ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր՝ Ա. Դանիբեկյան |
ԵԴ/0107/01/22 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
28 նոյեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արմենակ Ղևոնդի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի ապրիլի 17-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 12107721 քրեական գործը։
2021 թվականի ապրիլի 17-ին Արմենակ Ղևոնդի Խաչատրյանը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Արմենակ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն կիրառվել է գրավը՝ գրավի չափ սահմանվելով 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ Ա․Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով։
2022 թվականի հունվարի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի մարտի 26-ի որոշմամբ Ա․Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով։ Նույն որոշմամբ Ա․Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։
2․1․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճռով Ա․Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 11 (տասնմեկ) ամիս 16 (տասնվեց) օր ժամկետով։ Ա․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:
3․ Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի դեկտեմբերի 11-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Ա․Խաչատրյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները, որոնք վկայում են մեղադրյալի անձի և նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:
Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել կատարված հանցանքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, մեղադրյալի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ և հանցագործության առարկայի տեսակները։ Այս համատեքստում բողոքի հեղինակը փաստարկել է, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրին կից արհեստանոցում պահել է 1 հատ ինքնաձիգ, տարբեր տրամաչափերի՝ 243 հատ փամփուշտ, նռնակներ, պայթուցիչներ ու պայթուցիչ նյութեր։ Այս կապակցությամբ բողոքաբերը փաստարկել է, որ մեղադրյալը չի բացահայտել դրանց ձեռքբերման իրական աղբյուրը, նպատակը և շարժառիթը։ Նշվածից զատ, մեղադրյալը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անկանոն կրակոցներ է արձակել հանցագործության առարկա հրազենից։
Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի, չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Ա․Խաչատրյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ։
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները, վկայում են առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնելով մեղադրյալ Ա․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արմենակ Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա․ «(․․․) [Խ]ախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը, քննությամբ չպարզված հանգամանքներում և անձից ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել է ակոսափող հրազեն հանդիսացող 1984 թվականի գործարանային արտադրության «AKC-74У» տեսակի 5,45 մմ (5,45x 39) տրամաչափի «935914» համարի ինքնաձիք, ռազմամթերք հանդիսացող՝ 1981թ., 1982թ., 1986թ. և 1987թ. գործարանային արտադրության 110 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտներ, 1974թ., 1975թ., 1971թ., 1973թ. և 1961թ. գործարանային արտադրության 68 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ և գործարանային արտադրության 65 հատ 5.66մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ «Փ-1» տեսակի 1972 թվականի գործարանային արտադրության պաշտպանողական ձեռքի բեկորային մարտական նռնակ, 4 հատ «РГ-42» տեսակի 1958թ. և 1944թ. գործարանային արտադրության հարձակողական ձեռքի մարտական նռնակներ, 2 հատ «эд-кз-пм» տեսակի գործարանային արտադրության էլեկտրական հրապատիճ-ճայթիչներ, 3 հատ «КД-8С» տեսակի հրապատիճ-ճայթիչներ, պայթուցիկ սարքեր հանդիսացող՝ 5 հատ «узргм» տեսակի 1971թ., 1973թ., 1966թ. և 1951թ. գործարանային արտադրության պայթուցիչներ, պայթուցիկ նյութեր հանդիսացող՝ գործարանային արտադրության 1 հատ 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս և գործարանային արտադրության 200 գրամանոց «aмонит 6ЖВ» տեսակի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 17.04.2021թ. Երևան քաղաքի ****** ****** *** հասցեին հարակից գտնվող արհեստանոցում կատարված դեպքի վայրի զննության ընթացքում»1:
8․ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ա․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս արձանագրել է, որ․ «(․․․) Ա․Խաչատրյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը հանդիսանում է հասարակական անվտանգության դեմ ուղղված, ուղղակի դիտավորությամբ կատարվող հանցանք, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների թվին: Գնահատելով Ա․Խաչատրյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորությունը՝ դրա կատարման հանգամանքների տեսանկյունից, [Առաջին ատյանի] դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի է առնում նաև այն, որ դրա առարկան հանդիսանում են գործարանային արտադրության «AKC-74У» տեսակի 5,45 մմ (5,45x 39) տրամաչափի «935914» համարի ինքնաձիք, փամփուշտներ, գործարանային արտադրության պաշտպանողական ձեռքի բեկորային մարտական նռնակ, գործարանային արտադրության հարձակողական ձեռքի մարտական նռնակներ, գործարանային արտադրության էլեկտրական հրապատիճ-ճայթիչներ, որպիսիք օժտված են վնաս պատճառելու բարձր ունակությամբ, ինչպես նաև դրանց քանակը, ինչը բարձրացնում է արարքի հանրային վտանգավորությունը:
Որպես ամբաստանյալ Ա․Խաչատրյանի անձը բնութագրող տվյալներ [Առաջին ատյանի] դատարանը հաշվի է առնում այն, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է՝ վերջինիս մոտ ախտորոշվել են *** ********** ***** **********՝ միջին ծանրության: ******** ***********, ******** ************** ******: ****** ******* **********՝ **** ***** ****: ** **** ****** *************: ******* *********** ****** **************: ********* ******** ******** ************-************ **************՝ ************** ****, «************** **********», «******** *************** **» ****************** (հիմք՝ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 26.04.2021թ. թիվ 359 գրություն, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի կողմից 06.05.2021թ. տրված տեղեկանք, «Պավլ-Մեդ» ՍՊԸ բժշկական կենտրոնի կողմից տրված թիվ *** քաղվածք), բնութագրվում է դրական (հիմք «Արցախ-4» համատիրության ղեկավարի կողմից 19.04.2021թ. հաստատված բնութագիր):
Որպես ամբաստանյալ Ա․Խաչատրյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ [Առաջին ատյանի] դատարանը դիտում է նրա կողմից մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը:
Որպես ամբաստանյալ Ա․Խաչատրյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք [Առաջին ատյանի] դատարանը դիտում է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
(․․․) Վերլուծելով և գնահատելով վերը նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ, [Առաջին ատյանի] դատարանը հանգում է հետևության, որ տվյալ դեպքում պատժի նպատակներին հնարավոր է հասնել առանց մեղադրյալի կողմից ազատազրկման ձևով պատիժը փաստացի կրելու, (․․․)»2:
9․ Վերաքննիչ դատարանը, վիճարկվող դատական ակտն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետևյալը. «(․․․) Ա․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին (․․․):
Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման գալիս նաև հաշվի է առնում այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 26.04.2021թ. թիվ 359 գրությամբ հայտնվել է, որ «․․․ 22․04․2021թ․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տրված տեղեկանքի համաձայն՝ վերջինիս ցուցվել է կիրառել **** ապարատ՝ երկարատև **** թերապիա։ Ա․Խաչատրյանի հարազատների կողմից նշված սարքավորումը տրամադրվել է 23․04․2021թ․։ Ներկայումս «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը չունի **** սարքավորում Ա․Խաչատրյանին տրամադրելու համար, ինչպես նաև չունի համապատասխան մասնագետ վերջինիս խնամքն ապահովելու համար»։
(․․․)
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ ամբաստանյալ Ա․Խաչատրյանին մեղսագրվող ռազմամթերքի և հրազենի զանազանությունը, քանակն այն աստիճան չեն բարձրացնում կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որի դեպքում կարող է բացառվել վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը որպես ամբաստանյալ Ա․Խաչատրյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք դիտելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգման կապակցությամբ՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալի կողմից 2021թ․ ապրիլի 17-ին ալկոհոլ օգտագործելը որևէ կերպ չի նպաստել վերջինիս կողմից չպարզված հանգամանքներում և անձից ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն, փոխադրելուն և տևական ժամանակ իր արհեստանոցում պահելուն»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ Ա․Խաչատրյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը:
11․ Հրազենի օրինական շրջանառության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներն արդեն իսկ բացահայտվել են Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում4։
12․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Ա․Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և Երևան քաղաքի ****** ******** *** հասցեին հարակից իր արհեստանոցում պահել է ակոսափող հրազեն հանդիսացող՝ գործարանային արտադրության «АКС-74У» տեսակի, 5․45 միլիմետր (5․45x39) տրամաչափի ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող՝ 110 հատ 5․45 միլիմետր, 68 հատ 7․62 միլիմետր և 65 հատ 5․6 միլիմետր տրամաչափերի գործարանային արտադրության փամփուշտ, 1 հատ «Ф-1» տեսակի պաշտպանողական ձեռքի բեկորային և 4 հատ «РГ-42» տեսակի հարձակողական ձեռքի մարտական նռնակ, 5 հատ «узргм» տեսակի պայթուցիչ (պայթուցիկ սարք), հրապատիճ-ճայթիչներ՝ 3 հատ «кд-8с» տեսակի (էլեկտրական) ու 2 հատ «эд-кз-пм» տեսակի ու պայթուցիչ նյութեր հանդիսացող՝ 1 հատ 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս և 200 գրամանոց «амонит 6жв» տեսակի փամփուշտներ, որոնք 2021 թվականի ապրիլի 17-ին հայտնաբերվել են վարութային գործողության ընթացքում5,
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ա․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում կատարված հանցանքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ հանցագործության առարկա հրազենի, ռազմամթերքի ու պայթուցիկ նյութերի քանակը և տեսակը, ընդ որում՝ վերջին ցուցիչը, ըստ Առաջին ատյանի դատարանի՝ վկայում է, որ ապօրինի կերպով շրջանառության մեջ դրված այդ առարկաներն օժտված են մեծ վնաս պատճառելու հատկությամբ։ Վերոգրյալի հետ մեկտեղ Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ հաշվի է առնում մեղադրյալի անձը բնութագրող փաստական տվյալներն ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները` մասնավորապես, դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, վատառողջ լինելը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելն ու կատարած արարքի համար զղջալը, ինչպես նաև՝ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետևության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու6,
- Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի հիշյալ եզրահանգմանը, ընդգծել է, որ նաև հաշվի է առնում․ ա) մեղադրյալ Ա․Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա տեղեկությունները, մասնավորապես, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կազմված տեղեկանքի համաձայն՝ Ա․Խաչատրյանին ցուցված է «****» սարքի կիրառում՝ երկարատև «****» թերապիա, մինչդեռ, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը նման սարք մեղադրյալին չի կարող տրամադրել՝ այդպիսին չունենալու պատճառաբանությամբ, և միաժամանակ չունի համապատասխան մասնագետ մեղադրյալի խնամքն ապահովելու համար, բ) մեղադրանքի փաստական նկարագրի մեջ ձևակերպված զենքի ու ռազմամթերքի տեսակը և քանակն այն աստիճանի չեն բարձրացնում արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ բացառեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը, գ) հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը որպես պատիժը ծանրացնող հանգամանք չի կարող հաշվի առնվել, քանի որ ալկոհոլ օգտագործելը որևէ կերպ չի նպաստել զենքի և ռազմամթերքի ապօրինի կերպով շրջանառությանը։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանը մատնանշել է, որ մերձավոր ազգականները, դեռևս 2021 թվականի ապրիլի 23-ին, մեղադրյալին տրամադրել են «****» սարքը7։
13․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Ա․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, վարույթի փաստական հանգամանքները չեն դիտարկել համակցության մեջ և պատշաճ վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ու կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վերջինիս մեղսագրվող հանցավոր արարքի բնույթը, հանցագործության եղանակն ու հանգամանքները, ապօրինի կերպով շրջանառության մեջ դրված առարկաների տեսակը, քանակն ու հատկությունները, ինչպես նաև հանցավոր գործունեության տևողությունը։
Այսպես, մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության տեսանկյունից նախ գնահատման է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Ա․Խաչատրյանին մեղսագրվում է հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մեկից ավելի արարքների կատարում, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր ձեռքբերելը, փոխադրելը և պահելը։
Այս առումով հատկապես ուշագրավ են ապօրինի կերպով շրջանառվող առարկաների տեսակը, քանակն ու հատկությունները։ Այսպես՝ Ա․Խաչատրյանը չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իր արհեստանոցում պահել է ակոսափող հրազեն համարվող՝ գործարանային արտադրության 5․45 միլիմետր տրամաչափի «АКС-74У» տեսակի ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող՝ ընդհանուր՝ 243 հատ տարբեր տրամաչափերի, ակոսափող հրազենի համար նախատեսված8, գործարանային արտադրության փամփուշտ, 1 հատ «Ф-1» տեսակի պաշտպանողական ձեռքի բեկորային և 4 հատ «РГ-42» տեսակի հարձակողական ձեռքի մարտական նռնակներ, 5 հատ «узргм» տեսակի պայթուցիչ (պայթուցիկ սարք), պայթուցիչ նյութեր հանդիսացող՝ 1 հատ 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս և 200 գրամանոց «амонит 6жв» տեսակի փամփուշտներ ու հրապատիճ-ճայթիչներ՝ 3 հատ «кд-8с» տեսակի (էլեկտրական) և 2 հատ «эд-кз-пм» տեսակի։
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ Ա․Խաչատրյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և Երևան քաղաքի ****** ******** *** հասցեին, այսինքն, բնակելի շենքին հարակից արհեստանոցում պահել է պայթուցիչ նյութեր հանդիսացող՝ 1 հատ 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս ու 200 գրամանոց «амонит 6жв» տեսակի փամփուշտներ և ընդհանուր՝ 5 հատ տարբեր տեսակների հրապատիճ-ճայթիչ, ինչպես նաև՝ 1 հատ ձեռքի բեկորային ու 4 հատ ձեռքի մարտական նռնակներ և 5 հատ «узргм» տեսակի պայթուցիչ (պայթուցիկ սարք), որոնք իրենց հատկությամբ, ինչպես իրավացիորեն փաստարկել է Առաջին ատյանի դատարանը, օժտված են մեծ վնաս պատճառելու հատկությամբ։ Ավելին՝ այդ արհեստանոցը, ըստ մեղադրյալի ցուցմունքի՝ օգտագործվում է ակվարիումների պատրաստման նպատակով9, հետևաբար, ողջամտորեն չի բացառվում այդ արհեստանոցում այլ անձանց ելումուտը։ Վերոգրյալ հանգամանքները, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, էականորեն բարձրացնում են կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, ուշադրության է արժանի նաև խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ։
Բացի այդ, համաձայնելով «հանցանքն ալկոհոլի ազդեցությամբ կատարելը» որպես պատիժը ծանրացնող հանգամանքի կապակցությամբ Վերաքննիչ դատարանի պնդմանը, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, ուշագրավ է մեղադրյալի ցուցմունքն առ այն, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեղադրանքում նշված ինքնաձիգը դուրս է բերել արհեստանոցից և գործադրել10 ու այդ դեպքի առթիվ նախաձեռնած ընթացակարգի շրջանակներում կատարված վարութային գործողությունների ընթացքում էլ միայն հայտնաբերվել և կանխվել է տևող այս հանցագործությունը, այն է՝ մեղադրյալի կողմից շուրջ քսանյոթ տարի11՝ մեղադրանքի ծավալում ներառված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի ու սարքերի ապօրինի կերպով շրջանառությունը։ Այս համատեքստում հարկ է նաև նկատել, որ Առաջին ատյանի դատարանը, Ա.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով12, ինչը քրեական հետապնդումը բացառող ոչ ռեաբիլիտացնող հիմք է։ Ուստի, վերոգրյալ հանգամանքները կարևոր են Ա․Խաչատրյանի անձի և կատարած արարքի հանրային վտանգավորությունը բնութագրելիս։
14․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Ա․Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ մեղադրանքի փաստական նկարագրի մեջ նշված առարկաների զանազանությունը և քանակն այն աստիճանի չեն բարձրացնում արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ բացառեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը, նման եզրահանգումը չի կառուցել արարքի և դրա հետևանքների նկատմամբ մեղադրյալի հոգեբանական վերաբերմունքի, հանցագործության հանգամանքների, եղանակի, ապօրինի կերպով շրջանառվող առարկաների տեսակի, քանակի, հատկությունների և մեղադրյալի անձի վերաբերյալ՝ սույն որոշմամբ մատնանշված տեղեկությունների համակցության մեջ պատշաճ վերլուծության ու գնահատման վրա։ Նույն կերպ՝ Առաջին ատյանի դատարանն ընդգծելով հանդերձ, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի է առնում ապօրինի շրջանառության մեջ դրված առարկաների տեսակը, քանակը և հատկությունը, այնուամենայնիվ որոշումը չի կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա։
Ինչ վերաբերում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնված՝ մեղադրյալի առողջական վիճակը բնութագրող հանգամանքին, հարկ է ընդգծել, որ մեղադրյալի առողջական վիճակի գնահատումը ևս էական նշանակություն ունի քրեաիրավական ներգործության համաչափ միջոց ընտրելու հարցում13։ Տվյալ դեպքում մեղադրյալի անազատության մեջ գտնվելու պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվելու հնարավորության գնահատման համատեքստում Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ մեղադրյալին ցուցված՝ ********* *********** «****» սարքը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չի կարող տրամադրել, և միաժամանակ չունի համապատասխան մասնագետ մեղադրյալի խնամքն ապահովելու համար, բավարար ուշադրության չի արժանացրել, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է ոչ միայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, այլ նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների, այսինքն, քաղաքացիական բուժհաստատությունների միջոցով14: Ինչ վերաբերում է հիշյալ կազմակերպության կողմից «****» սարք տրամադրելու անհնարինության մասին Վերաքննիչ դատարանի պնդմանը, ապա դրան հակադարձ է Վերաքննիչ դատարանի արձանագրումն առ այն, որ այդ սարքը, դեռևս 2021 թվականի ապրիլի 23-ին, մեղադրյալին տրամադրել են նրա մերձավոր ազգականները։ Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բավարար հիմնավորումներ չի ներկայացվել և ներկայացված նյութերում առկա չէ որևէ փաստական հանգամանք, որը հիմք կտար եզրահանգելու, որ Ա․Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող համապատասխան եղանակներով կազմակերպվել ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման ընթացքում։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Ա․Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ա․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ա․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի հիմնավոր։
15․ Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա․Խաչատրյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավորված չէ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Ա․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի խախտում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար անհրաժեշտ է Ա․Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ու թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճռով նշանակված՝ 11 (տասնմեկ) ամիս 16 (տասնվեց) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Ա․Խաչատրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արմենակ Ղևոնդի Խաչատրյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը փոփոխել։
Արմենակ Ղևոնդի Խաչատրյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճռով նշանակված՝ 11 (տասնմեկ) ամիս 16 (տասնվեց) օր ժամկետով ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Արմենակ Ղևոնդի Խաչատրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
____________________________
1 Տե՛ս, քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 314-322:
2 Տե՛ս, քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 152-159:
3 Տե՛ս, քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 85-96:
4 Տե՛ս, inter alia, Վճռաբեկ դատարանի` Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Արտակ Հակոբյանի գործով 2022 թվականի մարտի 30-ի թիվ ԼԴ/0090/01/20, Հարություն Իսկանդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴ1/1777/01/23 և Երվանդ Պետրոսյանի գործով 2025 թվականի ապրիլի 25-ի թիվ ԵԴ/1946/01/21 որոշումները:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս, քրեական գործ, հատոր 1-ին, դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացությունը, թերթեր 282-296:
9 Տե՛ս, հատոր 1-ին, մեղադրյալ Ա․Խաչատրյանի ցուցմունքը, թերթեր 89-91:
10 Տե՛ս, հատոր 3-րդ, մեղադրյալ Ա․Խաչատրյանի ցուցմունքը, թերթեր 152-159 և սթափության վիճակի զննության արձանագրություն, թերթ 29:
11 Տե՛ս, հատոր 1-ին, մեղադրյալ Ա․Խաչատրյանի ցուցմունքը, թերթեր 89-91:
12 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալեքսան Հակոբյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՇԴ/0025/01/16 որոշման 16-17-րդ կետերը և Գերասիմ Վարտանյանի գործով 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ԵԿԴ/0289/01/17 որոշման 18․1-րդ կետը:
14 Տե՛ս ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածը։
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: