ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Սյունիքի մարզի առաջին ատյանիընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ն. Օհանյան |
ՍԴ/0113/01/23 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
5 դեկտեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 325-րդ և 327-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է թիվ 58230420 քրեական գործը։
2022 թվականի մայիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում թիվ 58230420 քրեական գործի նյութերով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել թիվ 90752422 վարույթում։
2. Թիվ 90752422 քրեական վարույթով 2022 թվականի հունիսի 20-ին որոշում է կայացվել Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
2.1. 2022 թվականի հունիսի 23-ին Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
2.2. 2022 թվականի հունիսի 30-ին թիվ 90752422 քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժին։
2.3. 2023 թվականի մարտի 15-ին Վարդան Հովհաննիսյանը հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից և վերցվել արգելանքի։
2.4. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու արդյունքում, 2023 թվականի մարտի 16-ին որոշում է կայացրել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
2.5. 2023 թվականի հունիսի 30-ին թիվ 90752422 քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
2.6. 2023 թվականի հուլիսի 12-ին թիվ 90752422 քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
3. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի հուլիսի 25-ի դատավճռով Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով: 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 79-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է Վ.Հովհաննիսյանի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը` 4 (չորս) ամիս 10 (տասը) օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով։
Վ.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը վերացվել է և մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 24-ին որոշել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 25-ի դատավճիռը նշանակված պատժի մասով փոփոխել. Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, որի մեջ նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի հիման վրա հաշվակցել Վ.Հովհաննիսյանի՝ կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 10 (տասը) օր ժամկետը և թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Վ.Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։ Մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունվարի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Վարդան Հովհաննիսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական օրենքի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։
6.1. Բողոքի հեղինակը գտել է, որ իր նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը Վերաքննիչ դատարանի կողմից վերացվել է անհիմն կերպով: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը պատերազմի ժամանակ գտնվել է ծանր հոգեբանական վիճակում, հայտնվել է հրետակոծության տակ, այլևս չի կարողացել գտնել իր հրամանատարներին և ստիպված է եղել ռազմի դաշտում ինքնակազմակերպվել։ Իսկ տուն վերադառնալուց հետո՝ ծանր հոգեբանական դրությունից բացի, ինքը բախվել է նաև իր հոր հիվանդությանը և նրա՝ օրեցօր վատթարացող վիճակին։
Բողոքաբերը նշել է, որ իր նկատմամբ կիրառելի է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը՝ հաշվի առնելով նաև այն, որ ծանրացնող հանգամանքները բացակայում են, իր անձը բնութագրվում է դրականորեն, ինքն ընտանիքի ֆինանսական ներհոսքի միակ աղբյուրն է և իր ազատազրկումը խիստ ծանր հետևանքներ կունենա ընտանիքի կենսապայմանների վրա: Այսինքն, իր համար լիովին ընդունելի են Առաջին ատյանի դատարանի դատավճռով այդ առնչությամբ կատարված դատողությունները։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է ինչպես Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, այնպես էլ պաշտպանության կողմի փաստարկները և կայացրել է անհիմն որոշում:
6.2. Բողոքաբերը նշել է նաև, որ իր` փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը սխալ է հաշվարկվել: Ինքը սույն քրեական վարույթով գտնվելով հետախուզման մեջ՝ հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հունվարի 20-ին և վերցվել արգելանքի: Սակայն, ինչպես Առաջին ատյանի դատարանը` դատավճիռ կայացնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը` դրա օրինականությունը ստուգելիս, սխալ են հաշվարկել իր նկատմամբ նշանակվող պատժի ժամկետը, քանի որ իր՝ կալանքի տակ գտնվելու ժամկետի մեջ չեն ներառել 2023 թվականի հունվարի 20-ից մինչև 2023 թվականի մարտի 2-ը Ռուսաստանի Դաշնությունում անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։
6.3. Բողոքաբերը հայտնել է նաև, որ ինքը տառապել է և տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է զինվորական ծառայության հետ։ Ինքը դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել, որի արդյունքում 2024 թվականի մարտի 1-ին նախաձեռնվել է թիվ 93006624 քրեական վարույթը, որը դեռևս գտնվում է նախաքննության փուլում:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը և oրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին՝ այն լրացուցիչ հիմնավորելով փաստացի անազատության մեջ գտնվելու ամբողջ ժամկետը հաշվակցելու առումով:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «նա, 29.09.2020թ-ին ՀՀ ՊՆ և ԶՀԾ ******************** մարզի տարածքային ստորաբաժանման կողմից զորահավաքային զորակոչով զորակոչված լինելով ՀՀ զինված ուժեր, ապա ՀՀ ՊՆ ********* զորամասի հրամանատարի` 26.10.2020թ-ի թիվ 0221 հրամանով (հիմք` ՀՀ ՊՆ ******* զորամասի հրամանատարի թիվ 322-Ա առ 26.10.2020թ. հրաման) 02.10.2020թ-ից նշանակվելով ՀՀ ՊՆ ******* զորամասի 3-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, ՀՀ կառավարության՝ 27.09.2020թ-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 06.10.2020թ-ին ինքնակամ թողել է ծառայության վայրը:
Այսպես.
******************************************** կոչվող տարածքի մոտակայքում անձնակազմի հետ ենթարկվելով հրետակոծության` գնացել են ***************՝ հրամանատարական կետ և գեներալ-մայոր ********** հրամանով հանձնել զենքերը, գնացել կացարան` հանգստանալու: Հոկտեմբերի 6-ին` ժամը 02:00-ի սահմաններում, հնչել է «Տագնապ» հրաման և պատսպարվելու նպատակով բարձրացել են կացարանի մոտակայքում գտնվող բարձունքներ, որտեղ մնացել են մինչև՝ ժամը 06:00-ի սահմանները, ապա ինքնակամ թողել է ծառայության վայրը` մարտական գործողությունների շրջանը, բեռնատար ավտոմեքենայով շարժվել դեպի ՀՀ *********** մարզի ********** քաղաք, այնտեղից` ********** գտնվող զորամաս, ապա՝ բնակության հասցե` ****** մարզի ********* համայնքի ******* բնակավայր, իսկ հոկտեմբերի 20-ին` ժամը 03:44-ին, «Ford» մակնիշի, ********* հաշվառման համարանիշի ավտոմեքենայով հատել է ՀՀ «Բավրա» ցամաքային-ավտոճանապարհային պետական սահմանի անցման կետը և Վրաստանի Հանրապետությունով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ 20.01.2023թ-ին հայտնաբերվել է»1։
9. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) Դատարանը հանգում է հետևության, որ ապացուցված է Վարդան Հովհաննիսյանին վերագրվող արարքը, այն նրա կողմից կատարելը, ինչպես նաև նրա մեղավորությունն այդ արարքի կատարման մեջ: Դատարանը գտնում է, որ մեղադրյալին մեղսագրվող արարքը որակված է ճիշտ, այն համապատասխանում է 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի հատկանիշներին:
(...) Դատարանը որպես մեղադրյալ Վարդան Հովհաննիսյանի պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտարկում՝
- պատիժ նշանակելու պահին խնամքի տակ հաշմանդամություն ունեցող անձի առկայությունը,
- առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը (...)։
Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վարդան Հովհաննիսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։
(...) Դատարանն արձանագրում է, որ նա բնութագրվում է դրականորեն, դատապարտված և արատավորված չի եղել:
(...) Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով մեղադրյալ Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից և/կամ պատժից ազատելու հիմքեր առկա չեն, հետևաբար՝ նա ենթակա է պատժի՝ իր կողմից կատարված հանցանքի համար։
(...) [Գ]նահատելով մեղադրյալ Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանի՝ 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 3-րդ մասով կատարած հանցանքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, Դատարանը բացառում է վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 72 հոդվածի կիրառումը։
(...) Դատարանն արձանագրում է, որ (...) Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նպատակահարմար է նշանակել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պատժատեսակը՝ 6 (վեց) տարի ժամկետով։
(...) Դատարանը, վերլուծելով և գնահատելով գործի վերը նշված տվյալները, հաշվի առնելով Վարդան Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող նշված հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ վերը թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են մեղադրյալի կողմից կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին (...)»2:
10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել [դատախազը] (...), միջնորդելով՝ բեկանել այն և Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել։
(...) [Վ]երաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ (...) վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, (...) դատավճիռը պատժի մասով փոփոխել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել, սակայն 2021թ-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով (...)։
(...) [Վ]երաքննիչ բողոքի շրջանակներում քննարկման առարկա դարձնելով Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության հարցը (...) վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) [Առաջին ատյանի] դատարանը հանգել է սխալ եզրակացության առ այն, որ մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժատեսակի կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների իրագործումը հնարավոր է առանց այն փաստացի կրելու։
(...) [Հ]անցանքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը ճիշտ գնահատելու և հանցավորի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է, ի թիվ այլնի, հատուկ ուշադրություն դարձնել հանցավոր վարքագծի դրսևորման եղանակին, հանցանքի կատարման գործիքին և հանցագործության իրադրությանը, պատճառված վնասի բնույթին, արարքի նկատմամբ անձի հոգեբանական վերաբերմունքին, հանցագործության նպատակին և շարժառիթին:
Վերոգրյալի համատեքստում վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի և օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքը կատարելու ժամանակ առկա իրադրությունը վկայում են Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ոչ իրավաչափության մասին։
(...) ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված պատժի նպատակների իրացման, այդ թվում՝ Վարդան Հովհաննիսյանի կողմից նոր հանցավոր արարքների կատարումը կանխելու նպատակով նա պետք է ազատազրկման ձևով պատիժ կրի, քանի որ այն պայմանականորեն չկիրառելու դեպքում օրենսդրությամբ նախատեսված քրեաիրավական ներգործության միջոցները բավարար չեն մեղադրյալի հետագա պատշաճ վարքագիծն ապահովելու համար։
(...) [Ք]ննարկման առարկա դարձնելով (...) Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ պատժաչափ նշանակելու հարցը, (...) վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը։
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 3-րդ մասի սանկցիան նախատեսում է պատիժ` ազատազրկում վեցից տասներկու տարի ժամկետով։
(...) [2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ] հոդվածի բովանդակությունից երևում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմք են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքները, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը:
(...) Վերոշարադրյալի համատեքստում նկատի ունենալով Վարդան Հովհաննիսյանի խնամքին երկրորդ խմբի հաշմանդամ հոր, մոր, ինչպես նաև վատառողջ տատի առկայությունը, ընտանիքի կարիքները հոգալն ու դրանցով պայմանավորված՝ մեղսագրվող արարքի կատարումն ու Հայաստանի Հանրապետությունից հեռանալը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներն իրենց համակցությամբ կոնկրետ դեպքում այն աստիճան են նվազեցնում Վարդան Հովհաննիսյանի կատարած հանցանքի վտանգավորությունը, որ դատարանի համոզմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատժի նվազագույն չափը՝ 6 տարի ժամկետով ազատազրկումը, խիստ է, ուստի 2021թ-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառմամբ՝ նրա նկատմամբ պետք է նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկում, ինչը համաչափ է կատարված հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին և կարող է ապահովել պատժի նպատակները, այն բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված` արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ [դատախազի] (...) վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել և 2021թ-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ։ (...)»3։
11. 2023 թվականի մարտի 15-ին Վարդան Հովհաննիսյանը հայտնաբերվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում և ձերբակալվել4։
12. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացված՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության թիվ 19/297-24 գրության համաձայն՝ Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հայտարարված հետախուզման առնչությամբ 2023 թվականի հունվարի 20-ին ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում և հանձնելու նպատակով կալանքի տակ է պահվել մինչև 2023 թվականի մարտի 2-ը, երբ Վ.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված՝ հանձնելու նպատակով կալանքը ՌԴ համապատասխան դատախազի կողմից վերացվել է, քանի որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշել է մերժել հիշյալ անձին հանձնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հարցումը5:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
14. Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին Վճռաբեկ դատարանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում6: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հիշյալ հարցի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:
14.1. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով սույն գործով քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Վերաքննիչ դատարանը Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:
15. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված են:
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանները խախտել են պատիժը հաշվակցելու կարգը:
17. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում Վճռաբեկ դատարանն Արմեն Պետրոսյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [Ա]յն դեպքում, երբ անձը չի գտնվում ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին դատարանի որոշումը չի կարող կատարված համարվել և, հետևաբար, խոսք չի կարող լինել դատարանի որոշմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի ընթացքը սկսված լինելու և, համապատասխանաբար նաև՝ այդ ժամկետի հաշվարկի մասին: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խափանման միջոց կալանավորման ժամկետը սկսում է հոսել ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ անձի հայտնվելու, այլ խոսքով՝ անձին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու պահից:
Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանձնման նպատակով կալանավորման ժամկետը, խափանման միջոց կալանավորման ժամկետի հետ մեկտեղ, պետք է հաշվակցվի անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով նշանակված ազատազրկման հետ կապված պատժի ժամկետի մեջ»7:
Մեկ այլ՝ Վանիկ Շահինյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [Մ]եղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի ընթացքը սկսում է հոսել այն պահից, երբ վերջինս հայտնվում է վարույթն իրականացնող մարմնի իրավասության ներքո: Այլ խոսքով՝ հանձնման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից անձին անազատության մեջ պահելու ժամանակահատվածը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի մեջ չի ներառվում: Մյուս կողմից, սակայն, հանձնման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից անձին անազատության մեջ պահելու ամբողջ ժամանակահատվածը, խափանման միջոց կալանավորման ժամկետի հետ մեկտեղ, պետք է հաշվակցվի նրա նկատմամբ դատավճռով նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատժին»8:
18. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոհիշյալ դիրքորոշումներն ամրագրվել են օրենսդրական մակարդակով և իրենց արտացոլումն են գտել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը» վերտառությամբ 79-րդ հոդվածում, որի 3-րդ մասի համաձայն` «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, անկախ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից, փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը հաշվակցվում է (...) ազատազրկման ձևով նշանակված պատժին` 1 օրը հաշվելով 1 օրվա դիմաց (...)»:
19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Վարդան Հովհաննիսյանը 2023 թվականի հունվարի 20-ին արգելանքի է վերցվել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում և հանձնելու նպատակով կալանքի տակ է պահվել մինչև 2023 թվականի մարտի 2-ը, երբ ՌԴ համապատասխան դատախազի որոշմամբ ազատ է արձակվել9,
- 2023 թվականի մարտի 15-ին Վարդան Հովհաննիսյանը հայտնաբերվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում և ձերբակալվելլ10,
- Առաջին ատյանի դատարանի դատավճռով Վ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով: Նշանակված պատժին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ հաշվակցվել է նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում որպես խափանման միջոց կիրառված կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` 4 (չորս) ամիս 10 (տասը) օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 5 (հինգ) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվելլ11,
- Վերաքննիչ դատարանի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը նշանակված պատժի մասով փոփոխվել է. Վ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, որի մեջ նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի հիման վրա հաշվակցվել է Վ.Հովհաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետությունում որպես խափանման միջոց կիրառված կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 10 (տասը) օր ժամկետը և թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Վ.Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։ Մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխլ12։
20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Հովհաննիսյանը սույն գործի առնչությամբ անազատության մեջ է գտնվել՝
ա) հանձնման նպատակով կալանք կիրառելու մասին ՌԴ համապատասխան դատարանի որոշման հիման վրա՝ 2023 թվականի հունվարի 20-ից մինչև 2023 թվականի մարտի 2-ը,
բ) որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին ՀՀ դատարանների դատական ակտերի հիման վրա՝ 2023 թվականի մարտի 15-ից մինչև 2023 թվականի հուլիսի 25-ը, երբ դատավճռով որոշվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել և մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը:
21. Նախորդ երկու կետերում հիշատակված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում մեջբերված իրավանորմի և արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են 2023 թվականի հունվարի 20-ից մինչև նույն տարվա մարտի 2-ը հանձնման նպատակով ՌԴ իրավասու մարմինների կողմից Վ.Հովհաննիսյանին անազատության մեջ պահելու հանգամանքը և այդ ժամկետը նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին չեն հաշվակցել:
22. Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատժին չհաշվակցելով սույն վարույթով Ռուսաստանի Դաշնությունում հանձնման նպատակով նրա կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ խախտել են պատիժը հաշվակցելու կարգը:
23. Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն, պետք է հաշվակցել նաև սույն վարույթով Ռուսաստանի Դաշնությունում անազատության մեջ գտնվելու 1 (մեկ) ամիս 10 (տասը) օր ժամկետը և նրան թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս 10 (տասը) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Վ.Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։ Մնացած մասով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 24-ի որոշումը փոփոխել։ Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը, նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կարգով հաշվակցել նաև՝ Ռուսաստանի Դաշնությունում անազատության մեջ գտնվելու 1 (մեկ) ամիս 10 (տասը) օր ժամկետը և Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանին թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս 10 (տասը) օր ժամկետով։
2. Պատժի կրման սկիզբը հաշվել Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3. Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 24-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 61-62:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 78-96:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 101-114:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 190:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 99։
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
7 Տե՛ս, mutatis mutandis, Արմեն Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0024/06/11 որոշման 18-րդ կետը:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վանիկ Շահինյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԳԴ/0038/01/13 որոշման 17-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
|
Հ. Գրիգորյան Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ | |
|
Լ. Թադևոսյան | |
| Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|