ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-39-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի փետրվարի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 4.3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Սույն օրենսգրքով սահմանված դեպքերում, եթե աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով չի ընդունվում, ապա աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. 2027 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, ինչպես նաև սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը կարող են իրականացվել նաև թվային համակարգի միջոցով։»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Եթե աշխատանքային հարաբերությունը ծագում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում), ապա վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չեն իրականացվում:»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1.1-ին մասի երկրորդ նախադասությունում «Աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաև, եթե՝» բառերը փոխարինել «Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաև, եթե՝» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ եթե աշխատողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ և փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում.

5.2) աշխատողի էլեկտրոնային հասցեն.»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 85-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 85. Աշխատանքային պայմանագրի և աշխատանքային պայմանագրի հավելվածի կնքման կարգը

 

1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև թվային համակարգի միջոցով՝ պահպանելով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները։

2. Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով այն կողմերի միջև փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու պայմանագրի իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիրն ստորագրած կողմը աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում և նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետևյալ մեկ կամ մի քանի եղանակներով.

1) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակը պատվիրված նամակով՝ ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.

2) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.

3) աշխատանքային պայմանագրի ստորագրված և էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապով (այդ թվում՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:

3. Մինչև տասնվեց տարեկան անձի հետ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում մինչև տասնվեց տարեկան անձի անունից աշխատանքային պայմանագիրն ստանում, ստորագրում և դրա մեկ օրինակը գործատուին է հանձնում ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված այն պահից, երբ պայմանագիրն ստորագրած երկու կողմն էլ ստանում է աշխատանքային պայմանագրի՝ երկու կողմի ստորագրած օրինակը:

5. 2027 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի և աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու հաջորդ օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

6. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը հավելվածը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:

7. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կարող է կնքվել նաև փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասով աշխատանքային պայմանագրի կնքման համար սահմանված դրույթները։

8. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին:

9. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

10. Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը և 106․1-ին հոդվածի 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 95.1-ին հոդվածով.

 

«Հոդված 95.1. Օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը

 

1. 2027 թվականի հուլիսի 1-ից հետո օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են թղթային եղանակով՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու ժամկետով՝ պայմանով, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։

2. 2027 թվականի հուլիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագրերը Հայաստանի Հանրապետությունում փախստականի, ապաստան հայցողի հետ կնքվում են թղթային եղանակով՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։»։

 

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի։

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից։

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ վեցամսյա ժամկետում:

4․ Սույն օրենքով նախատեսված՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը նաև թվային համակարգի միջոցով իրականացնելու կարգավորումը տարածվում է նաև 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. փետրվարի 23

Երևան

ՀՕ-39-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: