ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 384-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2026 թվականի N 384-Լ

 

ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 384-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ

 

1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացման և գյուղատնտեսական կարևորագույն արտադրատեսակների ներկրումից կախվածության նվազեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունում բուսաբուծության ոլորտի նախանշված թիրախային ցուցանիշներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ավելացնել բուսաբուծական արտադրանքի ծավալները` խթանելով ցանքատարածությունների ընդլայնումը:

2. Հայաստանի Հանրապետությունում առկա են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման և միջին բերքատվության բարձրացման մեծ հնարավորություններ, ուստի անհրաժեշտ է հնարավորինս խթանել հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքերի իրականացումը և ագրոտեխնիկական սահմանված միջոցառումների կիրառման շնորհիվ արտադրողականության բարձրացումը՝ նպաստելով նաև անասնաբուծության ոլորտի զարգացմանը։

3. Հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) համախառն արտադրանքի ավելացումն ապահովելու համար անհրաժեշտ է հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացնել շուրջ 26 000 հեկտարով (գարնանացան հացահատիկային մշակաբույսերը` 23 500 հեկտարով, այդ թվում՝ եգիպտացորենը՝ 2000 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 500 հեկտարով), իսկ բազմամյա խոտաբույսերը (առվույտ, կորնգան)՝ 2000 հեկտարով։

4. Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով, դրանց մշակության համար փոխհատուցել մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք և սերմ) համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ Ընդ որում՝ բուսաբուծության աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունները չեն կարող գերազանցել 100 հեկտարը, իսկ փոխհատուցման առավելագույն գումարը՝ 11.0 մլն դրամը:

5. Ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:

6. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։

7. Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ).

3) Հայաստանի Հանրապետության համայնքները (այսուհետ՝ համայնք).

4) գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ շահառու), ընդ որում՝ միևնույն ֆիզիկական անձը և անհատ ձեռնարկատերը միաժամանակ չի կարող հանդիսանալ ծրագրի շահառու։

8. Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող տնտեսավարողը՝ համաձայն N 1 աղյուսակում ներառված մշակաբույսերի, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

9․ Ծրագիրն իրականացվում է հետևյալ պայմաններով՝

1) ծրագրի շրջանակներում խթանվում է N 1 աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը, որը պետք է իրականացվի N 1 աղյուսակով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի (համայնքի) տարածքում.

2) յուրաքանչյուր շահառու Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք.

3) գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև 2026 թվականի հունիսի 1-ը (բացառությամբ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքը Ծաղկահովիտ համայնքի և Ամասիա համայնքի վերին ենթաշրջանում (նախկին Արփի համայնք) պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը), եգիպտացորենի ցանքը Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում պետք է կատարվի մինչև 2026 թվականի մայիսի 20-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ մինչև 2026 թվականի հունիսի 10-ը, որոնց հսկողությունն իրականացնում են համայնքները.

4) անհրաժեշտության դեպքում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից կարող է տրամադրվել անվճար խորհրդատվություն, միաժամանակ, ըստ մշակաբույսերի, անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին խորհրդատվություն ներկայացված է NN 2, 3, 4 և 5 աղյուսակներում.

5) ծրագրի շրջանակներում առվույտի և կորնգանի (հիմնական մշակաբույսեր) ծածկոց հանդիսացող մշակաբույսերով (հացահատիկային մշակաբույսեր) ցանքի դեպքում հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն միայն հիմնական մշակաբույսի սերմերը, և փոխհատուցումը տրամադրվում է միայն հիմնական մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով, իսկ խառը ցանքերի (մի քանի մշակաբույսերի համատեղ ցանք՝ բերքի ստացման նպատակով) դեպքում հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն ցանված բոլոր մշակաբույսերի սերմերը, և փոխհատուցումը տրամադրվում է միայն հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով.

6) ծրագրի շահառուները նույն հողամասի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության նպատակով կարող են օգտվել նաև ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար նախատեսված աջակցությունից, սակայն միևնույն հողատարածքում միևնույն մշակաբույսի մշակության համար չեն կարող օգտվել պետական աջակցության այլ ծրագրերից։

10. Յուրաքանչյուր շահառուի կողմից կատարված ծախսերի 50 տոկոս փոխհատուցման գումարը հաշվարկվում է տվյալ մշակաբույսի ցանքատարածության մեկ հեկտար մակերեսի վրա հիմնական աշխատանքների՝ վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի միջին շուկայական գներով, որոնք ներկայացված են NN 6, 7, 8 և 9 աղյուսակներում (հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մարզերից հարցումների արդյունքում ճշտված՝ հանրապետության միջին շուկայական գները)՝

1) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական ծախսերը (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) կազմում են 140 000 դրամ, իսկ եգիպտացորենինը՝ 170 000 դրամ.

2) հատիկաընդեղեն մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) ծախսերը կազմում են 200 000 դրամ.

3) բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) յուրաքանչյուր մեկ հեկտար մակերեսի վրա առաջին տարվա ցանքի և մշակության հիմնական (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) ծախսերը կազմում են 220 000 դրամ։

11. Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ սահմանաչափերով՝

1) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ.

2) հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակե րեսի հաշվով՝ 100 000 դրամ.

3) բազմամյա խոտաբույսերի (առվույտի, կորնգանի) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ։

12. Շահառուները մինչև ցանքի իրականացումը ծրագրին մասնակցելու նպատակով թղթային տարբերակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։

13. Դիմումին կից, թղթային եղանակով, շահառուն ներկայացնում է նաև՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) անշարժ գույքի (գյուղատնտեսական նշանակության հողի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով առնվազն մեկ տարի ժամկետով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը (եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն (օգտագործում), ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) գրավոր համաձայնությունը), կամ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ գյուղատնտեսական նշանակության հողը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից փաստացի օգտագործվող հողամասի կադաստրային ծածկագիրը, կամ կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում՝ նշում հասցեի կամ գտնվելու վայրի նկարագրի վերաբերյալ, միևնույն կադաստրային ծածկագրով հողամասը նաև այլ շահառուների կողմից օգտագործվելու դեպքում՝ այդ մասին տեղեկություն, ինչպես նաև հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկություն) և դրա հիմք հանդիսացող փաստաթղթերը.

3) գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմնին փոխանցելու մասին.

4) հայտարարություն (հայտարարության ձևաչափը սահմանվում է համայնքի կողմից)՝ միևնույն հողակտորի վրա նույն նպատակի համար պետական օժանդակության այլ ծրագրերից չօգտվելու մասին տեղեկացված լինելու վերաբերյալ:

14. Ծրագրի 13-րդ կետում ներկայացվող տեղեկության, ինչպես նաև իրականացված մոնիթորինգով արձանագրված փաստացի կատարված ցանքերի մակերեսների վերաբերյալ պատասխանատվությունը կրում են համայնքապետարանը և մարզպետի աշխատակազմը։

15. Բնակավայրի վարչական ղեկավարը դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարը դիմումը (նաև բնակավայրի վարչական ղեկավարին դիմած շահառուների դիմումները) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է ծրագրի մասնակցության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր), ստեղծում շահառուների շտեմարան: 13-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելու կամ դրանք թերի ներկայացնելու պարագայում համայնքի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին՝ թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու կամ նոր դիմում ներկայացնելու մասին։ Դիմումատուն պարտավոր է տեղեկացումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերություններն ու անհամապատասխանությունները կամ ներկայացնել նոր դիմում: Թերություններն ու անհամապատասխանությունները վերացնելուց կամ նոր դիմում ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարը կնքում է պայմանագիր։

16. Պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում նախարարության կայքում։ Պայմանագրում ամրագրվում է դրույթ՝ հողամասի կադաստրային ծածկագրի, մշակաբույսի տեսակի, սորտի կատարվելիք ցանքատարածության մակերեսի վերաբերյալ, ընդ որում՝ պայմանագրում ամրագրվածից պակաս կատարված ցանքի դեպքում փոխհատուցումը կտրամադրվի համայնքի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքով պարզված փաստացի կատարված ցանքի դիմաց։

17. Շահառուները մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ փոխհատուցում ստանալու նպատակով թղթային եղանակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը։ Դիմումին կից ներկայացնում են սերմերի հավաստագրերի պատճենները, «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված սերմերի որակի փորձաքննության արձանագրությունը: Անհրաժեշտության դեպքում շահառուից կարող են պահանջվել սերմերի ձեռքբերման փաստաթղթերը, սերմերի պարկերի պիտակները և այլ փաստաթղթեր։

18. Համայնքի ղեկավարը ծրագրի 15-րդ կետում նշված պայմանագրերի պատճենները պայմանագրերի կնքումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մարզպետի աշխատակազմ։

19. Համայնքի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից իրականացվում է համատարած մոնիթորինգ՝ մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքը։ Մոնիթորինգի իրականացման կարգը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը և մինչև տվյալ տարվա ապրիլի 20-ը տրամադրում համայնքին և մարզպետի աշխատակազմ։

20. Հանձնաժողովը ծրագրի շրջանակներում կատարված ցանքատարածություններում մոնիթորինգն իրականացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է իր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները և ցանքերի ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան լինելու դեպքում մոնիթորինգի դրական եզրակացությամբ շահառուների վերաբերյալ տեղեկությունը ներկայացնում է նախարարություն՝ նախարարության կողմից մշակված ու հաստատված համայնքին և մարզպետի աշխատակազմին տրամադրված ձևաչափով՝ էլեկտրոնային և համայնքի ղեկավարի կողմից կնքված և ստորագրված տարբերակով։

21. Ծրագրի 19-րդ կետով սահմանված կարգի համաձայն մշակաբույսի ցանքատարածություններում մինչև բերքահավաքը մարզպետի աշխատակազմը նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ, ընդ որում՝ մոնիթորինգի ընդգրկելիության նվազագույն շեմը պետք է կազմի համայնքի շահառուների թվի առնվազն 20 %-ը։

22. Մարզպետի աշխատակազմը մոնիթորինգից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում ամփոփում է իր կողմից իրականացված ընտրանքային մոնիթորինգի արդյունքները և ներկայացնում է նախարարություն՝ ծրագրի 20-րդ կետով նախատեսված ձևաչափով։

23. Նախարարությունն ամփոփում է ծրագրի 20-րդ կետում նշված տեղեկությունը և մոնիթորինգի արձանագրությունները՝ դրանք ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքում ի հայտ եկած անճշտությունների դեպքում վերադարձնում է համայնքին՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու և կրկին դիմում ներկայացնելու նպատակով կամ փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցում համայնքների հաշվեհամարներին, ընդ որում՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցվում են համայնքների հաշվեհամարներին մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ։

24. Համայնքները ծրագրի 23-րդ կետով նախատեսված գումարներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում են շահառուների բանկային հաշվեհամարներին, որոնք բռնագանձման ենթակա չեն, և 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն են ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը։

25. Մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացված մոնիթորինգի բացասական արդյունքների առկայության դեպքում (ծրագրի պայմանների կամ 15-րդ կետում նշված պայմանագրի դրույթների խախտում) տվյալ պայմանագրի շրջանակում փոխհատուցման գումար չի տրամադրվում, իսկ տրամադրված լինելու դեպքում նախարարության կողմից համայնքին ներկայացվում է պետական բյուջե հետվերադարձման պահանջ շահառուին փոխհատուցված (համայնքին գումարը հետ է վերադարձնում շահառուն) գումարների մասով։

26․ Հետվերադարձման պահանջ ներկայացվելու դեպքում շահառուի կողմից համայնքին 1-ամսյա ժամկետում գումարները չվճարելու պարագայում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը։

27. Նախարարությունը մինչև 2027 թվականի փետրվարի 15-ն ուսումնասիրում է համայնքների կողմից ծրագրի 24-րդ կետում ներկայացված փաստաթղթերը, և անճշտությունների առկայության դեպքում համայնքներին առաջարկվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարել համապատասխան ճշգրտումներ ու տեղեկություն ներկայացնել նախարարություն։ Ճշգրտումից հետո շահառուներին չփոխանցված գումարները 1-ամսյա ժամկետում ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

28. Նախարարությունը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը՝ ներառյալ մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարները փոխհատուցված գումարի 3%-ի չափով փոխանցում է համայնքների հաշվեհամարներին։

29. Համայնքները մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը նախարարություն են ներկայացնում ամփոփ հաշվետվություն՝ ծրագրի շրջանակում ըստ մշակաբույսերի կատարված ցանքատարածությունների, միջին բերքատվության և համախառն բերքի վերաբերյալ։

30. Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝

1) շրջանառու միջոցների գների թանկացումները.

2) եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բերքի կորուստը.

3) շահառուների կողմից պահանջված ագրոտեխնիկական միջոցառումների ոչ պատշաճ իրականացումը․

4) ծրագրով սահմանված պահանջների վերաբերյալ շահառուների ոչ բավարար տեղեկացվածությունը․

5) շահառուների կողմից ծրագրով սահմանված պահանջները չպահպանելը։

31. Ռիսկերի մեղմմանը միտված միջոցառումներն են՝

1) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ապահովագրության հնարավորությունը.

2) ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը և իրազեկվածության մակարդակի բարձրացումը.

3) շահառուների մասնագիտական կարողությունների բարելավումը՝ խորհրդատվության միջոցով.

4) մոնիթորինգի իրականացումը։

32. Ծրագրի ֆինանսական գնահատականը՝

1) ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) ծրագրի իրականացման նախնական արժեքը 2027 թվականին կկազմի շուրջ 2․003 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք են հանդիսացել ծրագրով նախատեսված (գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 23 500 հեկտար, որից եգիպտացորենի՝ 2000 հեկտար, հատիկաընդեղեն մշակաբույսերի` 500 հեկտար, բազմամյա խոտաբույսերից առվույտի, կորնգանի՝ 2000 հա) մշակաբույսերի մշակության համար փոխհատուցվող գումարները և համայնքներին մոնիթորինգի իրականացման համար տրվող գումարները (հաշվարկվել է փոխհատուցվող գումարի 3․0 %-ը` շուրջ 58․3 մլն դրամ.

3) հաշվի առնելով, որ ծրագրի շրջանակում հանրապետությունում ըստ մշակաբույսերի ցանքատարածությունների մակերեսի սահմանափակում նախատեսված չէ՝ ցանքատարածությունների մակերեսը կարող է գերազանցել ծրագրի շրջանակում գնահատված մակերեսը։

33. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) հավաստագրված սերմերով 26 000 հեկտար ցանքի իրականացում, այդ թվում՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի՝ 23 500 հեկտար, հատիկաընդեղեն մշակաբույսերի` 500 հեկտար, իսկ բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան)՝ 2000 հեկտար.

2) գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 46 320 տոննայով, բազմամյա խոտաբույսերինը` շուրջ 13 000 տոննայով.

3) կնվազեն ներմուծման ծավալները.

4) ինքնարժեքի նվազում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին.

5) շահառուների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում:

 

Աղյուսակ N 1

 

Ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի մշակաբույսերի տեսակների մշակությունը

 

Հայաստանի Հանրապետության

մարզը

Մշակաբույսը

Արագածոտն

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան

ցորեն և գարնանացան գարի, վարսակ, հաճար)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Արմավիր

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան գարի,

եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ

Արարատ

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան գարի,

եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ

Գեղարքունիք

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան

ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Լոռի

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար,

եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Կոտայք

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար,

եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Շիրակ

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան

ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Սյունիք

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան

ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Վայոց ձոր

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան

ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Տավուշ

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան գարի,

վարսակ, հաճար, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

 

Աղյուսակ N 2

 

Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության համար կատարվող աշխատանքները

 

Աշխատանքի անվանումը

Ագրոտեխնիկական պահանջները

Հիմնական պարարտացում

Գոմաղբ,

ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ*

Խոր վար

25-27 սմ խորությամբ

Հողի նախացանքային

մշակություն

Կուլտիվացիա

10-12 սմ խորությամբ

հարթեցում

Հարթեցում (գլանակում)

Ցանք

180-250 կգ/հա**

Ոռոգում

-

Պայքար հիվանդությունների,

վնասատուների և մոլախոտային բուսականության դեմ

Սրսկումները կատարել՝ հետևելով եղանակային

պայմաններին, ինչպես նաև օգտագործել աճի խթանիչներ

Սնուցում

Ազոտական պարարտանյութ

Բերքահավաք

Հատիկի լրիվ հասունացման փուլ

___________________

* Հաշվի առնելով տվյալ հողամասի ագրոքիմիական կազմը և ըստ դրա պարարտացնել

** գարնանացան գարի՝ 180-200 կգ/հա, գարնանացան ցորեն՝ 220-250 կգ/հա, վարսակ՝ 180-200 կգ/հա, հաճար՝ 180-200 կգ/հա

 

Աղյուսակ N 3

 

Եգիպտացորենի մշակության համար կատարվող աշխատանքները

 

Աշխատանքի անվանումը

Ագրոտեխնիկական պահանջները

Երեսվար

15-20 սմ խորությամբ

Հիմնական պարարտացում

Գոմաղբ,

ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ*

Խոր վար

25-27 սմ խորությամբ

Հողի նախացանքային մշակություն

Կուլտիվացիա

(2 անգամ)

10-12 սմ խորությամբ

10-12 սմ խորությամբ ազոտական 100 կգ +

 

կրկնակի սուպերֆոսֆատ 65 կգ

հարթեցում

Հարթեցում (գլանակում)

Ցանք

70x30 սխեմայով, 20 կգ ցանքի նորմայով,

6-8 սմ խորությամբ

Ոռոգում

-

Միջշարային մշակություն

(2 անգամ) + սնուցում

Ազոտական պարարտանյութ

Պայքար հիվանդությունների, վնասատուների

և մոլախոտային բուսականության դեմ

3-4 անգամ

Բերքահավաք

Հատիկի լրիվ հասունացման փուլ

 

__________________

*Հաշվի առնելով տվյալ հողամասի ագրոքիմիական կազմը և ըստ դրա պարարտացնել

 

Աղյուսակ N 4

 

Հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության համար կատարվող աշխատանքները

 

Աշխատանքի անվանումը

Ագրոտեխնիկական պահանջները

Հիմնական պարարտացում

Գոմաղբ,

ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ*

Խոր վար

25-30 սմ խորությամբ

Հողի նախացանքային մշակություն

Կուլտիվացիա 10-12 սմ խորությամբ

Ցանք

-

Ոռոգում

-

Միջշարային տարածքների 1-ին կուլտիվացիա

-

Միջշարային տարածքների 2-րդ կուլտիվացիա

8-10 սմ խորությամբ

Սնուցում

Ազոտական պարարտանյութ

Քաղհան փխրեցում (ձեռքով)

-

Պայքար հիվանդությունների, վնասատուների և

մոլախոտային բուսականության դեմ

2-3 անգամ

Բերքահավաք

-

 

____________________

*Հաշվի առնելով տվյալ հողամասի ագրոքիմիական կազմը և ըստ դրա պարարտացնել

 

Աղյուսակ N 5

 

Առվույտի և կորնգանի (1-ին տարվա) մշակության համար կատարվող աշխատանքները

 

Աշխատանքի անվանումը

Ագրոտեխնիկական պահանջները

Պարարտացում

(օրգանական պարարտանյութ)

Գոմաղբ 20-25 տոննա

Խոր վար

25-30 սմ խորությամբ

Հողի նախացանքային մշակություն

Կուլտիվացիա

10-12 սմ խորությամբ

Տափանում,

հարթեցում

Հարթեցում (գլանակում)

Ցանք*

առվույտ

20-25 կգ

կորնգան

150-170 կգ

Ոռոգում

-

Պայքար հիվանդությունների և

վնասատուների դեմ

-

Բերքահավաք

առվույտ

Բերքահավաքն իրականացնել ծաղկման փուլում,

հատուկենտ ծաղիկների երևալուն պես

կորնգան

Հակավորում

-

Հակի բարձում և բեռնաթափում

-

 

__________________

* Նպատակահարմար է ցանքն իրականացնել ենթացանքով (գարի, ցանքի նորմա՝ 100-120 կգ/հա)

 

Աղյուսակ N 6

 

Հաշվարկ

 

Մեկ հեկտար գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկության համաձայն)

 

Աշխատանքի անվանումը

Արժեքը

(հազ. դրամ)

Վար

35

Ցանք

15

Բերքահավաք

35

Սերմ

55

Ընդամենը

140

Աղյուսակ N 7

 

Հաշվարկ

 

Մեկ հեկտար եգիպտացորենի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկության համաձայն)

 

Աշխատանքի անվանումը

Արժեքը

(հազ. դրամ)

Վար

35

Ցանք

20

Բերքահավաք

35

Սերմ

80

Ընդամենը

170

 

Աղյուսակ N 8

 

Հաշվարկ

 

Մեկ հեկտար հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկության համաձայն)

 

Աշխատանքի անվանումը

Արժեքը

(հազ. դրամ)

Վար

35

Ցանք

15

Բերքահավաք

50

Սերմ

100

Ընդամենը

200

 

Աղյուսակ N 9

 

Հաշվարկ

 

Մեկ հեկտար բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկության համաձայն)

 

Աշխատանքի անվանումը

Արժեքը

(հազ. դրամ)

առվույտ

կորնգան

Վար

35

35

Ցանք

15

15

Բերքահավաք

110

95

Սերմ

60

75

Ընդամենը

220

220

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան