ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Ա.Շիրոյան |
ԼԴ4/0036/01/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան,
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
21 նոյեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման դեմ մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի պաշտպան Ա.Կարապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ
Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հուլիսի 8-ին Վահե Գագիկի Բադիկյանը ձերբակալվել է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։
2023 թվականի հուլիսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նախաձեռնվել է թիվ 52121223 քրեական վարույթը։
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ ***** ***** ********* ճանաչվել է տուժող:
2023 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ Վահե Բադիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Բադիկյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառվել են տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով և բացակայելու արգելքը:
2023 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ Վ․Բադիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
2. 2023 թվականի հոկտեմբերի 23-ին թիվ 52121223 քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Վ.Բադիկյանի, հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
3․ Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մայիսի 2-ի որոշմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ։
Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 14-ի դատավճռով մեղադրյալ Վ.Բադիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Վ.Բադիկյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ 3 (երեք) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 4 (չորս) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2023 թվականի հուլիսի 12-ից: Վ.Բադիկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներ տնային կալանքը և բացակայելու արգելքը թողնվել են անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
4. Պաշտպան Ա.Կարապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 14-ի դատավճիռը թողնելով անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Վ.Բադիկյանի պաշտպան Ա.Կարապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի մարտի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա:
Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված ծանրացնող հանգամանքը, ինչի արդյունքում Վահե Բադիկյանի փաստացի կատարած արարքին տրվել է սխալ իրավական գնահատական։
Մասնավորապես, բողոքաբերը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքը որակյալ դարձնող հատկանիշին, փաստել է, որ նախաքննության ընթացքում չի հայտնաբերվել այն առարկան, որով մեղադրյալը մարմնական վնասվածք է պատճառել *.************, հետևաբար ստորադաս դատարանների այն պնդումները, որ տուժողին մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված առարկա հանդիսացող դանակով է պատճառվել մարմնական վնասվածք, չեն բխում վարույթի նյութերից։
Բողոքաբերը նշել է նաև, որ դանակի գործադրմամբ անձի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու ոչ բոլոր դեպքերը կարող են որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ անձի արարքը նշված ծանրացնող հանգամանքով կարող է որակվել միայն այն դեպքում, երբ հանցանք կատարած անձը մինչև հանցագործության դեպքը դանակը վերցնում կամ պահում է իր մոտ մարմնական վնաս պատճառելու համար: Մինչդեռ, սույն քրեական վարույթով դանակը կամ սուր կտրող-ծակող գործիքը նախապես մարմնական վնասվածք պատճառելու համար վերցնելու մասին փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, հետևաբար բողոքի հեղինակը գտել է, որ բոլոր կասկածները, որոնք պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չեն փարատվել, պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։
6.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք ներկայացրած անձը նշել է, որ ստորադաս դատարանները որպես պատիժը մեղմացնող հանգամանքներ չեն գնահատել հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաիրավական վարքագծի ազդեցության տակ կատարելը և Վ.Բադիկյանի կողմից ոստիկանության բաժին ինքնակամ ներկայանալը։
6.2. Նման պայմաններում, բողոքի հեղինակը գտել է, որ մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ինչպես մեղադրյալի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և օբյեկտիվ հիմք են տալիս նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:
7. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը և մեղադրյալ Վ․Բադիկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և պատիժ նշանակելով՝ այն պայմանականորեն չկիրառել, կամ վիճարկվող դատական ակտերը որոշակի մասով փոփոխել և մեղադրյալ Վ.Բադիկյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Վահե Բադիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «(…) Նա 2023 թվականի հուլիսի 08-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրից դեպի Շիրակամուտ բնակավայր տանող ճանապարհի ոլորանների հատվածում, ******* ******* ****** հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, քաշքշել է նրան, ապա իր մոտ գտնվող մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված սուր կտրող-ծակող առարկայով՝ դանակով, դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է ****** *********** մարմնի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս՝ ձախից կրծքավանդակի կողմնային մակերեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող թոքահյուսվածքի վնասումով, հեմոպնևմոթորաքոսով վերք, ձախ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսի քերծվածքներ, ձախ ազդրի ստորին երրորդի առաջնային մակերեսի արյունազեղում մարմնական վնասվածքները։ (…)»1։
9. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Դատարանը փաստում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հոդվածով որակելու համար պետք է առկա լինի հետևյալ նախապայմանները՝ մարմնական վնասվածքը պետք է պատճառվի.
ա. զենքի գործադրմամբ,
բ. ցանկացած առարկայի գործադրմամբ, որը մինչև մարմնական վնասվածք պատճառվելը նախապես պատրաստվել կամ հարմարեցվել է մարմնական վնասվածք պատճառելու համար,
գ. ցանկացած միջոցի գործադրմամբ, որը թեև ի սկզբանե հարմարեցված կամ նախատեսված չէ մարմնական վնասվածք պատճառելու համար, սակայն մինչև ենթադրյալ հանցագործության դեպքը, հանցանք կատարած անձը վերցնում է իր հետ այդ առարկայով մարմնական վնասվածք պատճառելու համար (օրինակ՝ մետաղյա ձող, մահակ և այլն),
դ. ցանկացած միջոցի գործադրմամբ, որը ի սկզբանե հարմարեցված է կամ նախատեսված է այդ թվում նաև մարմնական վնասվածք պատճառելու համար մինչև ենթադրյալ հանցագործության դեպքը, հանցանք կատարած անձը վերցնում է իր հետ այդ առարկայով մարմնական վնասվածք պատճառելու համար (օրինակ՝ դանակ և այլն), կամ անձը այդ առարկան իր մոտ կրում է չկոնկրետացված դիտավորությամբ՝ գիտակցելով ցանկացած պահի դրանով մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը։
Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված զենք կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի հասկացությունը փաստացի գործող քրեական օրենսգրքով նախատեսել է մարմնական վնասվածք պատճառելու համար զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու ծանրացնող հանգամանք։ Գործող օրենսգրքում խոսվում է ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրման մասին։ Օրենսդիրը ելնում է այն գաղափարից, որ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հանցանքի կատարումը վկայում է անձի բարձր հանրային վտանգավորության մասին։
Հիմնական դատալսումների ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտված թույլատրելի ապացույցների հիման վրա, դրանց ձևի և բովանդակության վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ հիմնավոր եզրափակիչ դատավարական ակտ կայացնելու համար բավարարության տեսանկյունից, դրանց պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ, մեղադրյալի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր ողջամիտ կասկածները նրա օգտին մեկնաբանելով, դատարանը հաստատված է համարում, որ մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանը 2023 թվականի հուլիսի 08-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրից դեպի Շիրակամուտ բնակավայր տանող ճանապարհի ոլորանների հատվածում, ******* ******** ********** հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, քաշքշել է նրան, ապա իր մոտ գտնվող մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված սուր կտրող-ծակող առարկայով՝ դանակով, դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է ******* ********* մարմնի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս՝ ձախից կրծքավանդակի կողմնային մակերեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող թոքահյուսվածքի վնասումով, հեմոպնևմոթորաքսով վերք, ձախ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղում մարմնական վնասվածքները։
Դատարանը փաստում է, որ թեև չի հայտնաբերվել հանցագործության գործիքը, սակայն տուժող ******* ********** կողմից ցուցմունքով հայտնած տվյալները, մեղադրյալի և տուժողի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու մասին կազմված արձանագրություններում արտացոլված փաստական տվյալները, համադրելով փորձագետի կողմից տրված եզրակացության հետ, մասնավորապես այն որ՝ մարմնական վնասվածքները պատճառվել են սուր ծակող-կտրող գործիքի՝ հնարավոր է դանակի ներգործության հետևանքով, բավարար են հաստատված համարելու, որ Վահե Բադիկյանը տուժողին մարմնական վնասվածք պատճառել է դանակով հարվածելու արդյունքում։
(…)
Դատարանը նաև հետազոտված ապացույցներով հաստատված է համարում այն հանգամանքը, որ դեպքի նախորդ օրը մեղադրյալ Վ.Բադիկյանի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որից հետո վերջինս պայմանավորվածության համաձայն՝ գնացել է դեպքի վայրը:
Այսպիսով, Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքի ժամանակ մեղադրյալի մոտ եղել է դանակ, ինչը հաստատվել է ոչ միայն տուժողի ցուցմունքով, այլ նաև՝ մեղադրյալի կողմից ներկայացված հաղորդմամբ, ընդ որում Վ. Բադիկյանը նշել է, որ եղել է ծալովի դանակ, ինչը գործածելու համար նաև այն բացվել է, հետևաբար, Դատարանը նաև հաստատված համարելով այն, որ մեղադրյալի մասնակցությամբ դեպքի նախորդ օրը տեղի է ունեցել միջադեպ, իսկ նշված օրը այն շարունակվել է այլ վայրում, գտնում է, որ Վ. Բադիկյանը որոշակի պարզաբանումներ կատարելու նպատակով դեպքի վայր գնալուց առաջ նախապես իր հետ վերցրել է դանակ, հետևաբար, տուժողին մարմնական վնասվածք պատճառել է նախապես հարմարեցված առարկայի՝ դանակի գործադրմամբ:
Դատարանը նշվածի համատեքստում հարկ է համարում ընդգծել, որ հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցների համակցությունը բավարար է արձանագրելու համար, որ Վահե Գագիկի Բադիկյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքի առկայությունը։
(…)
Դատարանը դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա փաստում է, որ մեղադրյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքեր առկա չեն։
Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Վ․Բադիկյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ և 69-րդ հոդվածների պահանջները, գտնում է, որ մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի նկատմամբ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված և թույլատրելի պատժի հետևյալ պատժաչափը՝ ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով։
(…) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վահե Բադիկյանին մեղսագրվող հանցավոր արարքն ընդգրկված է առողջության դեմ ուղղված ծանր հանցագործությունների շարքում, ուստի պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս Դատարանի համար կարևոր նշանակություն ունի խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության գործիքը, տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու մարմնական վնասվածքների տեղակայումը: Մասնավորապես սույն դեպքում մեղադրյալ Վահե Բադիկյանը դանակով դիտավորությամբ հարվածել է տուժողի կրծքավանդակին՝ առաջացրել առողջությանը ծանր վնաս, վտանգ սպառնացող, իսկ ըստ փորձագետի՝ մի փոքր շեղումն անգամ կարող էր վրա բերել մահ։
Սույն պարագայում Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արարքի հանրային վտանգավորության աստիճանի ու բնույթի համատեքստում հնարավորություն չեն տալիս հանգելու իրավաչափ հետևության, որ Վահե Բադիկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը, ուստի նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը փաստացի կրելու պայմաններում է հնարավոր հասնել պատժի նպատակների կատարմանը։
Դատարանը նաև անդրադառնալով մեղադրյալի պաշտպան Ա.Կարապետյանի այն պնդմանը, որ մեղադրյալ Վ.Բադիկյանն ինքնակամ է ներկայացել ոստիկանության Սպիտակի բաժին, այլ ոչ թե՝ ձերբակալվել Լոռու մարզի ****** բնակավայրում, ապա այդ կապակցությամբ Դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա՝ 08.07.2023թ. ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր *.********* կողմից կազմված ձերբակալման արձանագրության համաձայն՝ Վահե Բադիկյանը ձերբակալվել է Լոռու մարզ, ******* բնակավայր, *-ին փողոցում: Վերոգրյալի կապակցությամբ Դատարանը որպես վկա հարցաքննել է *.************, ով հաստատել է մեղադրյալի ձերբակալման վայրի վերաբերյալ տվյալները, իսկ մեղադրյալի պապի՝ ************ ************** *********** և մորեղբոր ընկերոջ՝ ********** ********* ********* կողմից հայտնած և սույն դատավճռում նշված փաստական տվյալները բավարար չեն հակառակի մասին հետևության հանգելու համար: (…)»2։
10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) Հիմնավոր է (…) Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ հետազոտված ապացույցների համակցությունը բավարար է արձանագրելու համար, որ Վահե Գագիկի Բադիկյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքի առկայությունը։
(…) Վերաքննիչ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքում տեղ գտած պատճառաբանությունները և այդ առնչությամբ արտահայտած պնդումները, գտնում է, որ դրանք չեն հերքում ըստ էության պատշաճ իրավական ընթացակարգի պահպանմամբ ձեռք բերված ապացույցներում առկա այն տեղեկություններն ու փաստական տվյալները, որոնք հանգեցնում են առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի մեղավորությանը:
(…)
Ինչ վերաբերում է պաշտպանի վերաքննիչ բողոքում տեղ գտած պնդմանն այն մասին, որ դանակի գործադրմամբ անձի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու ոչ բոլոր դեպքերն են, որ կարող են որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ապա քննարկվող իրավիճակում, պաշտպանի կողմից ներկայացված հիշյալ պնդումը ոչ միայն բավարար չափով փաստարկված չէ, այլև չի բխում գործի օբյեկտիվ տվյալներից:
(…)
Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանին վերագրվող արարքը վերաորակելու առնչությամբ պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունների հետ համաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան:
(…)
Քննարկվող դեպքում, Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, դրա չափը և տեսակը ընտրելիս՝ հաշվի է առել նրա կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության գործիքը, տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու մարմնական վնասվածք/ներ/ի տեղակայումը:
Դատարանը հաշվի է առել մեղադրյալի անձը բնութագրող տվյալները` այն, որ վերջինս նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ուսանող է:
Դատարանը մեղադրյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքեր չի արձանագրել։
Ընդ որում, ինչպես մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բացակայության, այնպես էլ մեղադրյալի անձը բնութագրող վերոնշյալ հանգամանքների գնահատման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն էության մեջ բխում են գործի նյութերից, ուստի դրանք անիրական համարելու հիմքեր չկան:
Վերոգրյալի համատեքստում, Վերաքննիչ դատարանն այնուամենայնիվ հարկ է համարում նաև արձանագրել, որ մեղքն ընդունելը կամ չընդունելը, ինչպես նաև ցուցմունք տալը հանցագործության կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի սուբյեկտիվ իրավունքներն են, որոնք նախատեսված ու երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով։
Հետևաբար, ցուցմունք չտալը կամ մեղքը չընդունելը չեն կարող պատիժ նշանակելիս հաշվի առնվել, և հակառակը` մեղադրյալի անձը դրականորեն բնութագրող տվյալներն իրենց ամբողջության մեջ, արծածվող հարցում բարենպաստ քրեաիրավական նշանակություն ունեցող հանգամանք է և կարող է կատարել նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքի դեր։
Քննության առնելով, մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի նկատմամբ նշանակված պատժի հարցերը, Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում կատարած հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, այդ թվում սույն գործով վիճարկվող դատական ակտում շարադրված վերաբերելի հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում նաև դրանք որպես այդպիսին բարենպաստ քրեաիրավական նշանակություն ունեցող հանգամանք դիտարկելու, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքի դեր կատարելու համատեքստում:
Անդրադառնալով նաև պաշտպանի վերաքննիչ բողոքի պնդմանն այն մասին, որ 2023 թվականի հուլիսի 08-ին, Վահե Բադիկյանը ******* ************* մարմնական վնասվածք պատճառելուց հետո, մոտ 4 ժամ անց, ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԼՄ վարչության Սպիտակի բաժին, ապա հիշյալ պնդումը բավարար չափով փաստարկված չէ և այն այդ առնչությամբ բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող: (…)
Վերը շարադրված հանգամանքների առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը, եզրահանգում է, որ տվյալ դեպքում, պատժի նպատակներին հասնելու, հիշյալ նպատակների իրացվելիությունն ապահովելու համատեքստում, մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի նկատմամբ հոդվածի սանկցիաի շրջանակներում, արդեն իսկ նշանակվել է ազատազրկման ձևով համաչափ պատիժ:
Միաժամանակ, անդրադառնալով նաև մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը վերջինիս կողմից ռեալ (իրական) կրելու, այդ թվում նաև նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ, կամ նվազագույնից պակաս (ցածր) պատժաչափ նշանակելու հնարավորության ու նպատակահարմարության հարցերին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը շարադրված հանգամանքների առկայության պայմաններում, մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի ուղղվելը, պատժի նպատակների իրացվելիությունը հնարավոր է ապահովել վերջինիս կողմից ազատազրկման ձևով արդեն իսկ նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու միջոցով:
Հետևաբար, մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի նկատմամբ հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի պակաս (մեղմ) պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու, ինչպես նաև արդեն իսկ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափ հիմքեր չկան:
Հարկ է նշել նաև, որ մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված դրույթը` պայմանականորեն պատիժը չկիրառելու հնարավորությունը բացառում է, քանի որ պատժի պայմանականորեն չկիրառման դեպքում հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը, կխախտվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Վահե Գագիկի Բադիկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժատեսակի և պատժաչափի, ինչպես նաև այն ռեալ (իրական) կրելու նպատակահարմարության հարցում հանգել է հիմնավոր հետևության:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս առնչությամբ ևս Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան: (…)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
12․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Վահե Բադիկյանի արարքում առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը՝
1) վտանգավոր է կյանքի համար,
(…)
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով: (…)
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
(…)
6) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ (…)
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»:
14. Վճռաբեկ դատարանը, Ռուստամ Շավալյանի որոշմամբ անդրադառնալով անձի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայությանը, փաստել է, որ որակյալ է համարվում ոչ թե առարկայի կամ միջոցի պարզապես օգտագործումը, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար որոշակի նախապատրաստական գործողությունների իրականացումը, այն է՝ առարկան կամ միջոցը նախապես պատրաստելը կամ հարմարեցնելը։ Այլ կերպ՝ արարքը քննարկվող ծանրացնող հանգամանքով որակելու համար, անհրաժեշտ է նախևառաջ ուշադրություն դարձնել հանցավորի սուբյեկտիվ ընկալմանը և վերջինիս կողմից օբյեկտիվորեն իրականացված գործողությունների բնույթին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերոնշյալ որակյալ հանգամանքն անձին մեղսագրելու համար, կարևոր է, որ վերջինս մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես որոշակի ակտիվ գործողություններ իրականացնի, այն է՝ պատրաստի կամ հարմարեցնի համապատասխան առարկան կամ միջոցը։ Հաշվի առնելով «պատրաստել» կամ «հարմարեցնել» արտահայտությունների լեզվաբացատրական նշանակությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առկա դոկտրինալ մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առարկան կամ միջոցը պատրաստել ասելով պետք է հասկանալ ցանկացած գործողություն, որի արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստի առարկա կամ միջոց է ստացվում կամ ստեղծվում։ Ինչ վերաբերում է առարկան կամ միջոցը հարմարեցնելուն, ապա այն ենթադրում է հանցավորի կողմից արդեն իսկ գոյություն ունեցող առարկայի կամ միջոցի նկատմամբ որևէ ներգործության իրականացում՝ լրիվ կամ մասնակի կառուցվածքային փոփոխության ենթարկում, կարգավորում կամ ձևափոխում, որպեսզի դրանք առավել արդյունավետ կամ հարմար լինեն օգտագործման համար (օրինակ՝ մետաղյա ձողը կամ խոհանոցային դանակը սրելը, մետաղական մալուխը ընդհանուր զանգվածից կտրելով առանձնացնելը և այլն)։
15. Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար, անհրաժեշտ է հաստատված համարել, որ առողջությանը ծանր վնաս պատճառելը կատարվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Վահե Բադիկյանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա ********* ********* հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված սուր կտրող-ծակող առարկայով՝ դանակով, դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է *.*************** մարմնի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս4։
- Առաջին ատյանի դատարանը, Վ․Բադիկյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, արձանագրել է, որ թեև չի հայտնաբերվել հանցագործության գործիքը, սակայն տուժողի կողմից ցուցմունքով հայտնած տվյալները, մեղադրյալի և տուժողի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու մասին կազմված արձանագրություններում արտացոլված փաստական տվյալները համադրելով փորձագետի կողմից տրված եզրակացության հետ, բավարար են հաստատված համարելու, որ Վ.Բադիկյանը տուժողին մարմնական վնասվածք պատճառել է դանակով հարվածելու արդյունքում։
Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով, որ մեղադրյալի մասնակցությամբ դեպքի նախորդ օրը տեղի է ունեցել միջադեպ, իսկ նշված օրն այն շարունակվել է այլ վայրում, գտել է, որ Վ.Բադիկյանը որոշակի պարզաբանումներ կատարելու նպատակով, դեպքի վայր գնալուց առաջ, նախապես իր հետ վերցրել է դանակ, հետևաբար, տուժողին մարմնական վնասվածք պատճառել է նախապես հարմարեցված առարկայի՝ դանակի գործադրմամբ5:
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ էության իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի դատողություններին6։
17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշմամբ մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Վահե Բադիկյանի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու ծանրացնող հանգամանքի առկայության հարցում եկել են սխալ հետևության։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ համապատասխան առարկայի կամ միջոցի գործադրման փաստը դեռևս բավարար չէ անձի արարքում քննարկվող ծանրացնող հանգամանքի առկայությունը հավաստելու համար, այլ նաև անհրաժեշտ են տվյալներ առ այն, որ անձն առարկան կամ միջոցը նախապես պատրաստել կամ հարմարեցրել է տվյալ հանցանքը կատարելու դիտավորությամբ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի քննարկվող որակյալ տեսակն անձին վերագրելու համար անհրաժեշտ է գործում առկա փաստական տվյալներով հաստատված համարել, որ առողջությանը ծանր վնաս պատճառվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։ Մինչդեռ, սույն քրեական գործով առկա չէ փաստական տվյալների այնպիսի համակցություն, որը հիմք կտա հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Վահե Բադիկյանը նախապես պատրաստել կամ հարմարեցրել է համապատասխան առարկան՝ հանցանքը կատարելու համար: Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում առկա է չփարատված կասկած, որը պետք է մեկնաբանել հօգուտ մեղադրյալի:
18. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ Վ.Բադիկյանը որոշակի պարզաբանումներ կատարելու նպատակով դեպքի վայր գնալուց առաջ նախապես իր հետ վերցրել է դանակ, հետևաբար, տուժողին մարմնական վնասվածք պատճառել է նախապես հարմարեցված առարկայի գործադրմամբ։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն ծանրացնող հանգամանքի դեպքում խոսք է գնում ոչ թե առարկայի կամ միջոցի՝ նախապես վերցնելու, այլ մարմնական վնասվածք պատճառելու նպատակով համապատասխան առարկան կամ միջոցը անձի կողմից նախապես պատրաստելու կամ հարմարացնելու մասին։ Հետևաբար, անձի կողմից առարկան կամ միջոցը նախապես վերցնելն ինքնին բավարար չէ քննարկվող ծանրացնող հանգամանքի առկայությունը հաստատված համարելու համար։
Հակառակ մեկնաբանությունը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, ողջամտորեն կվտանգի չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով (nullum crimen, nulla poena sine lege) հանրահայտ սկզբունքը, որից, ի թիվս այլնի, բխում է, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս անձի տարածական մեկնաբանության ենթարկվի։ Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Վերոնշյալ կանոնը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում և իրավունքի գերակայության կարևորագույն տարր է, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղումն անթույլատրելի է7:
19. Այսպիսով, ամփոփելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վահե Բադիկյանի արարքում առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն։
20. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Վահե Բադիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղավոր ճանաչելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի՝ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։ Միաժամանակ, հիմք ընդունելով նույն հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ տրված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելն է։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 14-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը պետք է բեկանել և Վահե Բադիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակել նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։
21. Անդրադառնալով Վ․Բադիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով պատիժ նշանակելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը, պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների8 լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով Վ.Բադիկյանի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության նշանակությունը և այդ ոլորտում պետության քրեաիրավական քաղաքականությունը, մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները՝ այդ թվում՝ տարիքը, քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Վ.Բադիկյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով մեղադրյալ Վ.Բադիկյանի անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը պետք է հաշվակցել նրա պատժի ժամկետին և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ Պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2023 թվականի հուլիսի 12-ից։
22. Միաժամանակ անդրադառնալով Վ.Բադիկյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները[9]՝ գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված և պատժի անհատականացման գործընթացում սույն գործով արձանագրված՝ մեղադրյալ Վ.Բադիկյանի անձը բնութագրող տվյալների համակցությունը, պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը չեն կարող ողջամտորեն նվազեցնել Վ.Բադիկյանի անձի և կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում ստորադաս դատարանների դատողությունն առ այն, որ սույն դեպքում պատժի նպատակների իրագործմանը հնարավոր չէ հասնել առանց Վահե Բադիկյանի կողմից պատիժը կրելու։
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ սույն դեպքում առկա չեն մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնք կարող են հիմք հանդիսանան Վ․Բադիկյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար։
23. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 6.1.-րդ կետում վկայակոչված փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն այդ առնչությամբ իր համաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների դատողություններին և գտնում, որ հանցանքը տուժողի հակաիրավական վարքագծի ազդեցության տակ կատարելու և Վ.Բադիկյանի կողմից ոստիկանության բաժին ինքնակամ ներկայանալու հանգամանքները չեն հաստատվում սույն գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցներով։
24. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վահե Գագիկի Բադիկյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի հունիսի 14-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը փոփոխել։
2. Վահե Գագիկի Բադիկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։
3․ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կանոններով, նշանակված պատժին հաշվակցել Վահե Գագիկի Բադիկյանի անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը, և թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։
Պատժի կրման սկիզբը հաշվել 2023 թվականի հուլիսի 12-ից։
4. Վահե Գագիկի Բադիկյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ ընտրված տնային կալանքը և բացակայելու արգելքը վերացնել։
5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
____________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 107-108։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 113-130։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 66-124։
4 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները։
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսևան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 և Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները։
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
|
Նախագահող` |
Հ. ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
|
Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|