ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ/0067/01/19 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.09.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ. Միսակյան

ԱՐԴ/0067/01/19

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  Լ. Ալավերդյան

դատավորներ՝ 

 Գ. Հովհաննիսյան

 Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

 

Լ. ԹադևոՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

 19 սեպտեմբերի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Արշակ Սանասարի Թամրազյանի և Աննա Վրույրի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԼԳրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի մայիսի 30-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 57173317 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արշակ Սանասարի Թամրազյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Աննա Վրույրի Հարությունյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ դատական վարույթն ըստ տարածքային ընդդատության ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2 Դատաքննության ընթացքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հունիսի 28-ի որոշմամբ ամբաստանյալ ԱԹամրազյանի պաշտպան ԼՀարությունյանի և ամբաստանյալ ԱՀարությունյանի պաշտպան Լ.Սիմոնյանի միջնորդությունը բավարարվել է՝ ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին մեղսագրված արարքները որակվել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 3-րդ կետերով, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Որոշվել է նաև՝ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ԱԹամրազյանի և ԱՀարությունյանի անշարժ և շարժական գույքերի վրա դրված կալանքները վերացնել:

3 Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2023 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի որոշումը։

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԼԳրիգորյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերը, վերլուծության ենթարկելով մի շարք իրավանորմեր, նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, այն է՝ կիրառել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել նշված օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, որը ենթակա էր կիրառման: Դատարանը կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել նշված օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ թույլ տալով նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:

51 Մասնավորապես, բողոքաբերը, վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերում առկա՝ հետադարձության կանոնները, նշել է, որ ստորադաս դատարանները մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված հափշտակության չափերը նախատեսող օրենքին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը, այն դեպքում, երբ ամբաստանյալի կատարած արարքը երբևէ չի համապատասխանել և չէր կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը։

52 Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները հափշտակության չափերը նախատեսող նոր օրենքը համարել են պատիժը մեղմացնող, մինչդեռ այն ոչ մի առնչություն չունի պատժի խստացման և մեղմացման հետ, այն պատժատեսակ և պատժաչափ նախատեսող նորմ չէ և չի կարող համարվել պատիժը մեղմացնող, այլ հարց է, որ դրա կիրառման պայմաններում անձի վիճակն այլ կերպ կարող է բարելավվել։

Միևնույն ժամանակ, նշված օրենսդրական փոփոխությունը, ըստ բողոքաբերի, չի կարող համարվել նաև արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող, քանի որ դրա ուժով ամբաստանյալներ ԱԹամրազյանի և ԱՀարությունյանի կատարած արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն չի վերացել։

Արդյունքում, բողոքաբերը եզրակացրել է, որ հափշտակության չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները սույն քրեական վարույթով հանդիսանում են ամբաստանյալներ ԱԹամրազյանի և ԱՀարությունյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, որին կարող էր տրվել հետադարձ ուժ, եթե այն նախատեսված լիներ օրենքով։

53 Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ միջին ծանրության հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոնը, հաշվի չառնելով այն էական հանգամանքը, որ ամբաստանյալներ ԱԹամրազյանի և ԱՀարությունյանի կատարած արարքը համարվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հանցագործություն, հետևաբար պետք է կիրառվեր նշված օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի ոչ թե 2-րդ, այլ 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորումը:

54 Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները անդրադառնալով ամբաստանյալներ ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքին, հաստատված են համարել վերջիններիս կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 4360000 ՀՀ դրամի հափշտակություն կատարելու հանգամանքը և գտել են, որ նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցել են, անտեսելով այն փաստը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի գործողության պայմաններում ամբաստանյալները չէին կարող վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։

ԱԹամրազյանի և ԱՀարությունյանի կատարած արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում համապատասխանում է նույն օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքին, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվության վաղեմության 10 (տասը) տարվա ժամկետ: Այսինքն՝ երկու դեպքում էլ նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները նույնն են՝ 10 (տասը) տարի, հետևաբար, ըստ բողոքաբերի, սույն դեպքում հետադարձության խնդիր առհասարակ չի կարող առաջանալ:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արշակ Թամրազյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) [Նա] պատիժ կրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն ՔԿՀ-ում, 2017 թվականի սեպտեմբերի 10-ին «List.am» ինտերնետային կայքում որոնման միջոցով գտել է մեղրի վաճառքի վերաբերյալ Վանաձոր քաղաքի բնակիչ Ա.Ա.-ի կողմից տեղադրած հայտարարությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով նշված մեղրին տիրանալու դիտավորությամբ իր կողմից օգտագործվող ***-****** հեռախոսահամարով զանգահարել է Ա.Ա.-ի ***-****** հեռախոսահամարին, նրա հետ խոսելիս, խեղաթյուրելով իր իրական տվյալները, ներկայացել է Հրայր անվամբ՝ որպես «Սաս» սուպերմարկետի մենեջեր՝ ցանկություն հայտնելով գնել Ա.Ա.-ին պատկանող մեղրը: Զրույցի ընթացքում Ա.Ա.-ի մոտ ստեղծելով վստահություն և իրականությունը դիտավորյալ կերպով խեղաթյուրելով` հայտնել է, թե իբր անհրաժեշտ է 1200 կգ մեղր ձեռք բերել սուպերմարկետի համար, և Ա.Ա.-ի հետ սակարկելուց հետո պայմանավորվել է 1 կգ մեղրը իբր ձեռք բերել 3200 ՀՀ դրամով: Հայտնել է, որ անձամբ չի կարող գալ, և այն գնելու համար Ա.Ա.-ին կմոտենա սուպերմարկետի ներկայացուցիչ Ա.Հարությունյանը: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ա.Թամրազյանը նույն օրը՝ ժամը 15:23-ին ***-****** հեռախոսահամարով զանգահարել է «Մերսեդես ML 350» մակնիշի ** ** *** հ/հ ավտոմեքենայով փոխադրումներ իրականացնող վարորդ Ե.Մ.-ի ***-****** հեռախոսահամարին, նրան հայտնել, որ ցանկանում է օգտվել փոխադրման ծառայություններից և վերջինիս հետ ձեռք բերել իբր իր գործավար Ա.Հարությունյանին Երևան քաղաքից հետադարձով Վանաձոր քաղաք տեղափոխելու պայմանավորվածություն: Պայմանավորվածության համաձայն 2017թ. սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից տարածքում Ե.Մ.-ին մոտեցել է Ա.Հարությունյանը, և միասին ուղևորվել են Վանաձոր քաղաք: Միևնույն ժամանակ Ա.Թամրազյանը «List.am» ինտերնետային կայքում որոնման արդյունքում գտել է բեռնափոխադրումներ իրականացնելու վերաբերյալ Սևան քաղաքի բնակիչ Ռ.Գ.-ի կողմից տեղադրած հայտարարությունը և վերոնշյալ մեղրին խաբեության եղանակով տիրանալու դիտավորությամբ 2017 թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը 16:33-ին նույն հեռախոսահամարով զանգահարել է Ռ.Գ.-ի ***-****** հեռախոսահամարին, նրա հետ խոսելիս, թաքցնելով իր իրական տվյալները, ներկայացել է Նորայր անվամբ և Ռ.Գ.-ի հետ ձեռք բերել մեղրը Վանաձոր քաղաքից Երևան քաղաք 30.000 ՀՀ դրամով տեղափոխելու պայմանավորվածություն: Նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ա.Ա.-ն «Ստեփանավանի խաչմերուկ»-ում դիմավորել է Ա.Հարությունյանին վարորդ Ե.Մ.-ի հետ վերջինիս կողմից վարվող «Մերսեդես ML 350» մակնիշի ** ** *** հ/հ ավտոմեքենայով, ինչպես նաև «Գազել» մակնիշի ** ** *** հ/հ ավտոմեքենայի վարորդ Ռ.Գ.-ին, և ուղևորվել են իր տուն իբր Ա.Թամրազյանի կողմից մեղրը գնելու նպատակով, որտեղ 9 տարա մեղրը բեռնել են Ռ.Գ.-ի ավտոմեքենան, այնուհետև ուղևորվել Ա.Ա.-ի ընկերոջ՝ Ա.Ս.-ի տուն և բեռնել վերջինիս պատկանող մնացած ևս 15 տարա մեղրը: Այնուհետև Ռ.Գ.-ն իր Գազել մակնիշի ** ** *** հ/հ ավտոմեքենայով բարձված մեղրով, Ե.Մ.-ը Ա.Հարությունյանի հետ «Մերսեդես ML 350» մակնիշի 96 ML 969 հ/հ ավտոմեքենայով, Ա.Ա.-ն և Ա.Ս.-ն իրենց Օպել մակնիշի ** ** *** հ/հ ավտոմեքենայով Ա.Թամրազյանի ցուցումով իբր մեղրը փորձաքննության անցկացնելու պատրվակով ուղևորվել են Երևան քաղաք, սակայն Աբովյան քաղաքի ոստիկանական հենակետի մոտ Ա.Ա.-ն և Ա.Ս.-ն իրենց ավտոմեքենան թողել են տեղում և Ա.Հարությունյանի հորդորով նստել Ե.Մ.-ի «Մերսեդես ML 350» մակնիշի ** ** *** հ/հ ավտոմեքենան: Հասնելով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու մոտ՝ Ա.Հարությունյանը գլխացավի դեղ գնելու և հետո նրանց միանալու պատճառաբանությամբ պատահական տաքսի ավտոմեքենայով հեռացել է, որի ընթացքում Ե.Մ.-ն Ա.Թամրազյանի ցուցումով ուղևորվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գտնվող ՀՀ-ում Ինտերպոլի ազգային-կենտրոնական բյուրոյի մասնաշենք իբրև որևէ անձից 2 միլիոն ՀՀ դրամ գումար վերցնելու պատրվակով՝ այդպիսով դիտավորյալ Ե.Մ.-ին, Ա.Ս.-ին և Ա.Ա-ին ճանապարհից շեղելով: Միևնույն ժամանակ Ա.Թամրազյանը հեռախոսազանգի միջոցով վարորդ Ռ.Գ.-ին կարգադրել է ուղևորվել Երևան քաղաքի Կիևյան կամուրջի մոտ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի ուղղությամբ, Ավան թաղամասի «Մարմարի աշխարհ» խանութ սրահի մոտ: Ռ.Գ.-ն, հասնելով նշված վայր, կրկին Ա.Թամրազյանի հեռախոսազանգի միջոցով տրված ցուցումով վերցրել է բանվորներ Է.Ա.-ին, ոմն Գ.-ին, որից հետո ուղևորվել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ոստիկանական անշարժ հենակետի հետնամաս, որտեղ Ա.Թամրազյանի ցուցումով վերը նշված մեղրը դատարկելուց հետո Ռ.Գ.-ին վճարվել է Ա.Թամրազյանի հետ նախապես մատուցած ծառայության համար պայմանավորված 30.000 ՀՀ դրամ գումարը, և վերջինս հեռացել է: Այնուհետև Ա.Թամրազյանի խնդրանքով նշված վայր է գնացել Ա.Շ.-ն, ով նշված մեղրը Ա.Թամրազյանի ցուցումով պահելու, այնուհետև այն վաճառելու նպատակով, քննությամբ չպարզված «Գազել» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի ուղղությամբ, սակայն Ա.Թամրազյանի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում տարաձայնություն ունենալուց հետո նշված մեղրը բեռնել է Ա.Թամրազյանի մատնանշած՝ քննությամբ չպարզված մեկ այլ «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որն անհայտ ուղղությամբ հեռացել է։ Այդպիսով Ա.Թամրազյանը խարդախությամբ տիրացել է Ա.Ա.-ին և Ա.Ս.-ին պատկանող ընդհանուր 4.360.000 ՀՀ դրամին համարժեք 24 տարա մեղրին (...)»1:

71 Աննա Հարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) [Նա] 2017թ. սեպտեմբերի 10-ին իր կողմից շահագործվող ***-****** հեռախոսահամարով կապ է հաստատել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արշակ Սանասարի Թամրազյանի հետ վերջինիս պատկանող ***-****** հեռախոսահամարով և հեռախոսազանգի միջոցով տուժողներ Ա.Ա.-ին ու Ա.Ս.-ին պատկանող առանձնապես խոշոր չափի գումարի մեղրը հափշտակելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել Ա.Թամրազյանի հետ: Այնուհետև Ա.Թամրազյանի կողմից բեռնափոխադրման ծառայություններ իրականացնող Ռ.Գ.-ի, ավտովարորդի ծառայություններ իրականացնող Ե.Մ.-ի հետ հեռախոսային խոսակցությունների միջոցով նախապես պայմանավորվածության համաձայն Ա.Հարությունյանը 2017թ. սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից տարածքում մոտեցել է վարորդ Ե.Մ.-ին և միասին վերջինիս «Մերսեդես ML 350» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Վանաձոր քաղաք, որի ընթացքում Ա.Հարությունյանը իր և Ա.Թամրազյանի իրական մտադրությունը չբացահայտելու նպատակով, որպես պատրվակ օգտագործելով իբր իր՝ վերը նշված բջջային հեռախոսահամարում լիցքավորում չունենալու հանգամանքը, Ե.Մ.-ից խնդրել է վերջինիս բջջային հեռախոսը և դրա **-****** հեռախոսահամարով զանգահարել Ա.Թամրազյանի կողմից իրեն փոխանցած տուժող Ա.Ա.-ի ***-****** հեռախոսահամարին, խեղաթյուրելով իրականությունը ու քողարկելով իր իրական տվյալները, ներկայացել է Նարինե անվամբ և պայմանավորվածություն ձեռք բերել հանդիպման կոնկրետ վայրի մասին: Նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ա.Ա.-ն «Ստեփանավանի խաչմերուկ» կոչվող հատվածում դիմավորել է վարորդ Ե.Մ.-ի կողմից վարվող «Մերսեդես ML 350» մակնիշի ** ** *** հ/հ ավտոմեքենայով երթևեկող Ա.Հարությունյանին, ինչպես նաև նշված վայր հասած, Ա.Թամրազյանի կողմից նախապես պատվիրված և Ա.Հարությունյանին դրա մասին նախապես տեղեկացված «Գազել» մակնիշի ** ** *** հ/հ ավտոմեքենայի վարորդ Ռ.Գ.-ին, և ուղևորվել են իր տուն` իբր Ա.Թամրազյանի կողմից մեղրը գնելու նպատակով, որտեղ Ա.Հարությունյանի ներկայությամբ 9 տարա մեղրը բեռնել են Ռ.Գ.-ի վերը նշված ավտոմեքենան, այնուհետև ուղևորվել Ա.Ա.-ի ընկերոջ՝ Ա.Ս.-ի տուն և բեռնել վերջինիս պատկանող մնացած ևս 15 տարա մեղրը: Դրանից հետո Ռ.Գ.-ն իր «Գազել» մակնիշի ավտոմեքենայով բարձված մեղրով, Ե.Մ.-ն Ա.Հարությունյանի հետ «Մերսեդես ML 350» մակնիշի ավտոմեքենայով, Ա.Ա.-ն և Ա.Ս.-ն իրենց «Օպել» մակնիշի ** ** *** հ/հ ավտոմեքենայով իբր մեղրը փորձաքննության անցկացնելու պատրվակով ուղևորվել են Երևան քաղաք, սակայն Աբովյան քաղաքի ոստիկանական հենակետի մոտ Ա.Ա.-ն և Ա.Ս.-ն իրենց ավտոմեքենան թողել են տեղում` ցանկություն հայտնելով նստել «Գազել» մակնիշի ավտոմեքենան, սակայն Ա.Հարությունյանը միջոցներ է ձեռնարկել վերջիններիս բեռնված մեղրից առանձնացնելու ուղղությամբ` հորդորելով նստել Ե.Մ.-ի «Մերսեդես ML 350» մակնիշի ** ** *** հ/հ ավտոմեքենան՝ վստահեցնելով, որ բոլորով միևնույն վայրն են մեկնում: Ե.Մ.-ի նշված ավտոմեքենայով հասնելով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու մոտ՝ Ա.Թամրազյանը հեռախոսազանգի միջոցով ուղղորդել է Ռ.Գ.-ին խճուղով շարունակել ուղիղ ընթացքը, որից հետո ինչպես Ա.Թամրազյանը հեռախոսազանգի միջոցով, այնպես էլ Ա.Հարությունյանը Ե.Մ.-ին ուղղորդել են ուղևորվել դեպի ձախ՝ Ինտերպոլի շինության ուղղությամբ՝ այդպիսով Ա.Ա.-ին և Ա.Ս.-ին շեղելով մեղրով բեռնված «Գազել» մակնիշի ավտոմեքենայից, սակայն Ե.Մ.-ն տեսնելով, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենան այլ ճանապարհով է ընթանում, իր նախաձեռնությամբ հետադարձ է կատարել և շարժվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո ճանապարհին երկու ավտոմեքենաներն էլ կանգնել են: Ա.Հարությունյանը տուժողների մոտ առաջացնելով վստահություն և ստեղծելով տպավորություն, թե ինչպես Ռ.Գ.-ն, այնպես էլ Ե.Մ.-ն իրենց աշխատողներն են, բարձր և հրամայական տոնով վերջիններիս հորդորել է, որ անեն այնպես, ինչպես իրենց ասում են և չշեղվեն ճանապարհից, որից հետո իր նշված գործողություններով բաժանելով տուժողներ Ա.Ա.-ին ու Ա.Ս.-ին մեղրով բեռնված «Գազել» մակնիշի ավտոմեքենայից և խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն ուղղված իր գործողությունները համարելով ավարտված, գլխացավի դեղ գնելու և հետո վերջիններիս միանալու պատճառաբանությամբ նշված վայրից պատահական տաքսի ավտոմեքենա նստելով հեռացել է անհայտ ուղղությամբ և նույն ժամանակ զանգահարել է Ա.Թամրազյանին, իսկ Ա.Թամրազյանը ինչպես Ա.Հարությունյանի հետ մինչ այդ կատարած համատեղ գործողությունների, այնպես էլ դրանից հետո հեռախոսազանգերի միջոցով կատարված ցուցումների շնորհիվ խարդախությամբ հափշտակել է Ա.Ա.-ին ու Ա.Ս.-ին պատկանող ընդհանուր 4.360.000 ՀՀ դրամին համարժեք 24 տարա մեղրը (...)»2:

8 Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը փաստում է, որ ի տարբերություն 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով առանձնապես խոշոր չափ Օրենսդրի կողմից սահմանվել է 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը։ Ուստի տվյալ դեպքում ամբաստանյալներ Ա.Թամրազյանին և Ա.Հարությունյանին մեղսագրված վերը նշված արարքը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված խոշոր չափերով կատարված հանցագործությունների հատկանիշներին և դրանց համապատասխանեցման և վերաորակման դեպքում հետադարձ ուժ տալով պատիժը մեղմացնող օրենսդրությանը՝ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծվում ամբաստանյալների համար: Այսինքն՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ա.Թամրազյանին և Ա.Հարությունյանին վերագրվող հիշյալ արարքը ենթակա է վերաորակման համապատասխանաբար որպես՝

- մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին և որի համար 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է սահմանվել համապատասխանաբար տուգանք` քսանապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:

(...) Միաժամանակ նկատի ունենալով, որ ի տարբերություն 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, որով նշված արարքը համարվել է ծանր հանցանք, 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նշված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ Դատարանը գտնում է, որ վաղեմության հարցի լուծման համար կիրառելի է արարքը կատարելու պահին գործող 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները (...)։

(...) Դատարանը հաշվի առնելով մեղադրանքի հանգամանքները, ենթադրյալ հանցավոր արարքի կատարման ժամանակը (ամբաստանյալներին մեղսագրված արարքը կատարվել է 2017 թվականի սեպտեմբերի 10-ին), արձանագրում է, որ ամբաստանյալներ Արշակ Սանասարի Թամրազյանին և Աննա Վրույրի Հարությունյանին մեղսագրվող ՀՀ քրեական (05.05.2021թ. ընդունված) օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հանցավոր արարքի դեպքից ժամանակագրական առումով մինչ օրս անցել է հինգ տարի և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ:

Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալներ Արշակ Սանասարի Թամրազյանը և Աննա Վրույրի Հարությունյանը, գիտակցելով առաջացող իրավական հետևանքների բնույթը, այդ թվում` այն, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կրելու է ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացիոն) բնույթ, չեն առարկել (համաձայնվել են) նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթ կարճելու դեմ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Արշակ Սանասարի Թամրազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և Աննա Վրույրի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ ՀՀ քրեական (01.07.1998թ. ընդունված) դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ (...)»3։

9Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյան[ի] դատարանը Արշակ Թամրազյանին և Աննա Հարությունյանին մեղսագրված արարքները համապատասխանեցնելով գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախության հանցակազմի հատկանիշներին, իրավացիորեն դրանց վերաորակման արդյունքում հետադարձ ուժ է տվել պատիժը մեղմացնող օրենսդրությանը՝ դրանով իսկ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ամբաստանյալների համար:

(․․․) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ քննարկվող հանցակազմերի առարկայի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանց արդյունքում՝ ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին վերագրվող արարքները որակվել են համապատասխանաբար՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կատարված խարդախություն /2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր/, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին (․․․) այսինքն, օրենսդրի կողմից սահմանվել է ավելի մեղմ պատիժ, քան 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված սանկցիայով։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված փոփոխությունները համընկնում են քրեական օրենքին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ պայմանին, այն է՝ մեղմացվել է համապատասխան հանցավոր արարքի համար սահմանված պատիժը, հետևաբար 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերը նշված փոփոխություններին պետք է տրվի հետադարձ ուժ, այսինքն, դրանց գործողությունը պետք է տարածվի մինչև փոփոխության ընդունումը հանցանք կատարած անձանց՝ ԱԹամրազյանի և ԱՀարությունյանի արարքի որակման և դրա համար պատժի սահմանման վրա։ Վերոնշյալ հիմնավորումներով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Բողոքաբերի պնդումները՝ հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքի փոփոխությունը՝ ամբաստանյալի վիճակը այլ կերպ բարելավող օրենք համարվելու մասին, անհիմն են։

(․․․)

Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ ամբաստանյալներ ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին մեղսագրված՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքը կատարվել է 2017 թվականի սեպտեմբերի 10-ին և միաժամանակ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ընթացքն այլ հանցանքներով ընդհատված լինելու մասին փաստական տվյալներ առկա չեն, ինչպես նաև ղեկավարվելով 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումներով առ այն, որ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով իրավացիորեն առաջնորդվել է ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով։

Անդրադառնալով Բողոքաբերի պնդումներին առ այն, որ նշված իրավակարգավորումների պարագայում Առաջին ատյանի դատարանի կողմից 2003 թվականի ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի փոխարեն պետք է կիրառվեր նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ եթե նոր օրենքի ընդունման արդյունքում անձի՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի ժամանակ ենթադրաբար կատարած հանցանքը վերաորակվում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի ավելի մեղմ պատիժ նախատեսող մասով և դրա արդյունքում տեղի է ունենում հանցագործության տեսակի փոփոխություն, ապա վերաորակման պահից նույն հոդվածի վերաբերյալ նախկին իրավակարգավորումների քրեաիրավական հետևանքները դադարում են, այսինքն՝ տվյալ դեպքում վերաորակման պահից ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին մեղսագրված արարքը համարվում է միջին ծանրության հանցագործություն՝ դրանից բխող բոլոր քրեաիրավական հետևանքներով, հետևաբար վաղեմության ժամկետների կիրառման մասով ևս կիրառելի են միջին ծանրության հանցանքների վերաբերյալ վաղեմության ժամկետների օրենսդրական կարգավորումները։

Ելնելով վերոշարադրյալից՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են և բխում են գործի նյութերից, բողոքարկված դատական ակտն օրինական է և հիմնավորված, այն բեկանելու և փոփոխելու հիմքեր առկա չեն (․․․)»4։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10 Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։

(...)

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։

(...)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ «հափշտակության (…) չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի (…) մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝

(…)

3. Խարդախությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

(…)

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝

(…)

2. Խարդախությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(…)

3) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով (…)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, (…):

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. (…)»:

12 Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։

Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված՝ միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ5:

13 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

 - ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին վերագրվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, որը որակվել է այն կատարելու պահին գործող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով6,

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, ՀՀ գործող քրեական օրենսգրքով, որպես առանձնապես խոշոր չափ, օրենսդրի կողմից սահմանվել է 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը։ Ուստի տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը ընդգծել է, որ ամբաստանյալներ Ա.Թամրազյանին և Ա.Հարությունյանին մեղսագրված արարքը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված խոշոր չափերով կատարված հանցագործությունների հատկանիշներին և դրանց համապատասխանեցման և վերաորակման դեպքում հետադարձ ուժ տալով պատիժը մեղմացնող օրենսդրությանը՝ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծվում ամբաստանյալների համար: Հետևաբար ամբաստանյալներ Ա.Թամրազյանին և Ա.Հարությունյանին վերագրվող հիշյալ արարքը ենթակա է վերաորակման համապատասխանաբար որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։

 Առաջին ատյանի դատարանը միաժամանակ փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նշված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ ուստի վաղեմության հարցի լուծման համար կիրառելի են արարքը կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները7,

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, փաստել է, որ իրավացի են Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին մեղսագրված արարքները ենթակա են համապատասխանեցման ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախության հանցակազմի հատկանիշներին և վերջիններիս մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն առաջնորդվել է ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթներով8։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին վերագրվող՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 4.360.000 ՀՀ դրամին համարժեք 24 տարա մեղրի հափշտակությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունն ԱԹամրազյանի և ԱՀարությունյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ որդեգրել են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։

Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց ավելի քան հինգ տարի անց ԱԹամրազյանը և ԱՀարությունյանն ազատվել են քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ ներկայումս գործող քրեական օրենքի համաձայն, տվյալ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է:

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունը՝ ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, իրավաչափ չէ:

16 Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում նշված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում՝ հաշվի առնելով, որ հափշտակության չափերի օրենսդրական փոփոխության արդյունքում՝ ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին վերագրվող արարքն առավել ծանրացնող հանգամանքով հանցակազմից ենթակա է վերաորակման ծանրացնող հանգամանքով հանցակազմի, որը նախատեսում է ինչպես ազատազրկման առավել նվազ ժամկետներ, այնպես էլ այլ, առավել մեղմ պատժատեսակներ։ Հետևաբար, հափշտակության չափերի օրենսդրական փոփոխությունը հանգեցնում է ԱԹամրազյանին և ԱՀարությունյանին վերագրվող արարքի համար նախատեսված պատժի մեղմացման, և, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին անհրաժեշտ է հետադարձ ուժ տալ։

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ԱԹամրազյանի և ԱՀարությունյանի վերաբերյալ վարույթը պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննությունը շարունակելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387 րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Արշակ Սանասարի Թամրազյանի և Աննա Վրույրի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 246-248:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 97-98:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 42-43:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 136-138:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 7․1-րդ կետերը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Ա. Դանիելյան

Լ. ԹադևոՍՅԱՆ

Ա. պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան