ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
24 փետրվարի 2026 թ. |
ՄԱԿ-Ի «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՕԳՈՒՏՆԵՐԻ ԱՐԴԱՐ ՈՒ ՀԱՎԱՍԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՄՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱԳՈՅԱՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Սահմանադրական դատարանը` կազմով. | |
|
դատավորներ` |
Արման Դիլանյանի (նախագահող), Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի (զեկուցող), Արթուր Վաղարշյանի, |
| մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
| Կառավարության ներկայացուցիչ՝ |
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1834-Ա որոշմամբ հավանություն է տվել ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ կոնվենցիան և արձանագրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» արձանագրությունը (այսուհետ նաև՝ Արձանագրություն) ընդունվել է 2010 թվականի հոկտեմբերի 29-ին Նագոյա քաղաքում՝ գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման նպատակով, այդ թվում՝ հաշվի առնելով բոլոր իրավունքներն այդ պաշարների և տեխնոլոգիաների նկատմամբ` գենետիկական պաշարների պատշաճ հասանելիության և համապատասխան տեխնոլոգիաների պատշաճ փոխանցման միջոցով, ինչպես նաև պատշաճ ֆինանսավորման միջոցով՝ նպաստելով կենսաբանական բազմազանության պահպանմանը և դրա բաղադրիչների կայուն օգտագործմանը:
«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1992 թվականի հունիսի 5-ին՝ Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի և զարգացման համաժողովում (Ռիո դե Ժանեյրոյում կայացած «Երկրի գագաթնաժողով») և ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 29-ին: Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 31-ի հ.ն-0781-1 որոշմամբ:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2014 թվականի հոկտեմբերի 12-ին: Ներկայումս այն վավերացրել է 142 պետություն, ստորագրել, սակայն դեռևս չեն վավերացրել 14 պետություն:
2. Կոնվենցիան միակ միջազգային փաստաթուղթն է, որտեղ համակողմանիորեն դիտարկվում է կենսաբանական բազմազանությունը: Կոնվենցիայի երեք նպատակներն են կենսաբանական բազմազանության պահպանությունը, դրա բաղադրիչների կայուն օգտագործումը և գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործումը:
3. Արձանագրությունը նպատակաուղղված է Կոնվենցիայի երեք հիմնական նպատակներից մեկի՝ գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար հիմունքներով բախշման գործնական իրականացմանը, որի արդյունքում ակնկալվում են հետևյալ օգուտները՝ ազգային ռեսուրսների նկատմամբ ինքնիշխանություն և իրավական պաշտպանություն, տնտեսական օգուտներ, տեղական և բնիկ համայնքների ավանդական գիտելիքներին աջակցություն, միջազգային հեղինակության բարձրացում և գլոբալ մեխանիզմներին մասնակցություն, հավելյալ միջազգային ֆինանսական աղբյուրների հասանելիություն, գիտատեխնիկական համագործակցության խթանում:
4. Ըստ դիմումին կից ներկայացված՝ «Պատասխանատու մարմինների վերաբերյալ տեղեկատվության»՝ պատասխանատու մարմինն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ համակատարող մարմիններն են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:
5. Արձանագրությունը բաղկացած է ներածությունից, 36 հոդվածից և «Դրամական և ոչ դրամական օգուտները» խորագրով հավելվածից:
Արձանագրության մասով վերապահումներ չեն կարող արվել (հոդված 34):
6. Արձանագրությունն իրականացվում է Արձանագրությանն առնչվող այլ միջազգային փաստաթղթերի հետ փոխադարձ նպաստավորության հիման վրա։ Արձանագրությունը Կոնվենցիայի՝ հասանելիությանը և համօգտագործմանն առնչվող դրույթների իրականացման փաստաթուղթն է։ Այն դեպքերում, երբ կիրառվում է հասանելիությանը և համօգտագործմանն առնչվող հատուկ միջազգային փաստաթուղթ, որը համապատասխանում է Կոնվենցիայի և Արձանագրության նպատակներին և չի հակասում դրանց, Արձանագրությունը չի կիրառվում հատուկ փաստաթղթի Կողմի կամ Կողմերի նկատմամբ՝ հատուկ փաստաթղթում ընդգրկված հատուկ գենետիկական պաշարների և հատուկ փաստաթղթի նպատակների մասով:
7. Արձանագրության նպատակն է գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործումը, այդ թվում՝ գենետիկական պաշարների պատշաճ հասանելիության և համապատասխան տեխնոլոգիաների պատշաճ փոխանցման միջոցով՝ հաշվի առնելով բոլոր իրավունքներն այդ պաշարների և տեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև պատշաճ ֆինանսավորման միջոցով՝ դրանով իսկ նպաստելով կենսաբանական բազմազանության պահպանմանը և դրա բաղադրիչների կայուն օգտագործմանը (հոդված 1):
8. Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված եզրույթները կիրառվում են Արձանագրության նկատմամբ (հոդված 2):
9. Արձանագրությունը կիրառվում է Կոնվենցիայի 15-րդ հոդվածի շրջանակներում գենետիկական պաշարների նկատմամբ և այդ պաշարների օգտագործումից ստացվող օգուտների նկատմամբ, ինչպես նաև Կոնվենցիայի շրջանակներում գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների և այդ գիտելիքների օգտագործումից ստացվող օգուտների նկատմամբ (հոդված 3):
10. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
10.1. Արձանագրության դրույթները չեն ազդում Կողմի՝ ցանկացած գործող միջազգային համաձայնագրից բխող իրավունքների և պարտավորությունների վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքների և պարտավորությունների իրականացումը կարող է լուրջ վնաս պատճառել կենսաբանական բազմազանությանը կամ սպառնալիք առաջացնել դրա համար, ինչպես նաև նախատեսված չեն Արձանագրության և այլ միջազգային փաստաթղթերի միջև հիերարխիա սահմանելու համար (հոդված 4, կետ 1),
10.2. գենետիկական պաշարների օգտագործումից, ինչպես նաև դրանց հետագա կիրառումից և առևտրայնացումից ստացվող օգուտներն արդար ու հավասար հիմունքներով համօգտագործել այդ պաշարները տրամադրող Կողմի հետ, որն այդ պաշարների ծագման երկիրն է, կամ այն Կողմի հետ, որը ձեռք է բերել գենետիկական պաշարները Կոնվենցիային համապատասխան՝ համօգտագործումն իրականացնելով փոխհամաձայնեցված պայմաններով (հոդված 5, կետ 1),
10.3. ըստ անհրաժեշտության՝ ձեռնարկել օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ՝ նպատակ ունենալով ապահովել բնիկ և տեղական համայնքներին պատկանող գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործումը շահագրգիռ համայնքների հետ՝ այդ գենետիկական պաշարների նկատմամբ այդ բնիկ և տեղական համայնքների սահմանված իրավունքներին առնչվող ներպետական օրենսդրությանը համապատասխան՝ հիմնված փոխհամաձայնեցված պայմանների վրա (հոդված 5, կետ 2),
10.4. ըստ անհրաժեշտության ձեռնարկել օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ, որպեսզի գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների օգտագործումից ստացվող օգուտներն արդար ու հավասար հիմունքներով համօգտագործվեն այդ գիտելիքներին տիրապետող բնիկ և տեղական համայնքների հետ՝ համօգտագործումն իրականացնելով փոխհամաձայնեցված պայմաններով (հոդված 5, կետ 5),
10.5. բնական պաշարների նկատմամբ ինքնիշխան իրավունքներն իրականացնելիս և հասանելիության և օգուտների համօգտագործման մասին ներպետական օրենսդրության կամ նորմատիվ պահանջների համաձայն՝ գենետիկական պաշարների հասանելիությունը դրանց օգտագործման նպատակով ապահովել այդ պաշարները տրամադրող Կողմի նախնական հիմնավորված համաձայնության առկայության դեպքում, որն այդ պաշարների ծագման երկիրն է, կամ այն Կողմի նախնական հիմնավորված համաձայնության առկայության դեպքում, որը ձեռք է բերել գենետիկական պաշարները Կոնվենցիային համապատասխան, եթե այդ Կողմն այլ որոշում չի կայացնում (հոդված 6, կետ 1),
10.6. ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել գենետիկական պաշարների հասանելիության համար բնիկ և տեղական համայնքների նախնական հիմնավորված համաձայնությունը կամ հավանությունն ստանալու և ներգրավվածությունն ապահովելու նպատակով, երբ նրանք ունեն այդ պաշարներին հասանելիություն տրամադրելու սահմանված իրավունք (հոդված 6, կետ 2),
10.7. Արձանագրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նախնական հիմնավորված համաձայնություն պահանջելու դեպքում ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ` Արձանագրության 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված գործողությունների համար (հոդված 6, կետ 3),
10.8. ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ նպատակ ունենալով ապահովել, որ գենետիկական պաշարներին առնչվող այն ավանդական գիտելիքների հասանելիությունը, որոնց տիրապետում են բնիկ և տեղական համայնքները, ապահովվի այդ բնիկ և տեղական համայնքների նախնական հիմնավորված համաձայնությամբ կամ հավանությամբ և ներգրավվածությամբ, և որ փոխհամաձայնեցված պայմանները սահմանված լինեն (հոդված 7),
10.9. հասանելիության և օգուտների համօգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կամ նորմատիվ պահանջները մշակելիս և իրականացնելիս ստեղծել պայմաններ այն գիտական հետազոտությունները խթանելու և խրախուսելու համար, որոնք նպաստում են կենսաբանական բազմազանության պահպանմանը և կայուն օգտագործմանը, հատկապես զարգացող երկրներում, այդ թվում՝ ոչ առևտրային հետազոտական նպատակներով հասանելիության ապահովման պարզեցված միջոցառումների միջոցով՝ հաշվի առնելով այդ հետազոտությունների նպատակների փոփոխմանն արձագանքելու անհրաժեշտությունը (հոդված 8, ենթակետ ա),
10.10. հասանելիության և օգուտների համօգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կամ նորմատիվ պահանջները մշակելիս և իրականացնելիս պատշաճ ուշադրություն դարձնել առկա կամ մոտալուտ արտակարգ իրավիճակների դեպքերին, որոնք սպառնում կամ վնասում են մարդկանց, կենդանիների կամ բույսերի առողջությանը, ինչպես սահմանված է ազգային կամ միջազգային մակարդակներում՝ հաշվի առնելով գենետիկական պաշարների արագ հասանելիության և այդ գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով արագ համօգտագործման անհրաժեշտությունը, այդ թվում՝ մատչելի օգտագործման հասանելիությունը կարիքավորների համար, հատկապես զարգացող երկրներում (հոդված 8, ենթակետ բ),
10.11. հասանելիության և օգուտների համօգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կամ նորմատիվ պահանջները մշակելիս և իրականացնելիս հաշվի առնել պարենի արտադրության և գյուղատնտեսության համար գենետիկական պաշարների կարևորությունը և դրանց հատուկ դերը սննդի անվտանգության համար (հոդված 8, ենթակետ գ),
10.12. խրախուսել, որպեսզի օգտվողները և մատակարարները գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտներն ուղղեն կենսաբանական բազմազանության պահպանմանը և դրա բաղադրիչների կայուն օգտագործմանը (հոդված 9),
10.13. դիտարկել օգուտների համօգտագործման գլոբալ բազմակողմանի մեխանիզմի անհրաժեշտությունն ու ձևերը՝ ապահովելու այն գենետիկական պաշարների և գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործումը, որոնք հանդիպում են անդրսահմանային իրավիճակներում, կամ որոնց համար հնարավոր չէ տրամադրել կամ ստանալ նախնական հիմնավորված համաձայնություն, ինչպես նաև ապահովել, որ այն օգուտները, որոնք համօգտագործվում են գենետիկական պաշարներից և գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքներից օգտվողների կողմից սույն մեխանիզմի միջոցով, օգտագործվեն գլոբալ առումով կենսաբանական բազմազանության պահպանմանը և դրա բաղադրիչների կայուն օգտագործմանն աջակցելու նպատակով (հոդված 10),
10.14. նույն գենետիկական պաշարները մեկից ավելի Կողմերի տարածքում հայտնաբերելիս ձգտել անհրաժեշտության դեպքում համագործակցել՝ ներգրավելով համապատասխան շահագրգիռ բնիկ և տեղական համայնքները՝ Արձանագրությունն իրականացնելու նպատակով (հոդված 11, կետ 1),
10.15. գենետիկական պաշարներին առնչվող նույն ավանդական գիտելիքները մի քանի Կողմերի մեկ կամ մի քանի բնիկ և տեղական համայնքների կողմից համօգտագործվելու պարագայում ձգտել անհրաժեշտության դեպքում համագործակցել՝ ներգրավելով շահագրգիռ բնիկ և տեղական համայնքները (հոդված 11, կետ 2),
10.16. Արձանագրությամբ սահմանված պարտավորությունները կատարելիս ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ հաշվի առնել բնիկ և տեղական համայնքների սովորութային իրավունքները, համայնքային աշխատակարգերը և ընթացակարգերը գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների վերաբերյալ (հոդված 12, կետ 1),
10.17. շահագրգիռ բնիկ և տեղական համայնքների արդյունավետ մասնակցությամբ մեխանիզմներ ստեղծել գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների պոտենցիալ օգտագործողներին ՀՀ պարտավորությունների մասին տեղեկացնելու համար, այդ թվում՝ այն միջոցների մասին, որոնք Հասանելիության և օգուտների համօգտագործման հարցերով տեղեկատվական կենտրոնի միջոցով մատչելի են դարձրել այդ գիտելիքների հասանելիությունը և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործումը (հոդված 12, կետ 2),
10.18. ըստ անհրաժեշտության՝ աջակցել բնիկ և տեղական համայնքների, այդ թվում՝ այդ համայնքներում կանանց կողմից համայնքային աշխատակարգերի մշակմանը, որոնք վերաբերում են գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների հասանելիությանը և այդ գիտելիքների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար համօգտագործմանը (հոդված 12, կետ 3, ենթակետ ա),
10.19. ըստ անհրաժեշտության՝ աջակցել բնիկ և տեղական համայնքների, այդ թվում՝ այդ համայնքներում կանանց կողմից գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար համօգտագործումն ապահովելու համար փոխհամաձայնեցված պայմաններին ներկայացվող նվազագույն պահանջների և գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների օգտագործումից ստացվող օգուտների համօգտագործման վերաբերյալ պայմանագրի տիպային դրույթների մշակմանը (հոդված 12, կետ 3, ենթակետեր բ, գ),
10.20. Արձանագրությունն իրականացնելիս հնարավորինս չսահմանափակել գենետիկական պաշարների և դրանց առնչվող ավանդական գիտելիքների սովորութային օգտագործումը և դրանց փոխանակումը բնիկ ու տեղական համայնքների շրջանակներում և միմյանց միջև՝ Կոնվենցիայի նպատակներին համապատասխան (հոդված 12, կետ 4),
10.21. նշանակել հասանելիության և օգուտների համօգտագործման ազգային համակարգող կենտրոն, որը պատասխանատու է քարտուղարության հետ փոխգործակցության համար, և որը կտրամադրի գենետիկական պաշարների հասանելիության թույլտվության համար դիմողներին՝ նախնական հիմնավորված համաձայնություն ստանալու և փոխհամաձայնեցված պայմաններ սահմանելու ընթացակարգերի, այդ թվում՝ օգուտների համօգտագործման վերաբերյալ տեղեկատվություն, գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների հասանելիության թույլտվության համար դիմողներին՝ բնիկ և տեղական համայնքների նախնական հիմնավորված համաձայնությունը կամ հավանությունն ստանալու և անհրաժեշտության դեպքում ներգրավվածությունն ապահովելու և փոխհամաձայնեցված պայմաններ սահմանելու ընթացակարգերի, այդ թվում՝ օգուտների համօգտագործման վերաբերյալ տեղեկատվություն, իրավասու ազգային մարմինների, համապատասխան բնիկ և տեղական համայնքների և համապատասխան շահագրգիռ կողմերի վերաբերյալ տեղեկատվություն (հոդված 13, կետ 1),
10.22. նշանակել հասանելիության և օգուտների համօգտագործման հարցերով մեկ կամ մի քանի իրավասու ազգային մարմիններ, որոնք պատասխանատու են հասանելիություն ապահովելու, գրավոր ապացույցներ տրամադրելու, ինչպես նաև նախնական հիմնավորված համաձայնություն ստանալու և փոխհամաձայնեցված պայմաններ սահմանելու նպատակով կիրառելի ընթացակարգերի և պահանջների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար (հոդված 13, կետ 2),
10.23. Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ ծանուցել Քարտուղարությանը ՀՀ ազգային համակարգող կենտրոնի և ՀՀ իրավասու ազգային մարմնի կամ մարմինների կոնտակտային տվյալների մասին՝ պարզաբանելով, թե որ իրավասու մարմինն է պատասխանատու պահանջվող գենետիկական պաշարների համար, ինչպես նաև Քարտուղարությանն անհապաղ տեղեկացնել ՀՀ ազգային համակարգող կենտրոնի նշանակման կամ ՀՀ իրավասու ազգային մարմնի կամ մարմինների կոնտակտային տվյալների կամ պարտականությունների ցանկացած փոփոխության մասին (հոդված 13, կետ 4),
10.24. ձեռնարկել պատշաճ, արդյունավետ և համաչափ օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ՝ ապահովելու, որ ՀՀ իրավասության սահմաններում օգտագործվող գենետիկական պաշարները հասանելի լինեն նախնական հիմնավորված համաձայնությանը համապատասխան, և սահմանվեն փոխհամաձայնեցված պայմաններ, ինչպես պահանջվում է մյուս Կողմի հասանելիության և օգուտների համօգտագործման վերաբերյալ ներպետական օրենսդրությամբ կամ նորմատիվ պահանջներով (հոդված 15, կետ 1),
10.25. ձեռնարկել պատշաճ, արդյունավետ և համաչափ միջոցներ՝ Արձանագրության 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված միջոցների անհամապատասխանության հետ կապված իրավիճակները կարգավորելու համար (հոդված 15, կետ 2),
10.26. Կողմերի հետ համագործակցել Արձանագրության 15-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ հասանելիության և օգուտների համօգտագործման վերաբերյալ ներպետական օրենսդրության կամ նորմատիվ պահանջների ենթադրյալ խախտման դեպքերում (հոդված 15, կետ, 3),
10.27. հարկ եղած դեպքում ձեռնարկել պատշաճ, արդյունավետ և համաչափ օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ՝ ապահովելու, որ ՀՀ իրավասության սահմաններում օգտագործվող գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքները հասանելի լինեն բնիկ և տեղական համայնքների նախնական հիմնավորված համաձայնությանը կամ հավանությանը և ներգրավվածությանը համապատասխան, և որ սահմանվեն փոխհամաձայնեցված պայմաններ, ինչպես պահանջվում է այն մյուս Կողմի գենետիկական պաշարների հասանելիության և օգուտների համօգտագործման վերաբերյալ ներպետական օրենսդրությամբ կամ նորմատիվ պահանջներով, որտեղ գտնվում են այդ բնիկ և տեղական համայնքները (հոդված 16, կետ 1),
10.28. հարկ եղած դեպքում և հնարավորինս համագործակցել հասանելիության և օգուտների համօգտագործման վերաբերյալ ներպետական օրենսդրության կամ նորմատիվ պահանջների ենթադրյալ խախտման դեպքերում (հոդված 16, կետ 3),
10.29. համապատասխանությունն ապահովելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ գենետիկական պաշարների օգտագործման մոնիթորինգի իրականացման և թափանցիկության բարձրացման համար, որոնք ներառում են Արձանագրության 17-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված գործողությունները (հոդված 17, կետ 1),
10.30. Արձանագրության 6-րդ հոդվածի 3-րդ կետի «է» (i) ենթակետը և 7-րդ հոդվածն իրականացնելիս խրախուսել գենետիկական պաշարների և (կամ) գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների մատակարարներին և օգտագործողներին փոխհամաձայնեցված պայմաններում անհրաժեշտության դեպքում ընդգրկելու վեճերի լուծմանն առնչվող դրույթներ, այդ թվում՝ այն իրավազորությունը, որին կփոխանցվի վեճերի լուծման ցանկացած գործընթացը, կիրառելի օրենսդրությունը, և (կամ) վեճերի այլընտրանքային լուծման տարբերակներ, ինչպիսիք են միջնորդությունը կամ արբիտրաժը (հոդված 18, կետ 1),
10.31. ըստ անհրաժեշտության՝ խրախուսել կամավոր վարքագծի կանոնների, ուղեցույցների և լավագույն գործելակերպերի և կամ ստանդարտների մշակումը, թարմացումը և օգտագործումը հասանելիության և օգուտների համօգտագործման առնչությամբ (հոդված 20, կետ 1),
10.32. միջոցներ ձեռնարկել գենետիկական պաշարների և գենետիկական պաշարներին առնչվող ավանդական գիտելիքների, ինչպես նաև հասանելիության և օգուտների համօգտագործմանն առնչվող հարցերի կարևորության վերաբերյալ իրազեկության բարձրացման համար (հոդված 21),
10.33. Կողմերի հետ համագործակցել կարողությունների ստեղծման, կարողությունների զարգացման և մարդկային ռեսուրսների ու ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ՝ զարգացող երկրներ հանդիսացող Կողմերում, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներում և դրանց շարքին դասվող զարգացող փոքր կղզի-պետություններում և անցումային տնտեսությամբ Կողմերում Արձանագրությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, այդ թվում՝ առկա համաշխարհային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և ազգային հաստատությունների և կազմակերպությունների միջոցով, և այս համատեքստում նպաստել բնիկ և տեղական համայնքների և համապատասխան շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներգրավմանը (հոդված 22, կետ 1),
10.34. Կոնվենցիայի 15, 16, 18 և 19-րդ հոդվածներին համապատասխան՝ մյուս Կողմերի հետ փոխգործակցել և համագործակցել տեխնիկական և գիտական հետազոտությունների և զարգացման ծրագրերի շրջանակներում, ներառյալ կենսատեխնոլոգիական հետազոտական գործունեությունը՝ որպես Արձանագրության նպատակին հասնելու միջոց, ինչպես նաև խթանել և խրախուսել տեխնոլոգիաների հասանելիությունը և տեխնոլոգիաների փոխանցումը զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներին և դրանց շարքին դասվող զարգացող փոքր կղզի-պետություններին, ինչպես նաև անցումային տնտեսությամբ Կողմերին՝ Կոնվենցիայի և Արձանագրության նպատակներին հասնելու համար հուսալի և կենսունակ գիտատեխնոլոգիական բազայի զարգացման և ամրապնդման մասով հնարավորություններ ստեղծելու նպատակով (հոդված 23),
10.35. խրախուսել Կողմ չհանդիսացող երկրներին՝ միանալու Արձանագրությանը, և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Հասանելիության և օգուտների համօգտագործման հարցերով տեղեկատվական կենտրոնին (հոդված 24),
10.36. Արձանագրության իրականացման համար ֆինանսական ռեսուրսները քննարկելիս հաշվի առնել Կոնվենցիայի 20-րդ հոդվածի դրույթները. Կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմը Արձանագրության ֆինանսական մեխանիզմն է (հոդված 25, կետեր 1 և 2),
10.37. փոխհատուցել Արձանագրության համար քարտուղարության ծառայությունների դիմաց ծախսերն այն չափով, որքանով դրանք տարբերակվում են մյուս ծախսերից (հոդված 28, կետ 3),
10.38. իրականացնել Արձանագրությամբ ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարման մոնիթորինգ և Կողմերի համաժողովի կողմից սահմանվող պարբերականությամբ և ձևաչափով ներկայացնել Արձանագրության իրականացման համար ՀՀ կողմից ձեռնարկված միջոցների մասին հաշվետվություն (հոդված 29):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
24 փետրվարի 2026 թվականի ՍԴՈ-1817 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2026 թվական: