ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1255-Ա |
«05» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Լուիզա Մինոսյանի լիազորված անձ՝ Վալերիկ Ղազարյանի 2026 թվականի փետրվարի 5-ի թիվ Դ-10425-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով 2026 թվականի փետրվարի 5-ի թիվ Դ-10425-26 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Լուիզա Մինոսյանի լիազորված անձ՝ Վալերիկ Ղազարյանը Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2026 թվականի փետրվարի 5-ի թիվ Դ-10425-26 դիմումով, հիմք ընդունելով «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2026 թվականի փետրվարի 4-ին տրված՝ թիվ ՎՊ-26-252-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2026 թվականի փետրվարի 5-ին տրված թիվ ՎՊ-26-253-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բակում կայանված «Hyundai Sonata 2.4» մակնիշի «VL 007 EN» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 546.000 (հինգ հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամ:
2023 թվականի ապրիլի 7-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման (հաշվառման երկիր՝ Վրաստան) թիվ AJA0650988 վկայագրի հայերեն թարգմանության համաձայն՝ «Hyundai Sonata 2.4» մակնիշի «VL 007 EN» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Լուիզա Մինոսյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Մալաթիայի բաժնի պետին ուղղված 2025 թվականի դեկտեմբերի 29-ի զեկուցագրի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 28-ին ստացված հաղորդման կապակցությամբ կատարված ստուգմամբ պարզվել է, որ Վալերի Ղազարյանի անձնական օգտագործման «Hyundai Sonata 2.4» մակնիշի «VL 007 EN» հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանված է եղել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բակում, որտեղ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է նշված ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն:
Թիվ Դ-3474-26 հանձնարարականի շրջանակներում 2026 թվականի հունվարի 21-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 138 հասցեում 2025 թվականի դեկտեմբերի 28-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների տեղատեսության արդյունքում պարզվել է, որ կենսունակ մանրատերև թեղու չորացած ճյուղը կոտրվել և ընկնել է «Hyundai Sonata 2.4» մակնիշի «VL 007 EN» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա:
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի փետրվարի 4-ին տրված թիվ ՎՊ-26-252-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության համաձայն՝ «Hyundai Sonata 2.4» մակնիշի «VL 007 EN» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում և պատահարից հետո պատահարի վայրում կատարված տեսաձայնագրություններում առկա՝ նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում՝ նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով: Նույն եզրակացությամբ փորձագետը հանգել է այն հետևության, որ տեղի ունեցած պատահարի ու «Hyundai Sonata 2.4» մակնիշի «VL 007 EN» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ նույն եզրակացությամբ նկարագրված հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի ընկնել է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի փետրվարի 5-ին տրված թիվ ՎՊ-26-253-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Hyundai Sonata 2.4» մակնիշի «VL 007 EN» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2025 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ, կազմել է շուրջ 546.000 (հինգ հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամ:
Լուիզա Մինոսյանի լիազորված անձ՝ Վալերիկ Ղազարյանի և «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2026 թվականի հունվարի 23-ին կնքվել են «Փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին» թիվ ՓԾՊ/252 և թիվ ՓԾՊ/253 պայմանագրերը, որոնցից յուրաքանչյուրի 11-րդ կետի համաձայն՝ մատուցած ծառայությունների գինը սահմանվել է 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
2026 թվականի փետրվարի 5-ի թիվ Դ-10425-26 դիմումով ներկայացված պահանջի հիմնավորման շրջանակներում ենթակա է ապացուցման 2025 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բակում կայանված «Hyundai Sonata 2.4» մակնիշի «VL 007 EN» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու և պահանջված 546.000 (հինգ հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչի ապացուցման պարտականությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով կրում է դիմումատուն:
Ի հիմնավորումն 2026 թվականի փետրվարի 5-ի թիվ Դ-10425-26 դիմումով ներկայացված՝ 546.000 (հինգ հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնասի փոխհատուցման պահանջի՝ դիմումատուի կողմից ներկայացվել են «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի փետրվարի 4-ի թիվ ՎՊ-26-252-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2026 թվականի փետրվարի 5-ի թիվ ՎՊ-26-253-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:
Որպես վնասի չափը հիմնավորող ապացույց՝ 2026 թվականի փետրվարի 5-ի թիվ Դ-10425-26 դիմումին կից ներկայացվել է «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի փետրվարի 5-ի թիվ ՎՊ-26-253-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունը, որի ապացուցողական նշանակությունը վերը մեջբերված նախադեպային որոշման մեջ արտահայտված դիրքորոշումներից ելնելով գնահատելիս, կարելի է փաստել, որ այն չի հանդիսանում դիմումատուի կողմից պահանջված վնասի չափը հիմնավորող պատշաճ ապացույց, քանի որ այն չի պարունակում փաստարկված հետևություններ, ուստի գնահատվում է ոչ արժանահավատ:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2026 թվականի փետրվարի 5-ի թիվ Դ-10425-26 դիմումով ներկայացված վնասի պահանջի հիմնավորման նպատակով չեն ներկայացվել 2025 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բակում կայանված «Hyundai Sonata 2.4» մակնիշի «VL 007 EN» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու և 546.000 (հինգ հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնաս առաջանալու միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող պատշաճ ապացույցներ, իսկ ներկայացված՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2026 թվականի փետրվարի 5-ի թիվ ՎՊ-26-253-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունը գնահատվում է ոչ արժանահավատ, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Լուիզա Մինոսյանի լիազորված անձ՝ Վալերիկ Ղազարյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2026 թվականի փետրվարի 5-ի թիվ Դ-10425-26 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |