ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Ռ․ Առաքելյան |
ՍԴ1/0014/11/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||
|
| |||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
28 նոյեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ տուժող Ս․Բ․-ի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 51152221 քրեական վարույթով Հ․Գ․-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ա.Սարգսյանի՝ 2023 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ քրեական վարույթով տուժող Ս․Բ․-ի բողոքը, որի հիման վրա Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ հարուցվել է մինչդատական ակտի վիճարկման վարույթ։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ Ս․Բ․-ի բողոքը մերժվել է։
2․ Ս․Բ․-ի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 14-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ս․Բ․-ը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները ոչ իրավաչափորեն սահմանափակել են իր դատական պաշտպանության իրավունքը: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանված են մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները, օրենսդրի կողմից օգտագործվել է «պարունակում է» արտահայտությունը։ Լեզվաբանական վերլուծությունը հնարավորություն է տալիս հասկանալու, որ «պարունակել» և «ներկայացնել» բառերը համիմաստ, այսինքն, հոմանիշ բառեր չեն, ուստի չեն կարող նույնացվել։ Հետևաբար, քրեադատավարական հիշյալ նորմով սահմանված պահանջն առ այն, որ բողոքը պետք է պարունակի բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը, չի կարող ընկալվել որպես դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը բողոքին կցելու պարտականություն։ Այս համատեքստում, բողոք ներկայացրած անձը նաև փաստարկել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով, որտեղ սպառիչ կերպով սահմանված է բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկը, բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված որոշումը բողոքին կցելու պարտականություն ևս դրված չէ։ Ինչ վերաբերում է այդ ակտն իր կողմից լրացուցիչ ներկայացված չլինելու առումով ստորադաս դատարանների արձանագրմանը՝ նախ, օրենսդիրը բողոքին վերաբերող նյութերը դատարան ներկայացնելու պարտականությունը դրել է վարույթի հանրային մասնակցի վրա․ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարան ստացված նյութերում առկա էր դատախազի համապատասխան որոշումը։ Բացի այդ, մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու որոշմամբ Առաջին ատյանի դատարանն իր համար սահմանել էր բացառապես լրացուցիչ միջնորդություններ և բացատրություններ ներկայացնելու հնարավորություն։ Այսինքն՝ Առաջին ատյանի դատարանը չէր կարող ունենալ դատախազի համապատասխան վարութային ակտն իր կողմից լրացուցիչ կարգով ներկայացվելու ակնկալիք։
Բողոքը մերժելու հիմքում դրված Առաջին ատյանի դատարանի մյուս՝ բողոքի պահանջը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանի իրավասությունների սահմաններից դուրս լինելու վերաբերյալ փաստարկը, ըստ բողոքի հեղինակի՝ չէր կարող բողոքը մերժելու հիմք հանդիսանալ՝ իր բնույթով ձևական այդ պահանջի խախտումը շտկելու ողջամիտ հնարավորության առկայությամբ պայմանավորված, այն է՝ Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքաբերից պարզաբանումներ պահանջելով։
5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6․ Առաջին ատյանի դատարանը բողոքը մերժելու որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Բողոքի կապակցությամբ [Առաջին ատյանի դ]ատարան ստացված նյութերի ուսումնասիրության, [համապատասխան] իրավանորմերի և իրավական դիրքորոշման համալիր վերլուծության արդյունքում [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ սույն պարագայում բողոքաբերը ներկայացված բողոքում թեև նշել է բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը, սակայն դատարան չի ներկայացրել բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը։ Ավելին՝ նշված ակտը բողոքաբերի կողմից լրացուցիչ ևս չի ներկայացվել։
Ինչ վերաբերում է բողոքաբեր Ս․Բ․-ի՝ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ա․Սարգսյանի՝ 2023 թվականի օգոստոսի 29-ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը բեկանելու պահանջին, ապա [Առաջին ատյանի դ]ատարանը փաստում է, որ վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը բեկանելը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության դատարանի լիազորությունների շրջանակներից և դատարանը կարող է միայն որոշում կայացնել վարույթի հանրային մասնակցի վրա՝ անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն դնելու մասին։
(․․․)
Վերոգրյալի արդյունքում, [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ բողոքին ներկայացվող պահանջները պահպանված լինելուց հետո միայն դատարանը կարող է անդրադառնալ ներկայացված բողոքի հիմքերին, այն է` բողոքարկող անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան դրույթներով հիմնավորված փաստարկներին: Ուստի, եթե բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ բողոքաբերի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բողոքին ներկայացված պահանջները, ապա առանց անդրադառնալու բողոքի հիմքերին՝ դատարանը պետք է մերժի այն։ (․․․)»1։
7․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) Առաջին ատյանի դատարանի (․․․) հիմնավորումները դիտարկելով [համապատասխան] իրավական նորմերի լույսի ներքո, [Վերաքննիչ դատարանը] գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար:
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է, մասնավորապես այն հանգամանքով, որ դիմողի կողմից Առաջին ատյանի դատարան չի ներկայացվել բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը, բացի այդ նշված ակտը դիմողի կողմից լրացուցիչ ևս չի ներկայացվել դատարան։
Ինչ վերաբերում է դիմող Ս․Բ․-ի՝ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ա․Սարգսյանի՝ 2023 թվականի օգոստոսի 29-ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը բեկանելու պահանջին, ապա Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը բեկանելը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության դատարանի լիազորությունների շրջանակներից և դատարանը կարող է միայն որոշում կայացնել վարույթի հանրային մասնակցի վրա՝ անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն դնելու մասին, նման դիրքորոշումն ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար։
Վերը նշվածը հաշվի առնելով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքին ներկայացվող պահանջները պահպանված լինելուց հետո միայն դատարանը կարող է անդրադառնալ ներկայացված բողոքի հիմքերին, այն է` բողոքարկող անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան դրույթներով հիմնավորված փաստարկներին, հետևաբար, եթե բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ դիմողի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բողոքին ներկայացված պահանջները, ուստի առանց անդրադառնալու բողոքի հիմքերին՝ դատարանը պետք է մերժի այն:
Ինչ վերաբերում է դիմող Ս․Բ․-ի կողմից բերված հատուկ վերանայման բողոքում նշված փաստարկներին (պնդումներին), ապա հարկ է նկատել, որ դրանք Առաջին ատյանի դատարանի կողմից բազմակողմանի վերլուծության են ենթարկվել, որպիսի մոտեցումները նույնպես ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար, ուստի Վերաքննիչ դատարանը դրանց վերստին չի անդրադառնում կրկնությունից անհարկի խուսափելու համար։ (․․․)»2:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները չպահպանելու պատճառաբանությամբ Ս․Բ․-ի բողոքը մերժելն արդյո՞ք հանգեցրել է նրա՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման։
9․ Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն Առաջին ատյանի դատարան ստացվելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝
(․․․)
6) բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը.
(․․․)
8) բողոքի (․․․) պահանջը.
(․․․)
2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի»։
10․ Վճռաբեկ դատարանը Նաիրա Մելիքյանի գործով անդրադառնալով մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով ներկայացված բողոքին առաջադրվող պահանջներին՝ արձանագրել է, որ որպես այդպիսին, ի թիվս այլնի, նախատեսված է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պետք է պարունակի բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հիշյալ պայմանի պահպանվածության տեսանկյունից, անհրաժեշտ է, որպեսզի բողոքը պարունակի համապատասխան մինչդատական ակտի դեմ բողոքը, նախքան դատարան ներկայացնելը, իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից բողոքը չբավարարելու վերաբերյալ փաստական տվյալներ, բացառությամբ, երբ վիճարկվում է ձերբակալումը կամ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի վարութային ակտը3:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը ներկայացվող բողոքին անմիջականորեն կցելու պահանջ օրենսդիրը չի սահմանել, հետևաբար այդպիսին չկատարելը չի կարող հիմք հանդիսանալ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու համար։
11․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն Առաջին ատյանի դատարանը մերժել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները պահպանված չլինելու պատճառաբանությամբ, մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ թեև բողոքում նշված է բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը, սակայն բողոքին չի կցվել, այնպես էլ լրացուցիչ կարգով չի ներկայացվել բողոքարկման արդյունքում կայացված ակտը։ Բացի այդ, բողոքի պահանջը դուրս է մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով դատարանի իրավասությունների շրջանակից4,
- Վերաքննիչ դատարանը, մերժելով Ս․Բ․-ի հատուկ վերանայման բողոքը՝ ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին5։
12․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետևության հետ, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին պետք է կցվեր բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը։ Այսպես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը ենթադրում է, որ բողոքը պետք է պարունակի համապատասխան փաստական տվյալ՝ դատախազական բողոքարկման ընթացակարգը սպառած լինելու վերաբերյալ6։ Տվյալ դեպքում, Ս․Բ․-ի՝ Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքը պարունակել է բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը, ինչն արձանագրել է նաև Առաջին ատյանի դատարանը։ Մասնավորապես, ըստ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի՝ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու հսկող դատախազի որոշման դեմ վերադաս դատախազին ներկայացված բողոքը մերժվել է7։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է նաև բողոքի հեղինակի փաստարկն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով, որտեղ սպառիչ կերպով թվարկված են բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերը, բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը բողոքին կցելու պարտականություն դրված չէ։ Բացի այդ, տվյալ դեպքում, Առաջին ատյանի դատարանը մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը մերժելու որոշումը կայացնելու պահին իր տրամադրության տակ ունեցել է բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը8։
12․1․ Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքի պահանջը մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով դատարանի իրավասությունների սահմաններից դուրս լինելու պատճառաբանությամբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը մերժելը ևս հիմնավոր համարվել չի կարող՝ չափազանց ձևական լինելու և այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայությամբ պայմանավորված, մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, ներկայացված բողոքի հիմնավորվածության ըստ էության քննության շրջանակներում, առնվազն կարող էր բողոք բերած անձին՝ բողոքի պահանջը պատշաճ ձևակերպելու հնարավորություն ընձեռեր։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ դատավարական ակտի կայացման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածն օրենսգրքում առկա պահանջների չպահպանման դեպքում դատարանի համար նախատեսում էր միայն մեկ հնարավորություն՝ մերժելու վարույթի հարուցումը։ Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 2024 թվականի հունվարի 16-ին կատարված փոփոխություններով՝ 302-րդ հոդվածի 1.1-րդ մասով դատարանի համար նախատեսվեց լրացուցիչ հնարավորություն՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջների անհամապատասխանության դեպքում բողոքը վերադարձնել այն ներկայացրած անձին՝ հնարավորություն ընձեռելով շտկել առկա թերությունները։ Այս կարգավորումը ևս ապացույց է այն բանի, որ ձևական պահանջների չպահպանումը անձին չպետք է զրկի դատարանի մատչելիության իրավունքից։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները չպահպանելու պատճառաբանությամբ Ս․Բ․-ի բողոքը մերժելը հանգեցրել է նրա՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման։
13․ Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը մերժելը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելը ոչ իրավաչափորեն սահմանափակել է Ս․Բ․-ի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները, այսինքն, հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածում ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարանի՝ նոր քննության փոխանցելու հիմք է՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար9:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Ս․Բ․-ի բողոքի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 53-59։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 32-43։
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նաիրա Մելիքյանի գործով 2025 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԴ1/0180/11/23 որոշումը։
4 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նաիրա Մելիքյանի գործով հիշյալ որոշման 13․1-րդ կետը։
7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 3-9։
8 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թիվ 51152221 քրեական վարույթի նյութերը պարունակող լազերային սկավառակ, թերթ 46։
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|