ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0318/01/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Լ. Սեփխանյան

ԼԴ/0318/01/23

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Լ. Ալավերդյան

դատավոր`

 Գ․ Հովհաննիսյան
   Կ․ Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

 

 18 օգոստոսի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Հովհաննես Վիլսոնի Խանաղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1․ 2023 թվականի հունիսի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, նախաձեռնվել է թիվ 39115123 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

2023 թվականի հունիսի 23-ին Հովհաննես Վիլսոնի Խանաղյանը ձերբակալվել է։

2023 թվականի հունիսի 25-ին Հովհաննես Խանաղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել։

Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հունիսի 26-ի որոշմամբ մեղադրյալ Հովհաննես Խանաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

2023 թվականի նոյեմբերի 14-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 2-ի դատավճռով Հովհաննես Խանաղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կանոններով, Հ․Խանաղյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է 2023 թվականի հունիսի 23-ից մինչև հունիսի 25-ը փաստացի անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը, և Հ․Խանաղյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա Հ․Խանաղյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականությունների սահմանմամբ։ Հ․Խանաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

3․ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ դատախազի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ։

4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները չեն պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 69-րդ, 84-րդ հոդվածների պահանջները, արդյունքում թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

5.1․ Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել մեղադրյալի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո մեղադրյալի դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի՝ կառավարման կարգի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը։

5․2․ Բողոքաբերի կարծիքով՝ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված անձը բնութագրող տվյալները՝ նախկինում դատապարտված չլինելը, մեղքն ընդունելը, չեն կարող ողջամտորեն նվազեցնել նրա կատարած արարքի հանրային վտագավորության աստիճանը և բավարար չեն նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար։ Ուստի, բողոք բերած անձի պնդմամբ՝ մեղադրյալի արարքի հանրային վտանգավորությունը չի նվազել այն աստիճան, որ հիմնավոր համարվի նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը։

6․ Բողոքաբերն ընդգծել է, որ Հովհաննես Խանաղյանն իր բացասական վերաբերմունքը դրսևորելով իրենց օրինական ծառայողական պարտականություններից բխող գործունեություն իրականացնող ոստիկանների նկատմամբ, և դրսևորելով հակաիրավական վարքագիծ՝ ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը գիտակցված և դիտավորությամբ միջամտելու նպատակով, նրանց նկատմամբ բռնություն է գործադրել, ինչը վկայում է հանցանք կատարած անձի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին, ինչը գնահատման չի արժանացել մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս։

7․ Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշումը, վերացնել Հովհաննես Խանաղյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8․ Հովհաննես Խանաղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է ներկայացվել և նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «(...) 2023 թվականի հունիսի 23-ին, սահմանված կարգով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական չունեցող որդուն՝ Էդգար Հովհաննեսի Խանաղյանին վարելու համար հանձնել է փաստացի իրեն պատկանող «GAZ 3110» մակնիշի, (…) հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հետո նույն օրը, ժամը՝ 11:00-ի սահմաններում, միասին Կաթնառատ բնակավայրից ուղևորվել են Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի (…) հասցեում գտնվող, (…) անհատ ձեռնարկատիրոջը պատկանող շինանյութի խանութ: Հասնելով հիշյալ խանութի մոտ, Էդգար Հովհաննեսի Խանաղյանն իր վարած «GAZ 3110» մակնիշի, (…) հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, խախտելով ՃԵԿ-ի «Ճանապարհային գծանշումներ բաժնի» 1.1 կետի պահանջները՝ հատելով Երևանյան փողոցի տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող հոծ գիծը, ավտոմեքենան կայանել է իր երթևեկության ուղղության ձախ կողմում գտնվող շինանյութի խանութի դիմացի հատվածում՝ թույլ տալով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում։ Նշված հանգամանքը նկատվել է նույն վայրում ծառայություն իրականացնող, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության մայոր Դավիթ Արամի Դավթյանի և կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ սերժանտ Դավիթ Հրաչիկի Դավթյանի կողմից, որոնք մոտենալով ավտոմեքենայից իջած վարորդ Էդգար Խանաղյանին, ներկայացել և վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու նպատակով պահանջել են ներկայացնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրն ու վարորդական իրավունքի վկայականը:

Հովհաննես Վիլսոնի Խանաղյանը հայտարարելով, որ փաստաթղթերը գտնվում են իր մոտ և չի պատրաստվում ներկայացնել, որդու վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելուն խոչընդոտելու նպատակով, բարձրաձայն վիրավորական արտահայտություններ կատարելով, զազրախոսելով, քայլել է խանութի մուտքի դռան ուղղությամբ՝ որդուն հորդորելով հետևել իրեն: Միևնույն ժամանակ Դավիթ Արամի Դավթյանը մոտեցել է Հովհաննես Խանաղյանին և կրկին փաստաթղթերը ներկայացնելու օրինական պահանջ ներկայացրել, սակայն վերջինս հայհոյել և Դավիթ Արամի Դավթյանի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու նպատակով բռնություն է գործադրել Դավիթ Արամի Դավթյանի նկատմամբ՝ երկու ձեռքով հարվածելով նրա կրծքավանդակի շրջանին՝ հրել դեպի հետ, բռնել է համազգեստից, քաշքշել և ձախ ձեռքով հարվածներ հասցրել նրան: Այդ ընթացքում Հովհաննես Խանաղյանի ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով Դավիթ Հրաչիկի Դավթյանն իրեն ամրակցված պղպեղային օդամղիչը գործադրելով՝ փչել է Հովհաննես Խանաղյանի դեմքին: Միևնույն ժամանակ Էդգար Խանաղյանը մոտեցել է հորը և հետ քաշել նրան, որից հետո միայն՝ Հովհաննես Խանաղյանը դադարեցրել է իր նկարագրված գործողությունները (…)»1:

9․ Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հուլիսի 2-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. (…) [Վ]երլուծելով սույն գործով հաստատված հանգամանքները՝ Դատարանն արձանագրում է, որ Հովհաննես Խանաղյանի կողմից առանց պատիժը կրելու և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին և ապահովել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:

Պատիժը պայմանականորեն չկիրառելով Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ մեղադրյալի ընտանիքը սոցիալապես անապահով է, բազմանդամ, ունի չորս երեխա, երեխաներից մեկն անչափահաս է՝ 3 տարեկան, դատարանի գնահատմամբ ազատազրկման ձևով պատիժը ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների, նման պայամաններում մեղադրյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից։ Այսպիսով, բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկելով հանցավորի անձը, տարիքը, Դատարանը հանգում է եզրակացության, որ Հովհաննես Խանաղյանի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

Միաժամանակ, հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող հանցագործության ծանրության աստիճանը, Դատարանը գտնում է, որ փորձաշրջանի ժամկետ պետք է սահմանել 2 (երկու) տարի և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով, Դատարանն անհրաժեշտ է համարում մեղադրյալի վրա դնել նաև լրացուցիչ պարտավորություններ՝ փորձաշրջանի ընթացքում առանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի թույլտվության չփոխել մշտական բնակության վայրը, առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը (…)»2։

10․ Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կատարած հանցագործության բնույթին ու հանրային վտանգավորության աստիճանին, հանցագործության կատարման հանգամանքներին, նրա անձին, պատաuխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին վերաբերող, օբյեկտիվորեն գոյություն ունեցող և Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից դատաքննության ընթացքում ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջների պահպանմամբ հետազոտված հանգամանքների ամբողջական վերլուծությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիության համատեքստում, թույլ է տալիս գալու եզրահանգման, որ տվյալ պարագայում մեղադրյալ Հովհաննես Խանաղյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համապատասխանում է օրինականության, արդարության, մարդասիրության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին, հետևաբար մեղադրյալ Հովհաննես Խանաղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիշյալ սկզբունքների երաշխավորման տեսանկյունից հիմնավորված է և ըստ այդմ՝ բացակայում են Բողոքաբերի վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքերը:

Վերաքննիչ դատարանը, կարևորելով մեղադրյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը (խնամքին անչափահաս երեխա ունենալը, մեղքը ընդունելը և զղջալը), ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող հանգամանքները (ընտանիքի բազմանդամ և սոցիալապես անապահով լինելը, առաջին անգամ հանցանք կատարած լինելը), հանգում է այն հետևության, որ առկա են ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օրենսդրական հիմքերը։

Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ վերը նշված հանգամանքների ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հետևություն անելու մեղադրյալ Հովհաննես Խանաղյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կիրառելու աննպատակահարմարության և առանց այդ պատիժը նրա կողմից ռեալ (իրական) կրելու սույն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին (…)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Հովհաննես Խանաղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

12․ Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

12․1․ Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվորեն գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա5` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն6:

13․ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով սահմանված հանցակազմը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես հանցավոր արարք, որը ոտնձգում է իշխանության ներկայացուցիչների դեմ: Նշված հանցավոր արարքի օբյեկտ են հանդիսանում ոչ միայն իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորների կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը։ Քննարկվող հանցագործություններն առաջին հերթին ուղղված են հանրային մարմինների կառավարման բնականոն գործունեության դեմ, հետևաբար օժտված են հասարակական և հանրային բարձր վտանգավորությամբ, քանի որ ոտնձգում են իշխանության ներկայացուցիչների կողմից կառավարման հետ կապված իրենց՝ օրենքով սահմանված լիազորությունների անխափան իրականացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ։ Ընդ որում, տվյալ հանցակազմի՝ հասարակական և հանրային բարձր վտանգավորությունը պայմանավորվում է նաև հանցագործության սուբյեկտիվ կողմի հատկանիշով, մասնավորապես, այն հանգամանքով, որ հանցանք կատարող անձը գործում է ուղղակի դիտավորությամբ և գիտակցում է, որ բռնություն է գործադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ7։

14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Հովհաննես Խանաղյանին մեղադրանք է ներկայացվել և Առաջին ատյանի դատարանի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2023 թվականի հունիսի 23-ին, խոչընդոտել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների օրինական ծառայողական գործունեությանը, հայհոյել է և բռնություն է գործադրել8:

- Առաջին ատյանի դատարանը, Հ․Խանաղյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, գտել է, որ վերջինի կողմից առանց պատիժը կրելու և նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին և ապահովել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները9։

- Վերաքննիչ դատարանը, ըստ էության, արձանագրել է, որ մեղադրյալ Հովհաննես Խանաղյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր է10։

15․ Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Հովհաննես Խանաղյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ։

16․ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովհաննես Խանաղյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի և նրա կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես․

- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ Հովհաննես Խանաղյանի արարքը ոտնձգել է հասարակական բարձր վտանգավորությամբ օժտված հանրային մարմինների կառավարման բնականոն գործունեության դեմ, մասնավորապես՝ իշխանության ներկայացուցիչների՝ օրենքով սահմանված լիազորությունների անխափան իրականացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ՝ մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ բռնություն է գործադրում օրինական ծառայողական գործունեությունն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

- իրենց օրինական ծառայողական գործունեությունն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից Հ.Խանաղյանի որդու վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելուն նրա կողմից խոչընդոտելը, բարձրաձայն վիրավորական արտահայտություններ անելը, վերջիններիս օրինական պահանջին չհետևելը, հայհոյելը՝ այն, որ տուժող Դ․Դավթյանի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու նպատակով մեղադրյալը բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ երկու ձեռքով հարվածելով նրա կրծքավանդակի շրջանին՝ հրել դեպի հետ, բռնել է համազգեստից, քաշքշել և ձախ ձեռքով հարվածներ հասցրել նրան։

17․ Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Հ․Խանաղյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, բավարար չափով գնահատման չեն ենթարկել հանցավոր արարքի կատարման հետևանքով խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, մեղադրյալ Հ․Խանաղյանին վերագրվող արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Հ․Խանաղյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել՝ ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Հ․Խանաղյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Հ․Խանաղյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

18․ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Հովհաննես Խանաղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն։

19․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Հովհաննես Խանաղյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար, անհրաժեշտ է Հ․Խանաղյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի հուլիսի 2-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հովհաննես Վիլսոնի Խանաղյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի հուլիսի 2-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշումը փոփոխել։

2․ Հովհաննես Վիլսոնի Խանաղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և վերջնական թողնել կրելու նրա նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի հուլիսի 2-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը։

Պատժի կրման սկիզբը հաշվել Հովհաննես Վիլսոնի Խանաղյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

_________________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 118-119։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 114-138։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 39-45։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Ադամյանի և Անդրանիկ Ավագյանի գործով 2025 թվականի մարտի 21-ի թիվ ԳԴ1/0036/01/23 որոշման 13-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱն

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան