ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 78
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.09.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

12 սեպտեմբերի 2025 թվականի

թիվ 78

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին՝ նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով» 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 4.7.1 կետի իրականացման շրջանակներում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հավատարմագրման անցկացման համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության՝ կցվող կարգը:

2. Միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ) տեղեկատվական փոխգործակցությունը միմյանց միջև, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հավատարմագրման անցկացման համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ հավատարմագրման մարմիններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի օգտագործման միջոցով, իրականացվում է հավելվածով սահմանված ցանկով Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի նկատմամբ։

Սույն որոշման հավելվածով նախատեսված ցանկում Միության (Մաքսային միության) չներառված տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու օրվանից ոչ ուշ, քան 60 ամսվա ընթացքում։

3. Այն դեպքում, երբ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների կազմակերպման և անցկացման համար մեկ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնին անհրաժեշտ է ստանալ փաստաթղթեր (փաստաթղթերի փաթեթ), որոնք հիմք են եղել մյուս անդամ պետությունում Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի տրման (ընդունման) համար, նա կարող է այդ մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմին և (կամ) հավատարմագրման մարմին ուղարկել համապատասխան հարցում՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով։ Այդպիսի հարցում ստացած պետական հսկողության (վերահսկողության) մարմինը և (կամ) հավատարմագրման մարմինն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են (է) իրենց պետության օրենսդրությանը համապատասխան (այդպիսի փաստաթղթերի առկայության դեպքում կամ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթում նշված սերտիֆիկացման մարմնից և (կամ) հայտատուից դրանք ստանալուց հետո)։

Այն փաստաթղթերը և տեղեկությունները, որոնք անդամ պետության օրենսդրությամբ վերաբերում են գաղտնի բնույթի տեղեկատվությանը (ներառյալ առևտրային, հարկային, ծառայողական և այլ գաղտնի տեղեկատվություն՝ բացառությամբ պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների)), կամ սահմանափակ մատչելիությամբ ծառայողական տեղեկատվությանը, ներկայացվում են պետական հսկողության (վերահսկողության) մարմին՝ անդամ պետության օրենսդրությամբ նման տեղեկատվության նկատմամբ սահմանված պահանջների պահպանմամբ։ Այդպիսի փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ստացած պետական հսկողության (վերահսկողության) մարմինն ապահովում է տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտ մակարդակ և իր պետության օրենսդրության պահանջների պահպանում՝ գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի և սահմանափակ մատչելիությամբ փաստաթղթերի ստացման, փոխանցման, հավաքագրման, մշակման, կուտակման, պահպանման և օգտագործման ընթացքում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշմամբ հաստատված Կարգի 1-11-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն ուժի մեջ մտնելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 78 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հավատարմագրման անցկացման համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության

 

1. Սույն կարգով սահմանվում են Միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ) հսկողության (վերահսկողության) փոխգործակցության կանոնները միմյանց միջև, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հավատարմագրման անցկացման համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ (այսուհետ՝ հավատարմագրման մարմիններ), ինչպես նաև անդամ պետությունների մաքսային մարմինների հետ՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում զետեղված՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների հիման վրա։

2. Սույն կարգի նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«միջոց»՝ իր պետության օրենսդրությանը համապատասխան՝ պետական հսկողության (վերահսկողության) և (կամ) պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից իրականացվող այլ միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ընդունված որոշում, որն ուղղված է այդ պետության տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության կասեցմանը և (կամ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման բացասական հետևանքների վերացմանը․

«պահանջներին չհամապատասխանող արտադրանք»՝ արտադրանք, որը չի համապատասխանում Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, և (կամ) որի համապատասխանության գնահատման փաստաթղթերը բացակայում են կամ տրված (ընդունված) են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ձևերի, սխեմաների, ընթացակարգերի խախտմամբ։

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ընկալվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, տեխնիկական կարգավորման ոլորտում Միության մարմինների ակտերով և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման ու զարգացման հարցերին առնչվող ակտերով սահմանված իմաստներով:

3. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինների տեղեկատվական փոխգործակցությունը միմյանց միջև, ինչպես նաև հավատարմագրման մարմինների հետ իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, որի շրջանակներում ապահովվում է պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի գործունեությունը (այսուհետ՝ տեղեկացման համակարգ)։

Տեղեկացման համակարգի գործունեության նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ապահովում է տեղեկացման համակարգի բաց և փակ մասերի ձևավորում ու վարում՝ պահանջներին չհամապատասխանող արտադրանքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների հիման վրա, որոնք էլեկտրոնային ձևով Հանձնաժողով են ներկայացվում պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և հավատարմագրման մարմինների կողմից։

Տեղեկացման համակարգի փակ մասը պարունակում է պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկություններ, որոնք նախատեսված են պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և հավատարմագրման մարմինների օգտագործման համար և անհրաժեշտ են՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, Միության շուկան պահանջներին չհամապատասխանող արտադրանքից պաշտպանելուն ուղղված միջոցառումներ իրականացնելու և նրանց կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Տեղեկացման համակարգի փակ մասում պարունակվող տեղեկությունների հասանելիություն տրամադրվում է պետական հսկողության (վերահսկողության) այն մարմիններին, որոնց վարման ոլորտին է վերաբերում համապատասխան տեսակի արտադրանքի նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանումը։

Տեղեկացման համակարգի փակ մասում պարունակվող տեղեկությունների հասանելիություն տրամադրվում է հավատարմագրման մարմիններին՝ տեղեկացման համակարգում սույն կարգի 5-րդ կետի հինգերորդ պարբերության մեջ նշված տեղեկությունների առկայության պայմանով։

Տեղեկացման համակարգի բաց մասը պարունակում է պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին հանրամատչելի տեղեկություններ, որոնք տեղադրվում են Միության տեղեկատվական պորտալում՝ Միության շուկան պահանջներին չհամապատասխանող արտադրանքից պաշտպանելուն ուղղված միջոցառումները Միությունում իրականացնելու և միջոցներ ձեռնարկելու մասին շահագրգիռ անձանց տեղեկացնելու նպատակով։

Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և հավատարմագրման մարմիններն ապահովում են տեղեկացման համակարգ ներկայացվող տեղեկությունների հավաստիությունը, օբյեկտիվությունը և ամբողջականությունը։

Տեղեկացման համակարգի վարումն իրականացվում է ռուսերենով։ Սույն կարգի 4-րդ, 6-8-րդ կետերին համապատասխան տեղեկացման համակարգ ներմուծվող տեղեկությունները, ինչպես նաև տեղեկացման համակարգ ներբեռնվող նիշքերի անվանումները ներկայացվում են ռուսերենով (առանձին նիշքերը ներկայացվում են անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) և ռուսերենով)։

4. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինը պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացման համակարգի փակ մասում մուտքագրում է հետևյալ տեղեկությունները՝

ա) պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցի մասին՝ նշելով Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների բացահայտված խախտումները (ենթակետ, կետ, մաս, հոդված), այդ թվում՝ այդպիսի արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի նկատմամբ ընդունված որոշման մասին։ Առանձին նիշքերով ուղարկվում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման արդյունքներով ստացված և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման փաստը հաստատող, այդ թվում՝ այդպիսի արտադրանքի համապատասխանության գնահատման մասով, փաստաթղթերի պատճենները (անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված իրավաբանական անձի և (կամ) ֆիզիկական անձի ստուգման ակտից (այսուհետ՝ ստուգման ակտ) տեղեկությունները, արտադրանքի փորձարկման արձանագրությունները և այլն)․

բ) արտադրանքի, այդ թվում՝ արտադրանքի մականշվածքում նշված անվանման մասին։ Առանձին նիշքերով ուղարկվում են (առկայության և (կամ) անհրաժեշտության դեպքում)՝

արտադրանքի և դրա մականշվածքի լուսանկարները․

տեխնիկական փաստաթղթերի պատճենը (նախագծային, և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման).

գ) արտադրանքն արտադրողի (արտադրողի լիազորված անձի, ներմուծողի) մասին, այդ թվում՝ արտադրողի (արտադրողի լիազորված անձի, ներմուծողի) լրիվ անվանումը, որը նշված է արտադրանքի մականշվածքում և համապատասխանության մասին փաստաթղթերում, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեությունն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբեր են)՝ իրավաբանական անձի համար կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը (կատարելով անդամ պետության անձնական տվյալների և գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրության պահանջները) և գործունեությունն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբեր են)՝ անհատ ձեռնարկատիրոջ համար․

դ) ապրանքաուղեկից փաստաթղթերից տեղեկությունները, որոնք թույլ են տալիս սահմանել այն անդամ պետությունները, որոնց տարածքում կամ որոնց տարածքից մատակարարվել է արտադրանքը։ Առանձին նիշքով ուղարկվում են տեղեկություններ մատակարարման պայմանագրերից, ապրանքային բեռնագրերից, հաշիվ-ապրանքագրերից և արտադրանքի մասին տեղեկատվություն պարունակող այլ փաստաթղթերից (առկայության դեպքում)․

ե) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին տրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրներում համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի գրանցման համարի և կարգավիճակի, ինչպես նաև համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի գործողության ժամկետի մասին․

զ) արտադրանքը պահանջներին չհամապատասխանող ճանաչվելու մասին վկայող այլ տեղեկություններ և փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված և մեկ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից տեղեկացման համակարգի փակ մասում մուտքագրված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքներով մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և (կամ) հավատարմագրման մարմինները, իրենց անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են համապատասխան արձագանքման միջոցներ, այդ թվում՝ համապատասխանության գնահատման մարմնի նկատմամբ՝ համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներ բացահայտելու դեպքում, այն պայմանով, որ՝

արտադրանքի համապատասխան տեսակի նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանումը վերապահված է այդ մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի ոլորտին, և

պահանջներին չհամապատասխանող արտադրանքը մատակարարվել է այդ մյուս անդամ պետության տարածք, և (կամ)

պահանջներին չհամապատասխանող արտադրանքի արտադրողը (արտադրողի լիազորված անձը, ներմուծողը, վաճառողը) գտնվում է այդ մյուս անդամ պետության տարածքում, և (կամ)

համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը տրվել է այդ մյուս անդամ պետության տարածքում։

6. Մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և (կամ) հավատարմագրման մարմիններն արձագանքման միջոցներ ձեռնարկելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ թվում՝ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների (դրանց իրականացման դեպքում) արդյունքներով, տեղեկացման համակարգի փակ մասում՝ հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետը, մուտքագրում են տեղեկություններ այն միջոցի մասին, որը ձեռնարկվել է պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմնի նկատմամբ՝ համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներ բացահայտելու դեպքում։ Առանձին նիշքերով ուղարկվում են փաստաթղթերի պատճենները, այդ թվում՝ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման արդյունքներով (դրանց անցկացման դեպքում) ստացվածները (տեղեկություները ստուգման ակտից, արտադրանքի փորձարկման արձանագրությունները և այլն)։

Այն դեպքում, երբ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների կամ անդամ պետության տարածքում պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության կասեցմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման արդյունքներով պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և (կամ) հավատարմագրման մարմինների կողմից սահմանվել է հիմքերի բացակայություն՝ միջոցներ ձեռնարկելու համար, այդպիսի տեղեկությունները (հաստատող փաստաթղթերի կցմամբ) մուտքագրվում են տեղեկացման համակարգի փակ մասում՝ նշված միջոցառումների ավարտի օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ կամ անդամ պետության տարածքում պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը կասեցնելուն ուղղված այլ միջոցառումներ չիրականացնելու դեպքում մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և (կամ) հավատարմագրման մարմինները, հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետը, տեղեկացման համակարգի փակ մասում՝ մուտքագրում են ոչ ուշ, քան տեղեկացման համակարգում սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունների տեղադրման օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում, հետևյալ տեղեկությունները՝

ա) պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմնի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու համար հիմքերի բացակայության մասին։ Առանձին նիշքով ուղարկվում են այդպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության բացակայության հիմնավորում պարունակող փաստաթղթերի պատճենները (արտադրանքի փորձարկման արձանագրությունները և այլն)․

բ) պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ ձեռնարկված միջոցի հետ չհամաձայնելու մասին։ Առանձին նիշքով ուղարկվում են հավելվածով սահմանված մոտեցումներին համապատասխան| երկկողմ բանակցություններ նախաձեռնելու մասին դիմումը և երկկողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։

8. Սույն կարգի 7-րդ կետի «բ» ենթակետում նշված երկկողմ բանակցությունների անցկացման արդյունքների վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում պետական հսկողության (վերահսկողության) մարմինը կամ հավատարմագրման մարմինը տեղեկացնում է Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված իր անդամ պետության պետական իշխանության մարմնին ձեռնարկված միջոցների հիմնավորվածության մասին հարցի քննարկման անհրաժեշտության վերաբերյալ՝ պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների հիմնավորվածության մասին՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող անդամ պետության դիմումի քննարկման կարգին համապատասխան։

Նշված հարցի ուսումնասիրության արդյունքները պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կամ հավատարմագրման մարմինների կողմից մուտքագրվում են տեղեկացման համակարգի փակ մասում (սույն կետի առաջին պարբերության մեջ նշված կարգով նախատեսված՝ Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականի հավելվածով)։

9. Տեղեկությունները տեղեկացման համակարգի փակ մասից հրապարակման ենթակա չեն դրա բաց մասում՝ մինչև բոլոր տարաձայնությունների կարգավորումը։

10. Սույն կարգի 4-րդ կետի «ա» (բացառությամբ փաստաթղթերի պատճենների), «բ» (բացառությամբ արտադրանքի լուսանկարների և փաստաթղթերի պատճենների), «գ» և «ե» ենթակետերում, ինչպես նաև 6-րդ կետում և 7-րդ կետի «ա» ենթակետում (բացառությամբ՝ փաստաթղթերի պատճենների) նշված տեղեկությունները, և պետական հսկողության (վերահսկողության) մարմինների անվանումները՝ հաշվի առնելով սույն կարգի 9 րդ կետը, մուտքագրվում են տեղեկացման համակարգի բաց մասում ավտոմատ ռեժիմով՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ այն պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից իրականացվելուց հետո, որոնց վարման ոլորտին է վերաբերում համապատասխան տեսակի արտադրանքի նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման ապահովումը։ Նշված տեղեկությունները տեղադրվում են տեղեկացման համակարգի բաց մասում՝ սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունների տեղադրման օրվանից 4 ամիսը լրանալուց հետո, սույն կարգի 5-րդ կետով սահմանված պայմանների բացակայության դեպքում՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և (կամ) հավատարմագրման մարմինների կողմից այդ տեղեկություններն ուսումնասիրելու համար։

11. Տեղեկացման համակարգի բաց մասում տեղադրված տեղեկությունները հանելու ենթակա են ավտոմատ ռեժիմով՝ սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունները տեղեկացման համակարգի փակ մասում մուտքագրած պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից խախտումների վերացման կամ սույն կարգի 4-րդ կետի «ա» ենթակետում նշված միջոցների վերացման մասին տեղեկությունները (ապացույցները) տեղեկացման համակարգի փակ մասում մուտքագրելուց հետո, իսկ այդպիսի խախտումները չվերացնելու դեպքում՝ սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկությունները մուտքագրելու օրվանից 5 տարին լրանալուց հետո։

12. Անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և (կամ) հավատարմագրման մարմինն իր անդամ պետության մաքսային մարմնի հետ փոխգործակցությունն իրականացնում են (է) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

13. Մաքսային մարմինները սույն կարգի 12-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկություններն օգտագործում են մաքսային գործողություններ կատարելու ժամանակ։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հավատարմագրման անցկացման համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության կարգի

 

ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

երկկողմ բանակցությունների անցկացման

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ) և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հավատարմագրման անցկացման համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց կողմից արտադրանքի և (կամ) այդ արտադրանքն ուղեկցող համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի նկատմամբ իրականացված այլ միջոցառումների արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պետական հսկողության (վերահսկողության) մարմինը և (կամ) հավատարմագրման մարմինը կարող են նախաձեռնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հավատարմագրման անցկացման համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության կարգի 7-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված երկկողմ բանակցություններ (այսուհետ՝ բանակցություններ)։

2. Բանակցություններ սկսելու համար հիմք է մեկ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի և (կամ) հավատարմագրման մարմնի էլեկտրոնային եղանակով և (կամ) թղթային կրիչով (ապացուցողական նյութերի կցմամբ) ուղարկված դիմումը (այսուհետ՝ դիմում) մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմին։

3. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինը դիմումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը նախաձեռնողին տեղեկացնում է բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։

Բանակցությունների մասնակիցներից կազմվում է դիմումի ուսումնասիրության հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ), նշանակվում են բանակցությունների անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը, ինչպես նաև սահմանվում է դրանց անցկացման ձևաչափը։

Բանակցությունների նախաձեռնողը հանդիսացող պետական հսկողության (վերահսկողության) մարմնի առաջարկով աշխատանքային խմբի նիստին հրավիրվում են արտադրանքի այն արտադրողները (արտադրողի լիազորված անձինք, ներմուծողները), որոնց արտադրանքի նկատմամբ բացահայտվել են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելու փաստեր, և փորձագիտական կազմակերպությունները։

4. Բանակցությունների անցկացման ընթացքում աշխատանքային խումբը կատարում է դիմումի մեջ պարունակվող փաստաթղթերի (նյութերի) և այլ ապացույցների վերլուծություն։

Փաստաթղթերի (նյութերի) ուսումնասիրության ժամանակ աշխատանքային խումբը կարող է համապատասխանության գնահատման փաստաթղթում նշված հայտատուից և (կամ) համապատասխանության գնահատման մարմիններից լրացուցիչ պահանջել այն փաստաթղթերը (փաստաթղթերի փաթեթը), որոնք հիմք են եղել համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի տրման (ընդունման) համար։

Փաստաթղթերի (նյութերի) ուսումնասիրության արդյունքները աշխատանքային խումբը կցում է բանակցությունների արձանագրությանը։

5. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խումբը կարող է որոշում ընդունել արտադրանքի լրացուցիչ անկախ փորձարկումներ անցկացնելու մասին։

6. Աշխատանքային խումբն իրականացնում է լաբորատորիայի (կենտրոնի) ընտրություն՝ արտադրանքի լրացուցիչ անկախ փորձարկումներ անցկացնելու համար։

7. Արտադրանքի անցկացված անկախ փորձարկումների արդյունքները (այդ թվում՝ արտադրանքի փորձարկումների արձանագրությունները) և արտադրանքի նմուշառման (փորձանմուշներ) վերցնելու ակտը աշխատանքային խումբը կցում է բանակցությունների արձանագրությանը։

8. Բանակցությունները պետական հսկողության (վերահսկողության) մարմինների միջև անցկացվում են աշխատանքային խմբի ձևավորման օրվանից 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում (առանց արտադրանքի անկախ փորձարկումների կազմակերպման և անցկացման համար (դրանց անցկացման դեպքում) անհրաժեշտ ժամկետը ներառելու)), առերես ձևաչափով կամ տեսակոնֆերենց կապի ռեժիմով։

9. Բանակցությունների արդյունքներն աշխատանքային խումբը գրանցում է արձանագրության մեջ, որում արտացոլվում են՝

ա) բանակցությունների անցկացման ամսաթիվն ու վայրը.

բ) բանակցությունների առարկան.

գ) բանակցություններին մասնակցած պետական հսկողության (վերահսկողության) մարմինների անվանումները.

դ) պետական հսկողության (վերահսկողության) մարմինների դիրքորոշումները.

ե) արտադրանքի` անցկացված անկախ փորձարկումների արդյունքները (առկայության դեպքում).

զ) համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի տրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի (նյութերի) ուսումնասիրման արդյունքները.

է) բանակցությունների արդյունքները.

ը) բանակցություններին մասնակցած պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և հավատարմագրման մարմինների ներկայացուցիչների ազգանունները, անունները և հայրանունները (առկայության դեպքում), պաշտոնները։

10. Բանակցությունների արձանագրությունը կազմվում է 2 օրինակից և բանակցությունների ավարտի օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստորագրվում է բանակցություններին մասնակցող պետական հսկողության (վերահսկողության) մարմինների ներկայացուցիչների կողմից։

Բանակցությունների ավարտի օր է համարվում աշխատանքային խմբի վերջին նիստի անցկացման օրը։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 78 որոշման

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի, որոնց նկատմամբ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների տեղեկատվական փոխգործակցությունը միմյանց միջև, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան` հավատարմագրման անցկացման համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ

 

1. «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011)։

2. «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011)։

3. «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011)։

4. «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011)։

5. «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011)։

6. «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011)։

7. «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011)։

8. «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011)։

9. «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011)։

10. «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011)։

11. «Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011)։

12. «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011)։

13. «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավային վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011)։

14. «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 014/2011)։

15. «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 016/2011)։

16. «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011)։

17. «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011):

18. «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 019/2011)։

19. «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011)։

20. «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012)։

21. «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 026/2012)։

22. «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012)։

23. «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012)։

24. «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012)։

25. «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 032/2013)։

26. «Որպես վառելիք օգտագործելու համար հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016)։

27. «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ԵԱՏՄ ՏԿ 037/2016)։

28. «Ատրակցիոնների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 038/2016)։

29. «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 042/2017)։

30. «Հրդեհային անվտանգության և հրդեհաշիջման ապահովման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 043/2017)։

31. «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 045/2017)։

32. «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 046/2018)։

33. «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 048/2019)։

34. «Հեղուկ և գազանման ածխաջրածինների տրանսպորտային փոխադրման համար մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020)։

35. «Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 050/2021)։

36. «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 052/2021)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: