ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
24 փետրվարի 2026 թ. |
«ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԻՋԱՆՑՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍԸ ԿԱԶՄՈՂ «ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԻՋԱՆՑՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ԱՇԳԱԲԱԹԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Սահմանադրական դատարանը` կազմով. | |
|
նախագահող` |
Արման Դիլանյանի, |
| դատավորներ` |
Արտակ Զեյնալյանի, |
| մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
| Կառավարության ներկայացուցիչ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, | |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրում և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի մայիսի 8-ի N 538-Ա որոշմամբ հավանություն է տվել «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրում և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի մայիսի 12-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Սահմանադրական դատարանի 2025 թվականի հուլիսի 29-ի ՍԴԱՈ-118 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև վերոնշյալ որոշման մեջ նշված կասեցման հիմքերը վերանալը:
2026 թվականի փետրվարի 13-ի ՍԴԱՈ-20 աշխատակարգային որոշման համաձայն՝ Սահմանադրական դատարանը, ավարտելով գործով պահանջված և ստացված լրացուցիչ ապացույցների ուսումնասիրությունը, դրանց վերլուծության և ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ գործի վարույթը կասեցնելու մասին՝ 2025 թվականի հուլիսի 29-ի ՍԴԱՈ-118 աշխատակարգային որոշմամբ սահմանված հիմքերը վերացել են:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը և դրա անբաժանելի մասը կազմող հուշագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 25-ին Աշգաբաթ քաղաքում՝ Միջին Ասիայի երկրների և Պարսից ծոցի ու Օմանի ծովի նավահանգիստների միջև արտահանվող և ներմուծվող ապրանքների անխափան տեղափոխման համար հուսալի տրանսպորտային միջանցք ստեղծելու նպատակով:
2. Համաձայնագրի անբաժան մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր) ստորագրվել է 2014 թվականի օգոստոսի 6-ին Մասկատ քաղաքում:
3. Արտաքին գործերի նախարարության՝ Համաձայնագրի և Հուշագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ եզրակացության համաձայն՝ «Համաձայնագրին ՀՀ միանալը կնպաստի համաձայնագրի մասնակից պետությունների հետ տրանսպորտային կարգավորումների ներդաշնակեցմանը, հնարավորություն կընձեռի բազմազանեցնել գործընկերային կապերը տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում Կենտրոնական Ասիայի և Պարսից ծովի երկրների հետ՝ բարձրացնելով ՀՀ տարանցիկ հնարավորությունները:
Համաձայնագրի նպատակները համահունչ են ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում ՀՀ գերակայություններին և ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին»:
4. Արտաքին գործերի նախարարության՝ Համաձայնագրի և Հուշագրի ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Համաձայնագիրն ստորագրվել է ութ պետությունների կողմից (Պայմանավորվող կողմեր):
5. Դիմումին կից ներկայացված՝ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ Համաձայնագրի և Հուշագրի կատարման համար պատասխանատու մարմիններն են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
6.1. Պայմանավորվող կողմերի հետ ստեղծել հուսալի տրանսպորտային միջանցք՝ Միջին Ասիայի երկրների և Պարսից ծոցի ու Օմանի ծովի նավահանգիստների միջև ապրանքների և ուղևորների անխափան փոխադրման ու տարանցման, Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքով արտահանվող ու ներմուծվող ապրանքերի փոխադրման համար (հոդված 3, մաս 1),
6.2. Պայմանավորվող կողմերի հետ ավելացնել բեռների և ուղևորների փոխադրման արագությունը՝ տրանսպորտային ծախսերի օպտիմալացման նպատակով (հոդված 3, մաս 2),
6.3. բարձրացնել Պայմանավորվող կողմերի տրանսպորտային և տարանցման ներուժի օգտագործման արդյունավետությունը (հոդված 3, մաս 3),
6.4. միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ներգրավել մյուս պետությունների տարանցիկ բեռները (հոդված 3, մաս 4),
6.5. բարձրացնել տրանսպորտային կապերի արդյունավետությունը՝ Պայմանավորվող կողմերի տարածքներով բեռների և ուղևորների փոխադրումն ու տարանցումը կարգավորելու համար (հոդված 3, մաս 5),
6.6. աջակցել միջազգային շուկաներ մուտք գործելու հարցում՝ օգտագործելով Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքով տրանսպորտային փոխադրման վերգետնյա և ջրային տեսակները (հոդված 3, մաս 6),
6.7. ապահովել ուղևորությունների անվտանգությունը, բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման առնչությամբ անվտանգության միջազգային ստանդարտների կիրառումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան (հոդված 3, մաս 7),
6.8. ստեղծել հավասար և ոչ խտրական պայմաններ՝ Պայմանավորվող կողմերի տարածքներում տրանսպորտային ծառայությունների բոլոր տեսակների մատակարարների համար (հոդված 3, մաս 8),
6.9. պարզեցնել և ներդաշնակեցնել այն պաշտոնական փաստաթղթերն ու ընթացակարգերը, որոնցով կարգավորվում են բեռների և ուղևորների միջազգային փոխադրումները՝ առկա միջազգային ստանդարտներին և պայմանագրերին համապատասխան (հոդված 3, մաս 9),
6.10. Պայմանավորվող կողմերի հետ որոշել Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի երթուղիները և նախանշել այն ենթակառուցվածքն ու տրանսպորտային փոխադրման տեսակները, որոնք պետք է օգտագործվեն բեռների և ուղևորների փոխադրման համար (հոդված 4, մաս 2),
6.11. Պայմանավորվող կողմերի հետ ձեռնարկել միմյանց օժանդակելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի համար տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ծրագրերում ներդրումներ կատարելու միջոցով (հոդված 4, մաս 3),
6.12. Համաձայնագիրն իրագործելիս ապահովել ՀՀ տարածքով բեռների և ուղևորների միջազգային փոխադրման և տարանցման արդյունավետ պայմաններ՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդված 5, մաս 1),
6.13. աջակցել մյուս Պայմանավորվող կողմի այն քաղաքացիներին վիզաների տրամադրման հարցում, որոնք իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան մասնակցում են բեռների և ուղևորների միջազգային փոխադրմանն ու տարանցմանը (հոդված 5, մաս 2),
6.14. օժանդակություն ցուցաբերել և արագացնել արագ փչացող ապրանքների տարանցումը ՀՀ պետական սահմանները հատելիս և ձեռնպահ մնալ չհիմնավորված հապաղումներ կիրառելուց (հոդված 7),
6.15. ջանքեր գործադրել հարկերի, տուրքերի և այլ վճարումների օպտիմալացման համար՝ անկախ դրանց անվանումից և նշանակությունից, ներառյալ՝ բեռների տարանցման ժամանակ ծառայություններ տրամադրելու հետ կապված վճարները (հոդված 8, մաս 1),
6.16. Համաձայնագրի իրագործման նպատակով Պայմանավորվող կողմերի հետ ստեղծել Համաձայնագրի 9-րդ հոդվածում սահմանված լիազորություններով օժտված Համակարգող խորհուրդ (հոդված 9, մաս 1),
6.17. Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Պայմանավորվող կողմերի հետ ձևավորել Աշխատանքային կոմիտե՝ իրենց ներկայացուցիչների կազմով (հոդված 10, մաս 1):
7. Համաձայնագրի նպատակներով Պայմանավորվող կողմերն ստեղծում են Միջին Ասիայի պետությունները Պարսից ծոցի և Օմանի ծովի նավահանգիստների հետ կապող Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք, որը կոչվում է «Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք» (հոդված 4, կետ 1):
8. Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն` Համաձայնագրի դրույթներով կարգավորվում են Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներով բեռների և ուղևորների միջազգային փոխադրումն ու տարանցումը, որոնք իրականացվում են ցանկացած տեսակի տրանսպորտով (վերգետնյա ու ջրային)՝ Համակարգող խորհրդի կողմից հաստատվող երթուղիներով:
9. Համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն՝ Համաձայնագրի իրագործման նպատակով ստեղծված Համակարգող խորհուրդն առնվազն տարին մեկ անգամ իր նիստերը հաջորդաբար անցկացնում է Պայմանավորվող կողմերի տարածքներում՝ անգլերեն այբբենական կարգով կամ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով։
10. Համաձայնագրին համապատասխան՝ արգելվում է առանց տվյալ Պայմանավորվող կողմի նախնական համաձայնության՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքով վտանգավոր, արգելված բեռների ու երկակի նշանակության ապրանքների փոխադրումն ու տարանցումը։ Պայմանավորվող կողմերը սահմանում են տվյալ բեռները, որոնք լրացուցիչ արձանագրության մեջ կամփոփվեն Համաձայնագրի 10-րդ հոդվածին համապատասխան ստեղծված Աշխատանքային կոմիտեի կողմից և կտարածվեն Համակարգող խորհրդի կողմից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրում և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
24 փետրվարի 2026 թվականի ՍԴՈ-1818 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2026 թվական: