ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր՝ Ս. Գզոգյան |
ԵԴ1/1947/01/23 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
7 նոյեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Միշա Արտավազդի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի օգոստոսի 9-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է թիվ 11800623 քրեական վարույթը:
Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ ****** ********** ********** ճանաչվել է տուժող, իսկ մեկ այլ որոշմամբ՝ ******* ****** ********** ճանաչվել է անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչ:
2023 թվականի օգոստոսի 9-ին Միշա Արտավազդի Հովհաննիսյանը ձերբակալվել է։
2023 թվականի օգոստոսի 10-ին Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
2023 թվականի օգոստոսի 11-ին Մ.Հովհաննիսյանին մեղադրանք է ներկայացվել։
2023 թվականի օգոստոսի 12-ին Մ.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով և գրավ՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով։
2. 2023 թվականի նոյեմբերի 24-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով Միշա Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է Մ.Հովհաննիսյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 2 (երկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Ս.Մանուկյանի և դատախազ Ա.Բադալյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը և մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Ս.Մանուկյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ։ Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի մարտի 12-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ, իսկ մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Ս.Մանուկյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Միշա Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը ոտնձգել է մարդու, և հատկապես՝ անչափահասի սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ, ինչպես նաև այն, որ հանցանքը կատարել է ուղղակի դիտավորությամբ։
Հետևաբար, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, չեն կարող բավարար լինել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրականացմանը հասնելու համար: Ուստի, բողոքաբերի համոզմամբ` Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել նյութական օրենքի էական խախտում, ինչն էլ հիմք է վիճարկվող դատական ակտը բեկանելու համար։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը մասնակի` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ` անթույլատրելի ճանաչելով մեղադրյալ Միշա Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Ս.Մանուկյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրել են այնպիսի օբյեկտիվ հանգամանքներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար են նման եզրակացության հանգելու համար։
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ս.Մանուկյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Միշա Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ «(…) նա կատարել է անառակաբարո արարք՝ 12 տարին չլրացած անձի մոտ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով համբուրել է վերջինիս այտերը, շուրթերը և պարանոցը։
Այսպես՝
Միշա Հովհաննիսյանը հանդիսացել է **** ****** ****** ****** **** ******** **** ******* ******, *.********** ***** *** ***** դպրոցի պահակը։ 2023 թվականի օգոստոսի 9-ին գտնվել է աշխատանքի վայրում։ Նույն օրը ժամը 14։20-ից մինչև 14։50-ն ընկած ժամանակահատվածում, ֆրանսերեն լեզվի գիտելիքները ստուգելու նպատակով, նշված դպրոցում ծանոթացել է այդ դպրոցում գտնվող ***** ******* ****** ********, ակնհայտ 12 տարին չլրացած՝ **.**.**** թվականին ծնված, ****** ********** ********** հետ։ Վերջինիս նկատմամբ անառակաբարո արարք կատարելու դիտավորությամբ տեղեկանալով և գիտակցելով ****** ********* ակնհայտ 12 տարին չլրացած լինելու փաստը, կանչել է նշված դպրոցի 1-ին հարկում տեղադրված իր աշխատասեղանի մոտ, նստեցրել իր կողքին, ստուգելու իբր վերջինիս ֆրանսերենի գիտելիքները և վերջինիս մոտ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով մի քանի անգամ համբուրել է նրա այտերը, շրթունքները և պարանոցը՝ ****** ********* նկատմամբ կատարելով անառակաբարո արարք։ Այնուհետև ****** *********, հասկանալով իր նկատմամբ կատարվող անբարո գործողությունների բնույթը, ահազանգել է տատիկին և օգտվելով Միշա Հովհաննիսյանի աշխատասենյակ գնալու հանգամանքից՝ անմիջապես հեռացել է նշված դպրոցից»1։
10. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված է համարում մեղադրյալ Միշա Հովհաննիսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարք կատարելը և գտնում է, որ այդ հանցանքի համար նա ենթակա է պատժի (…):
Այսպես` Դատարանը մեղադրյալ Մ․Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրան մեղսագրված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում՝ հանցանքի կատարման հանգամանքները և եղանակը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը:
Դատարանը մեղադրյալ Մ․Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Դատարանը որպես անձը բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, որ Մ.Հովհաննիսյանը նախկինում դատապարտված չէ եղել, կենսաթոշակառու է, բնութագրվում է դրական։
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես մեղադրյալ Մ․Հովհաննիսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ նրա խնամքին է հիվանդ կինը:
Դատարանը արձանագրում է, որ մեղադրյալ Մ․Հովհաննիսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
Դատարանը, հաշվի առնելով վերոնշյալ` մեղադրյալ Մ․Հովհաննիսյանի արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ մեղադրյալ Մ․Հովհաննիսյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի՝ ազատազրկման ձևով՝ 3 (երեք) տարի ժամկետով (…)։
Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումը և միևնույն ժամանակ, հաշվի առնելով Միշա Հովհաննիսյանի կատարած արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, առանձնահատկությունները, նրա անձը, վերը թվարկված մեղմացնող հանգամանքը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և այն, որ նրա խնամքին է վատառողջ կինը, և որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը նրա ընտանիքի անդամի կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ, ելնելով սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման և նոր հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Միշա Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին, այդ թվում` պատժի ենթարկված անձի ուղղմանը:
Միևնույն ժամանակ, Դատարանը գտնում է, որ Միշա Հովհաննիսյանի նկատմամբ փորձաշրջանի ընթացքում պետք է սահմանել պարտականություն, այն է՝ առանց վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքել և բնակության վայրը փոխելու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետներում հայտնել նոր բնակության վայրի հասցեն (…)»2:
11. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերոշարադրյալ իրավադրույթների և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծություններին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Միշա Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրետ հանգամանքները, հանրության համար վտանգավորության աստիճանը ու բնույթը, հաշվի է առել մեղադրյալի անձը (նախկինում դատապարտված չի եղել, կենսաթոշակառու է, բնութագրվում է դրական), պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (խնամքին է վատառողջ կինը), պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցում եկել է ճիշտ եզրահանգման։
Վերաքննիչ դատարանն ընդգծում է հետևյալ հանգամանքները՝
- արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ արարքն ուղղված է սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ՝ բացասաբար ազդելով երեխաների հոգեբանության վրա՝ վերջիններիս մղելով սեռական այլասերվածության,
- արարքի դրսևորման ձևը, մասնավորապես, տուժողի պարանոցը, շուրթերը, այտերը համբուրելը:
Վերաքննիչ դատարանը կարևորում է նաև՝
- մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական,
- պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ խնամքին է վատառողջ կինը, արարքը կատարելու ժամանակ եղել է 69 տարեկան,
- պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կատարած հանցագործության բնույթին ու հանրային վտանգավորության աստիճանին, հանցագործության կատարման հանգամանքներին, նրա անձին, պատաuխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին վերաբերող, օբյեկտիվորեն գոյություն ունեցող և Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից դատաքննության ընթացքում ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջների պահպանմամբ հետազոտված հանգամանքների ամբողջական վերլուծությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիության համատեքստում, թույլ է տալիս գալու եզրահանգման, որ տվյալ պարագայում մեղադրյալ Միշա Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համապատասխանում է օրինականության, արդարության, մարդասիրության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին, հետևաբար Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Միշա Արտավազդի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու և 3 (երեք) տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու վերաբերյալ հետևությունը հիշյալ սկզբունքների երաշխավորման տեսանկյունից հիմնավորված է և ըստ այդմ՝ բացակայում են Երկրորդ բողոքաբերի վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքերը (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Միշա Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. Վճռաբեկ դատարանը պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։
13.1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա5` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն6:
ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ «1. 18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 198-րդ, 199-րդ կամ 200-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները`
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(…)
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝
(…)
2) կատարվել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ,
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Միշա Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա 12 տարին չլրացած անձի նկատմամբ կատարել է անառակաբարո արարք, այն է՝ վերջինիս մոտ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով համբուրել է այտերը, շուրթերը և պարանոցը7,
- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Միշա Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալները՝ նախկինում դատապարտված չլինելը, կենսաթոշակառու լինելը, դրական բնութագրվելը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ խնամքին հիվանդ կնոջ առկայությունը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ եկել է եզրահանգման, որ Մ.Հովհաննիսյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը8,
- Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և եզրահանգել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը՝ մերժել9։
15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ․
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ Մ.Հովհաննիսյանին մեղսագրվում է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններից մեկի` անառակաբարո արարքի կատարում, որի հիմնական անմիջական օբյեկտն անձի սեռական ազատությունը և անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ կարող են հանդես գալ անձի կյանքն ու առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, նախատեսել է արարքի և հետևանքների միջև առկա պատճառական կապը և ցանկացել է համապատասխան հետևանքների վրա հասնելը,
գ) հանցագործության կատարման եղանակը, իրադրությունը՝ հանցանքի կատարմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները։ Մասնավորապես, այն, որ մեղադրյալը, հանդիսանալով դպրոցի պահակը, որոշակի պատասխանատվություն կրելով երեխաների անվտանգության համար և գտնվելով աշխատանքի վայրում, ակնհայտ 12 տարին չլրացած *.**********, վերջինիս ֆրանսերենի գիտելիքները ստուգելու պատրվակով, կանչել է նշված դպրոցի առաջին հարկում գտնվող իր աշխատասեղանի մոտ, նստեցրել իր կողքին և նրա մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով՝ մի քանի անգամ համբուրել է նրա այտերը, շուրթերը և պարանոցը՝ վերջինիս նկատմամբ կատարելով անառակաբարո արարք, որպիսի հանգամանքները վկայում են հանցավորի կողմից կատարված արարքի վտանգավորության բարձր աստիճանի մասին,
դ) կատարված արարքի առավել վտանգավոր հետևանքներն անչափահասի սոցիալ-հոգեբանական զարգացվածության վրա ազդեցության տեսանկյունից։
17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերը շարադրված` մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը (կնոջ վատառողջ լինելը), կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Մ.Հովհաննիսյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն այնքան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան:
18. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, տուժողին պատճառված վնասի բնույթին։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի անհրաժեշտ է Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով վերջնական նշանակված՝ 2 (երկու) տարի 2 (երկու) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Մ.Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Միշա Արտավազդի Հովհաննիսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը փոփոխել։ Միշա Արտավազդի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով վերջնական նշանակված՝ 2 (երկու) տարի 2 (երկու) օր ժամկետով ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Միշա Արտավազդի Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 58-59:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 182-194:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 79-89:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: