ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր` Ա.Դանիելյան |
ԵԴ1/0209/11/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան,նախագահող դատավոր՝ Կ. Հովհաննիսյան |
|
|
| |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
14 նոյեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հունվարի 8-ի որոշման դեմ Արծրուն Սեբոյանի ներկայացուցիչ Ա.Ծատինյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հունվարի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երրորդ բաժնում նախաձեռնվել է թիվ 58202523 քրեական վարույթը` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հատկանիշներով:
2023 թվականի հուլիսի 3-ին վկա Ա.Սեբոյանի փաստաբան Ա.Ծատինյանը միջնորդություն է ներկայացրել կրկնակի դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության քննիչ Գ.Մարկոսյանի՝ 2023 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ միջնորդություն հարուցելու իրավունք չունեցող անձի կողմից բերվելու հիմքով:
Վերոհիշյալ որոշման դեմ Ա.Սեբոյանի փաստաբան Ա.Ծատինյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը ՀՀ ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Կ.Հարությունյանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմքով:
Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ թիվ 58202523 քրեական վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատվելու հիմքով:
2. 2023 թվականի հուլիսի 23-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել վկա Ա.Սեբոյանի փաստաբան Ա.Ծատինյանի բողոքը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության քննիչ Գ.Մարկոսյանի՝ 2023 թվականի հուլիսի 8-ի և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Կ.Հարությունյանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշումների դեմ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ փաստաբան Ա.Ծատինյանի բողոքի կապակցությամբ հարուցված մինչդատական ակտի վիճարկման վարույթը կարճվել է՝ բողոք ներկայացրած անձի՝ դատական նիստին չներկայանալու հիմնավորմամբ:
3. Վկա Ա.Սեբոյանի ներկայացուցիչ Ա.Ծատինյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 8-ի որոշմամբ թողել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Սեբոյանի ներկայացուցիչ Ա.Ծատինյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մարտի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոնշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը:
5.1. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի կանոնները, դրա արդյունքում, ըստ էության, հրաժարվել է իրականացնել արդարադատություն և քննության չի առել բողոքի հիմքերն ու հիմնավորումները:
Բողոքաբերի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված դատավարական նորմերից հնարավոր չէ միանշանակ եզրահանգել, որ վարույթը կարճելու մասին որոշումը չի հանդիսանում բողոքարկման ենթակա որոշում: Մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերի շրջանակը սպառիչ չէ, և օրենսդիրը նախատեսել է նաև թվարկված դատական ակտերից բացի, այլ ակտերի բողոքարկման հնարավորություն:
5.2 Բողոքաբերն ի թիվս այլնի նշել է, որ սույն դեպքում բողոքաբեր Արծրուն Սեբոյանը ներկայացել է դատական նիստին, ինչն արձանագրել է նաև Առաջին ատյանի դատարանը, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չէր և այդ հիմքով չէր կարող կարճվել:
5.3 Արդյունքում, բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ և 391-րդ հոդվածները կիրառվել են ՀՀ Սահմանադրության 5-րդ, 61-րդ, 63-րդ, 81-րդ, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ, ինչը ոչ իրավաչափ է դարձնում բողոքարկվող դատական ակտը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 8-ի որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) [Բ]ողոք ներկայացրած անձ Ալեքսանդր Ծատինյանը չի ներկայացել դատական նիստին, ավելին՝ դատարանին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ իր և Արծրուն Սեբոյանի միջև առկա չէ պայմանագրային հարաբերություն (պարտավորություն) առ այն, որ ինքը մասնակցելու է սույն բողոքի քննության համար նշանակված դատական նիստերին՝ ըստ էության ընդունելով դատական երաշխիքի սույն վարույթով ոչ պատշաճ սուբյեկտ լինելու հանգամանքը: Հետևաբար՝ Դատարանն արձանագրում է, որ փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի 2023 թվականի հուլիսի 22-ի բողոքի հիման վրա հարուցված մինչդատական ակտի վիճարկման վարույթն ենթակա է կարճման: (...)»1։
8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բողոք ներկայացրած անձը՝ Ալ.Ծատինյանը կամ նրա ներկայացուցիչը կամ պաշտպանը չեն ներկայացել դատական նիստին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, որոշում է կայացրել վարույթը կարճելու մասին: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերը նշված վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու կարգ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, իսկ նույն օրենսգրքի 389-րդ հոդվածի ուսումնասիրությամբ տեսանելի է, որ նշված որոշումը ներառված չէ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակի մեջ: Այսինքն՝ կողմի չներկայանալու հիմքով վարոււյթը կարճելու մասին որոշման առկայությունը հատուկ վերանայման բողոք ներկայացնելու հիմք չի հանդիսանում, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի նշված որոշման դեմ փաստաբան Ալ.Ծատինյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության:(...)»2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ մինչդատական ակտի իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ:
10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:
10.1. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության՝ կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի` վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ` անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն,
- դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումը չէ։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից,
- բողոքարկելի են միջանկյալ դատական այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը, մինչդեռ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու՝ դատավորի հայեցողությանը3:
10.2. ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ, վերահաստատելով իր բազմաթիվ որոշումներում դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների լիարժեք իրացման երաշխավորվածության և ապահովման վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները, վարչական վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման հնարավորության բացակայության առնչությամբ նշել է, որ. «(…) [Ն]ախ` գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի դատական ակտերի հետ կապված իրավահարաբերությունների` տվյալ դեպքում բողոքարկման ինստիտուտի կանոնակարգումների ժամանակ (…) [օ]րենսդիրը բավարար հետևողականություն չի ցուցաբերել քննության առարկա հարցի մասով օրենսդրական կանոնակարգումները սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին ներդաշնակ և համահունչ զարգացնելու առումով, չի ապահովել իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, ճշգրտության և կանխատեսելիության որակները: (…) [Ե]րկրորդ` գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավական ամրագրման բացակայությունն արգելափակում է ոչ միայն դատարանի մատչելիության իրավունքը, այլև անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքից: Գործի վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման իրավունքի նորմատիվ ամրագրումը կընդլայնի արդյունավետության և օբյեկտիվության նկատմամբ հանրային վստահությունը, կապահովի խախտված իրավունքների լիարժեք վերականգնման հնարավորությունը, թույլ կտա վերադաս ատյանի դատարանին վերացնել ստորին ատյանի թույլ տված դատական սխալները, ուղղված կլինի վերադաս դատական ատյանների մատչելիության ապահովմանը և կնպաստի դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությանը: Դատական բողոքարկման իրավունքը վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման՝ անձի իրավունքն է, որը հետեւողականորեն պետք է իր արտացոլումը գտնի օրենսդրության մեջ` նախատեսելով գործի վարույթը կարճելու մասին որոշման վերանայման համապատասխան ընթացակարգեր (…)»4:
11. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
11.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ, և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև5:
12. Դատական պաշտպանության և դատարանի մատչելիության հիմնարար իրավունքների առնչությամբ Վճռաբեկ դատարանը ևս արձանագրել է, որ՝
- դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները,
- անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության կարևորագույն իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է իրավաչափ նպատակ հետապնդի և չպետք է անհամարժեք լինի նշված իրավունքի բուն էությանն ու նշանակությանը: Այլ կերպ` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պետք է պահպանել կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռություն` բացառելով անհամաչափ խիստ միջոցներով հետապնդվող նպատակին հասնելու հնարավորությունը,
- դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացման տեսանկյունից իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը ենթադրում է նաև դատական այն ակտերի բողոքարկման հնարավորությունը, որոնք ինքնին կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը՝ բացառելով անձի կողմից իր խախտված իրավունքների և ազատությունների՝ դատական կարգով վերականգնումը6:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանի հետևյալ դատական ակտերը.
(…)
4) սույն օրենսգրքի 284-րդ, 291-րդ, 294-րդ հոդվածներով նախատեսված միջնորդություններից որևէ մեկը բավարարելու կամ մերժելու մասին, ինչպես նաև մինչդատական ակտի վիճարկման բողոքը բավարարելու կամ մերժելու մասին.
(…)
13) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` այլ դատական ակտեր»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մինչդատական ակտի վիճարկման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով բողոքի քննությունն իրականացվում է դատալսումների ձևով՝ բողոքը ներկայացրած անձի կամ նրա ներկայացուցչի կամ պաշտպանի պարտադիր մասնակցությամբ։ Եթե նշված անձանցից ոչ ոք դատական նիստին չի ներկայացել, ապա դատարանի որոշմամբ վարույթը կարճվում է»:
14. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ1/0029/18/23 վարույթով որոշման շրջանակներում, անդրադառնալով ձերբակալման իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման հնարավորությանը, արձանագրել է, որ վարույթը կարճելու մասին որոշումն իր առաջացրած իրավական հետևանքներով հավասարազոր է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշմանը, որի բողոքարկման հնարավորությունը, ի տարբերություն վարույթը կարճելու մասին որոշման, ուղղակիորեն նախատեսված է քրեադատավարական օրենքով: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքի ըստ էության քննությունը բացառելու հանգամանքով պայմանավորված՝ վարույթը կարճելու մասին որոշումը խոչընդոտում է դատական պաշտպանության իրավունքի իրացմանը, սակայն օրենսդիրն այդ որոշման՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկման ուղղակի հնարավորություն չի նախատեսել՝ ոչ իրավաչափորեն սահմանափակելով անձի՝ դատական պաշտպանության մատչելիության համատեքստում վարույթը կարճելու մասին որոշումը կայացնելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցը դատական կարգով բողոքարկելու իրավունքը, ինչն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածներով երաշխավորված՝ դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների հետ7:
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարան է ստացվել վկա Ա.Սեբոյանի փաստաբան Ա.Ծատինյանի բողոքը8:
- Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով, մինչդատական ակտի վիճարկման վարույթը կարճել է այն հիմնավորմամբ, որ բողոք ներկայացրած անձ Ա.Ծատինյանը չի ներկայացել դատական նիստին9:
- Նշված դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ այն հիմնավորմամբ, որ վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու կարգ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, իսկ նույն օրենսգրքի 389-րդ հոդվածի ուսումնասիրությամբ տեսանելի է, որ նշված որոշումը ներառված չէ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակի մեջ: Այսինքն՝ կողմի չներկայանալու հիմքով վարույթը կարճելու մասին որոշման առկայությունը հատուկ վերանայման բողոք ներկայացնելու հիմք չի հանդիսանում10:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 11-ի թիվ ԵԴ1/0029/18/23 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև մինչդատական ակտի իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշման պարագայում: Հետևաբար, դատական պաշտպանության մատչելիության իրավունքի երաշխավորման տեսանկյունից անձը պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու մինչդատական ակտի իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշումը՝ վերադաս դատական ատյանի առջև բարձրացնելով նման որոշում կայացնելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցը:
17. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ մինչդատական ակտի իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ, իրավաչափ չէ:
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածում ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտը բեկանելու և վարույթը նոր քննության փոխանցելու համար11։
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի Ա.Սեբոյանի ներկայացուցիչ, փաստաբան Ա.Ծատինյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան հետևության:
19. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում վկայակոչված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Արծրուն Սեբոյանի ներկայացուցիչ Ա.Ծատինյանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունվարի 8-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________
1 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթեր 36-42։
2 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթեր 79-81։
3 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2012 թվականի հուլիսի 18-ի թիվ ՍԴՈ-1037, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 և 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ ՍԴՈ-1191 որոշումները։
4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ ՍԴՈ-1190 որոշումը։
5 Տե՛ս mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Philis v. Greece գործով 1991 թվականի օգոստոսի 27-ի վճիռը, գանգատներ թիվ 12750/87, 13780/88, 14003/88, կետ 59, De Geouffre de la Pradelle v. France գործով 1992 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 12964/87, կետ 28, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, կետ 229, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 որոշման 16-րդ կետը, 2025 թվականի հուլիսի 11-ի թիվ ԵԴ1/0029/18/23 որոշման 13,1-րդ կետը։
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 11-ի թիվ ԵԴ1/0029/18/23 որոշումը:
8 Տե՛ս, սույն որոշման 2-րդ կետը։
9 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։
10 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։
11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։
|
Նախագահող` |
Հ. ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: