ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Հ. Ավագյան |
ԿԴ/0259/01/21 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ | |
|
|
|
Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
14 նոյեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Տիգրան Արիստակեսի Մարջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի հունվարի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12101321 քրեական գործը։
2021 թվականի ապրիլի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 49104121 քրեական գործը, որը 2021 թվականի հուլիսի 30-ին միացվել է թիվ 12101321 քրեական գործին։
2․ 2021 թվականի նոյեմբերի 1-ին Տիգրան Արիստակեսի Մարջանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով։
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Տ․Մարջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
3. 2021 թվականի նոյեմբերի 10-ին թիվ 12101321 քրեական գործից անջատվել է Տ․Մարջանյանի կողմից երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձի, սուտ մատնության և Արթուր Ալեքսանյանի կողմից սուտ մատնության վերաբերյալ մասը, և անջատված մասին շնորհվել է 69114821 համարը։
4․ 2021 թվականի նոյեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճռով, Տ․Մարջանյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Նույն դատավճռով Տ․Մարջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կանոնների կիրառմամբ, հաշվի առնելով Տ․Մարջանյանի՝ 2021 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի փետրվարի 13-ը անազատության մեջ գտնվելու ժամկետը, վերջինս ազատվել է տուգանքի ձևով պատիժը կրելուց։
Նույն դատավճռով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է նաև Արթուր Հովհաննեսի Ալեքսանյանը։
5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Ավագիմյանի և դատախազ Տ․Խաչատրյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ։
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք՝ Տ․Մարջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով արդարացնելու մասով, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում․
7. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները վերլուծելով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ բողոքաբերն ընդգծել է, որ դրանք բավարար են եղել ամբաստանյալ Տ․Մարջանյանի մեղավորությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող հանցանքի կատարման մեջ հաստատված համարելու համար, իսկ Վերաքննիչ դատարանն այս առնչությամբ եկել է սխալ եզրահանգման։
8․ Բողոքաբերի պնդմամբ` սույն գործում առկա ապացույցների համակցությունը վկայում է այն մասին, որ Տ․Մարջանյանը «Սայգա-410Կ» ինքնաձիգը ձեռքին հետապնդել է տուժողների ավտոմեքենան, երբ դրանում դեռևս գտնվել են բոլոր չորս տուժողները։ Այսինքն, ըստ բողոքաբերի` Տ․Մարջանյանի դիտավորությունն ուղղված է եղել տուժողներին ապօրինաբար կյանքից զրկելուն, որպիսի պայմաններում նրա արարքը պետք է գնահատվի որպես հանցագործություն, քանի որ վերջինս տուժողների կողմից ավտոմեքենայով փախչելու ընթացքում, «Ռոյալ» խաղատան հետնամասում փակուղու հանդիպելուց հետո, իր մոտ գտնվող հրազենից 26-28 մետր հեռավորությունից առնվազն երկու կրակոց է արձակել տուժողների ավտոմեքենայի` վարորդի դիմապակու և թափքի վրա, այսինքն՝ տուժողների փախուստի պահից Տ․Մարջանյանի համար ակնհայտ է եղել, որ նրանց կողմից ենթադրյալ ոտնձգություն կատարելը բացառվել է:
8.1. Բողոքաբերի համոզմամբ` ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել Տ․Մարջանյանի կողմից զենքից կրակելու հմտություններ ունենալու և զենքերի վերաբերյալ համապատասխան գիտելիքների տիրապետելու հանգամանքը, որով հիմնավորվում է, որ նա գիտակցել է, որ «Սայգա-410Կ» ինքնաձիգից կրակոցներ արձակելիս, գնդակները վերածվում են մանրագնդակների, և այդ տեսակի զենքից ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու պարագայում արձակված գնդակի մանրագնդակները կարող էին դիպչել բոլոր չորս տուժողներին, որն էլ, ըստ բողոք բերած անձի, ընդգրկված է եղել Տ. Մարջանյանի դիտավորության մեջ:
8.2. Բողոքաբերը տուժողներին կյանքից զրկելու Տ.Մարջանյանի դիտավորությունը հիմնավորել է նաև նրանով, որ եթե վերջինս ցանկություն ունենար բացառապես վնասելու տուժողների ավտոմեքենան կամ նրանց վախեցնելու, ապա կարող էր ընտրել առավել նվազ վտանգ ներկայացնող գործիք։ Տվյալ դեպքում, բողոքաբերի ընդգծմամբ` ստորադաս դատարանների կողմից չի մեկնաբանվել այն հանգամանքը, թե ինչու՞ է ամբաստանյալը հանրության համար վտանգ ներկայացնող եղանակով, այն է՝ առնվազն երկու կրակոց արձակելով, վնաս պատճառում ավտոմեքենային, այլ ոչ թե, օրինակ, ինքնաձիգով հարվածում դրան այն դեպքում, երբ ինքնաձիգով հարվածելով ավտոմեքենային՝ կարելի էր վնասել այն՝ դրանում գտնվող անձանց կյանքի համար վտանգ չստեղծելու եղանակով։
8.3. Բողոքաբերը նշել է նաև, որ Տ․Մարջանյանի կողմից դատաքննության ընթացքում պարբերաբար ցուցմունքները փոխելը, կողմերի հարցերին պատասխանելիս վերջինիս կողմից տրված պատասխաններում էական հակասությունները՝ կրակոցներ արձակելու, դրանց ուղղության (այն, որ վերջինս առաջին հարցաքննության ընթացքում պնդել է, որ կրակել է օդ, նույն հարցաքննության ընթացքում ավելի ուշ պնդել է, որ կրակել է գետնին, հետո, որ կրակել է միայն ավտոմեքենան վնասելու համար), կրակոցներ արձակելու նպատակների մասին, վկայում են Տ․Մարջանյանի ցուցմունքների անարժանահավատության մասին։ Վերջինի ցուցմունքները հերքվել են գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ, սակայն, տվյալ դեպքում, բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանների կողմից դրանք անհիմն կերպով դրվել են Տ․Մարջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով անմեղ ճանաչելու հիմքում։
9. Հաշվի առնելով վերոգրյալը, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 27-ի որոշումը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ Տ․Մարջանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10․ Տիգրան Մարջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «(…) նա 2021 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր փողոցի 2-4/1 հասցեում գործող «Ռոյալ» խաղատան բակում հանդիպելով «HYUNDAI ELANTRA» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով այնտեղ ժամանած, 2021 թվականի հունվարի 13-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 109/10 հասցեի հարակից գերեզմանատան ավտոկայանատեղիում իր և ընկերների նկատմամբ սպանության փորձ իրականացրած Գ.Գ.-ի ընկերներ Կ.Ս.Ա.-ին և Դ.Ս.Ա.-ին, Ա.Պ.-ին և ինքնությունը չպարզված ևս մեկ անձի, վերջիններիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ա.Ա.-ի և Յ.Չ.-ի հետ վազելով, զինված հետապնդել է նրանց և վերջիններիս կողմից «HYUNDAI ELANTRA» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով փախչելու ընթացքում խաղատան հետնամասում փակուղու հանդիպելուց հետո, Տ․Մարջանյանն իր մոտ գտնվող, քրոջ ամուսնուն՝ Զ.Ժ.Վ.-ին պատկանող «Սայգա-410Կ» մոդելի, 410 տրամաչափի, «H10280286» համարի գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբին տեսակի հրազենից, 26-28 մետր հեռավորությունից, ընթացքի ժամանակ առնվազն երկու կրակոց է արձակել հիշյալ ավտոմեքենայի դիմապակու և թափքի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ ուղևորներից երեքը հասցրել են ավտոմեքենայից փախչել մինչև կրակոցներ արձակելը, իսկ վարորդին՝ արձակված գնդակները չեն դիպել, վնասելով ավտոմեքենայի աջ նստատեղի թիկնակը, թիկնակի վերնամասում գտնվող գլխի հենակը, սրահի տանիքի հատվածը, դիմացի պետհամարանիշը, թափարգելն ու շարժիչի ծածկոցը։
(…) Բացի այդ, Տ․Մարջանյանը, վերը նկարագրված դեպքից հետո՝ 2021 թվականի ապրիլի 5-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին և նյութերի նախապատրաստման ընթացքում նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելու մասին, կատարել է սուտ մատնություն, այն է՝ իր կողմից “Սայգա-410Կ»մոդելի 410 տրամաչափի «H10280286» համարի որսորդական ողորկափող ինքնալից կարաբին տեսակի հրազենից 2021 թվականի ապրիլի 3-ին Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր փողոցի 2-4/1 հասցեում գործող «Ռոյալ» խաղատան բակում երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ «HYUNDAI ELANTRA» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակած լինելու պայմաններում, մտացածին շարժառիթով կրակոցներ արձակելու հանգամանքը վերագրել է դեպքի ժամանակ իր հետ ներկա գտնված Յ.Ա.Չ.-ին, հետագայում՝ 2021 թվականի ապրիլի 26-ին, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, նույնպիսի կեղծ տեղեկատվություն է տրամադրել նաև հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված թիվ 49104121 քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում (…)»1։
11. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճռում արձանագրել է հետևյալը․ «(…) Վերը շարադրված իրավական վերլուծության և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած նախադեպային նշանակության դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ հետազոտված թույլատրելի ապացույցների համակցությունը հնարավորություն չի տալիս հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան, առանց ողջամիտ կասկածի հաստատված համարելու, որ արարքը կատարելու պահին Տիգրան Մարջանյանի դիտավորությունն ուղղված է եղել Կ.Ա.-ին, Դ.Ա.-ին, Ա.Պ.-ին և ինքնությունը չպարզված ևս մեկ անձին կյանքից զրկելուն, որպիսի հետևանքը չի առաջացել ամբաստանյալի կամքից անկախ պատճառներով։
Այդ առնչությամբ Դատարանը նախևառաջ փաստում է, որ հանրորեն վտանգավոր հետևանքի (մահվան) նկատմամբ Տիգրան Մարջանյանի դրսևորած սուբյեկտիվ վերաբերմունքը պարզելու և արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցում կարևոր նշանակություն ունեցող բացահայտված հանգամանքները՝ արարքի կատարման դրդապատճառները, շարժառիթը, եղանակը, օգտագործված գործիքի տեսակը, կատարված կրակոցների քանակը, կրակոցներ կատարելու պահին տուժողների գտնվելու վայրերը, մարմնական վնասվածքների բացակայությունը, ամբաստանյալի և տուժողների վարքագիծը արարքին անմիջապես նախորդող և հաջորդող պահերին, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները հնարավորություն չեն տալիս հաստատված համարելու, որ Տիգրան Մարջանյանը «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելիս ցանկացել է ապօրինաբար կյանքից զրկել Կ.Ա.-ին, Դ.Ա.-ին, Ա.Պ.-ին և ինքնությունը չպարզված ևս մեկ անձի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի հասել այդ հետևանքին։
Սույն գործով ձեռք բերված և դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցները գնահատելով իրենց համակցությամբ, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ Դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված է համարում, որ`
- 2021 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 109/10 հասցեին հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում, հուղարկավորության արարողությունից հետո, մի շարք անձինք, չպարզված շարժառիթներով, բռնությամբ զուգորդված գործողություններ են կատարել, ինչպես նաև կրակոցներ են արձակել «Մերսեդես G» մակնիշի **** ***** հաշվառման համարանիշի և «Մերսեդես GLE» մակնիշի **** ***** հաշվառման համարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ, որոնցում գտնվել են Ռ.Ս.-ն, Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը, Ա.Կ.-ն և այլոք։
- Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է թիվ 12101321 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում Ռ.Ս.-ն, Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը և Ա.Կ.-ն ճանաչվել են տուժող, իսկ մի շարք անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ։
- 2021 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 20։43-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր փողոցի 2-4/1 հասցեում գործող «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղի են ժամանել «Մերսեդես S» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որում գտնվել են Ռ.Ս.-ն և Մ.Վ.-ն, ինչպես նաև՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ******* հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որում գտնվել են Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը, Յ.Չ.-ն և Ա.Կ.-ն։ Նշված ավտոմեքենաները կայանվել են կողք-կողքի, որից հետո Ռ.Ս.-ն և Մ.Վ.-ն բարձրացել են «Ռոյալ» խաղատան խաղասրահ, իսկ Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը, Յ.Չ.-ն և Ա.Կ.-ն հիմնականում գտնվել են խաղատան բակում և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի սրահում։
- Նույն օրը՝ ժամը 23։31-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղի է ժամանել «Հունդայի Էլանտրա» մակնիշի ******* հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից դուրս են եկել Կ.Ա.-ն, Դ.Ա.-ն, Ա.Պ.-ն և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ովքեր զննելով Ռ.Ս.-ի «Մերսեդես S» մակնիշի ավտոմեքենան, մուտք են գործել խաղատան նախասրահ։ Քիչ հետո «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի սրահից դուրս են եկել և նշված անձանց հետևից խաղատան նախասրահ մուտք գործել Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը և Յ.Չ.-ն։ Միևնույն ժամանակ, Տիգրան Մարջանյանը բջջային հեռախոսով զանգահարել է Ռ.Ս.-ին և տեղեկացրել «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով խաղատուն ժամանած անձանց մասին։
- Ժամը 23։33-ի սահմաններում Կ.Ա.-ն, Դ.Ա.-ն, Ա.Պ.-ն և ինքնությունը չպարզված ևս մեկ անձը, խաղատան նախասրահում նկատելով Արթուր Ալեքսանյանին և Յ.Չ.-ին, հապճեպ դուրս են եկել խաղատան հետնամուտքից և շարժվել դեպի «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան։ Ժամը 23։35-ի սահմաններում խաղասրահից վազելով դուրս է եկել Ռ.Ս.-ն և նստել «Մերսեդես S» մակնիշի ավտոմեքենայի ղեկին, նույն պահին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի մոտ են վերադարձել Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը և Յ.Չ.-ն։
- Վայրկյաններ անց «Մերսեդես S» մակնիշի և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները շարժվել են և կայանվել կողք-կողքի՝ խաղատան ավտոկայանատեղի ելքի հատվածում։ Նույն պահին այդ ուղղությամբ է շարժվել «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, որն այնուհետև արագությամբ ընթացել է դեպի ձախ՝ խաղատան հետին տարհանման մուտք տանող ճանապարհով, որից հետո Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը, Յ.Չ.-ն վազել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի հետևից։
- Ժամը 23։40-ի սահմաններում «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, շրջադարձ կատարելով, կայանվել է հետին տարհանման մուտք տանող ճանապարհին, դրա սրահից դուրս են եկել երեք անձ (նրանց անհատականացնել հնարավոր չէ) և վազքով հեռացել ավտոմեքենայից, իսկ նույն ավտոմեքենայի վարորդը (նրան անհատականացնել նույնպես հնարավոր չէ) գտնվել է ավտոմեքենայի սրահի ձախ կողմում, ավտոմեքենայի վարորդի կողմի դուռը՝ բաց վիճակում։ Նույն պահին ավտոմեքենայի ուղղությամբ են շարժվել Տիգրան Մարջանյանը, ում ձեռքին գտնվել է «Սայգա 410» մոդելի գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբին տեսակի հրազենը, Յ.Չ.-ն, ում ձեռքին գտնվել է սև գույնի պայուսակ և Արթուր Ալեքսանյանը, ում ձեռքին որևէ առարկա չի եղել։
- Այդ պահին Տիգրան Մարջանյանը, գտնվելով «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայից մոտ 25-28 մետր հեռավորության վրա, «Սայգա 410» մոդելի գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբինից նշան է բռնել և երկու կրակոց արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակոցներից մեկը դիպել է «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ հատվածի ներքևին, մյուսը՝ դիմապակու աջ հատվածին, որոնց հետևանքով վնասվել են ավտոմեքենայի դիմացի պետհամարանիշը, թափարգելն ու շարժիչի ծածկոցը, աջ նստատեղի թիկնակը, թիկնակի վերնամասում գտնվող գլխի հենակը, սրահի տանիքի հատվածը։
- Կրակոցներից անմիջապես հետո «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի, իսկ Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը և Յ.Չ.-ն վազքով վերադարձել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի սրահ և «Մերսեդես S» մակնիշի ավտոմեքենայի հետ միաժամանակ հեռացել դեպքի վայրից։
- Կրակոցների արդյունքում որևէ անձի մարմնական վնասվածք չի պատճառվել, «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենային հասցվել է 193.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ վերը շարադրված փաստական հանգամանքներն անհերքելիորեն հաստատված են ինչպես գործի դատաքննության ընթացքում հարցաքննված անձանց ցուցմունքներով, այնպես էլ առավել բարձր և օբյեկտիվ ապացուցողական որակով օժտված ապացույցներով, այդ թվում՝ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան տեսանկարահանող սարքերի տեսագրություններով, փորձագետների եզրակացություններով, զննության մասին արձանագրություններով և քրեական գործի այլ նյութերով։
Այսպիսով, գործի դատաքննության արդյունքներով հաստատված վերոգրյալ փաստական տվյալները համադրելով սպանության փորձի հանցակազմի վերաբերյալ շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Դատարանը ևս մեկ անգամ կրկնում է, որ հնարավոր չէ առանց որևէ ողջամիտ կասկածի հաստատված համարել, որ Տիգրան Մարջանյանը, իր մոտ գտնվող հրազենից ավտոմեքենայի ուղղությամբ երկու կրակոց արձակելով, ուղղակի դիտավորություն է ունեցել չորս անձի ապօրինաբար կյանքից զրկել, իր դիտավորության մեջ ընդգրկված այդ նպատակն իրագործելու համար կատարել է անհրաժեշտ գործողություններ, սակայն հանրորեն վտանգավոր հետևանքները վրա չեն հասել իր կամքից անկախ հանգամանքներում։
Այդ առնչությամբ առանցքային նշանակություն ունի այն, որ տեսագրությունների ուսումնասիրությունից ակնհայտորեն հետևում է, որ «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի կայանումը և դրա սրահից երեք անձի դուրս գալը և փախուստը կատարվել են Տիգրան Մարջանյանի տեսադաշտում և այդ ընթացքում վերջինը որևէ կրակոց ավտոմեքենայի ուղղությամբ կամ այդ անձանց հետևից չի կատարել։ Տեսանյութի ուսումնասիրությունից հետևում է նաև, որ կրակոցներին անմիջապես նախորդող պահին «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը՝ ձախ կողմից գտնվել է բաց վիճակում, դրա սրահի լույսերը միացված են եղել, իսկ վարորդն ավտոմեքենայից դուրս գալուն ուղղված շարժումներ է կատարել, որպիսի պայմաններում Տիգրան Մարջանյանն իր ձեռքին գտնվող հրազենով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի աջ կողմի ուղղությամբ։ Ընդ որում, ավտոմեքենայի սրահից վարորդի դուրս գալուց և փախուստի դիմելուց հետո ևս Տիգրան Մարջանյանը վերջինի ուղղությամբ որևէ կրակոց չի արձակել։
Գործի նյութերով հաստատված է նաև, որ Տիգրան Մարջանյանն անցել է ժամկետային զինվորական ծառայություն, կամավոր մեկնել և մասնակցել է Արցախյան 44 օրյա պատերազմին, որպիսի պայմաններում Դատարանը որևէ հիմք չունի հերքված համարելու Տիգրան Մարջանյանի ցուցմունքներն այն մասին, որ տիրապետում է հրազենին և դեպքի ժամանակ նշանառու կրակոցներ է արձակել ավտոմեքենայի աջ հատվածին, որպեսզի որևէ անձի չվնասի, իսկ սպանության դիտավորություն ունենալու դեպքում իրական հնարավորություն ուներ այն իրագործելու և իրեն խանգարող որևէ հանգամանք առկա չէր։
Առկա պայմաններում, Դատարանը որևէ հիմք չունի հերքված համարելու նաև ամբաստանյալների դատաքննական ցուցմունքներն այն մասին, որ գերեզմանատանն իրենց նկատմամբ իրականացված սպանության փորձի ժամանակ ներկա է եղել նաև Կ.Ա.-ն և երբ դեպքի օրը «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով նշված չորս անձինք ժամանել են խաղատան բակ, իրենք մտավախություն են ունեցել, որ հնարավոր է եկել են իրենց վնասելու, ուստի կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որպեսզի վախենան և չհետապնդեն իրենց։
Ինչ վերաբերում է մեղադրանքի կողմի այն դիրքորոշմանը, որ Տիգրան Մարջանյանի՝ սպանության դիտավորություն ունենալու հանգամանքը հաստատված է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ձայնագրությամբ, ապա Դատարանը, թեև կրկնում է, որ նշված ապացույցն անթույլատրելի է և չի կարող գնահատվել ամբաստանյալի մեղադրանքը հաստատելու առումով, այդուհանդերձ, հարկ է համարում նաև սույն դատական ակտում հատուկ արձանագրել, որ նշված ապացույցում առկա չէ գեթ մեկ փաստական տվյալ, որը կարող էր հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ կրակոցներ արձակելիս Տիգրան Մարջանյանը ունեցել է սպանություն կատարելու դիտավորություն։
(…)
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար չեն ամբաստանյալի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Տիգրան Մարջանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք։ Այլ խոսքով` դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ Տիգրան Մարջանյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած: (…)»2։
12. Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 27-ի որոշման համաձայն` «(…) Վերաքննիչ դատարանը ևս հանգում է այն հետևության, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևության հանգել այն մասին, որ ամբաստանյալ Տ․Մարջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործով ձեռք բերված և դատաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցներն իրենց ամբողջության մեջ բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարելու, որ Տ․Մարջանյանի դիտավորությունն ուղղված է եղել որևէ անձի կյանքից զրկելուն։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական գործում առկա տեսագրությունից երևում է, որ տուժողների ավտոմեքենայի կայանումը և դրա սրահից երեք անձի դուրս գալը և փախուստը կատարվել են Տ․Մարջանյանի տեսադաշտում։ Նշված անձանց փախուստի ընթացքում Տ․Մարջանյանը այդ անձանց ուղղությամբ կրակոց չի կատարել։ Ամբաստանյալը, ավտոմեքենայից գտնվելով 25-28 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի դիմապակու աջ հատվածին կրակոց է արձակել ավտոմեքենայից վարորդի դուրս գալու պահին։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ավտոմեքենայի սրահից վարորդի դուրս գալուց, այնուհետև փախուստի դիմելուց հետո Տ․Մարջանյանը նրա ուղղությամբ որևէ կրակոց չի կատարել։ Գործում առկա չէ որևէ տվյալ, որ ամբաստանյալը զրկված է եղել իրեն մեղսագրվող արարքն ավարտին հասցնելու հնարավորությունից (…)։ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու իրավաչափ հիմք չկա, ուստի այն պետք է թողնել անփոփոխ, իսկ բերված վերաքննիչ բողոքները մերժել»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»:
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ստորադաս դատարաններն իրենց կայացրած դատական ակտերի հիմքում դրել են 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները, ուստի, ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափությունը գնահատելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները։
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք Տ․Մարջանյանի արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:
15․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 18-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: 4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի (…)»:
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է՝ (…)
2. Սպանությունը՝
1) երկու կամ ավելի անձանց, (…)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն ամիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»։
15․1․ Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցափորձ են ձևավորում միայն ուղղակի դիտավորությամբ կատարվող այն գործողությունները (անգործությունը), որոնք անմիջականորեն ուղղված են հանցանքի կատարմանը: «Անմիջականությունը» ենթադրում է, որ հանցավորը ձեռնամուխ է լինում հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացմանը, սակայն այն ավարտին չի հասցնում իր կամքից անկախ այնպիսի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախատեսել կամ չէր կարողացել հաղթահարել: Այլ կերպ ասած՝ հանցափորձի դեպքում հանցագործությունը չի ավարտվում, քանի որ կա՛մ հանցավոր արարքն ամբողջությամբ չի իրականացվում, կա՛մ արարքն իրականացվում է, սակայն չի առաջանում հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված և նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքը (նյութական հանցակազմերի դեպքում)4:
Հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է ձևավորել առ այն, որ հանցավորի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել, մասնավորապես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող գործիքները, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և այլն5։
16․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ առանցքային նշանակություն ունի հանցավորի դիտավորության ուղղվածությունը պարզելը, որը կարելի է որոշել յուրաքանչյուր գործում առկա փաստական հանգամանքների մանրակրկիտ վերլուծության արդյունքում։ Ընդ որում, անդրադառնալով կոնկրետ սպանության փորձին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այս դեպքում հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել հանցագործության գործիքը, նպատակը, շարժառիթները, գնահատել հանցավորի, ինչպես նաև տուժողների դրսևորած վարքագիծը՝ ինչպես ենթադրյալ հանցանքը կատարելու պահին, այնպես էլ դրա ընթացքում և դրանից հետո։
17․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Տ․Մարջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ այն բանի համար, որ նա, Կ.Ս.Ա.-ին և Դ.Ս.Ա.-ին, Ա.Պ.-ին և ինքնությունը չպարզված ևս մեկ անձի ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Արթուր Ալեքսանյանի և Յ.Չ.-ի հետ վազելով, զինված հետապնդել է նրանց և «Սայգա-410Կ» մոդելի, 410 տրամաչափի, գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբին տեսակի հրազենից, 26-28 մետր հեռավորությունից, ընթացքի ժամանակ առնվազն երկու կրակոց է արձակել հիշյալ ավտոմեքենայի դիմապակու և թափքի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ ուղևորներից երեքը հասցրել են ավտոմեքենայից փախչել մինչև կրակոցներ արձակելը, իսկ վարորդին՝ արձակված գնդակները չեն դիպել6։
- Առաջին ատյանի դատարանը Տ․Մարջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ և արդարացրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով7։
- Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ8։
18․ Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Տ․Մարջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելով, եկել են գործի նյութերից չբխող, սխալ եզրահանգման։ Այսպես․
Տ․Մարջանյանին սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս անձի սպանության փորձ կատարելու համար։
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Տ․Մարջանյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ընդգրկված փաստական տվյալներն առ այն, որ ուղևորներից երեքը հասցրել են ավտոմեքենայից փախչել մինչև կրակոցներ արձակելը9, հարկ է համարում Տ․Մարջանյանին մեղսագրված արարքների իրավական գնահատականին անդրադառնալ առաձին-առանձին՝ հիմք ընդունելով Տ․Մարջանյանի կողմից վերոնշյալ չորս անձանցից յուրաքանչյուրին ուղղված գործողությունների բնույթը։
19. Սույն գործի նյութերից, մասնավորապես «Ռոյալ» խաղատան տեսանկարահանող սարքի՝ 2021 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունները լրացուցիչ զննելու մասին արձանագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երեքն ավտոմեքենայի վրա կրակելուց վայրկյաններ առաջ, մինչև ավտոմեքենայի լիարժեք կայանումը, արագությամբ հասցնում են իջնել ավտոմեքենայից և նրանցից երկուսը դիմում են փախուստի, մեկը դռնով մտնում է խաղատան շենք, իսկ վարորդը դեռևս գտնվում է ավտոմեքենայում, երբ կրակոցներ են արձակվում կայանման նպատակով հետընթացի մեջ գտնվող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում քննարկման առարկա դարձնել Տ․Մարջանյանի կողմից վարորդի նկատմամբ իրականացված գործողությունների բնույթը, հաշվի առնելով այն, որ ենթադրյալ հանցագործությունից տուժած անձանցից միայն վարորդն է գտնվել մեքենայում՝ ամբաստանյալի կողմից արձակված կրակոցների ժամանակ։
Թեև Տ․Մարջանյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ընդգրկված փաստական տվյալները չեն տարբերակում մեքենայում ի սկզբանե գտնված չորս անձանցից յուրաքանչյուրին ուղղված գործողությունների բնույթը, այնուամենայնիվ, ամբաստանյալին մեղսագրված արարքին ճիշտ իրավական գնահատական տալու համար ստորադաս դատարանները պետք է դրվագված քննարկման առարկա դարձնեին կրակոցներ արձակելուց առաջ և հետո առկա իրադրությունը։ Այլ կերպ, ստորադաս դատարանները չորս անձանց սպանության փորձ կատարելու միասնական դիտավորությունը բացառելով, պատշաճ վերլուծության չեն ենթարկել Տ․Մարջանյանի՝ վարորդին ուղղված գործողությունների բնույթը։
Գործի նյութերից պարզ է դառնում նաև, որ.
- 2021 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, շրջադարձ կատարելով, կայանել է հետին տարհանման մուտք տանող ճանապարհին, դրա սրահից դուրս են եկել երեք անձ և վազքով հեռացել ավտոմեքենայից, իսկ նույն ավտոմեքենայի վարորդը գտնվել է ավտոմեքենայի սրահի ձախ կողմում, ավտոմեքենայի վարորդի կողմի դուռը՝ բաց վիճակում։ Նույն պահին ավտոմեքենայի ուղղությամբ են շարժվել Տիգրան Մարջանյանը, ում ձեռքին գտնվել է «Սայգա 410» մոդելի գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբին տեսակի հրազենը, Յ.Չ.-ն, ում ձեռքին գտնվել է սև գույնի պայուսակ և Արթուր Ալեքսանյանը, ում ձեռքին որևէ առարկա չի եղել։
- Այդ պահին Տիգրան Մարջանյանը, գտնվելով «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայից մոտ 26-28 մետր հեռավորության վրա, «Սայգա 410» մոդելի գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբինից նշան է բռնել և երկու կրակոց արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակոցներից մեկը դիպել է «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ հատվածի ներքևին, մյուսը՝ դիմապակու աջ հատվածին, որոնց հետևանքով վնասվել են ավտոմեքենայի դիմացի պետհամարանիշը, թափարգելն ու շարժիչի ծածկոցը, աջ նստատեղի թիկնակը, թիկնակի վերնամասում գտնվող գլխի հենակը, սրահի տանիքի հատվածը10։
- Դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 616-21 եզրակացությամբ հաստատվել է հետևյալը․
- փորձաքննությանը ներկայացված կարաբինը հանդիսանում է գործարանային արտադրության «Սայգա-410Կ» մոդելի, 410 տրամաչափի, որսորդական ողորկափող ինքնալից կարաբին,
- փորձաքննությանը ներկայացված ընդհանուր թվով 2 հատ փամփուշտները հանդիսանում են գործարանային արտադրության 410 տրամաչափի որսորդական փամփուշտներ՝ նախատեսված համապատասխան տրամաչափի որսորդական ողորկափող զենքերից, այդ թվում՝ փորձաքննության ներկայացված՝ «Սայգա-410Կ» մոդելի որսորդական ողորկափող կարաբինից կրակվելու համար,
- «Հյունդայի Էլանտրա» մակնիշի 36 CX 013 համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ հետազոտական մասում նշված N 1-ից N 12 վնասվածքները հանդիսանում են հրազենային թափանցող և չթափանցող (շոշափող) վնասվածքներ, պատճառվել են մոտ 9-10մմ տրամագիծ ունեցող կապար պարունակող արկերի փնջերով, արկերով և դրանցից մասնատված բեկորներով, լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից կամ արգելաշերտի միջով կատարված առնվազն երկու, իսկ առավելագույնը չորս կրակոցների արդյունքում,
- նկարագրված հրազենային վնասվածքները կարող էին պատճառվել փորձաքննության ներկայացված՝ «Սայգա-410Կ» մոդելի, 410 տրամաչափի, որսորդական ողորկափող ինքնալից կարաբինից կատարված կրակոցների արդյունքում11։
20․ Վերոգրյալ փաստական տվյալները համադրելով Տ․Մարջանյանի կողմից դատաքննության ընթացքում տված ցուցմունքների հետ այն մասին, որ նախքան ավտոմեքենային մոտենալը և կրակ արձակելը, տարածքը եղել է տեսանելի և ինքը հստակ տեսել է ավտոմեքենայի ու այդ անձանց շարժը, կրակ արձակել է երկու անգամ, որոնցից առաջինը դիպել է ավտոմեքենայի ներքևի հատվածին (շթին), իսկ երկրորդ կրակոցն արձակել է վարորդի կողքի մասին12, Վճռաբեկ դատարանը փաստում է հետևյալը․
Տ․Մարջանյանը, հստակ տեսնելով ինչպես մեքենայի շարժը, այնպես էլ այն հանգամանքը, որ վարորդը դեռևս գտնվում է մեքենայի մեջ, երկու անգամ կրակ է արձակել մեքենայի ուղղությամբ։ Տ․Մարջանյանն իր ցուցմունքով հաստատել է, որ տեսել է՝ ինչպես է առաջին կրակոցը խոցում մեքենայի թափքը, այնուհետև կրակել է երկրորդ անգամ՝ խոցելով մեքենայի դիմապակին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տ․Մարջանյանը, ունենալով պարզ տեսադաշտ, հստակ տեսնելով ինչպես մեքենայի սրահը, այնպես էլ վարորդի դիրքը, առաջին կրակոցը արձակելուց հետո բարձրացրել է զենքի փողաբերանը և վարորդին ավելի մոտ կրակ արձակել։
Կրակելով «Սայգա-410Կ» ինքնաձիգից, որից արձակված փամփուշտը վերածվում է մանրագնդիկների և խոցում մի քանի թիրախներ միանգամից, Տ․Մարջանյանն իր գործողություններով ստեղծել է անմիջական և իրական վտանգ մեքենայի ղեկին նստած անձի համար։ Այս տեսանկյունից էական է մեքենային պատճառված որոշ վնասվածքների տեղակայումը, այն է՝ ավտոմեքենայի աջ նստատեղի թիկնակը, թիկնակի վերնամասում գտնվող գլխի հենակը, սրահի տանիքի հատվածը։
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի եզրահանգումներին առ այն, որ որևէ հիմք չունի հերքված համարելու նաև ամբաստանյալների դատաքննական ցուցմունքներն այն մասին, որ գերեզմանատանն իրենց նկատմամբ իրականացված սպանության փորձի ժամանակ ներկա է եղել նաև Կ.Ա.-ն, և երբ դեպքի օրը «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով նշված չորս անձինք ժամանել են խաղատան բակ, իրենք մտավախություն են ունեցել, որ հնարավոր է եկել են իրենց վնասելու, ուստի կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որպեսզի վախենան և չհետապնդեն իրենց13, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չեն ենթարկվել ինչպես Տ.Մարջանյանի և տուժողների միջև առկա թշնամական հարաբերությունները, այնպես էլ այն, որ Տ.Մարջանյանը փաստացի նախահարձակ է եղել, ընկերների հետ նախ մեքենայով, ապա վազելով հետապնդել է տուժողներին, որպիսի հանգամանքներն իրենց հաստատումն են գտնում սույն վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով, մասնավորապես՝ «Ռոյալ» խաղատան տեսանկարահանող սարքի 2021 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունները լրացուցիչ զննելու մասին արձանագրությամբ, որով հաստատվում է, որ Ռ.Ս.-ի ընկեր Ա.Կ.-ն «Տոյոտա Քեմրի» մակնիշի ** ** *** համարանիշի ավտոմեքենան խաղատան աստիճանների դիմացից առաջընթացով վարում է «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, և արգելափակում այն, կայանում այնպես, որ «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան հնարավորություն չունենա հեռանալու տարածքից։ Որոշ ժամանակ անց «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևորները՝ Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը և Յ.Չ.-ն վազելով հետապնդում են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան14:
Վերը նշված վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատման չեն ենթարկվել Տ.Մարջանյանի և տուժողների միջև առկա լարված հարաբերությունները, Տ.Մարջանյանի գործողությունների բնույթը, մասնավորապես՝ թափքին արձակված կրակոցից հետո ոչ իրավաչափ գործողությունները շարունակելը, այն է՝ ընտրված թիրախին ավելի մոտ՝ դիմապակու նշանառումը և խոցումը, գործադրված հրազենի տեսակը և վնաս պատճառելու ներուժը, այդ թվում՝ փամփուշտից մանրագնդակների ոչ կառավարելի դուրսպրծումը, ինչը բարձրացնում է թիրախը խոցելու հավանականությունը։
21․ Անդրադառնալով նախքան արձակված կրակոցները մեքենայից դուրս եկած անձանց ուղղված Տ.Մարջանյանի գործողությունների բնույթին՝ Վճռաբեկ դատարանն այս մասով իր համաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների հետևություններին և փաստում, որ սույն գործի շրջանակներում ձեռք չի բերվել արժանահավատ, վերաբերելի և թույլատրելի ապացույցների այնպիսի համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական շեմին համապատասխան հաստատված համարելու նշված երեք անձանց նկատմամբ Տ․Մարջանյանի գործողություններում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի առկայությունը։
Վճռաբեկ դատարանը վերոնշյալ եզրահանգման գալիս հաշվի է առնում կրակոցների արձակման պահին նախորդող և հաջորդող իրադրությունը, այն, որ երեք անձինք մեքենան լքել են նախքան Տ․Մարջանյանի կողմից կրակոցներ արձակելը, (նրանցից մեկն առհասարակ կրակոցների արձակման պահին գտնվել է շենքում), ամբաստանյալի գործողությունների բնույթը, այն, որ Տ․Մարջանյանի կողմից նշված անձանց ուղղությամբ որևէ օբյեկտիվ գործողություն չի արվել, չնայած այն հանգամանքին, որ վերջինի համար ուղևորները տեսանելի են եղել։
22․ Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության և իրավական գնահատականի չեն արժանացրել Տիգրան Մարջանյանի՝ վարորդին ուղղված գործողությունները, չեն բացահայտել նրա իրական դիտավորության և փաստացի իրականացված գործողությունների բնույթը։
23. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, Տ․Մարջանյանին մեղսագրվող արարքում ամբողջությամբ արդարացնելով, պատշաճ վերլուծության չեն ենթարկել գործում առկա ապացույցներն իրենց համակցության մեջ։
24. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տ․Մարջանյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
Ուստի, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ճիշտ չեն կիրառել ՀՀ ՀՀ նախկին քրեական օրենսգիրքի 104-րդ հոդվածը, գնահատման չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը՝ թույլ տալով ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ։ Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, բեկանելու և վարույթը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի Տ․Մարջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցը և հանգի համապատասխան հետևության` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ, 122-րդ և 127-րդ հոդվածներով, գտնում է, որ վերոշարադրյալի հաշվառմամբ և Տ.Մարջանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառել բացակայելու արգելքը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Տիգրան Արիստակեսի Մարջանյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշումը մասնակի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, բեկանել և վարույթը փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։
3. Տիգրան Արիստակեսի Մարջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 174-177։
2 Տե՛ս նյութեր, հատոր 9, թերթեր 34-95։
3 Տե՛ս նյութեր, հատոր 10, թերթեր 109-133։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գրիգոր Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 16-րդ կետը։
5 Տե՛ս, mսtatis mսtaոdis, Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշումը։
6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
10 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 162-196։
11 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 30-38։
12 Տե՛ս նյութեր, հատոր 9, թերթ 41։
13 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
14 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 162-196։
|
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
|
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Ա. Դանիելյան Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: