ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/0083/13/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.09.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա. Գաբրիելյան

ԵԴ/0083/13/23

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Լ. Ալավերդյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. ԹադևոՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

 16 սեպտեմբերի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԵԱվագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 299-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման՝ պատժի սկիզբը հաշվելով 2015 թվականի մարտի 28-ից:

2. 2023 թվականի մարտի 1-ին ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետը միջնորդագիր է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ դատապարտյալ Ռ.Պապոյանին հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցը քննարկելու վերաբերյալ:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ`  նաև Առաջին  ատյանի դատարան)՝  2023  թվականի մարտի 7-ի որոշմամբ քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը բավարարվել է, և դատապարտյալ Ռ.Պապոյանը հիվանդության հիմքով ազատվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած՝ 6 (վեց) տարի 23 (քսաներեք) օրը կրելուց:

4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 10-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։

Այսպես, բողոքաբերն ի թիվս այլնի, նշել է, որ դատապարտյալ Ռ.Պապոյանի մոտ հայտնաբերված հիվանդության վերաբերյալ առկա չէ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, իսկ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը չի պարունակում որևէ նշում այն մասին, որ դատապարտյալի խնամքը և բուժումը հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում:

Բողոք բերած անձը գտել է, որ թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարանում՝ դատալսումների ժամանակ, միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչ Կ.Առուստամյանը դատարանի և դատախազի հարցերին պատասխանելիս հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ստանում է սիմպտոմատիկ բուժում, և եթե գտնվեր ազատության մեջ, ապա պետք է ստանար բացառապես նույն բուժումը: Հետևաբար, ըստ բողոքաբերի, անազատության մեջ գտնվելու պայմաններում դատապարտյալը ստանում է պատշաճ բուժօգնություն, ուստի նրա կողմից պատժի հետագա կրումն անհնար չէ՝ հաշվի առնելով ազատազրկման վայրում դատապարտյալ Ռ.Պապոյանին տրամադրվող բժշկական օգնության համարժեքությունը:

6.1. Բողոքաբերը գտել է նաև, որ ստորադաս դատարանները, դատապարտյալ Ռ.Պապոյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության բազմակողմանի գնահատում չեն կատարել, վեր չեն հանել կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, դրանք չեն գնահատվել համակցության մեջ՝ դատապարտյալի հիվանդության բնույթի, անձի և այլ հանգամանքների համակողմանի ուսումնասիրության հետ մեկտեղ: Բողոքաբերը փաստել է, որ դատարանները հաշվի չեն առել, որ վերջինս դատապարտվել է մեղքի դիտավորյալ ձևով կատարված արարքի համար, կատարել է պետական դավաճանություն, այն է՝ ցուցաբերել է օգնություն ի վնաս ՀՀ ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 10-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ դատապարտյալ Ռ.Պապոյանին հիվանդության հիմքով պատիժը կրելուց ազատելը մերժել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ «(…)

«**************************************************************************************

*************************************************************************************

************************************************************************************»: (…)

«Բջջաբանական նկարագրություն-հետազոտված նմուշներում՝

**************************:

*************************************************************************************

**************************************************************************************»:

Վերջնական ախտորոշվել է

«************************************************************************************»: Եզրակացություն՝ նշված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի 8 կետին, այն է՝ «Սոլիդ չարորակ նորագոյացություններ (3-րդ C, 4-րդ փուլի անկախ տեղակայումից) ըստ միջազգային TNM դասակարգման (C00-C97)»1։

9. ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռ.Խալապյանի կողմից ներկայացված միջնորդագրի համաձայն՝ «(…) Ռ.Պապոյանը տառապում է հետևյալ հիվանդություններով՝

«*************************************************************************************

**************************************************************************************

******************************************»:

Վերոնշյալ ախտորոշումը համապատասխանում է ՀՀ Կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի 8-րդ կետին, այն է՝ «Սոլիդ չարորակ նորագոյացություններ (3-րդ C, 4-րդ փուլի անկախ տեղակայումից) ըստ միջազգային TNM դասակարգման (C00-C97)»:

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմը միջնորդում է քննարկել դատապարտյալ ՌԱՖԻԿ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՊԱՊՈՅԱՆԻՆ հիվանդության պատճառով պատժից ազատելու հարցը»2:

10. Առաջին ատյանի դատարանում և Վերաքննիչ դատարանում կայացած դատական նիստերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Բուժօգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի» բաժնի բժիշկ Կ.Առուստամյանը հայտնել է, որ դատապարտյալը պետք է միայն դեղորայք ստանա, քանի որ հիվանդություններն անբուժելի են: Վերջինիս մոտ առկա ********* մետաստազների միջոցով տարածվել է տարբեր օրգաններում, ուստի, բացի այն, որ Ռ.Պապոյանի հիվանդությունը գտնվում է 4-րդ աստիճանում, մետաստազների տարածման դեպքում չի բացառվում, որ ցավազրկողներից բացի, այլ բուժման անհրաժեշտություն ևս առաջանա նրա կյանքը երկարացնելու համար: Նշել է նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Ռ.Պապոյանին անհրաժեշտ բուժումը և խնամքը հնարավոր չէ իրականացնել, քանի որ պետպատվերի շրջանակում որոշակի մասնագիտացված բուժում իրականացնելու խնդիրներ կան, իսկ այլ մասնագիտացված բժշկական հաստատություններում, միգուցե, հնարավոր լինի իրականացնել Ռ.Պապոյանի բուժումը և երկարացնել նրա ապրելու ժամանակահատվածը: Բացի այդ, ըստ Կ.Առուստամյանի դատապարտյալի հիվանդության ընթացքն այնպիսին է, որ բուժումից բացի, նրան անհրաժեշտ է հատուկ խնամք նաև կենցաղային խնդիրները լուծելու համար, որը հնարավոր չէ կազմակերպել քրեակատարողական հիմնարկում3:

11. Առաջին ատյանի դատարանը որոշմամբ արձանագրել է, որ. «(…) [Ն]երկայումս դատապարտյալ Ռաֆիկ Պապոյանը տառապում է *************************************************************************************** հիվանդություններով, որոնք ընդգրկված են ՀՀ Կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման և ՀՀ Կառավարության 15.08.2019թ. թիվ 1092-Ն որոշմամբ փոփոխության ենթարկված կողմնորոշիչ ցանկի II-րդ գլխի 6-րդ կետում (3-րդ կամ 4-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)՝ ըստ միջազգային TNM դասակարգման (C00): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ) և դատապարտյալի առողջական վիճակն այն աստիճան ծայրահեղ է, որն անհնարին է դարձնում պատիժ կրելը: Մասնավորապես՝ միջնորդագրի քննությամբ դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ դատապարտյալ Ռ.Պապոյանի առողջական վիճակն ու նրա մոտ առկա հիվանդությունների դինամիկան այնպիսին է, որ պատժի կրումը վերջինիս պատճառում է ֆիզիկական և հոգեկան տառապանքներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, դատապարտյալ Ռաֆիկ Պապոյանի հիվանդությունների բնույթը, դատապարտյալի առողջական վիճակը, ազատազրկման վայրում տրամադրվող բժշկական օգնության համարժեքությունը, առողջական վիճակի դինամիկան, անձի վարքագիծը և այլ հանգամանքներ, դատարանը փաստում է, որ դատապարտյալ Ռ.Պապոյանի առողջական վիճակի տեսանկյունից նպատակահարմար չէ նրա կողմից պատժի կրումը:

Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ դատաբժշկական փորձաքննության հիման վրա հաստատվել է, որ դատավճիռ կայացնելուց հետո դատապարտյալ Ռաֆիկ Պապոյանի մոտ ի հայտ են եկել այնպիսի հիվանդություններ, որոնք անհնարին են դարձնում պատիժ կրելը, հետևաբար՝ հիմք ընդունելով Ռ.Պապոյանի հիվանդությունների բնույթը և մյուս հանգամանքները, դրանք գնահատման ենթարկելով պատիժը կրելուն զուգընթաց դատապարտյալի առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն տրամադրելու հնարավորության համատեքստում, ինչպես նաև ելնելով մարդասիրության սկզբունքի դրսևորումներից, դատարանը հանգում է հետևության, որ դատապարտյալ Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանին պետք է ազատել պատիժը կրելուց, քանի որ որևէ դեպքում դատապարտյալը չպետք է ենթարկվի այնպիսի ծանրության տառապանքների կամ զրկանքների, որոնք գերազանցում են անազատության մեջ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը: (…)»4:

12. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(…) ՀՀ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի 27.02.2023թ. եզրակացության համաձայն՝ դատապարտյալ Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանի մոտ վերջնական ախտորոշվել է ******************************************************** հիվանդությունը: Վերոնշյալ ախտորոշումը համապատասխանում է ՀՀ Կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի 8-րդ կետին, այն է՝ Սոլիդ չարորակ նորագոյացություններ (3-րդ C, 4-րդ փուլի անկախ տեղակայումից) ըստ միջազգային TNM դասակարգման (C00 - C97)։

Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով հատուկ վերանայման բողոքի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 27.02.2023 թվականին կազմված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը իրավասու մարմնի կողմից կազմված պատշաճ փաստաթուղթ է, որով փաստվել է դատապարտյալի առողջական վիճակի վերջնական ախտորոշումը։

Հաջորդիվ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 27.02.2023 թվականին կազմված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ բացակայում են նշումներն առ այն, որ դատապարտյալի բուժումը կամ խնամքը հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում, որպիսի պահանջն ամրագրված է վկայակոչված ենթաօրենսդրական ակտում։ Այս առումով Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով դատական նիստի ժամանակ բժիշկ Կ.Առուստամյանի բացատրությունները, գտնում է, որ դրանք բավարար են լրացնելու եզրակացության մեջ առկա «բացը»՝ ընդգծելով, որ եզրակացության մեջ առկա թերությունը, որը պայմանավորված չէ դատապարտյալի վարքագծով, չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա։

Վերոշարադրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական տվյալները բավարար են արձանագրելու, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ինստիտուտի կիրառման պայմանները։

Վերաքննիչ դատարանը համակարծիք է Առաջին ատյանի դատարանի՝ վիճարկվող որոշմամբ արձանագրված հետևություններին՝ փաստելով, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմքեր չկան, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ, իսկ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վ.Հարությունյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը՝ մերժել (…)»5։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատապարտյալ Ռաֆիկ Պապոյանին հիվանդության հիմքով պատժից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն այն պարագայում, երբ եզրակացությունը չի պարունակում նշում քրեակատարողական հիմնարկի պայմաններում անհրաժեշտ բուժումը կամ խնամքը կազմակերպելու անհնարինության վերաբերյալ։

14. ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 4. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ կրելը, ապա դատարանը դատաբժշկական փորձաքննության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:

5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովը քննության է առնում 6 ամիսը մեկ պարբերականությամբ (…)»։

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «(...) Քրեակատարողական հիմնարկներում հիվանդության հետևանքով պատժից ազատելու (…) հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված դեպքերում դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը՝ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը (...)»։

ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի՝ «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» N 1636-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով, բացի հոգեկան առողջական վիճակին վերաբերող խնդիրներից, պատժից ազատելու նպատակով բժշկական փորձաքննությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից բացի, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ»։

ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ N 825-Ն (հիվանդությունների կողմնորոշիչ ցանկը փոփոխության է ենթարկվել ՀՀ Կառավարության 2019  թվականի  օգոստոսի 15-ի  N  1092-Ն  որոշմամբ) որոշման 90-րդ կետի համաձայն՝ «Բժշկական հանձնաժողովի գործառույթներն են՝

(…)

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տալը: (…)»:

15. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը, Սերգեյ Գրիգորյանի գործով որոշման շրջանակում, քրեական և քրեակատարողական օրենսդրության կարգավորման առարկայի վերլուծության հիման վրա անդրադառնալով ծանր հիվանդության հետևանքով դատապարտյալին պատժից ազատելու հիմքի առկայությունը որոշելու հարցին, արձանագրել է, որ հիվանդության հետևանքով պատժից ազատելու կարգի նկատմամբ կիրառելի են քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու վերաբերյալ կարգավորումները։ Այսինքն, պատժից ազատելու հիմք ծառայող՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված հիվանդության առկայության մասին եզրակացությունը կարող է տրամադրել ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» N 1636-Ն որոշմամբ սահմանված կազմը՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողովը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ դատական ակտի կատարման փուլում ծագած՝ հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցի քննարկումը դուրս է քրեական վարույթի, ուստի և քրեական դատավարության կարգավորման առարկայի շրջանակից, և դրա նկատմամբ կիրառելի չեն փորձաքննություն նշանակելու վերաբերյալ քրեադատավարական կարգավորումները6։

16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման7,

- ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետը 2023 թվականի մարտի 1-ին միջնորդագիր է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ դատապարտյալ Ռ.Պապոյանին հիվանդության հետևանքով պատժից ազատելու հարցը քննարկելու մասին, նշելով, որ ըստ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության՝ դատապարտյալ Ռ.Պապոյանի մոտ ախտորոշվել է

«***********************************************************************************

**************************************», որը համապատասխանում է ՀՀ Կառավարության 26.05.2006թ.-ի N 825-Ն որոշման պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի 8 կետին, այն է՝ «Սոլիդ չարորակ նորագոյացություններ (3-րդ C, 4-րդ փուլի անկախ տեղակայումից) ըստ միջազգային TNM դասակարգման (C00-C97)8,

- Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 155-րդ, 161-րդ և 156-րդ հոդվածներով, 2023 թվականի մարտի 7-ի որոշմամբ միջնորդագիրը բավարարել է և դատապարտյալ Ռ.Պապոյանին հիվանդության հիմքով ազատել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած՝ 6 (վեց) տարի 23 (քսաներեք) օրը կրելուց: Դատարանը, հիմք ընդունելով դատապարտյալ Ռ.Պապոյանի հիվանդությունների բնույթը, դատապարտյալի առողջական վիճակը, ազատազրկման վայրում տրամադրվող բժշկական օգնության համարժեքությունը, առողջական վիճակի դինամիկան, անձի վարքագիծը և այլ հանգամանքներ, գտել է, որ դատապարյալ Ռ.Պապոյանի առողջական վիճակի տեսանկյունից նպատակահարմար չէ նրա կողմից պատժի կրումը9,

- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին10։

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և Սերգեյ Գրիգորյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, դատապարտյալ Ռ.Պապոյանին հիվանդության հիմքով պատժից ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությունը քննարկելիս, իրավաչափորեն հիմք են ընդունել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը: Այս առումով Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ դատապարտյալ Ռ.Պապոյանի մոտ հայտնաբերված հիվանդության վերաբերյալ պետք է առկա լիներ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն11։

18. Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ առկա չէ նշում քրեակատարողական հիմնարկում Ռ.Պապոյանի բուժումը կամ խնամքը կազմակերպելու անհնարինության մասին, ապա այս առնչությամբ հարկ է փաստել, որ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն (հիվանդությունների կողմնորոշիչ ցանկը փոփոխության է ենթարկվել ՀՀ Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի 1092-Ն որոշմամբ) որոշման համաձայն՝ «94. Բժշկական հանձնաժողովի կողմից տրվող բժշկական եզրակացությունը տրամադրվում է՝ հիմք ընդունելով սույն կարգով նախատեսված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկը:

95. Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) (կազմված՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի) կողմնորոշիչ ցանկը սահմանվում է սույն կարգով: (…)

98. Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ են համարվում միայն այն հիվանդությունները, որոնց անհրաժեշտ խնամքը կամ բուժումը հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում, ինչի մասին պետք է նշվի բժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ: (…)»:

20. ՀՀ Կառավարության վկայակոչված որոշման 98-րդ կետի վերլուծությունից բխում է, որ կոնկրետ հիվանդության առկայության մասին հետևության հետ մեկտեղ բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ պետք է նշվի քրեակատարողական հիմնարկի պայմաններում տվյալ հիվանդության համար խնամքի և բուժման կազմակերպման հնարավորության կամ անհնարինության մասին: Տվյալ դեպքում, թեև Առաջին ատյանի դատարանում և Վերաքննիչ դատարանում կայացած դատական նիստերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Բուժօգնության կազմակերպման, սպասարկման, և հասարակայնության հետ կապերի» բաժնի բժիշկ Կ.Առուստամյանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում Ռ.Պապոյանին անհրաժեշտ բուժումը և խնամքը հնարավոր չէ իրականացնել, քանի որ բուժումից բացի, նրան անհրաժեշտ է հատուկ խնամք՝ կենցաղային խնդիրները լուծելու համար, որը հնարավոր չէ կազմակերպել քրեակատարողական հիմնարկում12։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության եզրափակիչ մասը չի պարունակում նշում վերոնշյալի վերաբերյալ, ինչը հիմք է տալիս փաստելու, որ համապատասխան բժշկական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ Կառավարության 825-Ն (փոփոխություններով ՀՀ Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի 1092-Ն) որոշմամբ բժշկական եզրակացությանը ներկայացվող պահանջին:

21. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն առ այն, որ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Բուժօգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի» բաժնի բժիշկ Կ.Առուստամյանի կողմից դատական նիստի ընթացքում ներկայացված բացատրությունները բավարար են լրացնելու եզրակացության մեջ առկա բացը, քանի որ առկա թերությունը պայմանավորված չէ դատապարտյալի վարքագծով և չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավասու բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը չի կարող դատական նիստի ընթացքում լրացվել այդ հանձնաժողովի անդամի կողմից և վերջինիս կողմից տրված բացատրությունը չի կարող փոխարինել համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող հինգ անդամից բաղկացած հաձնաժողովի կողմից տրված բժշկական եզրակացությանը, և որ տվյալ հարցը ենթակա է լուծման բացառապես համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները զրկված չէին Ռ.Պապոյանի խնամքն ու բուժումը կազմակերպելու հնարավորության կամ անհնարինության հարցը պարզելու նպատակով միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին դիմելու հնարավորությունից։ Ստորադաս դատարանների կողմից այդ նպատակով համապատասխան որոշում կայացնելու դեպքում միջգերատեսչական հանձնաժողովը պետք է տրամադրի իր իրավասության շրջանակներում քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված եզրակացություն, որը կհամապատասխանի ՀՀ Կառավարության N  825-Ն  (փոփոխություններով ՀՀ  Կառավարության 2019  թվականի  օգոստոսի 15-ի N 1092-Ն) որոշմամբ բժշկական եզրակացությանը ներկայացվող պահանջներին13։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման որոշում կայացնելը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների կամ անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի շրջանակում պետության պոզիտիվ պարտականությունների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած դիրքորոշումներից։ Այսպես, Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ հիվանդ անձի կալանավորումը կարող է խնդիրներ առաջացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում, ու թեև այս հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես առողջական վիճակի հիմքով կալանավորված անձանց ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն առաջացնող դրույթ, այնուամենայնիվ այն պետության համար առաջացնում է ազատությունից զրկված անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ այդ թվում անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանելու պարտականություն: Նույն վճռի համաձայն՝ ազատությունից զրկված բոլոր անձանց համար պետք է ապահովվեն այնպիսի պայմաններ, որոնք համատեղելի են նրանց արժանապատվությունը հարգելու հետ, նրանք չպետք է ենթարկվեն այնպիսի ծանրության տառապանքների կամ զրկանքների, որոնք գերազանցում են անազատության մեջ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը, նրանց առողջությունն ու բարեկեցությունը պետք է պատշաճորեն պահպանվի, ի թիվս այլ միջոցների՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով՝ հաշվի առնելով ազատությունից զրկելու հետ կապված գործնական պահանջները14: Ընդ որում, անդրադառնալով անհրաժեշտ բժշկական օգնության տարրին՝ Եվրոպական դատարանը նշել է, որ ներպետական իշխանությունները պետք է երաշխավորեն արագ ու պատշաճ ախտորոշում ու խնամք15, իսկ երբ դա անհրաժեշտ է առողջական վիճակով պայմանավորված՝ պարբերաբար և համակարգային հսկողություն, որը ներառում է համապարփակ թերապևտիկ օգնություն, որն ուղղված է կալանավորի առողջական խնդիրների համարժեք բուժմանը կամ դրանց սրման կանխարգելմանը16։

22. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ դատարանները դատապարտյալ Ռ.Պապոյանի կողմից կատարված հանցանքի բազմակողմանի գնահատում չեն կատարել, վեր չեն հանել դրա բնույթն ու վտանգավորության աստիճանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալի կողմից կատարված հանցագործության ծանրությունը թեև ունի նշանակություն ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցը լուծելիս, սակայն չի կարող այդպիսի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու ինքնուրույն հիմք դիտարկվել: Այլ կերպ` դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցի լուծումը չի կարող բացառապես պայմանավորված լինել անձին մեղսագրվող արարքի բնույթով ու ծանրությամբ։

23. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատապարտյալ Ռաֆիկ Պապոյանին հիվանդության հիմքով պատժից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն այն պարագայում, երբ եզրակացությունը չի պարունակում նշում քրեակատարողական հիմնարկի պայմաններում դատապարտյալի անհրաժեշտ բուժումը կամ խնամքը կազմակերպելու անհնարինության վերաբերյալ, հիմնավորված չեն։

24. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռ.Խալապյանի միջնորդությունը բավարարելու և դատապարտյալ Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանին՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի օգոստոի 10-ի թիվ ԵԿԴ/0317/01/15 դատավճռով նշանակված 14 տարի ժամկետով ազատազրկում պատիժը կրելուց հիվանդության հիմքով ազատելու վերաբերյալ որոշում կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ այն անփոփոխ թողնելիս, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան նոր քննության փոխանցելու համար: Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է դիմի իրավասու միջգերատեսչական հանձնաժողովին՝ ՀՀ Կառավարության N 825-Ն (փոփոխություններով ՀՀ Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1092-Ն) որոշմամբ բժշկական եզրակացությանը ներկայացվող պահանջներին համապատասխանող եզրակացություն ստանալու նպատակով, որի արդյունքում պետք է վերջնական հետևության հանգի ծանր հիվանդության հիմքով Ռաֆիկ Պապոյանի պատժից ազատելու հարցի վերաբերյալ։

Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Դատապարտյալ Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 10-ի որոշումները բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան նոր քննության։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

__________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 4-5:

2 Տե՛ս նույն տեղում, թերթ 3:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 19, հատոր 2, թերթ 42:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 19-21:

5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 40-44:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սերգեյ Գրիգորյանի գործով 2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ ԵԴ1/0288/13/23 որոշումը։

7 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

8 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 3-րդ և 11-րդ կետերը։

10 Տե՛ս սույն որոշման 4-րդ և 12-րդ կետերը։

11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

13 Տե՛ս, mutatis mutandis, Սերգեյ Գրիգորյանի գործով վերը հիշատայված որոշումը։

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2015 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 29736/06, կետեր 80-81:

15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Hummatov v. Azerbaijan գործով 2007 թվականի նոյեմբերի 29-ի վճիռը, գանգատներ թիվ 9852/03 և 13413/04, կետ 115, Yevgeniy Alekseyenko v. Russia գործով 2011 թվականի հունվարի 7-ի վճիռը, գանգատ թիվ 41833/04, կետ 100, Gladkiy v. Russia գործով 2010 թվականի դեկտեմբերի 21-ի վճիռը, գանգատ թիվ 3242/03, կետ 84, Khatayev v. Russia գործով 2011 թվականի հոկտեմբերի 11-ի վճիռը, գանգատ թիվ 56994/09, կետ 85:

16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Hummatov v. Azerbaijan վերը հիշատակված վճիռը, կետեր 109 և 114, Sarban v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 3456/05, կետ 79, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, կետ 211։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. ԹադևոՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: