ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1467-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2026-17.04.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1467-Ա

«18» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն Մեհրաբյանի դիմումը` Դավթաշեն Ձոր-2 թաղամասի հ.132 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08082022-01-0301 վկայական) հողամասին կից՝ որպես ընդլայնում, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 08082022-01-0301 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 14.11.2024թ. հ.ԱՏ-14112024-01-0971 տեղեկանքը:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող 127.27 քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի գոտում, իսկ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում (ծածկագրեր՝ 01-004-304-043, տող՝ 22317 Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մայիսի 3-ի h.446-Ն որոշում):

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 127.27քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան, այն է` օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքը կամ ռելիեֆը /երկրի մակերևույթի ամբողջություն/ թույլ չի տալիս այն կառուցապատել, կամ օտարվող հողամասը կարող է կառուցապատվել բացառապես օժանդակ շինություններով, բակային ջրավազաններ ու կառույցներ համարվող տնտեսական օգտագործման շինություններով, կցակառույցներով կամ ավտոտնակներով:):

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքի» 46-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.12.2025թ. և 07.01.2026թ. հ.Ն/20066-25 եզրակացությունները և Ն/6299-26 գրությունը.

1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Դավթաշենի Ձոր-2 թաղամասի հ.132 հասցեին կից գտնվող հողամասի մակերեսը կազմում է 127.27քմ, որի սահմանը որոշվում է սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Դավթաշենի Ձոր-2 թաղամասի հ.132 հասցեին կից՝ 127.27 քմ մակերեսով հողամասին տրամադրել «Ձոր-2» թաղամաս, հ.132/1» հասցեն:

3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշենի Ձոր-2 թաղամասի հ.132 հասցեին կից՝ 127.27քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։

4. Դավթաշենի Ձոր-2 թաղամասի հ.132 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Մեհրաբյանին պատկանող հողամասին կից՝ 127.27քմ մակերեսով հողամասը որպես ընդլայնում, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 7 497 222 (յոթ միլիոն չորս հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր քսաներկու) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.

2) Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց և Կարեն Մեհրաբյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի ու հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետի անունից կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին:

7. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 4-րդ կետը համարվում է ուժը կորցրած:

8. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում է Կարեն Մեհրաբյանի միջոցների հաշվին, առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):

9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Ձև N 1-2