝ Դիմումին կից ներկայացվել է ««Լիդէքս» փորձագիտական և գիտահետազոտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի ապրիլի 11-ի թիվ 1701-01-25 եզրակացությունը, որի ապացուցողական նշանակությունը վերը մեջբերված նախադեպային որոշման մեջ արտահայտված դիրքորոշումներից ելնելով գնահատելիս, կարելի է փաստել, որ այն չի հանդիսանում պատահարի առաջացման պատճառներն օբյեկտիվորեն բացահայտող պատշաճ ապացույց, քանի որ այն իրականացվել է անհրաժեշտ ելակետային տվյալների բացակայության պայմաններում, ուստի գնահատվում է ոչ արժանահավատ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

 Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:

 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:

 Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, հետևաբար ենթադրաբար անվտանգ երթևեկություն ապահովված չլինելու պատճառով ճանապահատրանսպորտային պատահար տեղի ունենալու արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման հարցում Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:

 Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2025 թվականի ապրիլի 2-ին «Tesla» մակնիշի «37 HX 492» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, փոսի գոյությամբ պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել Դիմումի առարկա գումարի մասով Ընկերության՝ Երևանի քաղաքապետարանի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք ձեռք բերելը, չի հիմնավորվել Դիմումի առարկա վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով, որ չեն ներկայացվել փոխադրամիջոցի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական, պատահարի հանգամանքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1074-րդ հոդվածների, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անունից Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2026 թվականի փետրվարի 20-ի թիվ Դ-16297-26 դիմում-ծանուցմամբ ներկայացված պահանջը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Տ. Ավինյան