ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի Հ.2245-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1308-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1308-Ա

«09» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի Հ.2245-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-95290-25 գրությունը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում 2025 թվականի նոյեմբերի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախաձեռնվել և իրականացվել է Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 6-ի «Դավթաշեն Ձոր-2 թաղամաս հ.50 հասցեին կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.2245-Ա որոշումն անվավեր ճանաչելու հարցին ուղղված վարչական վարույթ:

 Վարչական վարույթով 2025 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 11.00-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 2025 թվականի նոյեմբերի 27-ի հ.20/161842-25 գրությունով ծանուցում է ուղարկվել վարույթին մասնակից դարձված Գարեգին Մկրտչյանի լ/ա Սեյրան Մարգարյանին (փոստային առաքանի՝ թիվ AL0130674413AM):

 Գարեգին Մկրտչյանի լ/ա Սեյրան Մարգարյանը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ժամը 11.00-ին հրավիրված լսումներին չի ներկայացել, իսկ թիվ AL0130674413AM առաքանին վերջինիս կողմից ստացված լինելու վերաբերյալ տեղեկատվություն 2025 թվականի դեկտեմբերի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ առկա չի եղել:

 Վարչական վարույթով կրկին՝ 2025 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 11.00-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 2025 թվականի նոյեմբերի 27-ի հ.20/167402-25 և հ.20/167717-25 գրություններով ծանուցումներ են ուղարկվել վարույթին մասնակից դարձված անձ՝ համապատասխանաբար Դավթաշեն Ձոր-2 թաղամաս հ.50 հասցեի սեփականատեր Գարեգին Մկրտչյանին /փոստային առաքանիներ՝ թիվ AL0130888273AM/ և «ԿԱՖԷ» ՍՊԸ-ի տնօրեն Թորգոմ Չոբանյանին:

 Գարեգին Մկրտչյանը և «ԿԱՖԷ» ՍՊԸ-ի տնօրեն Թորգոմ Չոբանյանը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 11.00-ին հրավիրված լսումներին չեն ներկայացել:

 Վարչական վարույթով կրկին՝ 2026 թվականի փետրվարի 17-ին ժամը 11.00-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 2026 թվականի փետրվարի 17-ի հ.20/18526-26 գրությունով ծանուցում է ուղարկվել Ձոր-2 թաղամաս հ.50 հասցեի սեփականատեր Գարեգին Մկրտչյանին, որը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան՝ 2026 թվականի փետրվարի 18-ին տեղադրվել են Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում (հայտարարության որոնման համար՝ 78c1c1ec-67e4-4207-9660-61e147c23383):

 Գարեգին Մկրտչյանը 2026 թվականի փետրվարի 17-ին ժամը 11.00-ին հրավիրված լսումներին չի մասնակցել:

 Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության և «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի հ.Դ-95290-25 գրությունները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Քաղաքացի Գարեգին Մկրտչյանի լ/ա Սեյրան Մարգարյանի կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Գարեգին Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01072022-01-0106 վկայական/, Դավթաշեն Ձոր-2 թաղամաս հ.50 հասցեին կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հասցե տրամադրելու հարցը: Վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացվել է «ԿԱՖԷ» ՍՊԸ-ի կողմից 10.03.2025թ. կազմված հողամասի տեղագրական հանույթ՝ առանց շինությունների:

 Հաշվի առնելով վերոգրյալը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարա-պետության և քաղաքաշինության վարչության կողմից ներկայացվել է հ.Դ-34250-25 և Դ-49441-25 եզրակացությունները, որոնց հիման վրա աշխատակազմի անշարժ գույքի կառավար-ման վարչության կողմից նախապատրաստվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ:

 2025 թվականի հունիսի 6-ին կայացվել է Երևանի քաղաքապետի «Դավթաշեն Ձոր-2 թաղամաս հ.50 հասցեին կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.2245-Ա որոշումը:

 Քաղաքացի Գարեգին Մկրտչյանի լ/ա Սվետլանա Եղիազարյանի կողմից Երևանի քաղաքապետարան հասցեագրված հ.Դ-95290-25 դիմումի հիման վրա, համապատասխան ստորաբաժանումների կողմից աշխատանքային կարգով քննարկվել է վերոնշյալ որոշման հիման վրա Դավթաշեն, Ձոր-2 թաղամաս հ.50/1 հասցեում գտնվող հողամասի հատակագծի թողարկման հարցը:

 Վերոնշյալ որոշման հիման վրա քննարկվող հողամասի հատակագծի կազմման աշխատանքների ընթացքում «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից գրությամբ /հ.Դ-95290-25/, տեղեկացվել է, որ Դավթաշեն, Ձոր-2 թաղամաս հ.50/1 հասցեում գտնվող հողամասի հատակագծի թողարկման հարց չի կարող քննարկվել, քանի որ քննարկվող հողամասը ծանրաբեռնված է շինությունով:

Հաշվի առնելով վերոգրյալը` աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան վարչության կողմից տեղեկացվել է, որ անհրաժեշտություն է առաջանում չեղյալ համարել Երևանի քաղաքապետի 06.06.2025թ հ.2245-Ա որոշման համար հիմք հանդիսացած հ.Դ-34250-25 եզրակացությունը:

3.Վարչական ակտն ընդունելու իրավական հիմքերը և հիմնավորումները.

Քննարկվող պարագայում՝ Դավթաշեն, Ձոր-2 թաղամաս հ.50/1 հասցեում գտնվող հողամասի հատակագծի թողարկման հարց չի կարող քննարկվել, քանի որ քննարկվող հողամասը ծանրաբեռնված է շինությունով:

Հաշվի առնելով, որ հարուցված վարչական վարույթի լսումներին հրավիրված անձինք չեն ներկայացել վարույթի լսումներին.

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.

 ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշումը.

 բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձևի և նմուշի թղթի վրա:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

 ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

 բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

 գ) շահերի բախման իրավիճակում:

 Վարույթով գնահատված և հետազոտված ապացույցներով հիմնավորվում է Դավթաշեն Ձոր-2 թաղամաս հ.50 հասցեին կից հողամասը շինությունով ծանրաբեռնված լինելու հանգամանքը, ինչը հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 6-ի «Դավթաշեն Ձոր-2 թաղամաս հ.50 հասցեին կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.2245-Ա որոշումն անվավեր ճանաչելու համար:

Այսպիսով վարույթով գնահատված ապացույցներով հաստատված է համարվում, որ.

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 6-ի «Դավթաշեն Ձոր-2 թաղամաս հ.50 հասցեին կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.2245-Ա որոշումն անվավեր ճանաչելու անհրաժեշտությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

 Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դավթաշեն Ձոր-2 թաղամաս հ.50 հասցեին կից հողամասը ծանրաբեռնված է շինությունով, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-րդ, 43-րդ, 53-րդ, 55-րդ, 57-րդ, 60-րդ, 63-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 6-ի «Դավթաշեն Ձոր-2 թաղամաս հ.50 հասցեին կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.2245-Ա որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան