ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» (ՋՈԾԲ/WISE) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 218-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» (ՋՈԾԲ/WISE) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին բաժնի «Ա» կետի 2-րդ ենթակետն ու «Առդիր» հավելվածի 1-ին բաժնի 35-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի, Զարգացման ֆրանսիական գործակալության և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր» (ՋՈԾԲ/WISE) ծրագրի իրականացման նպատակով՝

1) ստեղծել կառավարման խորհուրդ և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հաստատել կառավարման խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 hավելվածի։

2. Կառավարման խորհրդի նախագահին՝ յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 218-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության՝ ոլորտը համակարգող փոխվարչապետ (կառավարման խորհրդի նախագահ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Ֆինանսների նախարարի տեղակալ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Առողջապահության նախարարի տեղակալ

Ջրային կոմիտեի նախագահ

ՋՈԾԲ ծրագրի ղեկավար - քարտուղար, առանց քվեարկության իրավունքի

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 218-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կառավարությունը, Համաշխարհային բանկի (ՀԲ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Հայաստանի Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր»-ը (ՋՈԾԲ/WISE) (այսուհետ՝ ծրագիր), որի նպատակն է Հայաստանի ընտրված տարածքներում ապահովել բարելավված ոռոգման ծառայությունների և կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման (ՋևՋ) ծառայությունների հասանելիությունը։ Ծրագիրը նպատակ ունի բարելավել ջրային ոլորտի կառավարումը, ենթակառուցվածքները և ծառայությունների մատուցումը՝ միաժամանակ ապահովելով շրջակա միջավայրի կայունությունը և սոցիալական ներառականությունը։

2. Քանի որ ջրային ռեսուրսների կառավարումն ու ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները բազմաբնույթ ոլորտներ են, տարբեր նախարարությունների, գործակալությունների և շահագրգիռ կողմերի ներգրավումը ծրագրի կառավարման գործում վճռորոշ է։ Դրան հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետը ստեղծում է Կառավարման խորհուրդ (ԿԽ)։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև կնքված վարկային համաձայնագրի Հոդված V-ի (b) կետով կառավարման խորհրդի ստեղծումը սահմանված է որպես վարկի էֆեկտիվության նախապայման:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Այս աշխատակարգը կարգավորում է աշխատանքային հարաբերությունները ԿԽ-ի և ՀԲ ու ԶՖԳ վարկային միջոցներով և ՀՀ համաֆինանսավորմամբ իրականացվող ՋՈԾԲ ծրագրի միջև՝ նպատակ ունենալով ապահովել միջգերատեսչական համակարգումը, կայացնել ռազմավարական որոշումներ և իրականացնել ծրագրի ընդհանուր վերահսկողությունը։

4. ԿԽ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև կնքված վարկային համաձայնագրով և ՀԲ-ի և ԶՖԳ-ի միջև կնքվելիք համաձայնագրերով, ինչպես նաև սույն աշխատակարգով։

5. ԿԽ-ն ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշումով, որով հաստատվում են նաև խորհրդի կազմը և աշխատակարգը։

6. ԿԽ-ն ծառայում է որպես ՋՈԾԲ ծրագրի բարձր մակարդակի կառավարման և որոշումների կայացման մարմին։

7. Միաժամանակ, Հայաստանում ջրի և գյուղատնտեսության ինտեգրված զարգացման (WAIDA) ծրագրի այն բաղադրիչի նկատմամբ, որը ֆինանսավորվում է ԶՖԳ-ի միջոցով տրամադրված ԵՄ դրամաշնորհով, ռազմավարական վերահսկողություն և ղեկավարում ապահովելու նպատակով, այլ ձևաչափով կստեղծվի աշխատանքային խումբ։ Սա ներառում է ինչպես ՋՈԾԲ ծրագրին ուղղված ԵՄ դրամաշնորհը, այնպես էլ WAIDA ծրագրի Սյունիքի բաղադրիչին տրամադրված ԵՄ դրամաշնորհը։

 

3. ՆՊԱՏԱԿԸ

 

8. ԿԽ-ն ստեղծվում է՝ որպես խորհրդակցական կարգավիճակով մարմին, ծրագրի իրականացումը համակարգելու նպատակով, ապահովելով ծրագրի համապատասխանությունը զարգացման նպատակներին, հետևելով առաջընթացին և կառավարելով ռիսկերը։

9. ԿԽ-ն պատասխանատու է՝

1) ծրագրի միջգերատեսչական համակարգման ապահովման.

2) տարեկան աշխատանքային պլանների և բյուջեների հաստատման.

3) գերատեսչությունների միջև ծրագրի համատեղված (ինտեգրված) իրականացման ապահովման.

4) նախքան գնումների գործընթացի մեկնարկը, ներդրումային խոշոր գնումների փաթեթներին հավանություն տալու (5 միլիոն և ավելի ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարով).

5) քաղաքական, տեխնիկական, բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ խորհրդակցական քննարկումների համակարգման և ժամանակին ռազմավարական որոշումների կայացման.

6) ծրագրի կատարողականի և արդյունքների պարբերական քննարկումների և անհրաժեշտ վերանայումների առաջարկների ներկայացման.

7) խոշոր ռիսկերի և խնդիրների վերլուծության և միջգերատեսչական լուծումների համակարգման համար։

 

4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. ԿԽ-ն ներառում է ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին և պատասխանատու է միջգերատեսչական համակարգման ապահովման, ռազմավարական որոշումների կայացման և սահմանված նպատակներին ծրագրի իրականացման համապատասխանության ապահովման համար։

11. ԿԽ գործառույթներն են՝

1) հաստատել ծրագրի տարեկան աշխատանքային պլաններն ու բյուջեները, ինչպես նաև դրանց իրականացման համար պահանջվող ծրագրի իրականացման թիմի անձնակազմի թվաքանակն ու պարտականությունները և դրանցում տարվա ընթացքում առաջարկվող փոփոխությունները՝ համապատասխան հիմնավորումներով, որոնք պետք է ներկայացվեն ծրագրի ղեկավարի կողմից՝ ՀԲ-ի և ԶՖԳ-ի նախնական համաձայնությամբ.

2) նախքան մրցույթի հրապարակումը քննարկել և հավանություն տալ այն գնումների փաթեթներին, որոնց ընդհանուր արժեքը հավասար է կամ գերազանցում է 5,0 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը.

3) քննարկել և հավանություն տալ գնումների մրցույթների արդյունքներին այն դեպքերում, երբ առաջարկված արժեքները 20% և ավելի ցածր են կամ 10% և ավելի բարձր են համապատասխան գործունեության համար Գնումների պլանում նախատեսված գնահատված արժեքից.

4) հաստատել ծրագրի իրականացման ընթացքում կուտակված խնայողությունների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման/վերահատկացման առաջարկները։ Այս առաջարկները պետք է ներկայացվեն ծրագրի ղեկավարի կողմից՝ ՀԲ-ի և ԶՖԳ-ի նախնական համաձայնությամբ.

5) ընդունել որոշումներ՝ ծրագրի իրականացման խմբի կողմից ներկայացված հաշվետվություններում բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ և հետևել դրանց իրականացմանը.

6) որոշումներ կայացնել ծրագրի հաստատված տարեկան աշխատանքային պլաններից և բյուջեից շեղումների դեպքում և վերահսկել դրանց իրականացումը.

7) ծրագրի իրականացման ընթացքում ՀԲ-ի, ԶՖԳ-ի և/կամ ԵՄ-ի աջակցման առաքելությունների ընթացքում անհրաժեշտության դեպքում հրավիրել արտահերթ նիստ՝ ծրագրի իրականացման առաջընթացի քննարկման համար.

8) ծրագրի ավարտից հետո ամփոփել ծրագրի իրականացման արդյունքները և վերանայել ու ներկայացնել դիտարկումներ/կարծիքներ «Վարկառուի իրականացման ամփոփիչ հաշվետվության» վերաբերյալ։

 

5. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. ԿԽ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և գրավոր շրջաբերականների միջոցով։ Նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ՝ լսելու և քննարկելու ծրագրի իրականացման և հաստատված աշխատանքային պլանի կատարման վերաբերյալ հաշվետվությունները, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով՝ սույն աշխատակարգով սահմանված կարգով։ ԿԽ արտահերթ նիստ կարող է հրավիրվել ԿԽ նախագահի նախաձեռնությամբ կամ ԿԽ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ։ ԿԽ բոլոր նիստերն արձանագրվում են։

13. ԿԽ նիստը հրավիրում և նախագահում է ԿԽ նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ ԿԽ անդամներից մեկը։

14. ԿԽ նախագահը վերահսկում է նիստերի օրակարգի ձևավորման գործընթացը։ Օրակարգի ձևավորման գործընթացը կազմակերպում է ԿԽ քարտուղարը՝ ստացված առաջարկների և առաջացած խնդիրների հիման վրա։

15. ԿԽ նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է ԿԽ անդամների կեսից ավելին։ ԿԽ որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների պարզ մեծամասնության ձայներով։ ԿԽ նախագահը և անդամներն ունեն մեկ ձայնի իրավունք։ Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է ԿԽ նախագահի ձայնը։

16. ԿԽ նիստերին կարող են հրավիրվել պաշտոնատար անձինք, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, միջազգային զարգացման գործընկերներ, մասնավոր հատվածի կառույցների և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, զանգվածային լրատվամիջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ առանց քվեարկության իրավունքի։

17. ԿԽ աշխատանքի ընթացքում գրավոր հաղորդակցության հիմնական միջոցներն են պաշտոնական փաստաթղթաշրջանառությունը և էլեկտրոնային փոստը։

 

6. ԿԽ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

18. ԿԽ նիստերն անցկացվում են օրակարգով, որը հաստատվում է ԿԽ նախագահի կողմից։

19. ԿԽ նախագահը սահմանում է նիստի անցկացման վայրը, օրը և ժամը։

20. ԿԽ նիստի օրակարգը պետք է ներառի՝

1) նիստի վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ զեկուցողի անունը և ազգանունը:

21. ԿԽ նիստերի օրակարգը և քննարկման ենթակա հարցերին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերն առնվազն 7 աշխատանքային օր առաջ էլեկտրոնային եղանակով ուղարկվում են ԿԽ անդամներին։

22. ԿԽ նիստի արձանագրությունը ստորագրվում է ԿԽ նախագահի կողմից՝ նիստի անցկացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

23. ԿԽ նիստերի արձանագրությունները պահվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում։

24. ԿԽ կազմակերպչական, տեխնիկական և քարտուղարական աշխատանքների իրականացումն ապահովում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ՋՈԾԲ ծրագրի ղեկավարը։

 

7. ԿԽ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

25. ԿԽ-ի նախագահը՝

1) ղեկավարում և վերահսկում է ԿԽ ընդհանուր աշխատանքը.

2) նախագահում է ԿԽ նիստերը.

3) հաստատում է ԿԽ նիստի օրակարգը և ստորագրում նիստի արձանագրությունները.

4) որոշում է ԿԽ նիստերին հրավիրվող անձանց կազմը.

5) իր բացակայության դեպքում նիստի նախագահման պարտականությունները պատվիրակում է ԿԽ այլ անդամի:

 

8. ԿԽ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

26. ԿԽ անդամները՝

1) մասնակցում են ԿԽ նիստերին.

2) ուսումնասիրում են նիստի համար շրջանառության մեջ դրված փաստաթղթերը և ձևավորում դիրքորոշում քննարկվող հարցերի վերաբերյալ.

3) մասնակցում են որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկություններին.

4) ԿԽ կողմից ընդունված որոշման հետ անհամաձայնության դեպքում ներկայացնում են գրավոր կարծիք։

 

9. ԿԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

27. ԿԽ քարտուղարը պետք է տրամադրի կազմակերպչական, տեխնիկական և քարտուղարական աջակցություն ԿԽ գործունեության համար։ Մասնավորապես՝

1) ապահովում է ԿԽ նիստերի կազմակերպումը.

2) ապահովում է փաստաթղթերի և նյութերի նախապատրաստումն ու տրամադրումը ԿԽ անդամներին.

3) խորհրդակցելով Ջրային կոմիտեի նախագահի հետ՝ պատրաստում և ԿԽ նախագահի հաստատմանն է ներկայացնում ԿԽ նիստի օրակարգի նախագիծը.

4) պատրաստում և ԿԽ նախագահի, անդամների և անհրաժեշտության դեպքում՝ նիստին հրավիրված անձանց ներկայացնում է նիստի քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ ոչ ուշ, քան նիստից 7 (յոթ) աշխատանքային օր առաջ.

5) պատրաստում և տարածում է ԿԽ նիստերի արձանագրությունները և ընդունված որոշումները՝ ոչ ուշ, քան ԿԽ նիստից 7 (յոթ) աշխատանքային օր հետո.

6) վերահսկում է ԿԽ որոշումների կատարման ընթացքը և զեկուցում ԿԽ-ին.

7) ծառայում է որպես պաշտոնական հաղորդակցման ալիք ԿԽ-ի, ՀՀ կառավարության, ՀԲ-ի, ԶՖԳ-ի, Եվրամիության և այլ շահագրգիռ կողմերի միջև.

8) ապահովում է ԿԽ-ի գործունեության հետ կապված փաստաթղթավորման, արխիվացման և տեղեկատվության հոսքի պատշաճ իրականացումը.

9) արձանագրում է ԿԽ նիստերը.

10) կազմակերպում և ղեկավարում է ԿԽ աշխատանքների հետ կապված վարչական առաջադրանքները.

11) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է մասնագետների և մասնագիտացված կառույցների ներգրավումը ԿԽ նիստերին.

12) ապահովում է ԿԽ որոշումների վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր հրապարակումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի պաշտոնական կայքէջում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան