ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ/0040/01/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.11.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Արմավիրի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Հ. Մեխակյան

ԱՐԴ/0040/01/21

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  Ա. Բեկթաշյան

դատավորներ՝ 

 Ա. Մաթևոսյան

 Ն. Հովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

21 նոյեմբերի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 12-ի որոշման դեմ պաշտպան Ա.Ստեփանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 57854720 քրեական գործը, որի նախաքննությունը 2021 թվականի հունվարի 8-ից իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում։

2021 թվականի հունվարի 19-ին Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2021 թվականի հունվարի 25-ին Ռ.Սամվելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2021 թվականի ապրիլի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հունվարի 25-ի դատավճռով ամբաստանյալ Ռ.Սամվելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասին), և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) ամիս ժամկետով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 97-րդ և 98-րդ հոդվածների կիրառմամբ՝ ամբաստանյալ Ռ.Սամվելյանի նկատմամբ պատժի հետ մեկտեղ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում թմրամոլությունից, որը վերջինս պետք է կրի ըստ ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակի կրման վայրի։ Ռ.Սամվելյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև Ռ.Սամվելյանին արգելանքի վերցնելու պահը: Որոշվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված 1 հատ գդալն ու 3 հատ ներարկիչները, 0.007 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի և 0.134 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցները դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերադարձնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն՝ թիվ 57854720 քրեական գործից անջատված թիվ 57105121 քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար։

3. Պաշտպան Ա.Ստեփանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունիսի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 25-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ռ.Սամվելյանի պաշտպան Ա.Ստեփանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերի պնդմամբ՝ Ռ.Սամվելյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը լուծելիս, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 7-րդ, 9-րդ, 10-րդ, 55-րդ և 69-րդ հոդվածների խախտումներ։

5.1. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Ռ.Սամվելյանին մեղսագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ գործող քրեական օրենսգրքով այլընտրանքային պատժատեսակներ նախատեսված լինելու պայմաններում, նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի ուժով, Ռ.Սամվելյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակվեր ոչ թե ենթադրյալ հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով, այլ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով։

5.2. Անդրադառնալով Ռ.Սամվելյանի նկատմամբ նշանակվելիք պատժատեսակի ընտրության հարցին՝ բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները Ռ.Սամվելյանի նկատմամբ պետք է նշանակեին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակ։ Այս առումով բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանների դատական ակտերում վկայակոչված հանգամանքների համակցությունն ինքնին բավարար է Ռ.Սամվելյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակելու դեպքում՝ այն պայմանականորեն չկիրառելու համար։

5.3. Բողոքաբերը նշել է նաև, որ թեև ստորադաս դատարանների կողմից փաստվել է Ռ.Սամվելյանի դատվածություն չունենալու (դատվածությունը մարված լինելու) հանգամանքը, այնուամենայնիվ, վերջինիս կողմից նախկինում համասեռ հանցագործության համար դատապարտված լինելը գնահատվել է պատիժ նշանակելիս և դիտարկվել որպես անձը բնութագրող բացասական հանգամանք, այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատվածություն չունեցող է համարվում այն անձը, որի դատվածությունը մարվել է, ինչը բացառում է նշված արարքի համար անձի նկատմամբ քրեաիրավական հետևանքների առաջացումը։

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Ռ.Սամվելյանի նկատմամբ նշանակված պատժի մասով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 25-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 12-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ռաֆաել Սամվելյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, խախտել է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին ՀՀ օրենքի» 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է՝ չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունն իրականացնելու, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն՝ քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում անհայտ անձից առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով՝ 0,154 գրամ քաշով, «հերոին» տեսակի թմրամիջոց և մանր չափ չկազմող՝ 0,027 գրամ քաշով, «հաշիշ» տեսակի թմրամիջոց, դրանք ապօրինի պահել է իր մոտ, սակայն 2020թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 16։15-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ Ռաֆաել Սամվելյանի անձնական խուզարկությամբ վերջինիս բաճկոնի աջ կողային գրպանից հայտնաբերվել և վերցվել է փայլաթիթեղով փաթեթավորված, խոշոր չափերով՝ 0,154 գրամ քաշով, «հերոին» տեսակի թմրամիջոցը և մանր չափ չկազմող՝ 0,027 գրամ քաշով, «հաշիշ» տեսակի թմրամիջոցը (…)»1:

8. ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2021 թվականի մարտի 10-ին տրված 12-21 եզրակացության համաձայն՝ «Ռաֆաել Ներսեսի Սամվելյանը տառապում է «**************************************************************************************************

*********************************************************» ախտորոշմամբ։ ***************************************************։ Ուստի ունի հարկադիր բուժման կարիք, ինչին հակացուցում չունի»2։

9. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 25-ի դատավճռով արձանագրել է հետևյալը «(…) Դատարանն արձանագրում է, որ քրեական գործով ձեռքբերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվեց ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարումը։

Վերոգրյալի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի կողմից, նրա մեղավորությամբ հանցանք կատարելը, մասնավորապես՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով խոշոր չափերով «Հերոին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելը և պահելը ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որի համար ենթակա է պատասխանատվության և պատժի (…)։

(…) Վերոշարադրյալ իրավանորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության հիման վրա քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Ռաֆաել Սամվելյանի նկատմամբ, և այդ համատեքստում հաշվի առնելով՝

- ամբաստանյալի կատարած հանցավոր արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը՝ մեղադրվում է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ, որն ինչպես նախկին, այնպես էլ գործող ՀՀ քրեական օրենսգրքերով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը,

- ամբաստանյալի անձը բնութագրող հետևյալ հանգամանքները՝ 61 տարեկան է, ամուսնացած է, չի աշխատում, զբաղվում է հողագործությամբ, «*********» բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության հոգեբույժի կաբինետում հաշվառման մեջ չի գտնվում, իսկ *********կաբինետում գտնվում է հաշվառման մեջ՝ 11.02.2011 թվականից, դատաթմրաբանական/դատանարկոլոգիական/ ամբուլատոր հանձնաժողովային փորձաքննության թիվ 12-21 եզրակացության համաձայն տառապում է «*********************************************************************************************

***************************» ախտորոշմամբ, բնութագրվում է դրականորեն, վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ ներկայացվել են բժշկական փաստաթղթեր,

- ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հետևյալ հանգամանքները՝ առաջադրված մեղադրանքում իրեն ի սկզբանե մեղավոր ճանաչելը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը: Սույն հանգամանքները՝ որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող գնահատելիս Դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով,

- ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը (…):

Համաձայն «ԷԿԵՆԳ» ՓԲԸ փոխգործելիության հարթակի միջոցով ստացված Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ ձև 8 հարցման՝ վերջինս նախկինում եղել է դատապարտված համասեռ հանցանքներ կատարելու համար, սակայն ներկայումս դատվածությունը մարված է, որը հանգեցրել է դատվածության հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացման։ Այսպես՝

Վերջին անգամ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 19.03.2012 թվականի դատավճռով Ռաֆաել Սամվելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման ձևով պատժի՝ 4 (չորս) տարի ժամկետով, որը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 22.11.2013 թվականի որոշմամբ հիմք ընդունելով 03.10.2013 թվականի համաներման մասին օրենքը՝ որպես հիմնական պատիժ սահմանվել է ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Պատժի կրումից ազատվել է 22.05.2015 թվականին։

Համեմատելով ՀՀ քրեական նախկին և գործող օրենսգրքերով սահմանված դատվածության վերաբերյալ կարգավորումները՝ Դատարանը փաստում է, որ նախկին օրենսգրքի կարգավորումներով՝ դատվածությունը ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ մարվում էր պատիժը կրելուց հինգ տարի անցնելուց հետո։

ՀՀ քրեական գործող օրենսգիրքը փոփոխվել է և՛ խստացման, և՛ մեղմացման առումով։ Մասնավորապես՝ ի թիվս այլնի, գործող ՀՀ քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով նախատեսվել է, որ դատվածությունը մարվում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 3 տարի հետո, ուստի ստացվում է, որ Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի դատվածությունը ներկայումս մարված է, ինչը հանգեցրել է դատվածության հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացման։

Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առնչությամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական գործող օրենսգրքում առկա չեն այնպիսի փոփոխություններ, որոնք ամբաստանյալ Ռաֆաել Սամվելյանի վերաբերելի մասով բարելավում են նրա վիճակը, հետևաբար՝ այդ հարցի համատեքստում նոր քրեական օրենքին հետադարձ ուժ տալու անհրաժեշտություն առկա չէ:

(…) Վերոշարադրյալ իրավանորների և դատողությունների լույսի ներքո Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ռաֆաել Սամվելյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մեղքի ձևը, հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցանքի անմիջական օբյեկտի՝ բնակչության առողջության դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, վերջինիս կրիմինոլոգիական բնութագիրը՝ մասնավորապես նախկինում համասեռ արարքների համար դատապարտված լինելը և այդ հանցավոր վարքագիծը շարունակելը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ ամբաստանյալ Ռաֆաել Ներսեսի Սամվելյանն իր կատարած՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի՝ այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստ պատժի՝ ազատազրկման ձևով՝ 10 (տասը) ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։ Դատարանի համոզմամբ՝ նշանակված պատիժը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, ամբաստանյալին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար։

Դատարանն արձանագրում է նաև, որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոշարադրյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորության աստիճանը, ուստի ամբաստանյալ Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերը բացակայում են և նշանակված պատիժն ամբաստանյալ Ռաֆաել Սամվելյանը պետք է կրի։ Բացի այդ, Դատարանն արձանագրում է, որ թեև առկա են մեղադրյալի պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ, սակայն Դատարանը գործի նյութերի հիման վրա չի կարող բավարար աստիճանի հիմնավորումներ և պատճառաբանություններ ներկայացնել առ այն, որ մեղադրյալի ուղղվելը և պատժի այլ նպատակներին հասնելը հնարավոր է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով: Տվյալ դեպքում, ամբաստանյալ Ռաֆաել Սամվելյանի անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև առկա մեղմացնող հանգամանքները հիմք են հանդիսացել բացառապես հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավել նվազ չափ սահմանելու համար: Դատարանը, հաշվի առնելով նաև մեղադրյալ Ռաֆաել Սամվելյանի կողմից նախկինում կատարված համանման հանցանքների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկինում նշանակված պատիժը բավարար չի եղել անձի վերասոցիալականացման համար, ինչպես նաև նոր հանցանքի բնույթը, ծանրությունը և հետևանքները, գտնում է, որ սույն գործով պատժի նպատակներին հնարավոր է հասնել բացառապես ազատազրկման ձևով նշանակված պատիժն իրական կրելու միջոցով (…):

Տվյալ դեպքում դատաթմրաբանական/դատանարկոլոգիական/ ամբուլատոր հանձնաժողովային փորձաքննության թիվ 12-21 եզրակացության համաձայն՝ Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի մոտ ախտորոշվել է «*****************************************************************************************

******************************************************************************************

*********************************************************************************, ունի հարկադիր բուժման կարիք, ինչին հակացուցում չունի։

Վերոշարադրյալի կապակցությամբ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի նկատմամբ հիմնական պատժի՝ ազատազրկման հետ համատեղ պետք է նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում՝ թմրամոլությունից, որը պետք է կրի ըստ ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակի կրման վայրի (…)»3:

10. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունիսի 12-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն, ուսումնասիրելով վերը նշված իրավական նորմերն ու ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումները, հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալ Ռաֆաել Սամվելյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատշաճ գնահատման է արժանացրել նրա կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում վերջինի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, ինչը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, վտանգավորության աստիճանին, որոնք անհրաժեշտ և բավարար են նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող են ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր չէ այլ կերպ, քան նշանակված պատիժը փաստացի կրելու և այդ կերպ է միայն հնարավոր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ Առաջին ատյանի դատարանը՝ նախկինում նույնասեռ հանցագործությունների կատարման արդյունքում 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներման մասին» օրենքի հիման վրա պատժի կրումից 2015 թվականի մայիսի 22-ին ազատվելու պայմաններում Ռաֆաել Սամվելյանի նկատմամբ 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև նախորդ պատժի՝ նպատակներին չծառայելու հանգամանքը, ինչը բավարար է փաստելու, որ ամբաստանյալ Ռաֆաել Սամվելյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը (…):

Անդրադառնալով ամբաստանյալի առողջական խնդիրների հետ կապված պաշտպանի պնդումներին, մասնավորապես՝ համաձայն բժշկական փաստաթղթերի Ռաֆաել Սամվելյանի մոտ ախտորոշվել է ***************************, ********************************, 2021 թվականի մայիսի 10-ին ենթարկվել է վիրահատության, այնուհետև 2022 թվականի հունվարի 10-ին ախտորոշվել է ************************************** և կրկին ենթարկվել վիրահատության, որոնք բավարար են ամբաստանյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու կամ այդպիսի պատիժ նշանակելու դեպքում` այն պայմանականորեն չկիրառելու համար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ չեն չեզոքացնում Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժի տեսակի և չափի վերաբերյալ հետևությունների իրավաչափությունը։

Միաժամանակ, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքն ու պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքին ու պատժին համապատասխանեցնելու հարցին՝ Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, գտնում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով քննարկվող արարքի կատարման համար նախատեսված ազատազրկում հիմնական պատիժը՝ դրա նվազագույն շեմի բարձրացմամբ պայմանավորված, խստացվել է («առավելագույնը երեք տարի ժամկետով» ձևակերպումը փոխվել է «մեկից երեք տարի ժամկետով» ձևակերպմամբ)», ուստի հիմնական պատժի մասով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասին չի կարող տրվել հետադարձ ուժ։ Սակայն, մյուս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան սահմանել է նաև այլ պատժատեսակներ, որոնք 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում չեն եղել, մասնավորապես՝ տուգանք, հանրային աշխատանքներ, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում, ինչը հիմք է տալիս նշելու, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով այս մասով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք և ունի հետադարձ ուժ։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանը նշանակել է համաչափ և արդարացի պատիժ, որը ենթակա չէ փոփոխության, ուստի մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու հանգամանքն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի որակման մեջ չպետք է ցույց տալ և արարքի որակումը համապատասխանեցնել նոր օրենքին, քանի որ Առաջին ատյանի դատարանը, ազատազրկման հետ կապված պատիժ նշանակելով, ղեկավարվել է մեղմացնող օրենքով՝ նշանակելով 10 (տասը) ամիս ազատազրկում։

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր չհամարելով պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքի մյուս փաստարկները, հարկ է համարում արձանագրել, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանությունները կառուցված են տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, և որպես այդպիսին ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը գործի ելքի վրա ազդող դատական սխալներ՝ նյութական և դատավարական օրենքի (իրավունքի) էական խախտումներ թույլ չի տվել, ուստի՝ պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անհրաժեշտ է թողնել անփոփոխ (…)»4:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների կողմից պատիժ նշանակելիս մարված դատվածությունը որպես մեղադրյալի քրեաիրավական բնութագիր հաշվի առնելը։

12. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը կամ քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը պետք է լինի արդարացի՝ ապահովելով ինչպես կիրառվող օրենսդրության, այնպես էլ պետական հակազդեցության համաչափությունը կատարված հանցանքին, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները։

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործությամբ պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներով, ինչպես նաև նշանակվող պատժի՝ հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամբ։

3. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կարող է նշանակվել, եթե դատարանը հիմնավորի, որ առավել մեղմ պատժատեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները (…)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:

(…)

8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածության մարման կամ վերացման պահը։ Դատվածության վերացման համար հիմք են համաներման մասին օրենքը, ինչպես նաև արարքի ապաքրեականացումը։

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս։

3. Դատվածություն չունեցող է համարվում՝

(…)

2. այն անձը, որի դատվածությունը մարվել է,

(…)

8. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով դատվածության մարումը կամ վերացումը հանգեցնում է դատվածության հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացման»։

12.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մարված դատվածությունն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի պայմաններում անձի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնելու հնարավորության հարցին, արձանագրել է, որ մարված կամ հանված դատվածության պայմաններում անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը որպես նրա անձը բացասաբար բնութագրող հանգամանք հաշվի առնելն անթույլատրելի է։ Նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագիր՝ դատարանը պարտավոր է այն ուղղակիորեն արտացոլել պատժի և պատասխանատվության անհատականացման ժամանակ։ Մինչդեռ մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած, և նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չի կարող, այդ թվում չի կարող անդրադառնալ նոր հացագործության համար նշանակվելիք պատժի վրա։ Ուստի մարված կամ հանված դատվածության պայմաններում նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի անձնավորութունը բացասաբար բնութագրող հանգամանք՝ դատարանը ոչ միայն կիմաստազրկի դատվածությունը հանելու, մարելու քրեաիրավական կառուցակարգերը, այլև կարող է խախտել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները5։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկին քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի մեկնաբանման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև նոր քրեական օրենսգրքի գործողության պարագայում։

13. Սույն գործի փաստական տվյալներից հետևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ Ռաֆաել Սամվելյանի դատվածությունը մարված է, պատիժ նշանակելիս, ի թիվս այլնի, հաշվի է առել վերջինիս՝ նախկինում համասեռ արարքների կատարման համար դատապարտված լինելը։ Արդյունքում՝ Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ Ռ.Սամվելյանի նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ, որը նա պետք է կրի, ինչն անհրաժեշտ և բավարար է սոցիալական արդարությունը վերականգնելու, ամբաստանյալին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար6։

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման է ենթարկել Ռ.Սամվելյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում նշանակել է համաչափ և արդարացի պատիժ7։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-12.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարված դատվածության պայմաններում նախկինում հանցանք կատարած լինելու փաստը չէր կարող գնահատվել որպես մեղադրյալի անձը բացասական բնութագրող հանգամանք։

15. Այսպիսով, ստորադաս դատարանների կողմից պատիժ նշանակելիս մարված դատվածությունը որպես մեղադրյալի քրեաիրավական բնութագիր հաշվի առնելը, իրավաչափ չէ։

16. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով մեղադրյալին մեղսագրվող արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածի սանկցիայում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերոնշյալ փոփոխությունները մեղադրյալ Ռ.Սամվելյանի նկատմամբ հետադարձ ուժով կիրառելու հնարավորության հարցին։

16.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ մեղադրյալ Ռ.Սամվելյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։ Մասնավորապես՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(…)

2) խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով (…)»:

17. Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի հետևություններին առ այն, որ Ռ.Սամվելյանին մեղսագրվող արարքի համար ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան սահմանում է նաև ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակներ, մասնավորապես՝ տուգանք, հանրային աշխատանքներ, ազատության սահմանափակում և կարճաժամկետ ազատազրկում, հետևաբար, այդ մասով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով նույն օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասն ունի հետադարձ ուժ։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ.Սամվելյանին մեղսագրվող արարքը պետք է որակել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով։

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով մեղադրյալ Ռ.Սամվելյանի նկատմամբ նշանակված պատժին՝ պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների8 լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով Ռ.Սամվելյանի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները (մեղադրյալը 62 տարեկան է, ամուսնացած է, չի աշխատում, բնութագրվում է դրականորեն9, զբաղվում է հողագործությամբ, ՀՀ Արմավիրի մարզի «***********» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ************** կաբինետում 2011 թվականի փետրվարի 11-ից գտնվում է հաշվառման մեջ10, համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 2021 թվականի մարտի 10-ին տրված 12-21 եզրակացության՝ տառապում է «*************************************************************************************» ախտորոշմամբ11, ունի մի շարք այլ առողջական խնդիրներ՝ վերջինիս մոտ ախտորոշվել է *********************************, **************************************, 2021 թվականի մայիսի 10-ին ենթարկվել է վիրահատության12, այնուհետև ախտորոշվել է ******************************************* և 2022 թվականի հունվարի 10-ին կրկին ենթարկվել է վիրահատության13, ինչպես նաև ախտորոշվել է *************14, **********, ************, ************, **************, *******************15, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարածի համար), ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ.Սամվելյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատության սահմանափակում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Միաժամանակ պետք է արգելել վերջինիս՝ առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը։

Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև Ռ.Սամվելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի հետ մեկտեղ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և թմրամոլությունից հարկադիր բուժում նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին, և գտնում է, որ Ռ.Սամվելյանի նկատմամբ ազատության սահմանափակման հետ մեկտեղ պետք է նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում թմրամոլությունից, որը պետք է կրի արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպությունում:

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 69-րդ և 93-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու համար։

19. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի հունվարի 25-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 12-ի որոշումը փոփոխել:

2. Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ նշանակել ազատության սահմանափակում՝ 1 (մեկ) տարի ժամկետով և արգելել վերջինիս՝ առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը։

3. Պատժի կրման ընթացքում Ռաֆաել Ներսեսի Սամվելյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա։

4. Ռաֆաել Ներսեսի Սամվեյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ և 115-րդ հոդվածների կիրառմամբ՝ նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում թմրամոլությունից, որը պետք է կրի արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպությունում։

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

 

________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 60-61։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 169-171։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 153-163։

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 42-62:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արտաշ Շաքարյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13, Սարգիս Գալստյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴ1/0078/01/13 որոշումները։

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսևան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 և Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները։

9 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 189։

10 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 92։

11 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 169-171։

12 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 36։

13 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 63։

14 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 135-136։

15 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 137-138։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան
 

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Լ. Թադևոսյան

  Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: