ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 105
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.11.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2025 թվականի

թիվ 105

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման կարգը։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման կարգի մասին» թիվ 168 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 9-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման կարգում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 11 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 105 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման

 

1. Սույն կարգը մշակվել է «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 4-րդ կետի 5-րդ ենթակետն իրագործելու նպատակով և այն սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործողությունների հաջորդականությունը՝ անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները կանխատեսումային ժամանակահատվածի համար սահմանելիս։

2. Սույն կարգի նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«նախնական առաջարկություններ»՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների մասով Հանձնաժողովի առաջարկություններ, որոնք կազմվել են միջազգային կազմակերպությունների կողմից բաց հասանելիությամբ տեղադրվող՝ «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվության մոնիթորինգի անցկացման արդյունքներով

«սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում»՝ սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում, որը մշակվում է անդամ պետության կողմից (Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում միջնաժամկետ ժամանակահատվածի համար՝ առաջիկա տարվա բյուջեի նախագծի շրջանակներում, Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում առաջիկա տարվա համար, Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում՝ միջնաժամկետ ժամանակահատվածի համար, Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում միջնաժամկետ ժամանակահատվածի համար, Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի համար).

«կանխատեսումային ժամանակահատված»՝ ժամանակահատված, որը կազմում է 3 տարի՝ ընթացիկ տարին (կանխատեսումը կազմելու տարին) չհաշված.

«լիազորված մարմիններ»՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններ, որոնց իրավասության մեջ մտնում է սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների մշակումը և (կամ) Հանձնաժողովի հետ փոխգործակցությունը։

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով։

3. Հանձնաժողովն իրականացնում է միջազգային կազմակերպությունների կողմից բաց հասանելիությամբ տեղադրվող՝ «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվության մոնիթորինգի անցկացումը։

4. Հանձնաժողովը սույն կարգի 3-րդ կետին համապատասխան իրականացվող մոնիթորինգի անցկացման արդյունքներով ամեն տարի՝ մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 20-ը, կազմում է նախնական առաջարկություններ՝ հավելվածի համաձայն «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների միջակայքային քանակական արժեքների սահմանմանը ներկայացվող պահանջներին համապատասխան, և դրանք ուղարկում է անդամ պետություններ՝ համաձայնեցման համար։

5. Հաշվի առնելով նախնական առաջարկությունները՝ լիազորված մարմիններն ամեն տարի՝ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 10-ը, Հանձնաժողով են ուղարկում կանխատեսումային ժամանակահատվածի համար կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական այն արժեքների վերաբերյալ առաջարկություններ, որոնք նախատեսված են անդամ պետության կողմից մշակվող սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման նախագծի հիմնական սցենարով։

6. Ի լրումն սույն կարգի 5-րդ կետում նշված առաջարկությունների՝ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինները մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 10-ը Հանձնաժողով են ուղարկում ներքին սպառման համար մատակարարվող բնական գազի կանխատեսվող գնի փոփոխության կողմնորոշիչ միջակայքի վերաբերյալ տեղեկատվություն։ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների կողմից մակրոտնտեսական կանխատեսման նպատակով տրամադրվող նշված տեղեկատվությունը կանխատեսումային ժամանակահատվածում անդամ պետություններին բնական գազի մատակարարման գնի մասով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունը չէ։

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններից ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն այն ուղարկում է Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն։

8. Հանձնաժողովը, հաշվի առնելով լիազորված մարմինների կողմից սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ներկայացված առաջարկությունները, նախապատրաստում է կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները։

9. Հանձնաժողովի կոլեգիան ամեն տարի՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, հաստատում է անդամ պետությունների հետ համաձայնեցված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները կանխատեսումային ժամանակահատվածի համար։

10. Լիազորված մարմինները կազմում են սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումները՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության անդամ

պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման

պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու

համար օգտագործվող կանխատեսումների արտաքին

պարամետրերի միջակայքային քանակական

արժեքների համաձայնեցման կարգի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

«Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների միջակայքային քանակական արժեքների սահմանմանը ներկայացվող

 

I. «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների սահմանմանը ներկայացվող պահանջները

 

1. Կանխատեսվում է «Brent» ապրանքանիշի նավթի միջին տարեկան գինը։

2. «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսման միջակայքային քանակական արժեքները սահմանվում են՝ ելնելով պարամետրի միջակայքի վերին և ստորին արժեքներից՝ 3 տարի կազմող կանխատեսումային ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար՝ ընթացիկ տարին (կանխատեսումը կազմելու տարին) չհաշված։

3. «Brent» ապրանքանիշի նավթի ծավալի չափման միավորն ամերիկյան նավթային բարելն է, որը հավասար է 136,4 կգ նավթի։

4. «Brent» ապրանքանիշի նավթի գինը սահմանվում է ԱՄՆ դոլարով՝ բարելի դիմաց (դոլար/բարել)։

5. Անհրաժեշտության դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավասու են վերահաշվարկել «Brent» ապրանքանիշի նավթի գներն այլ ապրանքանիշների նավթի գներով (ապրանքանիշների զամբյուղներ), ինչպես նաև սահմանել գինը այլ արժույթներով և մետրական միավորներով։

 

II. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների սահմանմանը ներկայացվող պահանջները

 

6. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսման միջակայքային քանակական արժեքները սահմանվում են նախորդ տարվա արժեքների նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ (համադրելի գներով)։

7. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսման միջակայքային քանակական արժեքները սահմանվում են՝ ելնելով պարամետրի միջակայքի վերին և ստորին արժեքներից՝ 3 տարի կազմող կանխատեսումային ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար՝ ընթացիկ տարին (կանխատեսումը կազմելու տարին) չհաշված։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: