ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.09.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2025 թվականի

թիվ 6

քաղ. Մինսկ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետի և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց․

1. Հաստատել կցվող՝ Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի մշակման և իրագործման վերաբերյալ հիմնադրույթը։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության առնվազն 3 անդամ պետություններից շահագրգիռ սուբյեկտների՝ արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրի իրագործմանը մասնակցելու պահանջը, որը նախատեսված է սույն որոշմամբ հաստատված հիմնադրույթի 3-րդ կետով, չի տարածվում արդյունաբերության ոլորտում այն միջպետական ծրագրերի վրա, որոնց մշակման վերաբերյալ կարգադրությունը՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվել է։

3. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի «Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի մշակման, ֆինանսավորման ու իրագործման վերաբերյալ հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 1 որոշումը

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի փետրվարի 3-ի «Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի մշակման, ֆինանսավորման ու իրագործման վերաբերյալ հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի հունվարի 2-ից ոչ շուտ։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 30-ի

թիվ 6 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի մշակման և իրագործման վերաբերյալ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնադրույթով սահմանվում են արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի (այսուհետ՝ ծրագրեր) մշակման և իրագործման ձևերը, կարգն ու մեխանիզմը, որոնք ուղղված են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում փոխշահավետ հիմունքներով արդյունաբերական համագործակցության զարգացմանը:

2. Սույն հիմնադրույթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«ծրագրի մշակման վերաբերյալ նախաձեռնություն»՝ ծրագրի մշակման նպատակահարմարության մասին տեղեկատվություն պարունակող հիմնավորված առաջարկ

«ծրագրի մշակման նախաձեռնող»՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակի մասնակից, որը սահմանվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման վերաբերյալ հիմնադրույթին համապատասխան, կամ Միության անդամ պետության՝ դրա կառավարության կողմից լիազորված պետական իշխանության մարմին կամ կազմակերպություն․

«ազգային պատվիրատուներ»՝ Միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ, որոնք մասնակցում են ծրագրի մշակմանը, իրագործմանը և ծրագրի շրջանակներում անդամ պետության տարածքում միջոցառումների և (կամ) աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ հսկողությանը.

«ազգային պատվիրատու-համակարգող»՝ ազգային պատվիրատուներից մեկը, որը ծրագրի մշակման և իրագործման ժամանակ համակարգում է Միության անդամ պետության մյուս ազգային պատվիրատուների գործունեությունը.

«ծրագրի իրագործման պատասխանատու»՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակի մասնակիցը կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված այլ անձ, որն իրականացնում է ծրագրի մշակման ու իրագործման գործունեության համակարգումը, ինչպես նաև դրա իրագործման արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվության պատրաստումը

«ենթածրագիր»՝ ծրագրի կառուցվածքային տարր, որը ձևավորվել է ծրագրի նպատակներին հասնելու համար առաջադրված՝ դրա խնդիրներից մեկի լուծման շրջանակներում միջոցառումների իրականացման համար.

«ծրագիր»՝ Միության անդամ պետությունների մասնակցությամբ իրականացվող համատեղ ծրագիր, որն ուղղված է ռեսուրսների, իրականացման ժամկետների առումով փոխկապակցված համալիր ենթածրագրերի և (կամ) նախագծերի իրագործմանը՝ Միության շրջանակներում նորարարական զարգացման և արդյունաբերական համագործակցության ոլորտում առաջադրված ինտեգրացիոն խնդիրների արդյունավետ լուծումն ապահովելու նպատակով

«նախագիծ»՝ ծրագրի նպատակների իրագործմանն ուղղված կազմակերպատնտեսական, գիտահետազոտական փորձակոնստրուկտորական, արտադրական և արտադրանքի ստեղծման այլ միջոցառումներ հանդիսացող՝ ծրագրի կառուցվածքային տարր

«ծրագրի մասնակիցներ»՝ ազգային պատվիրատուներ և եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցներ, որոնք ապահովում են ծրագրի մշակումն ու իրագործումը և (կամ) մասնակցում են դրա մշակման ու իրագործման ֆինանսավորմանը, ինչպես նաև իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, որոնք ներգրավվում են դրա իրականացման համար՝ ծրագրի իրագործման պատասխանատուի կամ ազգային պատվիրատու-համակարգողի, կամ ազգային պատվիրատուների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերին համապատասխան:

3. Ծրագիրն իրականացվում է նախագծային ձևաչափով, որով նախատեսվում է Միության առնվազն 3 անդամ պետություններից (այսուհետ՝ անդամ պետություններ) շահագրգիռ սուբյեկտների մասնակցություն՝ համապատասխան անդամ պետությունների կառավարությունների կողմից ազգային պատվիրատու-համակարգողների և ազգային պատվիրատուների պաշտոնական հաստատմամբ։ Ծրագիրը մշակվում է դրանում առաջադրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածի համար (սակայն ոչ ավելի, քան 5 տարով)։

Ծրագրի կառուցվածքային տարրեր կարող են լինել ենթածրագրերն ու նախագծերը, որոնք իրականացվում են ենթածրագրերի և նախագծերի կազմում հաստատվող ռեսուրսների, ծրագրի մասնակիցների ու ժամկետների առումով փոխկապակցված միջոցառումների իրագործման միջոցով։ Ծրագիրը կարող է այնպիսի պետական ծրագրերի մասերի (հատվածների) ամբողջություն լինել, որոնք անդամ պետությունների կողմից իրականացվում են արդյունաբերության համապատասխան ճյուղերում, և որոնց մշակման, իրագործման, ֆինանսավորման և կատարման նկատմամբ հսկողության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

4. Ծրագիրը պետք է համապատասխանի՝

ա) միջպետական և (կամ) միջճյուղային կապերի համակարգման և տեխնոլոգիապես զուգակցված ճյուղերի ու առանձին ձեռնարկությունների փոխգործակցության ապահովման, կոոպերացիոն կապերի խորացման, արդյունաբերական արտադրությունը զարգացնելու համար օպտիմալ պայմանների ստեղծման նպատակներին.

բ) արդյունաբերական արտադրանքի նորարարությունների լայն տարածման և մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ տեխնիկական, կազմակերպական և այլ լուծումների սկզբունքորեն նոր և հեռանկարային լինելուն։

5. Ծրագրի մշակումը և իրագործումը ներառում են ծրագրի մշակման նախաձեռնության պատրաստումը, ծրագրի մշակման նախաձեռնության քննարկումը, ծրագրի նախագծի մշակումը, ծրագրի քննարկումն ու հաստատումը, ծրագրի իրականացումն ու դրա կատարման մշտադիտարկումը։

 

II. Ծրագրի մշակման նախաձեռնության պատրաստումն ու քննարկումը

 

6. Ծրագրի մշակման նախաձեռնության պատրաստումը կազմակերպվում է ծրագրի մշակումը նախաձեռնողի կողմից։

7. Ծրագրի մշակումը նախաձեռնողը Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) է ուղարկում ծրագրի մշակման նախաձեռնությունը։

8. րագրի մշակման նախաձեռնությունը պետք է պարունակի՝

ա) ծրագրի ենթադրյալ անվանումը.

բ) դիտարկվող ոլորտում խնդրի սահմանումը, ծրագրի մշակման նպատակահարմարության հիմնավորումը, իրավիճակի զարգացման բնութագիրն ու կանխատեսումը.

գ) ծրագրի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև դրա իրագործման համար անհրաժեշտ հնարավոր ենթածրագրերի (նախագծերի) և միջոցառումների ցանկը.

դ) ծրագրի իրագործման, արդյունքների և նորարարական մշակումների ներդրման արդյունավետության նախնական գնահատումը.

ե) ֆինանսավորման ենթադրվող ծավալներն ու աղբյուրները, այդ թվում՝ արտաբյուջետային աղբյուրները, ծրագրի մշակման և իրագործման ժամկետները․

զ) ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ ներդրումների տեխնիկատնտեսական հիմնավորումը.

է) ծրագրի մշակումը նախաձեռնողի վերաբերյալ տեղեկատվությունը․

ը) ծրագրի ենթադրվող մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ այդ մասնակիցների հաստատող գրություններով:

9. Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասությանն են վերապահված արդյունաբերական համագործակցության հետ կապված հարցերը, ծրագրի մշակման նախաձեռնությունն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում ուսումնասիրում է նշված նախաձեռնությունը և սույն հիմնադրույթի 8-րդ կետում նշված պահանջներին համապատասխանության դեպքում այն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ քննարկման համար։

10. Ծրագրի մշակման նախաձեռնության քննարկման արդյունքներով անդամ պետությունների կառավարությունները դրա ստացման օրվանից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում, Հանձնաժողով են ներկայացնում ծրագրին մասնակցելու հնարավորության և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն (ներառյալ ծրագրի մասնակիցների մասին, այդ թվում՝ ազգային պատվիրատուների, ազգային մակարդակում սահմանված կարգով համաձայնեցված՝ ծրագրի միջոցառումների ֆինանսավորման աղբյուրների և ծավալների մասին տեղեկությունները)։

Անդամ պետությունների կառավարությունները Հանձնաժողով են ուղարկում ծրագրի մշակման նախաձեռնության ճշգրտման վերաբերյալ առաջարկներ (անհրաժեշտության դեպքում), իսկ դրանում շահագրգռված չլինելու դեպքում՝ այդ մասին տեղեկացնում են Հանձնաժողովին։

11. Ծրագրի պատրաստումն ու մշակումը շարունակելու համար բավարար հիմք է 3 անդամ պետությունների մասնակցության հաստատման առկայությունը։

12. Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասությանն են վերապահված արդյունաբերական համագործակցության հետ կապված հարցերը, անդամ պետությունների կառավարություններից ստացված տեղեկատվությունն ուղարկում է ծրագրի մշակումը նախաձեռնողին։

Անդամ պետությունների կառավարություններից ծրագրին մասնակցելու հնարավորության ու պայմանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ծրագրի մշակումը նախաձեռնողը լրամշակում է ծրագրի մշակման նախաձեռնությունը և այն ուղարկում է Հանձնաժողով։

13. Եթե ծրագրի մշակման նախաձեռնությունը համապատասխանում է սույն բաժնով սահմանված պահանջներին, ապա Հանձնաժողովը սահմանված կարգով այն ներկայացնում է Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

14. Հանձնաժողովի խորհուրդն ընդունում է ծրագիրը մշակելու և դրա իրագործման պատասխանատուին սահմանելու մասին կարգադրություն։

 

III. Ծրագրի նախագծի մշակումը, ծրագրի քննարկումն ու հաստատումը

 

15. Հանձնաժողովի խորհրդի կարգադրությամբ սահմանված՝ ծրագրի իրագործման պատասխանատուն կազմակերպում է ծրագրի մշակումը և իրականացնում դրա համաձայնեցումն ազգային պատվիրատու-համակարգողների հետ։

Ծրագրի մշակման հետ կապված ծախսերը կրում են ծրագրի իրագործման պատասխանատուն և ծրագրի մշակումը նախաձեռնողը՝ իրենց սեփական և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավված միջոցների հաշվին։ Ծրագրի նախագծի մշակման ժամանակ կարող են օգտագործվել Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող գիտահետազոտական աշխատանքների պլանին համապատասխան անցկացվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքները։

16. Ծրագրի իրագործման պատասխանատուն Հանձնաժողով է ուղարկում ազգային պատվիրատու-համակարգողների և ազգային պատվիրատուների հետ համաձայնեցված՝ ծրագրի նախագիծը։

17. Ծրագրի նախագիծը պետք է ներառի հետևյալ բաժինները՝

ա) ծրագրի անձնագիրը՝ սույն հիմնադրույթի հավելվածի համաձայն սահմանված ձևով․

բ) խնդրի բովանդակությունը, որոշակի խնդիրներ լուծելու համար ծրագրի մշակման և իրագործման արդիականության ու նպատակահարմարության հիմնավորումը.

գ) ծրագրի իրագործման նպատակները, խնդիրները, ժամկետներն ու փուլերը.

դ) ենթածրագրերի, նախագծերի և միջոցառումների ցանկը՝ դրանց իրականացման ժամկետների, ծրագրի իրագործման պատասխանատուի, ազգային պատվիրատու-համակարգողների, ազգային պատվիրատուների և ծրագրի մասնակիցների նշմամբ․

ե) ծրագրի նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու գնահատման նպատակային ցուցիչները (ցուցանիշները).

զ) ֆինանսական ապահովումը (ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ռեսուրսային ապահովումը՝ նշելով աղբյուրները, ներառյալ արտաբյուջետայինները, և ֆինանսավորման ծավալները՝ բաշխելով ըստ ենթածրագրերի, նախագծերի, ծրագրի միջոցառումների և ծրագրի իրագործման տարիների)։ Ծրագրի միջոցառումները և դրանք անցկացնելու հերթականությունը պետք է կապված լինեն ֆինանսավորման կանխատեսվող ծավալների հետ (ծրագրի իրագործման ամբողջ ժամանակահատվածում)։

է) ծրագրի իրագործման կառավարումը, ինչպես նաև դրա կատարման նկատմամբ հսկողության մեխանիզմը.

ը) ծրագրի իրագործման արդյունքում ստեղծված, այդ թվում՝ մտավոր սեփականության բաշխման սկզբունքները և կարգը.

թ) ծրագրի իրագործման ակնկալվող արդյունքները․

ժ) ծրագրի իրագործման սոցիալ-տնտեսական,

էկոլոգիական և այլ հետևանքների գնահատումը․

ժա) ծրագրի իրագործման արդյունավետության գնահատման մեթոդիկան։

18. Ծրագրի նախագծին կցվում են՝

ա) բացատրագիր՝ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ներդրումների սոցիալ-տնտեսական և տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ինչպես նաև ծրագրի միջոցառումների ֆինանսավորման ծավալների համապատասխան հաշվարկներով և հիմնավորումներով.

բ) մասնագիտացված փորձաքննությունների (տեխնիկական, էկոլոգիական, բժշկական և այլն) արդյունքներն այն դեպքում, երբ դրանց կատարումը պահանջվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ծրագրի իրագործման շրջանակներում իրականացվում են միջոցառումներն ու աշխատանքները

գ) ծրագրի մշակումն ու իրագործումը ֆինանսավորելու վերաբերյալ քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճենները․

դ) արտաբյուջետային աղբյուրներից ծրագրի ֆինանսավորումը հաստատող մտադրությունների մասին գրությունները (անհրաժեշտության դեպքում).

ե) անդամ պետությունների կառավարությունների կողմից սույն հիմնադրույթի 10-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը

զ) ծրագրի ենթադրվող մասնակիցներից ստացված՝ հաստատող գրությունները․

է) ծրագրի մշակման վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի կարգադրության պատճենը։

19. Հանձնաժողովը ծրագրի նախագիծն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում այն ուսումնասիրում է և սույն հիմնադրույթին համապատասխանելու դեպքում ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ քննարկման համար, իսկ չհամապատասխանելու դեպքում՝ ծրագրի իրագործման պատասխանատուին՝ լրամշակման համար։ Այդ լրամշակման ժամկետը կազմում է Հանձնաժողովի դիտողություններն ստանալու օրվանից ոչ ավելի, քան 1 ամիս։

20. Սույն հիմնադրույթի 19-րդ կետին համապատասխան՝ ծրագրի նախագիծն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում անդամ պետությունների կառավարությունները Հանձնաժողով են ուղարկում իրենց դիտողություններն ու առաջարկները։

Անդամ պետությունների կառավարությունների՝ ծրագրի նախագծի վերաբերյալ դիտողությունները և առաջարկներն ստանալու օրվանից 1 շաբաթվա ընթացքում Հանձնաժողովը դրանք ուղարկում է ծրագրի իրագործման պատասխանատուին։

Ծրագրի իրագործման պատասխանատուն անդամ պետությունների կառավարությունների՝ ծրագրի նախագծի վերաբերյալ դիտողությունները և առաջարկներն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում լրամշակում է այն և ուղարկում Հանձնաժողով։

Հանձնաժողովը ծրագրի լրամշակված նախագիծն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ այն համաձայնեցնելու համար։

21. Հանձնաժողովն անդամ պետությունների կառավարությունների կողմից համաձայնեցված՝ ծրագրի նախագիծը սահմանված կարգով ուղարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

22. Ծրագրի հաստատման մասին որոշումն ընդունվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից:

23. Այն դեպքում, երբ ծրագրի մշակման վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարի անց ծրագրի նախագիծը չի ներկայացվել Հանձնաժողով սույն հիմնադրույթի 16–18-րդ կետերին համապատասխան, ապա Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասությանն են վերապահված արդյունաբերական համագործակցության հետ կապված հարցերը, առաջացած խնդիրների լուծման նպատակով կազմակերպում է խորհրդակցություն՝ ծրագրի իրագործման պատասխանատուի, ազգային պատվիրատու-համակարգողների, ազգային պատվիրատուների, Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նշված խորհրդակցության արդյունքներով՝ Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված արդյունաբերական համագործակցության հետ կապված հարցերը, որոշում է ընդունում ծրագրի մշակման ընթացքում առաջացած խնդիրների լուծման ժամկետների համաձայնեցման մասին կամ ծրագրի մշակման դադարեցումը նախաձեռնելու մասին։

Հանձնաժողովի խորհուրդն ընդունում է ծրագրի մշակումը դադարեցնելու մասին կարգադրություն։

 

IV. Ծրագրի իրագործումն ու կատարման մշտադիտարկումը

 

24. Ծրագիրն իրագործվում է այն քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա, որոնք անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում են ծրագրի իրագործման պատասխանատուի, ծրագրի մասնակիցների, ազգային պատվիրատու-համակարգողների, ազգային պատվիրատուների կողմից։ Նշված պայմանագրերով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները և կարգավորվում են նրանց հարաբերությունները։

25. Ծրագրի իրագործման պատասխանատուն հսկողության շրջանակներում յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Հանձնաժողով է ուղարկում նախորդ տարվա համար ծրագրի իրագործման արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվություն, որը պարունակում է՝

ա) տեղեկություններ՝ հաշվետու տարվա համար ծրագրի իրագործման արդյունքների մասին.

բ) տեղեկություններ՝ հաշվետու ժամանակահատվածում ծրագրի (նախագծի) ֆինանսավորման աղբյուրների և ծավալների մասին՝ ենթածրագրերի, նախագծերի և միջոցառումների կտրվածքով, ինչպես նաև տվյալներ՝ ծրագրի ֆինանսավորման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման, ֆինանսական միջոցների ոչ ամբողջական յուրացման պատճառների մասին, եզրահանգումներ և առաջարկներ՝ ֆինանսական միջոցների գոյացած մնացորդները հաջորդ տարի օգտագործելու ուղղությունների վերաբերյալ.

գ) տեղեկություններ՝ նպատակային ցուցիչների (ցուցանիշների) արժեքներին հասնելու աստիճանի, փաստացի ծախսերի՝ հաստատված ծախսերին համապատասխանելու, անավարտ աշխատանքների առկայության, դրանց ծավալների և վիճակի մասին.

դ) տեղեկություններ՝ նորարարական մշակումների ներդրման և արդյունավետության մասին.

ե) տեղեկություններ՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների և մշակումների ներդրման արդյունքների մասին․

զ) ծրագրի իրագործման արդյունավետության գնահատում՝ ծրագրով սահմանված մեթոդիկային համապատասխան՝ ներառյալ հաշվարկները.

է) ծրագրի իրագործման սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և այլ հետևանքների գնահատում.

ը) ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկներ (անհրաժեշտության դեպքում)։

26. Ծրագրի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է ծրագրով սահմանված կարգով՝ հետևյալ փուլերին համապատասխան՝

ա) յուրաքանչյուր անդամ պետությունից ծրագրի մասնակիցները կազմում և համապատասխան ազգային պատվիրատու-համակարգողին են ուղարկում ծրագրի միջոցառումներն անցկացնելու, ոչ ամբողջ ծավալով անցկացնելու կամ չանցկացնելու (նշելով պատճառները) վերաբերյալ տարեկան հաշվետվություն և ծրագրի նպատակային ցուցիչներին (ցուցանիշներին) հասնելու կամ չհասնելու մասին տեղեկություններ.

բ) ազգային պատվիրատու-համակարգողները կազմում և ծրագրի իրագործման պատասխանատուին են ուղարկում ծրագրի միջոցառումներն անցկացնելու, ոչ ամբողջ ծավալով անցկացնելու կամ չանցկացնելու (նշելով պատճառները) վերաբերյալ տարեկան հաշվետվություն և ծրագրի նպատակային ցուցիչներին (ցուցանիշներին) հասնելու կամ չհասնելու մասին տեղեկություններ․

գ) ծրագրի իրագործման պատասխանատուն ազգային պատվիրատու-համակարգողների տարեկան հաշվետվությունների հիման վրա ձևավորում է նախորդ տարվա համար ծրագրի իրագործման արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը և այն ուղարկում է Հանձնաժողով.

դ) յուրաքանչյուր տարի Հանձնաժողովը սահմանված կարգով Հանձնաժողովի խորհրդին կամ Եվրասիական միջկառավարական խորհրդին տեղեկացնում է (անհրաժեշտության դեպքում) նախորդ տարվա ընթացքում ծրագրերի իրականացման ընթացքի մասին։

27. Անհրաժեշտության դեպքում ծրագրի իրագործման պատասխանատուն ընթացիկ տարվա III եռամսյակից ոչ ուշ Հանձնաժողով է ներկայացնում ծրագրում փոփոխություններ կատարելու, այդ թվում՝ դրա իրագործման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջարկ։

Ծրագրի իրագործման ժամկետը երկարաձգելու հիմնավորումը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում դրա իրագործման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, այն պատճառների վերլուծությունը, որոնց արդյունքում ծրագիրը, առանձին ենթածրագրերը, նախագծերը և (կամ) միջոցառումները չեն իրագործվել սահմանված ժամկետում, ինչպես նաև չլուծված խնդիրների արդիականության հաստատումը և ծրագրի իրագործման ֆինանսավորման աղբյուրների և ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը։ Երկարաձգելու մասին որոշումը կայացնում է Եվրասիական միջկառավարական խորհուրդը։

28. Հանձնաժողովը, անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ, ուսումնասիրում է ծրագրում փոփոխություններ կատարելու, այդ թվում՝ ծրագրի իրագործման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջարկը, և սահմանված կարգով այն ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

Ծրագրի իրագործման ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 2 տարով, ենթածրագրի կամ նախագծի իրականացման ժամկետը՝ ծրագրի իրագործման ժամկետի երկարաձգման սահմաններում։

29. Ծրագրի իրականացման արդյունքների հիման վրա ծրագրի իրագործման պատասխանատուն պատրաստում է եզրափակիչ հաշվետվություն և այն ներկայացնում է Հանձնաժողով՝ քննարկման նպատակով անդամ պետությունների կառավարություններ ուղարկելու համար։ Եզրափակիչ հաշվետվության ուսումնասիրման ժամկետը կազմում է 1 ամսից ոչ ավելի: Հանձնաժողովն անդամ պետությունների կառավարությունների կողմից համաձայնեցված եզրափակիչ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

 

V. Ծրագրի իրագործման ֆինանսավորումը

 

30. Ծրագրի իրագործման ֆինանսավորումը կարող է իրականացվել շահագրգիռ անդամ պետությունների բյուջետային միջոցների և (կամ) արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ֆինանսավորման կարգը սահմանվում է ծրագրով։

Անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ծրագրի իրագործումը ֆինանսավորելիս անդամ պետություններից յուրաքանչյուրը պետական ծրագրերի իրագործման շրջանակներում ապահովում է ծրագրի մի մասի ֆինանսավորումը՝ իր օրենսդրությանը համապատասխան։

Արտաբյուջետային միջոցների հաշվին ծրագրի իրագործումը ֆինանսավորելիս ծրագրի մշակման նախաձեռնողը Հանձնաժողով է ներկայացնում ֆինանսավորման հնարավոր տարբերակների և պոտենցիալ ներդրողների մասին տեղեկատվությունը՝ կցելով ֆինանսավորման մտադրությունը հաստատող փաստաթղթերը:

31. Ծրագրի իրագործումը ֆինանսավորելու աղբյուրներ կարող են լինել արտաբյուջետային միջոցները (ներառյալ տնտեսության պետական ու ոչ պետական հատվածների կազմակերպությունների ներդրումները)։

Արտաբյուջետային միջոցներ կարող են լինել պետական-մասնավոր գործընկերության նախագծեր իրագործելու համար մասնավոր գործընկերոջ կողմից նախատեսված միջոցները, կազմակերպությունների սեփական միջոցները, բանկային վարկերը, ներդրողների միջոցները, ծրագրի կամ դրա առանձին միջոցառումների իրագործման հարցում շահագրգռված անձանց միջոցները և այլն։

32. Ծրագրին շահագրգիռ անդամ պետությունների կառավարությունների և (կամ) նրանց կողմից լիազորված պետական իշխանության մարմինների մասնակցության դեպքում ծրագրի իրագործումը ֆինանսավորելու աղբյուրները՝ արտաբյուջետային միջոցների հետ միասին, կարող են լինել այդ անդամ պետությունների բյուջեների միջոցները, որոնք նախատեսված են անդամ պետությունների համատեղ գիտահետազոտական աշխատանքների և գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների ազգային մասերի, պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումների ամբողջական կամ մասնակի ֆինանսավորման համար, ինչպես նաև պետական աջակցության գործիքները՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

33. Այն արժույթը, որով իրականացվելու է ծրագրի միջոցառումների իրագործման ֆինանսավորումը, սահմանվում է ծրագրով։

34. Պետական ծրագրերի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերը պետք է հաստատվեն մինչև այն տարվան նախորդող տարվա ապրիլի 1-ը, որի ընթացքում այդ ծրագրերը ֆինանսավորվելու են։

35. Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից սույն հիմնադրույթի 22-րդ կետին համապատասխան հաստատված ծրագրով սահմանված ծավալներով շահագրգիռ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ծրագրի ազգային մասերի ֆինանսավորման ապահովումը պարտադիր է։

 

VI. Ծրագրի իրագործման վաղաժամկետ դադարեցման կարգը

 

36. Ծրագրի իրագործման վաղաժամկետ դադարեցման հիմքերն են՝

ա) սույն հիմնադրույթի 25-րդ կետով նախատեսված ամփոփ տարեկան հաշվետվությունը Հանձնաժողով չներկայացնելը․

բ) ծրագրի ֆինանսավորման դադարեցումը։

37. Սույն հիմնադրույթի 36-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված հիմքի առաջացման դեպքում Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված արդյունաբերական համագործակցության հետ կապված հարցերը, որոշում է ընդունում ծրագրի իրագործման վաղաժամկետ դադարեցում նախաձեռնելու վերաբերյալ։

38. Սույն հիմնադրույթի 36-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքի առաջացման դեպքում ծրագրի իրագործման պատասխանատուն պատրաստում է ծրագրի իրագործման վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ հիմնավորված եզրակացություն, որը պետք է համաձայնեցվի ազգային պատվիրատու-համակարգողների հետ։

Ծրագրի իրագործման վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ հիմնավորված եզրակացությունը համաձայնեցնելու դեպքում ազգային պատվիրատու-համակարգողները՝ ծրագրի իրագործման պատասխանատուի հետ միասին, ձևավորում և Հանձնաժողով են ուղարկում ծրագրի վաղաժամկետ դադարեցման մասին ամփոփ եզրափակիչ զեկույցը՝ դրան կցելով անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկատվությունն ու նյութերը, այդ թվում՝ ծրագրի իրագործման ընթացքում բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին ստեղծված և (կամ) ձեռք բերված սեփականության օբյեկտների (ներառյալ մտավոր սեփականությունը) նկատմամբ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներին առնչվող առաջարկներ, ինչպես նաև ծրագրի իրագործման ընթացքում ստացված արդյունքների առևտրականացման վերաբերյալ առաջարկներ։

39. Հանձնաժողովը ծրագրի վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ առաջարկը ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

Ծրագրի վաղաժամկետ դադարեցման մասին որոշումը կայացնում է Եվրասիական միջկառավարական խորհուրդը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Արդյունաբերական ոլորտում

միջպետական ծրագրերի մշակման

և իրագործման վերաբերյալ

հիմնադրույթի

 

(ձև)

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

ծրագրի

 

Անվանումը

Մշակման հիմքը

Մշակում նախաձեռնողը

Ծրագրի իրագործման պատասխանատուն

Ծրագրի մասնակիցները

Ծրագրի նպատակը

Ծրագրի խնդիրները

Նպատակային ցուցիչները (ցուցանիշները)

Իրագործման ժամկետը

Ծրագրի միջոցառումները

Ֆինանսավորման ծավալներն ու աղբյուրները

Ծրագրի իրագործման` ակնկալվող արդյունքները

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան