ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.03.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.03.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 մարտի 2026 թ.

N 29-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով և հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Վ. Հովակիմյան

 

2026 թվականի մարտի 11

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2026 թ. մարտի 11-ի N 29-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին (այսուհետ նաև՝ ընտրություններ) մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) (այսուհետ նաև՝ Կուսակցություն) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի (այսուհետ նաև՝ թեկնածու) տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին (այսուհետ նաև՝ նիստ) ներկա գտնվելու հետ կապված հարաբերությունները։

2. Կուսակցության թեկնածուն իրավունք ունի ներկա գտնվելու նիստին:

3. Նիստին միաժամանակ կարող է ներկա գտնվել ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկ թեկնածու։

4. Նիստին ներկա գտնվելու համար Կուսակցության թեկնածուն պարտավոր է գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Նիստին ներկա գտնվելու համար Կուսակցության թեկնածուն պարտավոր է տեսանելի ձևով կրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված նմուշի վկայականը:

5. Կուսակցության թեկնածուն իրավունք ունի լուսանկարել և տեսանկարահանել նիստի ընթացքը։

6. Չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով նիստի ընթացքը՝ Կուսակցության թեկնածուն կարող է ինքնուրույն կատարել քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների):

7. Կուսակցության թեկնածուն իրավունք չունի միջամտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և նիստի ընթացքին, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին տալ ցուցումներ, ներկայացնել պահանջներ։

8. Կուսակցության թեկնածուն, եթե ներկա է եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, իրավունք ունի Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում:

9. Կուսակցության թեկնածուն իրավունք ունի ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մարտի 2026 թվական: