ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ2/0066/01/17 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.12.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Գ. Շահբազյան

ԿԴ2/0066/01/17

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  Է. Մանասյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

 

Լ. ԹադևոՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

 9 դեկտեմբերի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի որոշման դեմ ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 49100417 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Հովհաննեսի Սարկիսովի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, Մուշեղ Վոլոդյայի Խաչատրյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և Շիրազ Խաչիկի Խաչատրյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, ընդունվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդահանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) վարույթ, և գործին շնորհվել է ԿԴ2/0066/01/17 համարը։

2. Գործի դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Գագիկ Ալոյանը մահացել է, որպիսի պայմաններում վերջինիս որդի՝ տուժող Սարգիս Ալոյանի ներկայացուցիչ Հ.Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գագիկ Ալոյանին հետմահու ճանաչել որպես տուժող, Սարգիս Ալոյանին՝ տուժողի իրավահաջորդ, իսկ իրեն՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։

3. 2025 թվականի փետրվարի 14-ի դատական նիստի ընթացքում Առաջին ատյանի դատարանն Գ.Ալոյանին տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը արձանագրային որոշմամբ մերժել է։

4 Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ տուժող Սարգիս Ալոյանի ներկայացուցիչ Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի մարտի 21-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել տուժող Սարգիս Ալոյանի ներկայացուցիչ Հ.Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքի հեղինակը, վկայակոչելով տուժողի խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ ներպետական և միջազգային իրավական ակտերը, նշել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են տուժող ճանաչելու մասին միջնորդության լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչի արդյունքում կայացված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Այսպես, բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանը, Գագիկ Ալոյանին չճանաչելով տուժող, խախտել է վերջինիս՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդար դատաքննության իրավունքը։ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ սույն վարույթով մեղադրյալին վերագրվող ենթադրյալ արարքի հետևանքով առաջացած պայթյունից նաև փլուզվել է Գագիկ Ալոյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահը, ինչը հիմք է վերջինիս տուժող ճանաչելու համար։

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը հրաժարվել է արդարադատության իրականացումից՝ տուժողի խախտված իրավունքները վերականգնելու համար ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով։

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բավարարել վճռաբեկ բողոքը, ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ։

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկը սպառիչ է, որում ներառված չէ դատական քննության ընթացքում վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը։

Հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածում մատնանշված դատական ակտերը, ինչպես նաև այն դատական ակտերը, որոնք թեև նախատեսված չեն այդ հոդվածում, սակայն դրանց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարություն օրենսգրքի այլ հոդվածներով։

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 14-ի՝ վիճարկվող՝ տուժող ճանաչելու միջնորդությունը մերժելու մասին արձանագրային որոշմանը Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով կայացված հիշյալ դատական ակտի՝ թե վերաքննության և թե հատուկ վերանայման կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ և 389-րդ, այնպես էլ՝ նույն օրենսգրքի այլ հոդվածներով։

Ուստի վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գ.Ալոյանի ներկայացուցիչ Հ.Սարգսյանի կողմից բողոքարկվել է դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման, հետևաբար՝ ներկայացված վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության (…)»1։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ տուժող ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշումը ենթակա չէ դատական վերանայման։

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.

ա) ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.

բ) ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.

գ) ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

11. ՀՀ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների վերաբերյալ հիմնահարցերին, ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը2:

12. Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան): Մասնավորապես, Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև3:

Եվրոպական դատարանի դիրքորոշումների վերջին զարգացումները նույնպես վկայում են այն մասին, որ զոհի կարգավիճակ շնորհելը քրեական օրենսդրությամբ ապահովված հիմնարար իրավունքներից օգտվելու նախապայման է: Օրենսդրորեն ամրագրված բողոքարկելի ակտերի փակ շրջանակը չի կարող լինել այնպիսին, որ զրկի անձին՝ տուժողի դատավարական կարգավիճակ ստանալու խնդրանքի մերժումը պատշաճ կարգով բողոքարկելու հնարավորությունից4։

Քննարկվող հիմնարար իրավունքների էությանն անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանը՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»5:

13. Սույն որոշման նախորդ կետում վերլուծության առարկա դարձած հիմնարար իրավունքի ապահովման անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկել հանցագործությունից ենթադրաբար տուժած անձի իրավունքների պաշտպանության համատեքստում:

Այդ առումով Վճռաբեկ դատարանը Մովսես Խաչատրյանի գործով փաստել է. «[Հ]անցագործության արդյունքում տուժած անձը ոչ միայն արդար դատաքննության և դատարանի մատչելիության հիմնարար իրավունքները կրող սուբյեկտ է, այլև միջազգային-իրավական մի շարք փաստաթղթերով որպես պետության պարտավորություն է սահմանվում հենց վերջինիս իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովումը:

Այսպես` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ՝ նաև Կոմիտե)՝ 1985 թվականի հունիսի 28-ի` «Քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում տուժածի կարգավիճակի մասին» R(85)11, 2006 թվականի հունիսի 14-ի՝ «Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ» R(2006)8 հանձնարարականներում առաջարկվում է ազգային մակարդակներով միջոցներ ձեռնարկել տուժողների իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես, Կոմիտեի՝ 1985 թվականի հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:

Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ` Կոմիտեն անդամ պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատական պրակտիկան քրեական արդարադատության համակարգում տուժողի դերը բարձրացնելու մի շարք ուղղություններով:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի՝ «Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքները» A/RES/40/34 հռչակագրի 4-րդ և 5-րդ կետերը վկայում են, որ հանցագործությունից տուժողները պետք է արդարադատության մեխանիզմներից օգտվելու հնարավորություն ունենան: Դատական և վարչական կառուցակարգերը պետք է հաստատվեն և ամրապնդվեն այնպես, որ հնարավորություն ընձեռեն տուժողին ստանալու փոխհատուցում արագ, արդար, սակավարժեք և մատչելի ընթացակարգերի միջոցով:

Հաշվի առնելով տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նաև վերջինիս` դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման: Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է նաև նրանով, որ այդպիսի որոշման բողոքարկման հնարավորություն չընձեռելու միջոցով տուժողի (տուժողի իրավահաջորդի)՝ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելը խաթարում է այդ հիմնարար իրավունքի բուն էությունը՝ վերջինիս վերածելով պատրանքային հիմնադրույթի: Այդպիսի սահմանափակումը խախտում է նաև գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռության ողջամիտ հարաբերակցությունը (…)»6:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը Մարետա Անտոնյանի գործով որոշմամբ դիրքորոշում է հայտնել առ այն, որ դատավարական կարգավիճակը հնարավորություն է ընձեռում տուժողին (տուժողի իրավահաջորդին) հանդես գալու որպես դատավարության մասնակից և իրականացնելու քրեադատավարական օրենքով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները: Տուժող (տուժողի իրավահաջորդ) ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն չընձեռելն անհարկի սահմանափակում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու առնչությամբ արտահայտված դիրքորոշումը վերաբերելի է նաև տուժող (տուժողի իրավահաջորդ) ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկմանը, քանի որ այդ երկու որոշումները հանցագործությունից ենթադրաբար տուժած անձի (նրա իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության տեսանկյունից ըստ էության միտված են նույն նպատակին7։

13.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածը՝ չնախատեսելով տուժող ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգ, ամբողջապես չի ապահովում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը, ուստի 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում Վճռաբեկ դատարանի՝ Մարետա Անտոնյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները շարունակում են կիրառելի լինել նաև գործող օրենսգրքի իրավակարգավորումների նկատմամբ։

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ տուժողի իրավահաջորդ Գագիկ Ալոյանը դատաքննության ընթացքում մահացել է, և Սարգիս Ալոյանի ներկայացուցիչ Հ.Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գ.Ալոյանին հետմահու ճանաչել որպես տուժող, վերջինիս որդի՝ Ս.Ալոյանին տուժողի իրավահաջորդ, իսկ իրեն՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ8։

Գործի դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանն արձանագրային որոշմամբ Գ.Ալոյանին տուժող ճանաչելու մասին միջնորդությունը մերժել է9։

Վերոգրյալ որոշման դեմ Ս.Ալոյանի ներկայացուցիչ Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն «տուժող ճանաչելը մերժելու մասին» արձանագրային որոշման բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ10:

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո և հաշվի առնելով տուժողի (մահացած տուժողի կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի փոխարեն տուժողի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նաև վերջինիս` դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժող (մահացած տուժող կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի փոխարեն տուժող) ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման։ Բացի այդ, նշված որոշումը ենթակա է բողոքարկման հատուկ վերանայման կառուցակարգով, որը հնարավորություն է ստեղծում արագ գնահատական տալ անձի հիմնական իրավունքների հնարավոր խախտումներին և ազատությունների հնարավոր սահմանափակումներին, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում վարույթի բնականոն ընթացքին վերաբերող որոշումների իրավաչափությանը։ Բացի այդ, որպես դատական վերանայման ինքնուրույն կառուցակարգ՝ հատուկ վերանայումը կոչված է ապահովել որոշակի չափանիշներով առանձնացված դատական ակտերի իրավաչափության առավել արագ ստուգումը։

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշումը դատական բողոքարկման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքն առանց քննության թողնելով, անհամաչափորեն սահմանափակել է անձի դատական պաշտպանության իրավունքը։ Արդյունքում չի ապահովվել բողոքաբերի իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև ողջամիտ հավասարակշռությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացուցիչ Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ չեն։

16Հարկ է նշել նաև, որ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում ներառել է վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը։ Այսինքն՝ օրենսդրական զարգացումների արդյունքում մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը դարձել է բողոքարկելի։

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացուցիչ Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու արդյունքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու նպատակով11։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 362-րդ, 363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

______________________

1 Տե՛ս, նյութեր, հավելված 2, թերթեր 23-24։

2 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումների՝ համապատասխանաբար 6-րդ և 7-րդ կետերը:

3 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50:

4 Տե՛ս, mutatis mutandis` Victim participation and public scrutiny July 2020, էջ 10,

https://rm.coe.int/thematic-factsheet-effective-investigations-eng/16809ef841, 1362nd meeting (December 2019) (DH) - Action plan (25/10/2019) - Communication from Georgia concerning the case of Tsintsabadze v. Georgia (Application No. 35403/06)։

5 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը:

6 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Մովսես Խաչատրյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12 որոշման 24-27-րդ կետերը:

7 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Մարետա Անտոնյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵՇԴ/0010/01/17 որոշման 13-րդ կետը:

8 Տե՛ս, սույն որոշման 2-րդ կետը։

9 Տե՛ս, սույն որոշման 3-րդ կետը։

10 Տե՛ս, սույն որոշման 4-րդ կետը:

11 Տե՛ս, mutatis mutandis` Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Ա. Դանիելյան

Լ. ԹադևոՍՅԱՆ

Ա. պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: