ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 271
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-14.07.1994)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 1994 թ. N 271

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1994 թվականի ընդունելության քննությունների կանոնները (կցվում է)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ա.  ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

հունիսի 13-ի N 271 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհերը) 1994 թվականին ընդունելություն են կատարում ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցման գծով:

2. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման: Բարձրագույն կրթություն ունեցող անձինք սահմանված կարգի համաձայն, կարող են երկրորդ մասնագիտություն ստանալ միայն վճարովի ուսուցման համակարգում:

3. Բուհեր ընդունելությունը կատարվում է համաձայն պետական պատվերի, պետական առաջադրանքի (վճարովի ուսուցման համակարգ), Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ընդունելության քննությունների ցանկի և սույն կանոններով սահմանված մրցույթի անցկացման կարգի:

4. Հանրակրթական առարկաների գծով ընդունելության քննություններն անցկացնում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հանրապետական առարկայական հանձնաժողովները` գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հաստատած` Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հետ համաձայնեցված ծրագրերով: Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների գծով մասնագիտական առարկաների քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում` նրանց մշակած ծրագրերով:

5. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի մինչև չորս մասնագիտության գծով (պետպատվեր և վճարովի համակարգ) մրցույթին, հանձնելով այդ մասնագիտությունների գծով ընդունելության բոլոր քննությունները:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

 

ա) դիմորդները մրցույթին մասնակցում են իրենց դիմումներում նշած մասնագիտությունների հերթականությանը համապատասխան.

բ) ընտրած մասնագիտությունների գծով կրկնվող առարկաների քննությունները հանձնվում են մեկ անգամ.

գ) դիմորդն իր ընտրած չորս մասնագիտության համար կարող է ներկայացնել մինչև ութ հայտ (պետպատվեր և վճարովի համակարգ)` ըստ իր նախասիրության և հնարավորության համարակալելով հայտերը.

դ) Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում և Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում մրցույթն անցկացվում է ըստ ֆակուլտետների:

 

6. Ըստ մասնագիտությունների մրցույթն անցկացվում է մրցութային քննությունների միավորների գումարի հիման վրա, որի արդյունքները հաստատում է հանրապետական ընդունող հանձնաժողովը: Մրցութային քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում քննական առարկաներից ստացած միավորները` բուհերի կողմից նշված հաջորդականությամբ:

7. Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, որոնք տվյալ մասնագիտության գծով նախատեսված բոլոր քննություններից ստացել են դրական գնահատականներ ու բավարարում են բուհերի կողմից առաջադրված պայմանները և որոնց առողջական վիճակը հակացուցված չէ տվյալ մասնագիտությամբ սովորելու համար:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

 

ա) հանրակրթական առարկաների քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 և դրանից բարձր միավորները.

բ) եթե դիմողը մրցույթով անցնում է հայտում նշված առաջին մասնագիտությամբ, ապա հայտում նշված մյուս մասնագիտությունների համար մրցույթին չի մասնակցում: Այն դեպքում, երբ դիմորդը մրցույթով չի անցնում իր հայտում նշված առաջին մասնագիտության գծով, հավասար պայմաններով մասնակցում է հայտում նշված երկրորդ մասնագիտության գծով մրցույթին, և այսպես շարունակ.

գ) նույն մասնագիտության համար պետպատվերով և վճարովի ուսուցման գծով մրցույթներն անցկացվում են իրարից անկախ` դիմումում նշված հերթականությամբ:

 

8. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած դիմորդները բուհի կողմից տվյալ մասնագիտության համար առաջադրված պայմաններից անկախ, մրցույթից դուրս, հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ պահեստային տեղերի հաշվին ընդունվում են`

ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, որոնց համար բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ամուսիններն ու երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կողմից տրված վկայականների.

գ) երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված (18 տարին չլրացած) անձինք.

դ) ներքին սփյուռքից (նախկին ԽՍՀՄ-ից) դիմորդները` մանկավարժական բուհերում (Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական և Վանաձորի մանկավարժական ինստիտուտներ) տվյալ համայնքին հատկացված տեղերի չափով:

9. Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին, ինչպես նաև հրապարակվում են ի գիտություն դիմորդների` մինչև 1994 թվականի օգոստոսի 31-ը:

10. Պաշտոնական ցուցակների համաձայն բուհ ընդունելությունը կատարվում է ռեկտորի հրամանով:

11. Դիմորդները բոլոր մասնագիտությունների համար ընդունելության քննություն են հանձնում հայոց լեզվից (թելադրություն): Միջնակարգ կրթության վկայականում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի գրավոր քննության փոխարեն կարող են հանձնել ռուսաց լեզվի քննություն (գրավոր), իսկ այն դիմորդները, որոնք միջնակարգ կրթության վկայականում չունեն նաև գնահատական ռուսաց լեզվից և գրականությունից, հանձնում են որևէ օտար լեզվով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) քննություն:

Բացառություն են կազմում`

ա) 0214 - ժուռնալիստիկա, 0219 - հայոց լեզու և գրականություն, 0307 - մանկավարժություն և հոգեբանություն, 0308 - մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա և 0310 - դեֆեկտոլոգիա և լոգոպեդիա մասնագիտությունները, որոնց դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է.

բ) 0217 - ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությունը, որի համար սահմանված հայոց լեզվի գրավոր քննության փոխարեն կարող են հանձնել օտար լեզվի (գրավոր) քննություն.

գ) 0217 - ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու մասնագիտությունը (ԵրՕԼԻ), որի համար սահմանված հայոց լեզվի գրավոր քննության փոխարեն կարող են հանձնել օտար լեզվի (գրավոր) քննություն:

12. Միջնակարգ կրթության վկայականում անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզուների գրավոր քննության փոխարեն կարող են հանձնել ռուսաց լեզվի (գրավոր) քննություն: Բացառություն են կազմում 0214 - ժուռնալիստիկա, 0220 - օտար լեզու, 0307 - մանկավարժություն և հոգեբանություն ու անգլերեն, 0609, 0610 - ընդհանուր տնտեսագիտություն (ԵՊՀ և ԵրԺՏԻ) մասնագիտությունները, որոնց դեպքում օտար լեզվի գրավոր քննությունը պարտադիր է:

13. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

14. Ոչ հայկական դպրոցների շրջանավարտներն ընդունելության քննությունները, բացի լեզուներից, կարող են հանձնել ռուսաց լեզվով:

15. Քննատախտակով նախատեսված օրը անհարգելի պատճառով քննությանը չմասնակցած դիմորդներին չի թույլատրվում տվյալ առարկայի քննությանը մասնակցել:

Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որևէ առարկայի քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում հանձնել այն, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:

16. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի գանգատարկելու առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը` այն հայտնելու օրը:

17. Յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 150 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից, քննության համար վճարած գումարը չի վերադարձվում: Հանրապետական ընդունող հանձնաժողովն իրավունք ունի առանձին քաղաքացիների` ելնելով նյութական վիճակից, ազատելու ընդունելության քննությունների վարձից:

18. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 1994 թվականի հունիսի 16-ից մինչև հուլիսի 17-ը: Ընդունելության քննություններն անցկացվում են 1994 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 17-ը: Դիմորդի քննությունների գրաֆիկը կախված չէ գործերը հանձնելու օրվանից:

Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների գծով քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում` 1994 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 8-ը:

19. Դիմորդները ընդունելության քննություններին ու մասնագիտությունների գծով մրցույթին մասնակցելու հայտը և փաստաթղթերը հանձնում են դիմումում առաջինը նշված բուհ:

Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների գծով դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհ:

Դիմումի հետ ներկայացվում են`

ա) կրթության մասին վկայականի բնագիրը.

բ) բժշկական տեղեկանք (ձև N 86-Ու).

գ) 6 լուսանկար` 3x4 սմ չափսի.

դ) զինվորական ծառայության հետ առնչության մասին փաստաթուղթ (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվարկային փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի առկայության կամ չզորակոչելու պատճառը հաստատող այլ նշումների դեպքում).

ե) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).

զ) այլ փաստաթղթեր, եթե այդպիսիք պահանջվում են տվյալ մասնագիտության գծով ընդունելության պայմաններով.

է) լրացուցիչ տեղեկանքներ (տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված լինելու մասին).

ը) ընդունելության քննություններին մասնակցելու համար սահմանված վճարը դիմորդները մուծում են համապատասխան բուհում:

20. Քննություններին և մրցույթին մասնակցելու հայտը փոփոխման ենթակա չէ:

21. Բուհեր ընդունելության հետ առնչվող բոլոր վիճելի հարցերը լուծում է հանրապետական ընդունող հանձնաժողովը:

22. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը թույլատրել`

ա) Երևան քաղաքի ֆիզիկամաթեմատիկական թեքումով, Երևանի պետական համալսարանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցի, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Երևանի «Քվանտ» վարժարանի շրջանավարտներին, իրենց ավարտական քննությունների արդյունքներով, ընդունել Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներ` նախարարության կողմից հաստատված հանձնաժողովի կողմից երեք մրցութային առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով.

բ) միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային մրցույթների հաղթողներին ընդունել նույն մասնագիտությունների գծով բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներ` առանց ընդունելության քննությունների: