ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Մ․ Շահվերդյան |
ԵԴ/0304/01/20 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
21 նոյեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Հրաչ Էդուարդի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման դեմ պաշտպան Է․Աղաբեկյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 238-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 09109619 քրեական գործը։
2019 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 14953919 քրեական գործը:
2019 թվականի հոկտեմբերի 18-ին թիվ 09109619 ու 14953919 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվել է 09109619 համարով։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Հրաչ Էդուարդի Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել՝ երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վեց դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հինգ դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով։
1․1․ 2020 թվականի հունիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ Ս․Գ․-ի վերաբերյալ թիվ ԵԴ/0304/01/20 ու Հրաչ Էդուարդի Գալստյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0553/01/20 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում՝ ԵԴ/0304/01/20 համարի ներքո։
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Հրաչ Գալստյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագ՝ 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վեց դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և հինգ դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով ամբաստանյալ Հ․Գալստյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 452-րդ հոդվածի 3-րդ մասով և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Նույն դատավճռով ամբաստանյալ Հ․Գալստյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով։ Ամբաստանյալ Հ․Գալստյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 338-րդ հովածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հ․Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2019 թվականի հոկտեմբերի 16-ից։
Հ․Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճռով նաև տնօրինվել են իրեղեն ապացույցները:
3. Ամբաստանյալ Հ.Գալստյանի պաշտպան Հ․Սարգսյանի և դատախազի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 3-ին որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մերժելու, դատախազի բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճիռը փոփոխելու մասին։ Հ․Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի կիրառմամբ՝ Հ․Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է՝ 2019 թվականի հոկտեմբերի 16-ից։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Հ․Սարգսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող որոշումը կայացնելուց հետո առերևույթ ի հայտ է եկել այնպիսի լուրջ փաստական կամ իրավական հանգամանք, որի ի հայտ գալու ուժով, կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը։
5.1․ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Հ․Գալստյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին և տվյալ հանցանքի կատարման համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը կազմում է 10 տարի։
Միաժամանակ բողոք բերած անձը մատնանշել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածը նախատեսում է, որ մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ և 81-րդ հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ։
Բողոքի հեղինակը փաստել է, որ հաշվի առնելով այն փաստական տվյալը, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է 2019 թվականի հոկտեմբերի 16-ին, որի ժամանակ լրացած չի եղել Հ․Գալստյանի 18 տարին, վերջինիս մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի վաղեմության ժամկետը կազմում է 5 տարի, որը լրացել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ին։
Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ ստորադաս դատարանի որոշումը կայացնելու պահի դրությամբ մեղադրյալ Հ․Գալստյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի կատարման համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը դեռ լրացած չի եղել, այնուամենայնիվ բողոքարկվող դատականի ակտի շրջանակներում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված նորմին և դրա կիրառման հնարավորության մասով՝ Վերաքննիչ դատարանի կողմից որևէ անդրադարձ չի կատարվել։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ Հ․Գալստյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքին) նախատեսված արարքի կատարման մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Հրաչ Գալստյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Նա], 2019 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում, եղբոր՝ Ս․Գ․-ի հետ, նկատել են ՀՀ ոստիկանության ծառայողական՝ «Սամանդ» մակնիշի, «*** ** **» հաշվառման համարանիշի ավտոմեքենայով իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ ՀՀ ոստիկանության ծառայողներ Տ․Ա․-ին և Ա․Հ․-ին, և հասկանալով, որ հանցանքը բացահայտվելու է ու չենթարկվելով իշխանության հիշյալ ներկայացուցիչների կողմից իրենց հասցեին հնչեցված՝ կանգնելու և ինքնությունները հայտնելու օրինական պահանջներին՝ դիմել են փախուստի, որի պատճառով նշված երկու ոստիկանների մոտ նրանց վարքագիծը կասկածելի է թվացել և ոստիկանները հետապնդել են նրանց:
Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2/2 հասցեի մոտակայքում, ոստիկանության աշխատակիցներ Տ․Ա․-ի և Ա․Հ․-ի կողմից ձեռնամարտի հնարքների կիրառման արդյունքում Հրաչ [Գալստյանը] և Ս․Գ․-ն բռնվել են: Ս․Գ․-ը, իշխանության ներկայացուցիչ՝ ՀՀ ոստիկանության ծառայող Տ․Ա․-ի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այն է՝ դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության ծառայողի նկատմամբ՝ չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների՝ ոտնձգությունը դադարեցնելու օրինական պահանջներին, քաշքշելով և գետնին գցելով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով՝ Տ․Ա․-ի առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ քթի մեջքին, ձախ դաստակի երկրորդ նախադաստակային ոսկրի պրոեկցիայով, արյունազեղում աջ դաստակի երրորդ մատի հիմային ֆալանգի թիկնային մակերեսին:
Այդ ընթացքում Հրաչ Սարգսյանը մոտեցել է Տ․Ա․-ին ու պահանջել բաց թողնել եղբորը և ոտքով հարվածել վերջինիս, որից հետո մոտեցած Ա․Հ․-ը բռնել է Հրաչ Գալստյանին, ով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Տ․Ա․-ին օգնության հասած՝ իշխանության ներկայացուցիչ Ա․Հ․-ի նկատմամբ՝ ձեռնամարտի բռնվելով վերջինիս հետ:
Շարունակելով իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրությունը՝ Հրաչ Գալստյանը, ձեռնամարտի հնարքների կիրառմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում Ա․Հ․-ին ամրակցված և նրա գոտկատեղին ամրացված պատյանում գտնվող՝ 9 մմ տրամաչափի, «Մակարով» տեսակի, «** ****» գործարանային համարի, հրազեն հանդիսացող, հաշվեցուցակային ատրճանակը, որից հետո վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այն է՝ բռնակով մի քանի անգամ հարվածել է իրեն բերման ենթարկել ցանկացող Ա․Հ․-ի գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք՝ գանգուղեղային վնասվածքի՝ գլխուղեղի ցնցման, գլխի գագաթային շրջանի և աջից գագաթ-քունքային շրջանների սալջարդ վերքերի, գլխի գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով:
Նկատելով դա՝ ոստիկանության ծառայող Տ․Ա․-ը, թողնելով Ս․Գ․-ին, փորձել է մոտենալ Հրաչ Գալստյանին՝ նրան վնասազերծելու համար, սակայն Հրաչ Գալստյանը ոստիկանների հետապնդումից վերջնականապես ազատվելու նպատակով լիցքավորել է հափշտակված հրազենը և կապված Տ․Ա․-ի կողմից իր ծառայողական գործունեության կատարման հետ՝ կյանքի համար վտանգավոր կրակոց է արձակել ՀՀ ոստիկանության ծառայող Տ․Ա․-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային գնդակային, կրծքավանդակի խոռոչ թափանցող կույր վիրավորման ձևով մարմնական վնասվածքներ՝ առաջացնելով հրազենային գնդակային մուտքի անցք ձախ բազկի միջին ստորին երրորդականների առաջային մակերեսին ձախ թոքի վերին բլթի, աջ թոքի ստորին բլթի միջանցիկ վիրավորումներ, աորտայի աղեղի վերին հատվածի վնասում, աջից և ձախից առպատային և ընդերային թոքամեզերի վնասում, ներքին օրգանների սակավարյունություն՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան։ Այն բանից հետո, երբ Տ․Ա․-ն ընկել է գետնին, ոստիկանության ծառայող Ա․Հ․-ը նույնպես փորձել է մոտենալ և վնասազերծել Հրաչ Գալստյանին, սակայն վերջինս նախազգուշացրել է նրան, որ չմոտենա և նապազգուշական կրակոց է արձակել գետնին՝ նրա որտքերի ուղղությամբ։ Դրանից հետո Հրաչ Գալստյանը *****՝ Ս․Գ․-ի, հետ դեպքի վայրից դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով հափշտակված՝ հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ** **** գործարանային համարի հաշվեցուցակային ատրճանակը։
Այսինքն՝ Հրաչ Էդուարդի Գալստյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (…) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարում (…)»1։
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) [Դ]ատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքով փոփոխության է ենթարկվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքով սահմանված հանցագործությունների դասակարգումն՝ ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի, մասնավորապես՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքով անզգուշությամբ և դիտավորությամբ կատարվող հանցանքների միջև տարբերություն չի դրվում. անզգուշությամբ կատարվող հանցանքներն էլ կարող են ծանր լինել: Չնայած դրան, պահպանվել են ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված պատժի այն ժամկետները, որոնք դրված էին հանցագործությունների դասակարգման հիմքում: Մինչդեռ վաղեմության ժամկետների հաշվարկման առումով ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսվել են ավելի երկար ժամկետներ։ Ընդ որում՝ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը վաղեմության ժամկետի հաշվարկը նախատեսել է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից։ Այսինքն՝ վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է հանցանքն ավարտելուն հաջորդող օրվանից, ի տարբերություն նախկին իրավակարգավորման, որով, որպես վաղեմության ժամկետի սկիզբ, նշվում էր հանցանքն ավարտված համարելու օրը։
Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքով փոփոխվել է նաև վաղեմության ժամկետի հաշվարկման ավարտի պահը: Մասնավորապես՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքով այն ավարտվում է անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելով, ի տարբերություն նախկին իրավակարգավորման, որով, որպես վաղեմության ժամկետի ավարտ, նշվում էր դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:
Բացի այդ, նոր իրավակարգավորմամբ վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասով կատարված հիմնական փոփոխությունը հանգում է նրան, որ վաղեմության ժամկետն ընդհատվում է ցանկացած նոր հանցանք կատարելու պարագայում, այլ ոչ թե՝ միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք կատարելու դեպքում, ինչպես նշված էր նախկին իրավակարգավորմամբ։
Իսկ վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման մասով՝ ինչպես նախկին, այնպես էլ նոր քրեական օրենսգրքերով սահմանված իրավակարգավորումները գրեթե նույնական են, և հիմնական տարբերությունը հանգում է ժամկետներին, մասնավորապես՝ նոր իրավակարգավորումն ավելի երկար կասեցման ժամկետներ է սահմանում:
Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ դատարանը գտնում է, որ նոր իրավակարգավորմամբ հիմնականում տեղի են ունեցել անձի վիճակը վատթարացնող փոփոխություններ, հետևաբար՝ այդ փոփոխությունների տարածումը նախքան դրանց ընդունվելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ անթույլատրելի է, քանի որ խախտում է անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջը:
Միևնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ ինչպես նախկին, այնպես էլ նոր քրեական օրենսգրքերով նախատեսված են անչափահասներին քրեական պատասխանատվությունից ազատելու՝ վաղեմության կրճատված ժամկետներ, մասնավորապես՝ երկու օրենսգրքերով էլ սահմանված է, որ մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երկրորդի չափով (կիսով չափ):
Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ դատարանն արձանագրում է, որ Հրաչ Գալստյանին՝ ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին) մեղսագրված արարքն ինչպես նախկին, այնպես էլ նոր քրեական օրենսգրքերով դիտավորյալ հանցագործություն է: Նշված արարքի համար ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում տասը տարին, իսկ ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում հինգ տարին, ուստի՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով այն դասվում է ծանր հանցագործությունների շարքին, իսկ ՀՀ քրեական նոր օրենսգրքով՝ միջին ծանրության հանցագործությունների շարքին:
Հետևաբար՝ հիմք ընդունելով ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջները՝ դատարանը գտնում է, որ նշված հանցավոր արարքը մինչև 01.07.2022թ. կատարած անձը ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կիրառմամբ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի, իսկ մինչև 18 տարին լրանալը կատարելու դեպքում՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հինգ տարի վաղեմության ժամկետը ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 95-րդ հոդվածի (ՀՀ քրեական նոր օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մաս) ուժով կրճատվում է մեկ երկրորդի չափով՝ կազմելով 2 տարի 6 ամիս։
Դատարանը, գործում առկա տվյալները ենթարկելով պատշաճ գնահատման, իսկ գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության արդյունքում արձանագրում է, որ Հրաչ Գալստյանին՝ ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին) մեղսագրվող արարքն ավարտվել է 16.10.2019թ., երբ վերջինիս (16 տարեկան հասակում) 18 տարին լրացած չի եղել:
Վերոգրյալի հաշվառմամբ հիմք ընդունելով ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջը՝ դատարանն արձանագրում է, որ Հրաչ Գալստյանին՝ ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին) մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 95-րդ հոդվածով (ՀՀ քրեական նոր օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մաս) նախատեսված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության՝ 2 տարի 6 ամիս ժամկետը լրացել է 16.04.2022թ. և այդ օրվա դրությամբ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված չի եղել:
(…) ՀՀ քրեական նախկին և նոր օրենսգրքերով՝ ծանրացնող հանգամանքներով սպանության հանցավորությունը սահմանող հոդվածների սանկցիաների համեմատական վերլուծության արդյունքում դատարանն արձանագրում է, որ նոր ընդունված օրենսդրությունը համարվում է պատիժը խստացնող, քանի որ ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի համեմատ, ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով ազատազրկման ձևով պատժի նվազագույն չափը բարձրացվել է, հատևաբար' այդ փոփոխության տարածումը նախքան դրա ընդունվելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ անթույլատրելի է, քանի որ խախտում է պատիժը խստացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջը:
Իսկ ՀՀ քրեական նախկին և նոր օրենսգրքերով' ծանրացնող հանգամանքներով հրազեն հափշտակելու հանցավորությունը սահմանող հոդվածների սանկցիաների համեմատական վերլուծության արդյունքում դատարանն արձանագրում է, որ նոր օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայի համեմատ, ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով ազատազրկման ձևով պատժի նվազագույն և առավելագույն չափերն իջեցվել են, հետևաբար' այդ փոփոխության տարածումը նախքան դրա ընդունվելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ թույլատրելի է, քանի որ բխում է պատիժը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու օրենսդրական պահանջից:
Միևնույն ժամանակ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը պատժատեսակների մասով փոփոխվել է մեղմացման առումով, մասնավորապես' գույքի բռնագրավման ձևով լրացուցիչ պատիժ սահմանված չէ, հետևաբար' այդ փոփոխության տարածումը նախքան դրա ընդունվելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ ևս թույլատրելի է, քանի որ բխում է պատիժը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու օրենսդրական պահանջից:
Այսպես' ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան ըստ էության մեղմացվել է' ազատազրկման ձևով հիմնական պատժի նվազագույն և առավելագույն չափերը, ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայի համեմատ, իջեցվել են, իսկ գույքի բոնագրավման ձևով լրացուցիչ պատիժ նախատեսված չէ:
ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ է գտել նաև անչափահասների նկատմամբ պատիժ նշանակելու նոր հատուկ կանոններ: Ընդ որում, թեպետ ՀՀ քրեական նախկին օրենսգիրքը ևս սահմանում էր անչափահասների նկատմամբ պատժի նշանակման հատուկ կանոններ, այդ թվում նաև՝ այն, որ տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար անչափահասների նկատմամբ կարող է նշանակվել առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, սակայն անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը պետք է ղեկավարվեր Հատուկ մասի հոդվածի սանկցիայի շեմերով։ Մինչդեռ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ․ «(…) 16-ից մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն և առավելագույն ժամկետը կամ չափը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն ժամկետի կամ չափի մեկ երկրորդը։ Եթե նշված կանոնները կիրառելիս պատժի ժամկետը կամ չափը պակաս է ստացվում տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից կամ չափից, ապա նշանակվում է ստացված ժամկետով կամ չափով պատիժ»։
Հետևաբար` դատարանը գտնում է, որ այդ փոփոխությունների տարածումը կախքան դրանց ընդունվելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ թույլատրելի է, քանի որ բխում է պատիժը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու օրենսդրական պահանջից:
Այսպիսով` դատարանը գտնում է, որ ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին) և 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախատեսված հանցանքները կատարելու համար ամբաստանյալ Հրաչ Գալստյանը ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի, որը պետք է սահանվի' հաշվի առնելով ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները (…)»2:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) [Գ]ործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության մեջ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Հրաչ Գալստյանի մեղքն իրեն վերագրվող արարքներում հաստատված է, այսինքն, Հրաչ Էդուարդի Գալստյանի արարքներում առկա է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմերի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը բնութագրող՝ գործով հաստատված փաստական տվյալների համակցություն:
(…) Բացի այդ, հաշվի առնելով, որ 2022թ. հուլիսի 01-ին ուժի մեջ է մտել 2021թ. մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, Առաջին ատյանի դատարանը, Հրաչ Գալստյանին մեղսագրվող արարքների փաստական հատկանիշները համադրելով այդ օրենսգրքի 155-րդ, 338-րդ և 452-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշների հետ, արձանագրել է, որ վերջինիս՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը համապատասխանում է 2021թ. մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կատով մեղսագրված արարքը՝ 2021թ. մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, իսկ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը՝ 2021թ. մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին:
Հետևաբար՝ Առաջին ատյանի դատարանն իրավաչափ կերպով գտել է, որ Հրաչ Գալստյանին՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը պետք է որակել 2021թ. մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքը՝ 2021թ. մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը՝ 2021թ. մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:
(…) Առաջին ատյանի դատարանի կողմից մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով վերոնշյալ իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հրաչ Գալստյանին վերագրվող՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Հրաչ Գալստյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։ Այլ կերպ, թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս Հրաչ Գալստյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։
Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ եզահանգումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ 2 տարի 6 ամիս անցնելուց հետո՝ 2023թ․ դեկտեմբերի 05-ին ամբաստանյալ Հրաչ Գալստյանը 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 95-րդ հոդվածով (ՀՀ քրեական նոր օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մաս) ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավիճակը։
(…) Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ ամբաստանյալ Հրաչ Գալստյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
(…) Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Հրաչ Գալստյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել 2021թ․ մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, ուստի նրա նկատմամբ այդ հոդվածով պատիժ նշանակելիս հաշվի է առնում վերջինիս կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցագործության շարժառիթներն ու նպատակները, գործի հանգամանքները, քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը և հանցագործության ծանրությունը, վերջինիս սոցիալական և ընտանեկան վիճակը, կրթության և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման մակարդակը և նրա անձը բնութագրող, ինչպես նաև նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքը (հանցանք կատարելու պահին անչափահաս լինելը), ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նշանակվող պատժի` վերջինիս վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությունը, հանցանքի սանկցիայով նախատեսված՝ նշանակման ենթակա պատժի առավելագույն և նվազագույն սահմանների շրջանակում, իր հայեցողության շրջանակներում ղեկավարվելով պատժի նշանակման օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքներով, օրենքով և ներքին համոզմամբ գտնում է, որ վերջինիս նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով՝ 2 (երկու) տարի ժամկետով: (…)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Հ.Գալստյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «1.Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «4.Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (...)»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն4` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։
Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ «Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս սույն օրենսգրքի 75-րդ և 81-րդ հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն` «1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ`
(…)
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով (...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում. (...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1.Մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երկրորդի չափով:»
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «3.Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:
11․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։
12․ Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ Հ.Գալստյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 5-ին, վերոգրյալ արարքը որակվել է ավելի մեղմ պատիժ նախատեսող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ և 95-րդ հոդվածների կարգավորումները, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով5։
Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ Հ․Գալստյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավորված չէ, 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճիռը փոփոխել է, Հ․Գալստյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետո6:
12․1․ Համաձայնելով հանդերձ Վերաքննիչ դատարանի դատողությունների հետ առ այն, որ ամբաստանյալ Հրաչ Գալստյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավորված չէ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
- ամբաստանյալ Հ․Գալստյանը ծնվել է 2003 թվականի օգոստոսի 7-ին և տվյալ հանցավոր արարքը կատարելու պահին նրա 18 տարին լրացած չի եղել,
- Հ․Գալստյանին վերագրվող հանցանքն ավարտվել է 2019 թվականի հոկտեմբերի 16-ին7,
- Վերաքննիչ դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման դեմ պաշտպան Է.Աղաբեկյանի կողմից 2025 թվականի մայիսի 7-ին ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2025 թվականի հուլիսի 29-ին8:
13․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Հ.Գալստյանին վերագրվող արարքն ավարտվելու պահին լրացած չի եղել վերջինի 18 տարին։ Այդ արարքի համար, ինչպես ՀՀ նախկին, այնպես էլ ՀՀ գործող քրեական օրենսգրքերով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։
Բացի այդ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 95-րդ և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածների համաձայն՝ մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ։ Տվյալ դեպքում Հ․Գալստյանին վերագրվող հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության տասը տարվա ժամկետը պետք է կրճատվի կիսով չափ, կազմելով՝ հինգ տարի։ Այսինքն՝ Հ․Գալստյանին վերագրվող արարքի համար նախատեսված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության հնգամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել։
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Գալստյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
14․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով բողոքաբերը, ըստ էության, բարձրացրել է միայն մեղադրյալ Հ.Գալստյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, այնուամենայնիվ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված նորմը, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Հ.Գալստյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և վերջինիս ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքին ստորադաս դատարանների կողմից տրված իրավական գնահատականի իրավաչափության հարցերը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է ի շահ մեղադրյալի վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք։
14․1․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի համաձայն` «1. Հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք հափշտակելը՝
(...)
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
(...)
2) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,
(...)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: (...)»
Տվյալ դեպքում, որպես ելակետ ընդունելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթները, շարադրված իրավական վերլուծությունները և մեջբերված փաստական տվյալները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իշխանության ներկայացուցչին ամրակցված հրազենը հափշտակելու համար Հ․Գալստյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար ևս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը կազմում է տասը տարի, և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 95-րդ ու ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածների վերաբերյալ սույն որոշման 13-րդ կետում կատարված վերլուծության հաշվառմամբ, համապատասխանաբար կրճատվում է կիսով չափ՝ կազմելով հինգ տարի։
Վերոգրյալից բխում է, որ Հ․Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
14․2․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(…)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(...) 16-ից մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն և առավելագույն ժամկետը կամ չափը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն ժամկետի կամ չափի մեկ երկրորդը (...)»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ «1.Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝
(...)
2. Սպանությունը՝
2) անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
(...)
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 2.Սպանությունը`
1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
(...)
պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»։
Համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող հանցակազմերի դիսպոզիցիաներն էական փոփոխության չեն ենթարկվել, իսկ նախատեսված պատժի մասով՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սանկցիան սահմանում է ավելի խիստ պատիժ՝ ազատազրկում տասնչորսից քսան տարի ժամկետով։ Նման պայմաններում ստորադաս դատարանները, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը վերաորակելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հետադարձ ուժ են տվել Հ.Գալստյանի վիճակը վատթարացնող քրեական օրենսդրությանը, ինչով թույլ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում մեղադրյալ Հ.Գալստյանի վիճակը վատթարացնող քրեական օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հետևանքով արարքին սխալ իրավական գնահատական տալու պայմաններում, առկա է ի շահ մեղադրյալի վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք, հետևաբար, Հ.Գալստյանին մեղսագրված արարքը պետք է որակել կատարելու պահին գործող և ավելի մեղմ պատիժ նախատեսող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
15․ Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը պետք է բեկանել, Հ.Գալստյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի խախտում: Արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճիռը և այն փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը պետք է փոփոխել. Հ․Գալստյանին մեղսագրված արարքը պետք է որակել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով նշանակված՝ 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2019 թվականի հոկտեմբերի 16-ից։
Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով անհրաժեշտ է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հրաչ Էդուարդի Գալստյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճիռը և այն փոփոխելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը փոփոխել։
2. Հրաչ Էդուարդի Գալստյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
3․ Հրաչ Էդուարդի Գալստյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ նշանակված պատիժը՝ 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկումը, թողնել անփոփոխ՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2019 թվականի հոկտեմբերի 16-ից։
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 242-244:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 21, թերթեր 129-132:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 23, թերթեր 124, 137-138:
4 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Հ․Գալստյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումները:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
|
Նախագահող` Դատավորներ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ | |
|
|
Լ. ԹԱԴևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: