ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
11 մարտի 2026 թ. |
N 26 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 6.1-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40.16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հասցեագրված մի շարք դիմումներ և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Պաշտոնական պարզաբանման ենթակա դրույթները.
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն.
«Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները:»:
Նույն հոդվածի 6.1-րդ մասի համաձայն.
«Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Սույն հոդվածի իմաստով՝ կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ։ Սույն հոդվածով սահմանված արգելքը տարածվում է նաև այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։»։
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6.1-րդ մասերով նախատեսված արարքների համար սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես, «Կազմակերպությունների կողմից օրենքով արգելված ժամանակահատվածում բարեգործություն կատարելը» վերտառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.16-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում այն կազմակերպությունների կողմից, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ կուսակցությունների կողմից ղեկավարվող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այն կազմակերպությունների կողմից, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել է (են) որպես թեկնածու, բարեգործություն կատարելն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։»։
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատճառաբանությունները, հիմնավորումները և եզրահանգումը.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«1. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:»:
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6.1-րդ մասերի ուսումնասիրությամբ արձանագրվում է, որ օրենսդիրը նշված դրույթներով սահմանված սուբյեկտների համար սահմանում է բարեգործություն իրականացնելու արգելք ընտրությունների և հանրաքվեների անցկացման կապակցությամբ։ Նշված օրենսդրական կարգավորումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքներից, և Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6.1-րդ մասերով սահմանված որոշակի սահմանափակումների նպատակն է ազատ ընտրական իրավունքի սկզբունքի, ինչպես նաև ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների հավասար հնարավորությունների ապահովումը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված իրավանորմը հստակ սահմանում է այն գործողությունները, որոնք նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրն արգելվում են ընտրական իրավահարաբերությունների կոնկրետ սուբյեկտներին՝ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված իրավանորմով կարգավորվող իրավահարաբերության սուբյեկտ են հանդիսանում այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին:
Թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի իրավանորմերով սահմանված գործողությունները կատարելը նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը, այսինքն՝ նշված սուբյեկտների համար արգելքը գործում է հստակ ժամանակահատվածում: Գրեթե նույն ժամանակահատվածում՝ նախընտրական քարոզչության ժամանակ, բարեգործություն չեն կարող իրականացնել այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին: Մյուս սուբյեկտների՝ բարեգործական կազմակերպությունների համար սահմանափակումները կիրառելի են հետևյալ դեպքերում.
- երբ այդ բարեգործական կազմակերպությունների անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին,
- երբ այդ բարեգործական կազմակերպությունների գործունեությունն իրականացվում է այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այն թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) բարեգործական կազմակերպությունների անվանումներին:
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ բարեգործական կազմակերպության գործունեության սահմանափակումները գործում են այն ժամանակահատվածում, երբ համապատասխան ընտրություններում առաջադրված և արդեն իսկ գրանցված են թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, նրանց առաջադրած թեկնածուները, իսկ վերջիններս, որպես սուբյեկտ, կարող են հանդես գալ բացառապես ընտրությունների ժամանակահատվածում և միայն այն դեպքում, երբ համապատասխան ընտրական հանձնաժողովի իրավական ակտով ստացել են այդ կարգավիճակը։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասը հստակ սահմանում է և՜ ժամանակահատվածը, և՜ սուբյեկտներին, որոնց արգելվում է կատարել որոշակի գործողություններ, և որևէ տարաբնույթ ընկալման չի հանգեցնում:
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մասը նույնպես անդրադառնում է բարեգործություն իրականացնելու սահմանափակումներին:
«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝
«1. Բարեգործությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից սույն օրենքի 2-րդ հոդվածի նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց, առողջապահական և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական և հոգևոր օգնության (այսուհետ՝ բարեգործական աջակցության) տրամադրումն է:
2. Բարեգործություն չի համարվում կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ՝ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ նյութական միջոցների հատկացումը:»։
Բարեգործության սահմանման վերլուծությունը թույլ է տալիս անել եզրակացություն առ այն, որ բարեգործությունը օգնության (բարեգործական աջակցության) տրամադրում է, և այդ օգնությունը (բարեգործական աջակցությունը).
1) տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին, ոչ առևտրային կազմակերպություններին, առողջապահության զարգացմանը աջակցելու, պատերազմի, տարերային աղետների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների և արտակարգ այլ իրավիճակների հետևանքով տուժած անձանց նյութական օգնություն տրամադրելու և դրանց հետևանքների վերացմանը մասնակցելու, աշխատատեղերի ստեղծման կամ գործազուրկների վերապատրաստման ճանապարհով սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու, գիտության, կրթության, արվեստի, գրականության, առողջապահության, սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտների ծրագրերի իրականացմանը աջակցելու, պատմական, ճարտարապետական, մշակույթի և արվեստի հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագրերի իրականացմանը աջակցելու, բնության և շրջակա միջավայրի պահպանման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը աջակցելու, Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած սոցիալական ծրագրերի իրականացմանը աջակցելու նպատակներով,
2) տրամադրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից,
3) նյութական և հոգևոր է,
4) պետք է տրամադրվի օրենքով չարգելված եղանակով՝ անհատույց կամ արտոնյալ պայմաններով,
5) պետք է տրամադրվի կամավոր և անշահախնդիր,
6) տրամադրվում է ֆիզիկական անձանց, առողջապահական և ոչ առևտրային կազմակերպություններին։
Սակայն, վերլուծելով և համադրելով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մասի և «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները, անհրաժեշտ է արձանագրել, որ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում կազմակերպությունները չեն կարող «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց, առողջապահական և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական և հոգևոր օգնություն տրամադրել: Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մասի իրավադրույթների վերլուծությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ նշված սահմանափակումը վերաբերվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ ասոցացվող անվանումներով կազմակերպություններին՝
1) որոնց ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, այն է՝ ղեկավարվում են կուսակցության կողմից,
2) որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։
«Ղեկավարվում են կուսակցությունների կողմից» ձևակերպումը սահմանված է Ընտրական օրենսգրքի 6.1-րդ հոդվածով և նշված հոդվածի իմաստով՝ կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ։
Ընտրական օրենսգրքի 6.1-րդ հոդվածով սահմանված արգելքը տարածվում է նաև այն կազմակերպությունների վրա որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու: Հարկ է նկատել, որ ընտրությունների նշանակման և թեկնածուների գրանցման համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների միջև ընկած է որոշակի ժամանակահատված, մասնավորապես՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 90 օր առաջ, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ:
Այսպիսով, վերը նշված նորմերի վերլուծությամբ փաստվում է, որ օրենսդիրը, միանշանակ վերաբերմունք ունենալով ընտրությունների և հանրաքվեների շրջանակներում այնպիսի բարեգործության իրականացման նկատմամբ (որը կարող է ոչ միանշանակ ընկալվել ընտրողների կողմից, կամ որևէ արտոնյալ պայմաններ ստեղծել ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների համար, կամ ընտրողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների նկատմամբ վերաբերմունք ձևավորելու առիթ հանդիսանալ), ուղղակիորեն արգելել է այդպիսի բարեգործությունը։ Սակայն տարանջատել է երկու խումբ կազմակերպություններ, որոնց գործունեությանը գնահատական տալու անհրաժեշտություն է առաջանում.
1) բարեգործական կազմակերպություններ, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին,
2) կազմակերպություններ, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ կամ որ կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։
Վերոնշյալով օրենսդիրը հնարավորություն է տալիս, մի դեպքում, բարեգործություն իրականացնող բարեգործական կազմակերպության անվանումը նմանեցնել (ասոցացնել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին՝ այդպիսի գնահատման համար ցանկացած չափանիշ թույլ տալով, ըստ էության, թողնելով ընտրական հանձնաժողովի հայեցողությանը (Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մաս), մեկ այլ դեպքում՝ հնարավորություն է տալիս բարեգործություն իրականացնող կազմակերպության անվանումը ասոցացնել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ՝ միաժամանակ առաջարկելով չափանիշներ, սահմանափակելով այդ հարցում ընտրական հանձնաժողովների հայեցողությունը (Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մաս)։
Միաժամանակ, այն դեպքում, երբ ցանկացած չափանիշով բարեգործական կազմակերպության անվանումն ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին նմանեցնելու (ասոցացնելու) հնարավորություն է տրվում, ապա գնահատման է արժանանալու բարեգործական կազմակերպության կողմից նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն իրականացնելը, իսկ այն դեպքում, երբ կազմակերպության անվանումն ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին ասոցացնելու հնարավորություն է տրվում՝ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մասով առաջադրված չափանիշների հաշվառմամբ, ապա գնահատման է արժանանալու կազմակերպության կողմից ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում բարեգործություն իրականացնելը։
Հետևապես, կազմակերպության հիմնադիրը կամ ղեկավարը եթե մտադրություն ունի ընտրություններում առաջադրվել որպես թեկնածու (այդ մասին հրապարակավ հանդես է գալիս, ծավալում են դրան ուղղված գործունեություն և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հանրությանը և այլն), ապա ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում ստանձնում են պարտավորություն առաջնորդվել Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներով և պահել սահմանված սահմանափակումները ու արգելքները։ Նույն պարտավորությունը ստանձնում է նաև այն կազմակերպությունը, որի ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ:
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6.1-րդ մասերի պահանջների ապահովման գնահատումը պետք է իրականացվի, հիմք ընդունելով սույն պաշտոնական պարզաբանմամբ ներկայացված դիրքորոշումները, հաշվի առնելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները՝ պայմանավորված կոնկրետ փաստական հանգամանքներով:
Հարկ է նաև ընդգծել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.16-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն այն դեպքում, երբ կազմակերպության անվանումն ասոցացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ կամ որ կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու, և այդ կազմակերպությունը բարեգործություն է իրականացնում ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում։
Միաժամանակ, հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ընկած ողջ ժամանակահատվածում չէ, որ առկա են այն սուբյեկտները, որոնց անվանումների կամ անունների հետ ասոցացվում են կազմակերպությունների անվանումները, ուստի մինչև ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների գրանցումը հնարավոր չի լինի Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6.1-րդ մասերով սահմանված իրավակարգավորումների շրջանակներում գնահատել բարեգործություն իրականացնող կազմակերպությունների գործունեությունը։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների գրանցումն իրականացնելուց հետո գնահատականի կարող է արժանանալ նշված կազմակերպությունների գործունեությունը, որն իրականացվել է ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, միայն այն դեպքում, եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների, թեկնածուների անունների հետ ասոցացվող ճանաչված անվանմամբ կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, կամ որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու: Այլ պայմաններում կարող է գնահատվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների, թեկնածուների անունների հետ ասոցացվող ճանաչված անվանմամբ կազմակերպության գործունեությունը, որն իրականացվել է նախընտրական քարոզչության ժամանակ։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ է.
1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները հստակ են և չեն հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման:
2. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների գրանցումն իրականացնելուց հետո գնահատականի կարող է արժանանալ կազմակերպությունների այն գործունեությունը, որն իրականացվել է ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, միայն այն դեպքում, եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների, թեկնածուների անունների հետ ասոցացվող ճանաչված անվանմամբ կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, կամ որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու:
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.16-րդ հոդվածում սահմանված «բարեգործություն» եզրույթի գործածումը հստակ է և չի հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման, իրավակիրառ գնահատումը կարող է տրվել համապատասխան մարմինների կողմից իրականացվող վարչարարության արդյունքում և դրանք հանդիսանալու են այդ մարմինների գնահատողականության արդյունք, պայմանավորված կոնկրետ փաստական հանգամանքներով:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
2026 թվականի մարտի 11 ք. Երևան |
Վ. Հովակիմյան
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մարտի 2026 թվական: