ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ1/1340/06/25 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.11.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ ՍՅուզբաշյան

ԵԴ1/1340/06/25

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  ԱԲեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 21 նոյեմբերի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ Պավել Անատոլիի Դանիլովի պաշտպան ՍԳալստյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարվել է և Պավել Անատոլիի Դանիլովի նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։

2 Պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան ՍԳալստյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։

Բողոքաբերը, հիմքում դնելով դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ ՀՀ Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների կողմից տրված մեկնաբանությունները, գտել է, որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշմամբ անհամաչափորեն սահմանափակվել են ՊԴանիլովի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի որոշումը կառուցված չէ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման իրավաչափության տեսանկյունից սույն վարույթով էական նշանակություն ունեցող ստորև նշված փաստերի բովանդակային գնահատման վրա, որոնք, բողոք բերած անձի գնահատմամբ, բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու բավարար հիմքեր են ստեղծել։

Այսպես՝ բողոքաբերն ընդգծել է, որ հատուկ վերանայման բողոքը բողոքարկման ժամկետում հանձնվել է փոստային ծառայություն՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 23 հասցեով առաքելու համար, որը հանդիսանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հասցեն, սակայն, տեխնիկական սխալի պատճառով, ստացողի անվանումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի փոխարեն նշվել է ՀՀ վերաքննիչ դատարան, ինչի պատճառով էլ փոստային առաքանին վերադարձվել է ուղարկողին։ Վերադարձված փոստային առաքանին ստանալուն հաջորդող օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, հստակեցվել է ստացողի անվանումը և բողոքը՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու կից միջնորդությամբ, կրկին հանձնվել է փոստային կապի օպերատորին։ Այս համատեքստում բողոքաբերը նաև ուշագրավ է համարել այն իրողությունը, որ դատական վերանայման բողոքը վերադարձվում է, եթե այն չի բովանդակում այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը, մինչդեռ, սույն դեպքում համանման տեխնիկական թերությունը հանգեցրել է անձի դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման։ Ըստ բողոքի հեղինակի՝ վիճարկվող որոշման իրավաչափության գնահատման տեսանկյունից նշանակություն ունեցող հանգամանք է նաև այն, որ դատական վերանայման բողոքը բովանդակել է վիճարկվող դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատավարական նախապատմությունը, դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը, ինչը բավարար էր պարզելու համար, թե որ դատարանին է հասցեագրված բողոքը։

5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումն ու կայացնել

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6 Վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ

- Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 18-ի որոշումը, փոստային առաքման միջոցով, LO129180397AM բեռնային համարով ուղարկվել է փաստաբան ՍԳալստյանին1: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջի համաձայն՝ նշված բեռնային համարով առաքանին հասցեատիրոջը հանձնվել է 2025 թվականի օգոստոսի 22-ին2,

- պաշտպան ՍԳալստյանի վերաքննիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած՝ Առաջին ատյանի դատարան է ուղարկվել 2025 թվականի օգոստոսի 27-ին3,

- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան ՍԳալստյանի վերաքննիչ բողոքը նույն օրը փոստային ծառայությանն է հանձնվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 23 հասցեով առաքելու համար, իսկ որպես ստացող նշվել է ՀՀ վերաքննիչ դատարանը։ Փոստային կապի օպերատորի կողմից փոստային այդ առաքանուն տրվել է LO129278325AM բեռնային համարը4։ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջի համաձայն՝ նշված բեռնային համարով առաքանին փոստային կապի օպերատորին է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 27-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 1-ին վերադարձվել է ուղարկողին «թերի հասցե» նշագրմամբ, որը լրացված է «նշել որ դատ» ձեռագիր գրառմամբ6,

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ պաշտպան ՍԳալստյանի վերաքննիչ բողոքը՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, փոստային առաքման միջոցով, LO129354792AM բեռնային համարով ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան7։

7 Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին եզրահանգումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ «(․․․) [Պ]աշտպան ՍԳալստյանն [Առաջին ատյանի դատարանի] որոշումը ստացել է 2025 թվականի օգոստոսի 22-ին, իսկ հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը տվյալ դատական ակտի համար սահմանել է բողոքարկման հնգօրյա ժամկետ։

(․․․)

Անդրադառնալով (․․․) վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությանը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ պաշտպան ՍԳալստյանը հանդիսանում է պրոֆեսիոնալ սուբյեկտ և Վերաքննիչ դատարանի համար առնվազն անհասկանալի է՝ ինչպես կարող է պրոֆեսիոնալ սուբյեկտը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին հասցեագրված բողոքում սխալ նշել դատարանի ամբողջական անվանումը։ Բացի այդ, պաշտպանական կողմի միջնորդության մեջ նշվում է, որ վերադարձնելու մասին ծրարը ստացվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին, մինչդեռ նոր բողոքն ուղարկվել է 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, ուստի Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում պաշտպանի միջնորդության մեջ նշված հիմնավորումները։

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ (․․․) պաշտպան ՍԳալստյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, (․․․) բողոքը պետք է թողնել առանց քննության»8։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք պաշտպան ՍԳալստյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետևությունը։

9 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1.Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «1.Վարույթի մասնավոր մասնակիցները և վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն։

2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին: (…)»։

10 Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով9,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը10,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Եվրոպական կոնվենցիա 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն11,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա12: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ու վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի13։

101 ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրել է հետևյալը.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման14:

102 Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման ու հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը15, ինչն իր հերթին, ի թիվս այլոց, հանգեցնում է նրան, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները16:

Դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական վերանայման բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման խնդրին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ տարբերակված է ժամկետը վերականգնելու երկու իրավական ընթացակարգեր։ Առաջինը ենթադրում է բողոքարկման ժամկետի բաց թողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարելու հնարավորությունը, երբ վարույթն իրականացնող մարմնի գործողության կամ անգործության արդյունքում անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել պատշաճ բողոքարկելու դատական ակտը17։

Երկրորդ ընթացակարգը ենթադրում է բաց թողնված ժամկետի վերականգնումը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ, երբ պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր իրավական պաշտպանություն հայցողի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանքով18։ Նշված դեպքում բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը պետք է ունենա որոշակի փաստական հիմք և կոնկրետ դրսևորում՝ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին ողջամտության սահմաններում գնահատելու բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառի և դատական ակտի վիճարկման հնարավորության հարաբերակցությունը, այսինքն, արդյո՞ք առկա է բողոքն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու հարգելի պատճառ, թե ոչ։

11 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի օգոստոսի 18-ի որոշումը ՊԴանիլովի պաշտպան Ս.Գալստյանը ստացել է 2025 թվականի օգոստոսի 22-ին19,

- հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը փոստային կապի օպերատորին հանձնվել է 2025 թվականի օգոստոսի 27-ին՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 23 հասցեով առաքելու համար, և որպես ստացող նշվել է ՀՀ վերաքննիչ դատարանը։ Դատական վերանայման բողոքի պատճենը նույն օրն ուղարկվել է նաև դատական ակտը կայացրած՝ Առաջին ատյանի դատարան20,

- վերադաս դատարանին հասցեագրված փոստային առաքանին՝ ստացողի անվան անորոշության նշագրմամբ, փոստային կապի օպերատորի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ին վերադարձվել է պաշտպան Ս.Գալստյանին21։ Պաշտպանը, վերացնելով փոստային ծառայության արձանագրած անորոշությունը, 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, փոստային կապի օպերատորին կրկին հանձնել է վերաքննիչ բողոքը՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու կից միջնորդությամբ՝ այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարան առաքելու համար22,

- Վերաքննիչ դատարանը, մատնանշելով, որ վիճարկվող դատական ակտը պաշտպան ՍԳալստյանին հասու է դարձել 2025 թվականի օգոստոսի 22-ին, իսկ հատուկ վերանայման բողոքը ներկայացվել է նույն թվականի սեպտեմբերի 2-ին, արձանագրել է, որ դատական վերանայման բողոքը ներկայացվել է վերաքննիչ բողոքարկման հնգօրյա ժամկետի խախտմամբ։ Միևնույն ժամանակ, բողոքարկման բաց թողնված ժամկետի վերականգնման հարցը լուծելիս, Վերաքննիչ դատարանը նշել է, որ պաշտպան ՍԳալստյանը հանդիսանում է վարույթի արհեստավարժ մասնակից և դատարանի համար առնվազն անհասկանալի է, թե ինչպես կարող է վարույթի նման մասնակցի կողմից սխալ նշվել դատարանի ամբողջական անվանումը։ Բացի այդ, վերադարձված փոստային առաքանին ստացվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին, մինչդեռ բողոքը բերվել է հաջորդ օրը։ Նշվածը հիմքում դնելով, Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարել համապատասխան միջնորդության հիմնավորումները23։

12 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-102-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Ս.Գալստյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, անհամաչափորեն սահմանափակել է ՊԴանիլովի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև պաշտպան Ս.Գալստյանի կողմից հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան փաստացի ներկայացվել է բողոքարկման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո, այնուամենայնիվ, ՊԴանիլովի բողոքարկման իրավունքն իրացնելիս պաշտպանը գործել է բարեխղճորեն և քայլեր է ձեռնարկել բողոքը սահմանված ժամկետում իրավասու դատարան ներկայացնելու ուղղությամբ։ Այսպես՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպան ՍԳալստյանը ստացել է 2025 թվականի օգոստոսի 22-ին, որի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու վերջնաժամկետն էր 2025 թվականի օգոստոսի 27-ը։ Պաշտպան ՍԳալստյանը վերաքննիչ բողոքը փոստային կապի օպերատորին է հանձնել բողոքարկման ժամկետում՝ 2025 թվականի օգոստոսի 27-ին՝ նույն օրը վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկելով նաև դատական ակտը կայացրած՝ Առաջին ատյանի դատարան։ Վերադաս դատարանին ուղարկվող փոստային առաքանին թեև հասցեագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեով24, սակայն հասցեատիրոջ անվանումը նշվել է ոչ ամբողջական՝ ՀՀ վերաքննիչ դատարան։

Վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան առաքված չլինելու մասին բողոքաբերը տեղեկացել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ փոստային կապի օպերատորի կողմից առաքանին՝ ստացողի անվան անորոշության նշագրմամբ վերադարձված լինելու փաստի ուժով։ Վերադարձված փոստային առաքանին ստանալուն հաջորդող օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, պաշտպան Ս.Գալստյանը, վերացնելով փոստային ծառայության արձանագրած անորոշությունը, վերաքննիչ բողոքը՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու կից միջնորդությամբ, կրկին հանձնել է փոստային կապի օպերատորին՝ այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարան առաքելու համար։

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հատուկ վերանայման բողոքը, վերաքննիչ բողոքարկման ժամկետում, փոստային կապի օպերատորին է հանձնվել ինչպես միջնորդությունը քննած Առաջին ատյանի դատարան, այնպես էլ վերադաս դատարան՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեով առաքելու համար, սակայն երկրորդ հասցեատիրոջ դեպքում ստացողի անվանումը նշվել է ոչ ամբողջական։ Բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան առաքված չլինելու մասին տեղեկացվելուց հետո՝ հաջորդ օրը, պաշտպանը, հստակեցնելով հասցեատիրոջ անվանումը, վերաքննիչ բողոքը՝ դրան կցելով բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, կրկին հանձնել է փոստային կապի օպերատորին, որպիսի պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ բավարար հիմքեր չկան փաստելու, որ տվյալ դեպքում պաշտպան ՍԳալստյանն անբարեխղճորեն է գործել և հետևաբար նրա բողոքարկման իրավունքը ենթակա է սահմանափակման։

Դատական վերանայման բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չլինելու պատճառի և դատական ակտի վիճարկման հնարավորության գնահատման տեսանկյունից նախորդիվ ներկայացված հանգամանքներից զատ, հարկ է փաստել նաև, որ պաշտպան ՍԳալստյանի կազմած վերաքննիչ բողոքը բովանդակել է վիճարկվող դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատավարական նախապատմությունը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վեճի առարկան25։ Սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեով առաքելու նպատակով փոստային կապի օպերատորին հանձնված փոստային այդ առաքանին՝ ստացողի անվան անորոշության պատճառով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան չի հանձնվել, ինչն էլ գործնականում անհնարին է դարձրել պատշաճ բողոքարկման հնարավորությունը։ Այս համատեքստում հատկանշական է օրենսդրական իրավակարգավորումն առ այն, որ դատական վերանայման բողոքում հասցեատեր դատարանի անվանումը նշված չլինելու դեպքում բողոքը վերադարձվում է այն ներկայացրած անձին՝ հնարավորություն ընձեռելով շտկել առկա թերությունը։ Այս կարգավորումը վկայում է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման դեպքերը կանոնակարգելիս օրենսդիրը որդեգրել է այն մոտեցումը, որ ձևական այդ պահանջի չպահպանումն անձին չպետք է զրկի դատարանի մատչելիության իրավունքից։

121 Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի չճանաչելն ու ՊԴանիլովի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքները սահմանափակելը չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։

13 Այսպիսով, ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի մասնավոր տարրը համարվող՝ դատարանի մատչելիության իրավունքի ապահովման տեսանկյունից, սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, պաշտպան ՍԳալստյանի՝ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելը չի կարող իրավաչափ համարվել։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելով, անհամաչափորեն սահմանափակել է ՊԴանիլովի դատական պաշտպանության իրավունքը։ Արդյունքում չի ապահովվել իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև ողջամիտ հավասարակշռությունը: Հետևաբար, ՊԴանիլովի պաշտպան ՍԳալստյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

14 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը պաշտպան Ս.Գալստյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ ու 356-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համար26։

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ու 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Պավել Անատոլիի Դանիլովի պաշտպան ՍԳալստյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

_____________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 75։

2 Տե՛ս www.haypost.am/am/track-trace#LO129180397AM։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 65։

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 77։

5 Տե՛ս www.haypost.am/am/track-trace#LO129278325AM։

6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 77։

7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 78 ու 79 և www.haypost.am/am/track-trace#LO129354792AM։

8 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 82-85։

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

10 Տե՛ս նույն տեղում:

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

14 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետ:

15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նաիրա Գրիգորյանի գործով 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ Մ-6168/21 որոշումը, կետ 16։

16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սևակ Սարգսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԿԴ/0089/12/17 որոշումը, կետ 14:

18 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վերգինե Բեգանյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԱՐԴ1/0012/11/16 որոշումը, կետ 15։

19 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

20 Տե՛ս նույն տեղում:

21 Տե՛ս նույն տեղում:

22 Տե՛ս նույն տեղում:

23 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

24 Տե՛ս www.court.am/hy/court-addresses։

25 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 68-74։

26 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Լ. ԹԱԴևոՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան