ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ1/3246/01/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` ՎՋիվանյան

ԵԴ1/3246/01/24

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  Ա. Նիկողոսյան

դատավորներ՝ 

 ՏԳրիգորյան

 ԱՂուկասյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

31 հոկտեմբերի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Տիգրան Անդրանիկի Աղաջանյանը ձերբակալվել է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։

2024 թվականի սեպտեմբերի 3-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 70917824 քրեական վարույթը։

2024 թվականի սեպտեմբերի 4-ին Տիգրան Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել։

2024 թվականի սեպտեմբերի 5-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է, և վերջինս անհապաղ ազատ է արձակվել։

2024 թվականի սեպտեմբերի 6-ին ՏԱղաջանյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

2024 թվականի հոկտեմբերի 31-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 70922124 քրեական վարույթը, որը միացվել է թիվ 70917824 քրեական վարույթին։ Նույն օրը թիվ 70917824 քրեական վարույթից անջատվել է թիվ 70922224 քրեական վարույթը։

2024 թվականի նոյեմբերի 11-ին թիվ 70922224 քրեական վարույթը՝ ըստ մեղադրանքի՝ ՏԱղաջանյանի, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

 2Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով մեղադրյալ ՏԱղաջանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է ՏԱղաջանյանի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 3 (երեք) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:

3. Դատախազ ԱՕսեյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված հիմքի բացակայության պայմաններում մեղադրյալ ՏԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարելով իրավաչափ, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի սխալ կիրառում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալ ՏԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը բնութագրող հանգամանքները, դրանց չեն տվել անհրաժեշտ քրեաիրավական նշանակություն։

Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալ ՏԱղաջանյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձևով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, իսկ սուբյեկտիվ կողմից այն դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ, ինչպես նաև փաստել է, որ նմանօրինակ հանցանքներն ունեն լատենտայնության բարձր աստիճան, որպիսի պայմաններում դատարանի կողմից մեղքի հաստատման պարագայում, պատիժը պայմանականորեն չկիրառելը կհանգեցնի ամենաթողության։

Բողոքաբերն արձանագրել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ՏԱղաջանյանն ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ծագում ունեցող «Կոկաին» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՏԱղաջանյանը որևէ հիվանդությամբ չի տառապել, որպեսզի նրա կողմից վերոնշյալ թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելն ու պահելը հիվանդության հիմքով պայմանավորված ցավերը թեթևացնելու նպատակ հետապնդեին։

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալի նախկինում դատապարտված չլինելը, դրականորեն բնութագրվելը, ինքնին, պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք չեն։ Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մյուս հանգամանքներին, մասնավորապես՝ մեղքն ընդունելուն, կատարված արարքի համար զղջալուն, խնամքին 2 անչափահաս ունենալուն, բողոքաբերը փաստել է, որ դրանց ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի և չափի վրա կախված է դրանց մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքների էության, արժեքի և կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ։

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի որոշումը՝ ՏԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով փոփոխել և թողնել կրելու նրա նկատմամբ ազատազրկում ձևով նշանակված պատիժը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը

7Մեղադրյալ ՏԱղաջանյանի պաշտպան ԴԱվանեսյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ դատախազի բողոքն անհիմն է, դատական ակտը կայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ՝ գործում առկա հանգամանքների ճիշտ գնահատականի հիման վրա։

Միաժամանակ բողոքի պատասխանի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանները եկել են ճիշտ եզրահանգման, ըստ որի մեղադրյալ ՏԱղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը։

71 Արդյունքում պաշտպանը խնդրել է մերժել դատախազի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Տիգրան Աղաջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է ներկայացվել և նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «(…) խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի՝ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշման պահանջները՝ քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և դեռևս չպարզված անձից, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել և պահել ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-ն որոշման 1-ին հավելվածով նախատեսված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 0.13 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը փաթեթավորված է եղել մեկ հատ սպիտակ գույնի թղթյա փաթեթում, և որն էլ հայտնաբերվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնում կատարված Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի անձնական խուզարկությամբ՝ հագին եղած տաբատի գրպանից»1։

9. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ ՏԱղաջանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով, արձանագրել է հետևյալը. «(...) Ներկայացված մեղադրանքը մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի կողմից ընդունելու և արագացված վարույթ կիրառելու պայմաններում` Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Տիգրան Աղաջանյանին վերագրված արարքն ապացուցված է, այն ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի հատկանիշներին:

(...)

Վկայակոչված իրավական նորմերում և դիրքորոշումներում սահմանված չափանիշների համատեքստում անդրադառնալով Տիգրան Աղաջանյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելուն՝ Դատարանը հիմք է ընդունում հետևյալ հանգամանքները.

- մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ նրան մեղսագրված է բնակչության առողջության դեմ ուղղված միջին ծանրության դիտավորյալ հանցագործություն, նրա մոտ հայտնաբերված թմրամիջոցի քաշը մոտ է տվյալ թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմին,

- նրա անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես այն, որ նա բնութագրվում է դրական, դատվածություն չունեցող է, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Այսպիսով՝ Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները, գտնում է, որ մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ պետք է նշանակել նրան վերագրվող հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն պատժաչափը՝ ազատազրկում 2 տարի ժամկետով։

(…)

Մեջբերված իրավական նորմերի լույսի ներքո գնահատելով սույն գործով հետազոտված փաստական տվյալները, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Տիգրան Աղաջանյանը կատարել է միջին ծանրության հանցագործություն, հանցանքը կատարելու պահին դատվածություն չի ունեցել, բնութագրվում է դրական, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, խնամքին ունի երկու անչափահաս, որպիսի հանգամանքները թույլ են տալիս Դատարանին եզրահանգելու, որ նպատակահարմար է, որպեսզի նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառվի, քանի որ պատժի նպատակներին կարելի է հասնել առանց Տիգրան Աղաջանյանի կողմից նշանակվող պատիժը կրելու և նրա նկատմամբ երկու տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու միջոցով։ Դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է նաև մարդասիրության սկզբունքի իրացվելիության խնդրով և ուղղված է մեղադրյալի ու նրա ընտանիքի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի դրսևորմանը՝ նպատակ հետապնդելով ապահովելու հասարակությունում նրա անհատականությունը և ինքնադրսևորումը (...)»2։

10. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Ն]շված իրավական նորմերի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո անդրադառնալով մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը, համակողմանիորեն ուսումնասիրելով մեղադրյալի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը (խնամքին երկու անչափահասի առկայությունը, դեպքի հանգամանքների վերաբերյալ խոստովանական ցուցմունք տալով հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, առաջադրված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր ճանաչելը և զղջալը), ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները (բնութագրվում է դրական, դատվածություն չունի), հետհանցավոր վարքագիծը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթը, գտնում է, որ նշանակված պատժի նաև ռեալ (իրական) չկիրառման միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությունը։

Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ վերը նշված հանգամանքների ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հետևություն անելու մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձևով պատիժը փաստացի կիրառելու աննպատակահարմարության և առանց այդ պատիժը նրա կողմից ռեալ (իրական) կրելու սույն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրևենտիվ) բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով։

Միևնույն ժամանակ անդրադառնալով պատժաչափը խստացնելու վերաբերյալ Բողոքաբերի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով վերոնշյալ մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը գտնում է, որ մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ պատիժ նշանակելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափը՝ ազատազրկումը` 2 (երկու) տարի ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ՝ այդ թվում նյութաիրավական նորմերի խախտում՝ նշանակված պատժի համաչափության մասով։ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները վերջնական պատժաչափի մասով իրավաչափ են, մասնավորապես՝ մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին հասնելու հնարավորության համատեքստում և նման հետևությունները բխում են արդարության և պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից։

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներն իրենց համաչափ արտացոլումն են գտել Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Տիգրան Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատժում, ինչպես նաև նրա կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ հետևություններում և նման պարագայում վերաքննիչ բողոքի փաստարկներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները։

Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով թույլ չի տրվել դատական սխալ, այդ թվում նաև՝ նյութաիրավական կամ քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա, և գործով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը բխում է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքից։ (…)» 3:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ ՏԱղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։

13. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա5` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն6:

ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝

 (...)

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝

 պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով, (...) »:

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- մեղադրյալ ՏԱղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել7:

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՏԱղաջանյանի վերասոցիալականացումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին8։

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ9։

15. Սույն վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ ՏԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է ՏԱղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից ՏԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կողմից կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՏԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալ ՏԱղաջանյանին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ,

գ) մեղադրյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանքի առկայությունը, այն է՝ հանցանքն առանձնապես խոշոր չափերով կատարելը,

դ) շրջանառվող թմրամիջոցի տեսակը և չափը, այն, որ մեղադրյալը «Տելեգրամ» ինտերնետային հավելվածով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 013 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց։

17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ ՏԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։

18 Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ ՏԱղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները ՏԱղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Ուստի, անհրաժեշտ է ՏԱղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ու ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի փետրվարի 26-ի որոշումը փոփոխել։ Տիգրան Անդրանիկի Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ու նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Տիգրան Անդրանիկի Աղաջանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 51-52։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 42-47։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 49-60։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Հ. Գրիգորյան

 

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Լ. Թադևոսյան

  Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: