ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հաստատել սումգայիթյան ոճրագործության վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ հայտարարության տեքստը (կցվում է):
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
բ. արարքցյան |
|
28 փետրվարի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Նխ-619-I. |
Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության և Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության համատեղ
հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը
սումգայիթյան ոճրագործության 6-րդ տարելիցի առթիվ
Լրացավ սումգայիթյան ոճրագործության վեցերորդ տարին: 1988 թվականի փետրվարին ամբողջ աշխարհը սարսուռ ապրեց` վկան ու ականատեսը լինելով մոլեռանդ վայրագությամբ համակված եղեռնագործության: «Սումգայիթ» անունը դարձավ դաժանության, մահ ու սարսափի խորհրդանիշ: Այն նաև թվացյալ բարօրության հասարակության անկենսունակ ու անմարդկային էության ամոթի խարան ու ապացույցը դարձավ:
Մարդկության, քաղաքակրթության դեմ գործած այդ ոճիրը, չստանալով իր արժանի գնահատականը, չարագույժ նախադեպ հանդիսացավ ու վերաճեց անհեռատես պետական քաղաքականության: Սումգայիթ-Կիրովաբադ-Բաքու-Գետաշեն-Շահումյան` նույն ձեռագիրը, նույն ոգին, նույն անմարդկային ու անբանական տրամաբանությունը: Ուժի գործադրմամբ ազգային ինքնորոշման խնդիրն արյան մեջ խեղդելու Ադրբեջանի իշխանությունների նեոգաղութային այս տխրահռչակ դոկտրինան վերստին վեց տարիների ընթացքում դարձավ հարյուր հազարավոր հայերի և ադրբեջանցիների դժբախտության ու զրկանքների գլխավոր պատճառը:
Սումգայիթի գազազած ամբոխի սրածայր մետաղաձողերն ու դաշույնները փոխարինվեցին հրազենի, ապա` «Գրադի» ու ականների, գերհզոր տանկերի ու գերձայնային ռմբակոծիչների, պատերազմի հորձանուտ նետվեցին ոչ միայն տասնյակ հազարավոր պատանիներ, անմեղ մարդիկ, այլև հազարավոր վարձկաններ ու բախտախնդիր ոճրագործներ:
Վաղուց ժամանակն է սթափվելու սումգայիթյան սինդրոմից, ձերբազատվելու մարդու իրավունքներին առնչվող ու ազգամիջյան խնդիրները ուժային մեթոդներով լուծելու դատապարտելի գործելակերպից:
Հավատարիմ մնալով միջազգային համակեցության նորմերին, առաջնորդվելով վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով, քաղաքական բանակցությունների միջոցով լուծելու ՄԱԿ-ի, ԵԱՀԽ-ի, միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների կողմից որդեգրած սկզբունքներով, ելնելով բոլոր հարևանների հետ բարիդրացիության հաստատման պետական դիրքորոշումից, Հայաստանի Հանրապետության իշխանություններն իրենց հաստատակամությունն են հայտնում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ և կոչ են անում Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ առճակատման հետագա խորացումից ու միջազգայնացումից, ընդառաջ գնալ կայուն զինադադարի հաստատման ու ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորման խաղաղասիրական նախաձեռնություններին` խուսափելով հերթական անգամ դրանց վիժեցումից, երկու հարևան ժողովուրդներին նորանոր զրկանքներ ու տառապանքներ պատճառելուց, պատմությանը չթողնելով սումգայիթյան նոր սև էջեր:
|
28 փետրվարի 1994 թվականի, քաղ. Երևան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|