ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Դ. Ղուկեյան |
ԿԴ/0165/01/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան,
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
16 սեպտեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի որոշման դեմ մեղադրյալ Ալիկ Սմբատի Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2009 թվականի հունվարի 23-ին, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 66100409 քրեական գործը։
Նախաքննության մարմնի` 2009 թվականի փետրվարի 12-ի որոշումներով Ալիկ Սմբատի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի՝ 2009 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ Ա․Սարգսյանի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով։
2022 թվականի սեպտեմբերի 26-ին քրեական գործով վարույթը վերսկսվել է:
2022 թվականի սեպտեմբերի 26-ին Ա․Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով։
Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Ա․Բարսեղյանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը։
2023 թվականի մայիսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի նոյեմբերի 27-ի դատավճռով Ա․Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Ա․Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։ Վճռվել է նաև վարութային ծախսերի հարցը համարել լուծված, իսկ արտավարութային փաստաթղթերը պահպանել գործի նյութերում։
3․ Պաշտպանների վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 6-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 27-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա․Սարգսյանը և պաշտպանները բերել են վճռաբեկ բողոքներ։ Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի մարտի 3-ի որոշմամբ պաշտպանների բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Սարգսյանի բողոքն ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ առերևույթ լուրջ փաստական հանգամանք ի հայտ գալու ուժով Վերաքննիչ դատարանի դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:
Այսպես, բողոք բերած անձը փաստարկել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին դիմել է իրավասու մարմիններին՝ ցանկություն հայտնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․2-րդ մասի կարգավորման ուժով, 8․000․000 (ութ միլիոն) ՀՀ դրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով, զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության՝ մեկ ամիս ժամկետով։ Այդ կապակցությամբ նախաձեռնվել է համապատասխան գործընթաց, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել է նշված չափի գումարը և 2025 թվականի հունվարի 8-ին ստացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով նույն թվականի հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի Չարենցավանի տարածքային զինկոմիսարիատ ներկայանալու մասին ծանուցագիր։
Ընդհանրացնելով, բողոքի հեղինակն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվելուց հետո ի հայտ է եկել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, քանի որ իր նկատմամբ կիրառելի է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 461-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը, նկատի ունենալով, որ ինքը, կամովին ներկայանալով, 2025 թվականի հունվարի 10-ին զորակոչվելու է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության, ուստի, քրեաիրավական հիշյալ նորմի ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձ՝ մեղադրյալ Ա․Սարգսյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի որոշումը և իր նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ալիկ Սարգսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա․ «(․․․) [Հ]անդիսանալով ՀՀ քաղաքացի և Չարենցավանի զինկոմիսարիատում գտնվելով զինվորական հաշվառման մեջ ու համարվելով զինակոչիկ, խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2008 թվականի աշնանային զորակոչից՝ ՀՀ Զինված ուժերում ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում»1:
8․ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(․․․) Առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալ Ա․Սարգսյանի համաձայն լինելու և արագացված վարույթ կիրառելու պայմաններում [Առաջին ատյանի դ]ատարանը, չիրականացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ապացույցների հետազոտում, արձանագրում է, որ ապացուցված են մեղադրական եզրակացությամբ Ա․Սարգսյանին վերագրվող փաստական հանգամանքները և այդ արարքի քրեական հակաիրավականությունը, վերջինս մեղավորությամբ կատարել է իրեն մեղսագրված հանցանքը, այն ճիշտ է որակված և համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին»2:
9․ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(․․․) [Վ]երաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը բեկանելու և փոփոխելու, հիմքեր չկան, նկատի ունենալով, որ [Առաջին ատյանի] դատարանը դատավճիռ կայացնելիս` թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ»3:
10. Անձնական խուզարկության արձանագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06։45-ին «Զվարթնոց» օդանավակայանում անձնական խուզարկության է ենթարկվել ինքնակամ ներկայացած Ալիկ (Ալեքսանդր) Սմբատի Սարգսյանը4։
11․ Ամբաստանյալ Ա.Սարգսյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է իր կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․2-րդ մասի կարգավորման ուժով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության՝ մեկ ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով 8․000․000 (ութ միլիոն) ՀՀ դրամ5։
2025 թվականի փետրվարի 18-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարի պարտականությունները ժամանակավոր կատարող Բ․Կուրղինյանի գրությունն առ այն, որ Ալիկ Սարգսյանը 2025 թվականի հունվարի 10-ին զորակոչվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության6։
Վճռաբեկ վարույթի ընթացքում ստացվել է նաև Ա․Սարգսյանի զինվորական գրքույկի պատճենը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ա․Սարգսյանը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից արձակվել է 2025 թվականի փետրվարի 11-ին7։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. առկա է արդյո՞ք Ա․Սարգսյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք։
13․ Նախքան բարձրացված իրավական հարցին անդրադառնալը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածը, ի տարբերություն նույն հարաբերությունը կարգավորող՝ Ա․Սարգսյանի կողմից արարքը կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի, նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ հիմք, այն է՝ կամովին ներկայացած և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը վճարած անձն անվերապահ կերպով ազատվում է քրեական պատասխանատվությունից, ուստի վերոնշյալ նորմը, սույն վարույթով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հետադարձ ուժ ունի8։
14․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(․․․)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (․․․)»։
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`
(․․․)
3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (․․․)»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: (․․․)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է (…)
4. Սույն հոդվածի 1-ին (…) մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ կամավոր ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը»:
ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով։
Վերոնշյալ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 1․2-րդ մասերի համաձայն՝ «1.Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով: Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները` մինչև 28 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27, 28 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի ընթացքում:
(…)
1․2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրացած և սույն օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչև 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչև 45 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության` 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ վեց ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ մեկ ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն սույն օրենքով սահմանված` շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: (․․․) Սույն մասի իմաստով` օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո»:
15․ Վերոնշյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ քրեաիրավական հիշյալ խրախուսական նորմի և վերաբերելի մասով դրա գործադրման հիմք հանդիսացող բլանկետային նորմի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․2-րդ մասի զուգակցված կիրառմամբ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձը ենթակա է ազատման ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության:
Ընդ որում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչև 37 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ մեկ ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։
16․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Ա․Սարգսյանին մեղսագրվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2008 թվականի աշնանային զորակոչից խուսափելը՝ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում9,
- համաձայն անձնական խուզարկության ենթարկելու արձանագրության՝ Ա․Սարգսյանը 2022 թվականի սեպտեմբերի 26-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ իրավասու պետական մարմնին10,
- Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, ապացուցված է համարել մեղադրյալ Ա․Սարգսյանին վերագրվող փաստական հանգամանքները, արարքի քրեական հակաիրավականությունը և մեղադրյալի մեղավորությունը, և միաժամանակ արձանագրել է, որ արարքին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով տրված քրեաիրավական գնահատականը ճիշտ է11,
- Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ12,
- Ա․Սարգսյանը, դիմելով ՀՀ իրավասու պետական մարմնին, ցանկություն է հայտնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․2-րդ մասի կարգավորման ուժով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության՝ մեկ ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով 8․000․000 (ութ միլիոն) ՀՀ դրամ։ 2025 թվականի փետրվարի 18-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարի պարտականությունները ժամանակավոր կատարող Բ․Կուրղինյանի գրությունն առ այն, որ Ա․Սարգսյանը 2025 թվականի հունվարի 10-ին զորակոչվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության, իսկ Վճռաբեկ դատարանի տրամադրության տակ եղած՝ Ա․Սարգսյանի զինվորական գրքույկի պատճենի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից արձակվել է 2025 թվականի փետրվարի 11-ին13։
17․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և 15-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած Ա․Սարգսյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը։
Այսպես, սույն վարույթի փաստական տվյալներից հետևում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա․Սարգսյանը մինչև 37 տարին լրանալը կամովին ներկայացել և օրենքով սահմանված կարգով մեկ ամիս ժամկետով զորակոչվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության։ Ավելին, սույն որոշումը կայացնելու օրվա դրությամբ Ա․Սարգսյանն արձակվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Նման պայմաններում, Ա․Սարգսյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը, ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա, անհրաժեշտ է Ա․Սարգսյանի վերաբերյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բեկանել ու Ա․Սարգսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական oրենuգրքի հատուկ մասի դրույթի ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով, և քրեական վարույթը կարճել:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ա․Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը պետք է վերացնել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Մեղադրյալ Ալիկ Սմբատի Սարգսյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի որոշումը բեկանել։
2․ Ալիկ Սմբատի Սարգսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական oրենuգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով ու քրեական վարույթը կարճել:
3․ Ալիկ Սմբատի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը` վերացնել:
4․ Արտավարութային փաստաթղթերը՝ պահպանել քրեական գործում։
5․ Վարութային ծախսերի հարցը համարել լուծված։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 133-136:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 82-95:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 18-42:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 81:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 26:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 60:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 50-28:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:
9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|