ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 1994 թ. N 14
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով գործող օրենսդրությունից ու ժողովրդական տնտեսության անխափան աշխատանքի և սոցիալական ոլորտի նորմալ գործունեության ապահովման անհրաժեշտությունից, և մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից նշված նախագծերի քննարկման և ընդունման գործընթացը կտեղափոխվի 1994 թվական, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանրապետական և տեղական բյուջեներից 1994 թվականի առաջին եռամսյակում տնտեսության և սոցիալական ոլորտի միջոցառումների ֆինանսավորումն իրականացնել հետևյալ կարգով.
ա) բյուջետային կազմակերպությունների համար` 1993 թվականի չորրորդ եռամսյակի բյուջետային ֆինանսավորման գումարներին հավասար չափերով, դրանց համամասնությունների սահմաններում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներից, օրենսդրական ակտերից բխող ծախսերի ու միջոցառումների ֆինանսավորումը.
բ) նոր ստեղծված բյուջետային հիմնարկությունների և կազմակերպությունների համար` տարեկան նախահաշվի 1/4-ի սահմաններում:
2. Սահմանել, որ գործառնական ծախսերը, երկրաբանահետախուզական, հիմնանորոգման աշխատանքները, գիտությանն ուղղվող և բյուջետային մյուս ծախսերը ֆինանսավորվում են սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նախատեսված կարգով:
3. Սահմանել, որ փոխանցիկ կառույցների ու օբյեկտների գծով կենտրոնացված կապիտալ ներդրումների ֆինանսավորումը 1994 թվականի առաջին եռամսյակում իրականացվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին: Նշված կառույցների և օբյեկտների ցանկը սահմանում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ:
4. Սահմանել, որ`
ա) 1994 թվականի առաջին եռամսյակում իրավաբանական և ֆիզիկական անձինք հանրապետական և տեղական բյուջեներին հարկերը, տուրքերը և ոչ հարկային վճարումները կատարում են գործող կարգին համապատասխան.
բ) հանրապետական և տեղական բյուջեների միջև եկամուտների սահմանազատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի մասին» որոշմամբ նախատեսված կարգով և մասհանման նորմատիվներով:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացնել վարկ` 1994 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը ծածկելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) սահմանել հանրապետական և տեղական բյուջեներով պահվող հիմնարկների ու կազմակերպությունների ֆինանսավորման կարգը.
բ) 1994 թվականի պետական բյուջեի հաստատումից հետո համապատասխան փոփոխություններ մտցնել հանրապետական և տեղական բյուջեների փոխադարձ հաշվարկների մեջ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |