ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1031-Ա |
«23» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Քաջիկ Սարգսյանի 2026 թվականի հունվարի 22-ի թիվ Դ-6107-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի հունվարի 22-ի թիվ Դ-6107-26 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի փետրվարի 12-ին ժամը 11.00-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է Քաջիկ Սարգսյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի հունվարի 22-ի թիվ Դ-6107-26 և ի լրումն ներկայացված՝ 2026 թվականի փետրվարի 16-ի թիվ Դ-13940-26 դիմումները, դրանց կից, ինչպես նաև վարույթի շրջանակներում ստացված նյութերը, 2026 թվականի փետրվարի 12-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի հունվարի 22-ի թիվ Դ-6107-26 դիմումով, ինչպես նաև լսումների ընթացքում ներկայացված փաստարկներով Քաջիկ Սարգսյանը խնդրել է փոխհատուցել «urban-permits.e-gov.am» քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակում վարչական շրջանի ղեկավարի էլեկտրոնային ստորագրության բացակայության խնդրի պատճառով ավարտված շինարարությունը վեց ամիս Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում գրանցման չենթարկվելու և «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Բանկ) հետ կնքված թիվ «VP443265» պայմանագրից բխող դրույթների կիրառման արդյունքում Բանկի կողմից սահմանված տոկոսադրույթների հաշվառմամբ վարկի գումարի նկատմամբ հաշվարկված գումարների չափով կիրառված տուգանքների հանրագումարը, որը կազմում է 110.503 (մեկ հարյուր տասը հազար հինգ հարյուր երեք) ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 2026 թվականի հունվարի 26-ի թիվ 22/01-Դ-6107-26 գրությամբ տեղեկացվել է հետևյալը. «Քաջիկ Սարգսյանը 22.04.2025թ. դիմել է https://urban-permits.e-gov.am/hy/ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով՝ 01.06.2022թ. համաձայնեցված 22/01-Դ26640 նախագծի փոփոխության հայտով: 12.05.2025թ. նախագիծը վերահամաձայնեցվել է և տրամադրվել ՇԹ/11/6760-25 շինարարության թույլտվությունը, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն չի վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ: Սույն թվականի հունվարի 20-ին խնդիրը կարգավորվել է»:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ Կ-01092025-01-0119 որոշմամբ Քաջիկ Սարգսյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ն.Շենգավիթ 1-ին փողոցի թիվ 9/1 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերով կասեցվել է, քանի որ չի ներկայացվել հին նախագիծը, իսկ փոփոխված նախագիծը էլեկտրոնային ստորագրությամբ համայնքի ղեկավարի կողմից հաստատված չէ:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ Կ-01092025-01-0102 որոշմամբ Քաջիկ Սարգսյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ն.Շենգավիթ 1-ին փողոցի թիվ 9/1 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերով կասեցվել է, քանի որ փաստաթղթերը ներկայացվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» մասին 37.1-րդ հոդվածով սահմանված՝ իրավունքների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգի խախտմամբ:
Ի պատասխան Քաջիկ Սարգսյանի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի դիմումի՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 22/01-24/144044-25 գրությամբ տեղեկացվել է, որ 2025 թվականի մայիսի 12-ին տրամադրված թիվ ՇԹ/11/6760-25 շինարարության թույլտվության հետ միաժամանակ հաստատված նախագիծը չի վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ տեխնիկական խնդիրների պատճառով:
Ի պատասխան Քաջիկ Սարգսյանի 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դիմումի և ի պատասխան Քաջիկ Սարգսյանի 2025 թվականի դեկտեմբերի 16-ի ահազանգի՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի՝ համապատասխանաբար 2025 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 24/172461-25 և 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 24/173815-25 գրություններով տեղեկացվել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվող «urban-permits.e-gov.am» քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով մուտքագրված նախագծերը մինչև հունիս չեն վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ՝ ծրագրային խնդիրների պատճառով: Նույն գրությամբ նաև տեղեկացվել է, որ հարցը գտնվում է քննարկման փուլում՝ Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միջև, որի արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Քաջիկ Սարգսյանին հասցեագրված «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի դեկտեմբերի 12-ի գրության համաձայն՝ թիվ «VP443265» պայմանագրով նախատեսված հետպայմանի կատարման վերջնաժամկետը երկարաձգվել է հինգ անգամ, սակայն Քաջիկ Սարգսյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերին ներկայացված՝ հետպայմանի կատարման վերջնաժամկետի երկարաձգման դիմումը մերժվել է, որին հետևել է վարկի մնացորդի 1%-ի, այն է՝ 79,183 ՀՀ դրամի չափով միանվագ տուգանքի կիրառումը:
Վարույթի լսումների ընթացքում Քաջիկ Սարգսյանը, պարզաբանելով պահանջը Երևանի քաղաքապետարան ներկայացնելու պատճառներն ու հիմքերը, հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի իրականացվել, քանի որ կառուցման նախագծի վրա բացակայել է այն համաձայնեցրած պաշտոնատար անձի՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությունը, ինչի կապակցությամբ վերջինիս աշխատակազմից տեղեկացվել է, որ էլեկտրոնային ստորագրությունը չի կարող դրվել, քանի որ տվյալ պաշտոնատար անձն այլևս չի պաշտոնավարում, իսկ այլ պաշտոնատար անձ նման իրավունք չունի: Քաջիկ Սարգսյանը հավելել է, որ առաջացած խնդիրը գտնվել է Երևանի քաղաքապետարանի տիրույթում, հետևաբար բանկի կողմից կիրառված տուգանքների փոխհատուցումն իրենից ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի գործունեության արդյունքում առաջացած վնաս, որը չէր առաջանա, եթե պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը նախագծի վրա դրված լիներ կամ հարցը լուծվեր մեկամսյա ժամանակում:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած ընթացակարգով և ժամկետներում:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած կարգով: Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ համայնքի վարչական սահմաններում կառուցապատման նպատակով թույլտվությունները և այլ փաստաթղթեր տալիս է համայնքի ղեկավարը, իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում` նաև Երևանի վարչական շրջանի ղեկավարը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 378-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված դեպքերի:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է «Քաղաքաշինության մասին» օրենքով և այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին քաղաքաշինության ոլորտում վերապահված այն լիազորությունները, որոնք «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով վերապահված չեն քաղաքապետին:
Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 107-Ն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս պետական կամ համայնքային սեփականություն չհամարվող հողամասում (բացառությամբ՝ նույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքներին անմիջապես հարող կառուցապատման առաջին գծի տարածքների) անհատական բնակելի տան կամ այգետնակի (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում երեք հարկն ու ձեղնահարկը), դրանց օժանդակ շինությունների և բակային կառույցներ համարվող տնտեսական օգտագործման շինությունների (պարիսպների, դարպասների, աղբահորերի, ջրհորների, բակային ծածկույթների և այլն, որոնց կատարման համար պահանջվում է շինարարության թույլտվություն), անհատական բնակելի տան կամ այգետնակի կցակառույցների, պատշգամբի, տերասայի և դրանց կից ավտոտնակի կառուցումից կամ վերակառուցումից բացի այլ քաղաքաշինական օբյեկտների մասով քաղաքաշինական գործունեության իրականացումը համարվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գործունեություն և այդ ոլորտում լիազորությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը, այդ թվում՝ «Քաղաքաշինության մասին» օրենքի 25-րդ հոդվածով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ավարտված շինարարության փաստագրման լիազորությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ինստիտուցիոնալ ցանցի միջոցով, որը համակարգվում է ինչպես նաև անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից, իսկ ներքին փաստաթղթաշրջանառությունը՝ կորպորատիվ ցանցի միջոցով, որի անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է նույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր մարմնի կամ կազմակերպության կողմից, որով կառուցապատողի կողմից ներկայացված ցանկացած հայտը (կամ դիմումը)՝ կից փաստաթղթերով, ուղարկվում է գործառույթի կատարման լիազորություն ունեցող իրավասու մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2026 թվականի հունվարի 22-ի թիվ Դ-6107-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 110.503 (մեկ հարյուր տասը հազար հինգ հարյուր երեք) ՀՀ դրամի չափով գումարի (Բանկի հետ կնքված թիվ «VP443265» պայմանագրով սահմանված տուգանք) կորուստը Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի քաղաքապետի ենթադրյալ՝ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, չի ապացուցվել ենթադրյալ 110.503 (մեկ հարյուր տասը հազար հինգ հարյուր երեք) ՀՀ դրամ գումարի չափով վնասին հանգեցրած՝ Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի քաղաքապետի գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ լինելու հանգամանքը (առկա չէ այդ կապակցությամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ), չի ապացուցվել Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի քաղաքապետի գործողության կամ անգործության և պահանջված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ուստի հիմք ընդունելով սույն որոշման մեջ մեջբերված իրավանորմերն ու Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Քաջիկ Սարգսյանի 2026 թվականի հունվարի 22-ի թիվ Դ-6107-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |